Եզնիկ Արիստակեսյան
Եզնիկ Արիստակեսյան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Ծննդավայր | Մոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1993թ. հունվարի 3 |
Մահվան վայր | Ք. Մարալիկ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | Հայերեն |
Կրոն | Քրիստոնեություն |
Մասնագիտություն | մանկավարժ |
Ամուսին | Ազգանուշ Դանիելյան |
Ծնողներ | Հակոբ Արիստակեսյան, Փամբուխ Դոխոյան |
Կուսակցություն | Կոմունիստական կուսակցության |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Հակոբ Արիստակեսյան, Մելսիկ Արիստակեսյան ,Մարգետա Արիստակեսյան, Գոհար Արիստակեսյան |
Եզնիկ Հակոբի Արիստակեսյան (1912, Մոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզնիկ Արիստակեսյանը ծնվել է 1912 թվականին Անիի շրջանի Մարալիկ ավանում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից, մնացել՝ հորեղբոր խնամքին։ Ավարտել է Լենինականի ուսուցչական մեկամյա դասընթացները, 1933-1934 թվականներին մանկավարժական աշխատանքի է անցել Թալինի շրջանում։ Հետագայում տեղափոխվել է Անիի շրջանը, աշխատել է որպես դպրոցի ուսմասվար, տնօրեն։ Աշխատանքին զուգընթաց Արիստակեսյանը սովորել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ Ավարտական կուրսում ընդհատել է ուսումը և մեկնել բանակ[1]։
1941 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև պատերազմի ավարտն անցել է դժվարին ու հաղթական ուղի, Կովկասյան նախալեռներից հասնելով Լեհաստան, Գերմանիա և վերջնական հաղթանակը դիմավորել Չեխոսլովակիայում։ Արիստակեսյանը մարտնչել է 89-րդ հայկական, 151-րդ, 87-րդ գվարդիական, 387-րդ հրաձգային դիվիզիաների և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի դաշտային վարչության պաշտպանության 43-րդ հատուկ գումարտակի շարքերում։ Վիրավորվել է չորս անգամ և ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմաճակատի առաջավոր գիծը։ Արիստակեսյանը 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի 387-րդ հրաձգային դիվիզիայի 1271-րդ հրաձգային գնդի կազմում կռվել է Ղրիմում, Պերեկոպի և Սիվաշի շրջանում թշնամու թիկունքում, ծովային դեսանտային գործողություններում։ Առաջադրանքները կատարելու համար ստացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալությունը, իսկ Ղրիմի ազատագրման համար մարտերի ընթացքում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Ղրիմի ազատագրման մարտերի նախօրյակին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով և շքանշաններով[1]։
Պատերազմի ավարտից հետո Արիստակեսյանը Արթիկի, Անիի շրջանների տարբեր գյուղերում աշխատել է ուսուցիչ, դպրոցի ուսմասվար, տնօրեն։ Անբասիր աշխատանքի համար Եզնիկը 1951 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։ 42 տարվա մանկավարժական աշխատանքից հետո Արիստակեսյանն անցել է թոշակի, բայց ակտիվորեն մասնակցել է պատերազմի վետերանների Անիի շրջանային խորհրդի աշխատանքներին[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր աստղի շքանշան
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Աշխատանքային արիության համար» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1912 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մարալիկ քաղաքում ծնվածներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- «Աշխատանքային արիության համար» մեդալով պարգևատրվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ