Երվանդ Ֆրանգյանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 3-ին, Իգդիրում։ 1913 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ Ֆրանգյանը էմպիրիոկրիտիցիզմի փիլիսոփայության ներկայացուցիչ է։ Ըստ նրա՝ փիլիսոփայությունը գիտությունների գիտություն չէ. ամեն մի գիտություն ունի իր փիլիսոփայությունը։ Փիլիսոփայության պատմությանը բնորոշ է «միարմատեան» և «Երկարմատեան» վարդապետությունների՝ մոնիզմի և դուալիզմի հակադրությունը։ Նրա կարծիքով՝ մատերիալիզմը և իդեալիզմը չեն բավարարում որոնող ու քննադատող մտքին. անհրաժեշտ է մի երրորդ ուղղություն, որը զերծ է այս երկուսի հիմնական թերություններից։ Այդպիսի ուղղություն է «համադրական մոնիզմի» կամ քննադատական ռեալիզմի փիլիսոփայությունը, ըստ որի՝ ճանաչողության հիմքում ընկած է փորձը՝ որպես արդյունք «Եսի» և «միջավայրի» փոխհարաբերության։ Մատերիան և հոգին, օբյեկտը և սուբյեկտը հանդես են գալիս որպես փորձի համարժեք անդամներ։ «Նիւթական գոյակը չէր կարող աւելի շուտ տրուած լինել, քան հոգեկանը։ Մէկն առանց միւսի՝ անմտածելի է եւ անհասկանալի» («Մեր փիլիսոփայական աշխարհայեացքը», 1929, էջ 37)։ Այս սկզբունքով Ֆրանգյանը բացատրում է նաև տնտեսական և հոգևոր կյանքի, տնտեսության ու գաղափարախոսության փոխհարաբերությունը և մերժում Մարքսի «տնտեսական մատերիալիզմի» այն դրույթը, թե հասարակության զարգացումը կախված է բացառապես նյութական գործոնների, այն է՝ արտադրողական ուժերի զարգացումից։ Ըստ Ֆրանգյանի՝ հասարակության զարգավման հարցում մեծ է սուբյեկտիվ գործոնների՝ գիտակցության ձևերի, գաղափարախոսության դերը[2]։