Jump to content

Թովմաս Վանանդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թովմաս Վանանդեցի
Ծնվել էԱնհայտ
ԾննդավայրՎանանդ, Գողթն գավառ
Մահացել է1708 թվական
Մահվան վայրԱնտվերպեն
Քաղաքացիություն Սեֆյան Պարսկաստան
Ազդել էՀայկական գրքի տպագրության զարգացման վրա
Մասնագիտությունհրատարակիչ, քահանա և տպագրիչ
ԳործունեությունՎանանդաձորի Սուրբ Խաչ վանքի վանահայր,
Գողթն գավառի եպիսկոպոս, մշակութային գործիչ, տպագրիչ, հրատարակիչ
ԾնողներՆուրիջան, Դիլդար

Թովմաս Վանանդեցի (ի ծնե անունը՝ Թովմաս Նուրիջանյան, 1617, Վանանդ, Գողթն, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան - 1708, Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ), կրոնական, մշակութային գործիչ, տպագրիչ, հրատարակիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գողթն գավառի Վանանդ գյուղում՝ Նուրիջանի և Դիլդարի ընտանիքում։ Թովմաս Վանանդեցին եղել է Վանանդաձորի Սուրբ Խաչ վանքի վանահայր։ Ջանքեր է գործադրել Գողթնում բացել եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրագույն դպրոց, սակայն ծրագիրը չի հաջողվել։ 1677 թվականին ճանապարհորդել է դեպի Եվրոպա։ Վերադառնալով հայրենիք՝ 1691 թվականին ձեռնադրվել է Գողթն գավառի եպիսկոպոսը[1]։

1695 թվականին մեկնել է Ամստերդամ և իր ագգական Մաթևոս Վանադեցու աջակցությամբ բացել տպարան, որը գործել է մինչև 1705 թվականը։ Այստեղ Թովմասն իր ազգակիցներ Մաթևոսի, Ղուկասի և Միքայելի հետ հրատարակել է մի շարք կարևոր գրքեր ու աշխատություններ, որով նոր թափ է հաղորդել հայկական գրահրատարակչության գործին[1]։

1697 թվականին շուրջ 6 ամիս Վիեննայում վարել է եկեղեցական պատասխանատու պաշտոն։ Եղել է նաև Բելգիայում (1699), Փարիզում (1702), Գերմանիայում, Իտալիայում և Անգլիայում։ Իր գործունեության շնորհիվ եվրոպական մի շարք երկրներում ունեցել է մեծ հեղինակություն[1]։

1705 թվականին Թովմաս Վանանդեցու կազմած կտակի համաձայն նրա տպարանն իր ամբողջ ունեցվածքով կտակել է իր հայրենիքին։ Մահացել է 1708 թվականին հայրենիք վերադառնալու ճանապարհին՝ Անտվերպեն քաղաքում։ Թաղված է Անտրվեպենի Սուրբ Աստվածամոր տաճարի ավագ խորանի առջև[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 250-251։