Զավեն Հացագործյանը ծնվել է 1911 թվականի ապրիլի 20-ին, Արևմտյան ՀայաստանիԲիթլիս քաղաքում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1931-1941 թվականներին և 1945-1961 թվականներին աշխատել է Հայաստանի շինանյութերի և կառուցվածքների գիտահետազոտական ինստիտուտում, 1931-1938 թվականներին՝ նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1941-1945 թվականներին՝ պաշտպանական շինարարությունում։ 1947 թվականին «Թեթև երկաթբետոնի արդյունավետությունը Հայկական ԽՍՀ պայմաններում» թեմայով դիստերտացիա է պաշտպանել Թբիլիսիում և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1966 թվականին «Հրաբխային տուֆերի հատկությունների և կիրառության ուսումնասիրությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել (Թբիլիսիում) և ստացել տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Երևանի Քարի և սիլիկատների ԳՀԻ հիմնադիրներից է, 1961-1992 թվականներին եղել է Քարի և սիլիկատների ԳՀԻ բնական քարի լաբորատորիայի վարիչ, 1962-1969 թվականներին եղել է գիտության գծով տնօրենի տեղակալ։ 1962 թվականից գիտական խորհրդի սեկցիայի նախագահ[4]։
Աշխատանքները վերաբերում են բնական ծակոտկեն լցիչների կիրառմամբ թեթև երկաթբետոնի հետազոտման, կառուցվածքների երկարակեցության, արհեստական մարմարի և գրանիտի ստացման տեխնոլոգիայի հարցերին։ Տվել է հրաբխային քարանյութերի դասակարգումը, մասնակցել քարային շինանյութերի պետական ստանդարտների մշակմանը։ «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան»-ների (1957 թ., 1988 թ.) կազմողներից։ Հետազոտել է Հայաստանի բնական քարանյութերի հատկությունները, հատկապես նրանց երկարակեցությունը կառուցվածքների մեջ։ Տվել է հրաբխային քարանյութերի շինարարական դասակարգումը։ Մշակել է հետազոտության նոր մեթոդներ ու սարքեր, արհեստական մարմարի և գրանիտի ստացման տեխնոլոգիաներ, քարային թափոնների օգտագործման եղանակներ, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ ծակոտկեն քարանյութերի կիրառման եղանակը։ Հեղինակ է բազմաթիվ գյուտերի։ Տպագրել է ավելի քան երկու հարյուր գիտական աշխատություն՝ մեծ մասամբ ռուսերեն և հայերեն, չորսը՝ ֆրանսերեն և չեխերեն։ Մասնակցել է քարային շինանյութերի համամիութենական ստանդարտների ստեղծմանը։ Եղել է Շինանյութերի հանրապետական ատեստացիոն հանձնաժողովի նախագահ (1978-1992 թթ.), հուշարձանների պահպանության միջազգային խորհրդի ԽՍՀՄ կոմիտեի անդամ (1983-1990 թթ.)։ Զգալի աշխատանք է կատարել հայերեն տեխնիակական տերմինների մշակման գործում[3][5]։
1937-1949 թվականներին զբաղվել է նաև դրամատուրգիայով (Վասակ Խուդավերդյանի ընկերակցությամբ)։ «Խնդության սրինգը» (1937) և «Թող բացվեն վարդերը» (1939) կոմեդիաներն արժանացել են հանրապետական մրցանակների և բեմադրվել Անդրկովկասի բազմաթիվ թատրոններում։ Բեմադրվել են նաև «Փիլիպոս Ասլանովիչ» (1945 ) և «Մասիս» (1947) պիեսները, տպագրվել է «Միլիոնը» (1949) դրաման։ Ֆրանսերենից հայերեն է թարգմանել «Ժլատ» կոմեդիան, որը 1938 թվականին բեմադրվել է Լենինականի թատրոնում[3]։ ԽՄԿԿ անդամ (1949)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 325)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։