Դրակուլա (իսպանալեզու ֆիլմ, 1931)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրակուլա
իսպ.՝ Drácula
ԵրկիրԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, վամպիրների մասին ֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԴրակուլա և Դրակուլա
Թվական1931, մարտի 11, 1931[1], մարտի 20, 1931[1], ապրիլի 4, 1931[1], ապրիլի 24, 1931[1], մայիսի 12, 1931[1] և մայիսի 28, 1931[1]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՋորջ Մելֆորդ
ՊրոդյուսերՓոլ Կոհներ և Կառլ Լեմլե կրտսեր
Սցենարի հեղինակԹոդ Բրաունինգ
ԴերակատարներԼուպիտա Տովար, Բարրի Նորթոն, Կառլոս Վիլյարիաս, Eduardo Arozamena? և Մանուել Արբո
ՕպերատորՋորջ Ռոբինսոն
ԵրաժշտությունՖիլիպ Գլաս
ՄոնտաժArthur Tavares?
Պատմվածքի վայրՌումինիա
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն104 րոպե
 Dracula (1931 Spanish-language film) Վիքիպահեստում

«Դրակուլա» (անգլ.՝ Dracula, 1931), ամերիկյան սարսափ ֆիլմ, ռեժիսոր` Ջորջ Մելֆորդ։ Ֆիլմը հիմնված է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի և Համիլթոն Դինի ու Ջոն Լ. Բալդերսթոնի համանուն պիեսի վրա[2]: Ֆիլմը Ռենֆիլդի (Պաբլո Ալվարես Ռուբիո) մասին է, ով մեկնել է Տրանսիլվանիա՝ կոմս Դրակուլային այցելելու։ Կոմսը նրան հնազանդեցնում է իր կամքին և դարձնում իր կամակատարը։ Նրանք մեկնում են Անգլիա, որտեղ Դրակուլան սկսում է գայթակղել Լյուսի Վեստենրային (Կարմեն Գերերո), որը դառնում է նրա առաջին զոհը։ Սա հանգեցնում է պրոֆեսոր Վան Հելսինգի (Էդուարդո Արոզամենա) հետաքննությանը, որը հաստատում է, որ կոմս Դրակուլան վամպիր է։

Ֆիլմը նկարահանվել է հոլիվուդյան ստուդիաների՝ արտասահմանյան հանդիսատեսի համար ֆիլմեր նկարահանելու փորձերի շրջանակներում։ 1930 թվականին Universal ընկերությունը հիմնականում կենտրոնացել էր արտասահմանյան շուկայի համար իսպանալեզու ֆիլմերի մշակման վրա։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 1930 թվականի հոկտեմբերի 10-ին նույն դեկորացիաներով, որոնցով նկարահանվել է Թոդ Բրաունինգի «Դրակուլան»։ Ռեժիսոր Միլֆորդը դիտել է օրվա ընթացքում նկարահանված նյութը և փորձել այն նույնությամբ կրկնել իր ֆիլմում։

Ֆիլմը թողարկվել Է Կուբայում 1931 թվականին և երկար ժամանակ մոռացության է մատնվել՝ 1960-70-ականների սարսափ ֆիլմերի որոշ պատմաբանների կողմից միայն պատահական հիշատակմամբ։ Ֆիլմն ավելի մեծ ուշադրության է արժանացել 1978 թվականին Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվելուց հետո, որի արդյունքում 1992 թվականին թողարկվել է VHS տարբերակով։ Քննադատները հաճախ զուգահեռներ են անցկացնում «Դրակուլայի» երկու տարբերակների միջև՝ համեմատելով երկու ֆիլմերի դրական և բացասական կողմերը, ինչպես նաև մեծ ուշադրություն դարձնելով Կառլոս Վիլյարիասի խաղին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաբան Ռենֆիլդը կառքով գնում է Տրանսիլվանիա։ Տեղացիներին նա պատմում է, որ պատրաստվում է Դրակուլայի ամրոց գնալ։ Նրա խոսքերը մարդկանց մեջ անհանգստություն և մտահոգություն են առաջացնում։ Նրանք ասում են նրան, որ կոմս Դրակուլան վամպիր է, և երբ փաստաբանը չի հավատում նրանց, քաղաքի բնակիչներից մեկը պահանջում է, որ նա խաչ կրի։ Երբ փաստաբանը ժամանում է ամրոց, Կոմսը ողջունում է նրան։ Մի բաժակ գինի խմելուց հետո Ռենֆիլդը ուշագնաց է լինում, բայց չնայած նրան, որ խաչ է կրում, վամպիրները նրան կծում են։ Այնուհետև Անգլիա վերադարձող նավի վրա, արդեն ստրկացած Ռենֆիլդը մոլագար ծիծաղով հետևում է, թե ինչպես է Դրակուլան մեկը մյուսի հետևից սպանում անձնակազմի անդամներին։ Երբ նավը հասնում է Անգլիա, պարզվում է, որ նա միակ փրկվածն է[3]:

Դրակուլան օպերայում հանդիպում է բժիշկ Սյուարդին և նրա ընտանիքին։ Լյուսին ամբողջովին հիանում է կոմսով և նույն գիշեր դառնում նրա զոհը։ Երբ կանչում են պրոֆեսոր Վան Հելսինգին, նա անմիջապես հասկանում է, որ աղջկան մեծ վտանգ է սպառնում։ Նա նաև հասկանում է, որ բժիշկ Սյուարդի հիվանդը՝ Ռենֆիլդը, ինչ-որ կերպ կապված է իրադարձությունների հետ։ Բայց բժշկի նոր հարևանի՝ Դրակուլայի հետ ծանոթանալուց անմիջապես հետո պրոֆեսորը կռահում է, թե ով է վամպիրը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Դրակուլան չի արտացոլվում հայելու մեջ։ Սյուարդի սիրելին՝ Եվան, անմիջապես ընկնում է վամպիրի կախարդանքի տակ։ Ի զարմանս իրեն՝ նա իրեն ավելի ու ավելի թույլ է զգում և ավելի ու ավելի վայրի. մի պահ նա հարձակվում է իր փեսացուի՝ Ջոնի վրա։ Սյուարդի և Հարքերի օգնությամբ Վան Հելսինգը փորձում է Դրակուլային թակարդի մեջ գցել, բայց նա խորամանկում է և փախչում Եվայի հետ՝ իշխելով բուժքրոջ բանականության վրա։ Նրանք հետևում են Ռենֆիլդին մինչև Կարֆաքսի աբբայություն. գործողությունն ավարտվում է նրանով, որ Դրակուլան սպանում է իր ստրուկին՝ խեղդամահ անելով նրան, իսկ հետո նրա մարմինը գցում բարձր աստիճաններից։ Կարֆաքսի տակ գտնվող կատակոմբների խորքում նրանք գտնում են Դրակուլային, որը քնած էր դագաղի մեջ, իսկ Եվային՝ ողջ։ Վան Հելսինգը ցից է խրում վամպիրի սրտի մեջ, և երբ Եվան ու Հարքերը հեռանում են, Վան Հելսինգը աղոթում է Ռենֆիլդի մարմնի վրա[3]: Չնայած Կառլ Լեմլ Կրտսերը նշված էր որպես պրոդյուսեր, ֆիլմի անմիջական ղեկավարը 27-ամյա Փոլ Կոհներն էր։

Թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառլոս Վիլյարիաս` Դրակուլա
  • Լուպիտա Տովար` Եվա
  • Բերրի Նորթոն` Ջոնաթան Հարքեր
  • Պաբլո Ալվարես Ռուբիո` Ռենֆիլդ
  • Էդուարդո Արոսամենա` Վան Հելսինգ
  • Խոսե Սորիանո Վիոսկա` բժիշկ Սյուարդ
  • Կարմեն Գերերո` Լյուսիա
  • Ամելիա Սենիստերա` Մարթա
  • Մանուել Արբո` Մարտին
  • Ջերալդին Դվորակ` Դրակուլայի հարսնացուն (տիտրերում նշված չէ)
  • Ջոն Ջորջ` գիտնական (տիտրերում նշված չէ)
  • Կորնելիա Տոու-Դրակուլայի հարսնացուն (տիտրերում նշված չէ)
  • Դորոթի Թրի` Դրակուլայի հարսնացուն (տիտրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Ջորջ Մելֆորդ
  • Պրոդյուսեր` Կառլ Լեմլ Կրտսեր
  • Ասոցացված պրոդյուսեր` Փոլ Կոհներ
  • Բնօրինակ վեպ` Բրեմ Սթոքեր
  • Պիես` Ջոն Լ. Բոլդերսթոն, Հեմիլթոն Դին, Գարեթ Ֆորտ
  • Պիեսի հարմարեցումը իսպաներենով` Բալթասար Ֆերնանդես Կուե
  • Լրացուցիչ երկխոսությունների հեղինակ՝ Դադլի Մերֆի
  • Օպերատոր` Ջորջ Ռոբինսոն
  • Բեմադրող նկարիչ` Չարլզ Դ. Հոլլ
  • Մոնտաժող՝ Արթուր Տավարե

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուպիտա Տովար

1920-ականների վերջին հոլիվուդյան ստուդիաները կախված էին իրենց ֆիլմերի` այլ երկրներ հաջող արտահանումից։ Եթե համր ֆիլմերը հեշտությամբ կարող էին վաճառվել այլ երկրներին, ապա ձայնային ֆիլմերը՝ ոչ։ Մինչև 1928 թվականը օտարալեզու շուկայի նկատմամբ նախընտրելի մոտեցումը ֆիլմի մեկից ավելի տարբերակի մշակումն էր՝ օգտագործելով նույն սցենարը, անգլալեզու բնօրինակի դեկորացիաները և զգեստները, բայց ներգրավելով տարբեր դերասանների, որոնք խոսում են տարբեր լեզուներով, օրինակ՝ ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն[4]: Hollywood Filmograph-ի ապրիլի 30-ի համարում նշվում էր, որ իսպանալեզու ֆիլմերը «ընթացքի մեջ են, և պրոդյուսերները միլիոնավոր դոլարներ են ծախսում դրանց վրա»[5]: 1930 թվականի փետրվարին Universal-ը հայտարարեց, որ Փոլ Կոները կվերահսկի բազմաթիվ օտարալեզու արտադրություններ, այդ թվում՝ մի քանիսը, որոնք նկարահանվել են իսպաներենով։ 1930 թվականի սեպտեմբերին Universal-ը հիմնականում կենտրոնացած էր պոտենցիալ շուկայի համար ֆիլմերի իսպանալեզու տարբերակների ստեղծման վրա[6]:

«Դրակուլա» ֆիլմի իսպանալեզու տարբերակի մասին հայտարարությունն արվել է 1930 թվականի հոկտեմբերի 1-ին, որում ասվում էր, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Ջորջ Մելֆորդը, իսկ գլխավոր դերերը կկատարեն Լուպիտա Տովարը և Կառլոս Վիլյարիասը[7]։ Բացի այն, որ Մերֆորդը զբաղվել է ռեժիսուրայով, նա նաև հաճախ հանդես է եկել որպես դերասան, իսկ մինչ այդ նրա ռեժիսորական աշխատանքներից կարելի է նշել «Շեյխ» ֆիլմը (1921 թվական), որի գլխավոր դերում Ռուդոլֆո Վալենտինոն է[8]: Paramount-ի հետ մի քանի տարի աշխատելուց հետո նա սկսել է համագործակցել Universal ստուդիայի հետ՝ նկարահանելով ֆիլմերի իսպանալեզու տարբերակներ։ Դրանց թվում է «Կատուն սողում է» (1930 թվական) ֆիլմի իսպանալեզու տարբերակը[8]: Չնայած Կառլ Լեմլ Կրտսերը նշված էր որպես պրոդյուսեր, ֆիլմի անմիջական ղեկավարը 27-ամյա Փոլ Կոհներն էր[8]։ Բ. Ֆերնանդես Կյուի սցենարի ադապտացիան ընդլայնում էր անգլալեզու տարբերակի երկխոսությունները, վերադասավորում տեսարանները և լրացուցիչ նյութ ավելացնում Ռենֆիլդի էքսցենտրիկ կատակերգու պահակ Մարտինի մասին[9]:

Հոկտեմբերի 10-ին Միլֆորդը սկսել է ֆիլմի նկարահանումները, նա նկարահանում էր գիշերը, մինչդեռ Բրաունինգի նկարահանող խումբն աշխատում էր ցերեկը[10]: Որոշակի ժամանակահատվածում նկարահանող խմբերը նկարահանվել են նույն նկարահանման հրապարակում[11]: Ընդհանուր առմամբ նկարահանումները տևել են 22 աշխատանքային օր[8]: Տովարն ասել է, որ ֆիլմի վրա իրենք փորձել են «ինչքան հնարավոր է քիչ գումար ծախսել։ Օգտագործվել են նույն դեկորացիաները և մնացած ամեն ինչ։ Եվ նրանք (իսպանացի դերասանները) մեծ աշխատավարձ չեն պահանջել»[8]։ Մելֆորդը չի խոսել իսպաներեն, այդ պատճառով նկարահանման հրապարակում օգտվել է թարգմանչի ծառայություններից[12]։ Մելֆորդն ուսումնասիրել է Բրաունինգի` մեկ օրվա ընթացքում նկարահանած տեսարանները և արդեն դրանց հիման վրա նկարահանել է իր նյութը[12]։ Համաձայն Դեյվիդ Սկալի` իր «Հոլիվուդյան գոթիկա» գրքում, Վիլյարիասը իսպանական դերասանական կազմի միակ անդամն է եղել, ում թույլատրված է եղել դիտել անգլալեզու տարբերակի տեսագրությունները, և նրան խորհուրդ են տվել օրինակ վերցնել Լուգոշիից[13]։

Ֆիլմը տարբերվում է Թոդ Բրաունինգի «Դրակուլայից» նրանով, որ դրա տևողությունը 104 րոպե է, ինչը գրեթե կես ժամով ավելի է, քան Բրաունինգի տարբերակում[8]։ Այս ֆիլմի զգեստները նույնպես փոքր-ինչ տարբեր են, օրինակ՝ դերասանուհի Լուպիտան Տովարն ավելի մեծ կտրվածքով գիշերազգեստ ունի[9]:

Տարբերությունները ֆիլմի և Բրաունինգի «Դրակուլայի» տարբերակի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանալեզու տարբերակն ավելի քան կես ժամ երկար է, քան անգլալեզու տարբերակը, որի ռեժիսորն է Թոդ Բրաունինգը[13]: Ֆիլմերում տարբերություններն սկսվում են անմիջապես տիտրերից, Բրաունինգի ֆիլմում ասվում է, որ ֆիլմը հիմնված է Համիլթոն Դինի և Ջոն Լ. Բալդերսթոնի պիեսի վրա, իսկ իսպանական ֆիլմի տիտրերում ասվում է «Բրեմ Սթոքերի ստեղծագործության ադապտացիան»[14]: Եթե Բրաունինգի ֆիլմում տիտրերն անցնում են չղջիկի ոճավորված պատկերով, ապա Միլֆորդի ֆիլմի տիտրերում այն սկսվում է առկայծող մոմի ֆոնի վրա, որը հետո անհետանում է, և էկրանը մթնում է[13]: Երբ Ռենֆիլդը գնում է Դրակուլայի ամրոց, նրա կառքը անցնում է ճամփեզրի խարույկի միջով, որն ընդհանրապես չկա անգլալեզու տարբերակում։ Եվ երբ Դրակուլայի կառքը հանդիպում է Ռենֆիլդին, դուռը բացվում է ինքն իրեն, ծխնիները ճռռում են, ինչը Ռենֆիլդին շփոթեցնում է։ Այս դրվագը, չնայած ներառված էր սցենարի մեջ, բայց անգլալեզու սցենարում բացակայում է։ Իսպանալեզու տարբերակում ցուցադրվում է, թե ինչպես է Դրակուլան բարձրանում դագաղից, այդ տեսարանները ուղեկցվում են երաժշտությամբ, դագաղը բացվում է անաղմուկ, և դրանից բարձրանում է գոլորշու ամպ, որը հետո անհետանում է, անգլալեզու տարբերակում, երբ Դրակուլան պետք է բարձրանա դագաղից, տեսախցիկը շրջվում է դեպի մի կողմ, և հետո արդեն ցույց է տալիս դագաղի կողքին կանգնած վամպիրին, իսկ կափարիչի բացվելն ուղեկցվում է ճռռոցի ձայնով, և գոլորշին բացակայում է[13]:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դրակուլայի» պրեմիերան տեղի է ունեցել 1931 թվականի մարտի 11-ին Հավանայում (Կուբա), Նյու Յորքում՝ 1931 թվականի ապրիլի 24-ին, իսկ Լոս Անջելեսում՝ 1931 թվականի մայիսի 8-ին[15][16]. Ֆիլմի դիստրիբուցիայով զբաղվել է Universal Pictures ընկերությունը[15]։ Լոս Անջելեսում` Կալիֆորնիայի թատրոնում, ցուցադրության ժամանակ կինոթատրոնը հայտնել է, որ ֆիլմի տոմսարկղային հասույթը կազմել է 5 600 դոլար, ինչը պակաս է նախորդ շաբաթվա՝ Paramount ընկերության «Երջանիկ մարդիկ» ֆիլմից, որը հավաքել է 6 600 դոլար[16]: 1930 թվականի հոկտեմբերին The Hollywood Reporter թերթը գրել էր, որ ֆիլմերի օտարալեզու տարբերակները ֆինանսական անհաջողություններ են կրել բոլոր երկրներում, ինչը հանգեցրել է նրան, որ ստուդիաներն սկսել են կրկնօրինակել ֆիլմերը, որպեսզի դուրս գան ոչ անգլալեզու շուկաներ[17]: Մելֆորդի «Դրակուլան» վերջին ֆիլմերից մեկն է, որը նկարահանվել է միանգամից տարբեր լեզուներով[18]: Կինոյի պատմաբան Գարի Ռոդսը ֆիլմն անվանել է «զգալի չափով մոռացված», միայն մի քանի սարսափ ֆիլմերի պատմաբաններ են այն նշել 1960-ականներին և 1970-ականներին[19]: Ֆիլմի նկատմամբ նոր հետաքրքրությունը սկսվել է 1977 թվականի օգոստոսին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի հովանավորությամբ նրա ցուցադրությունից հետո։ Ցուցադրված ֆիլմը թերի էր, բայց հետաքրքրություն է առաջացրել, քանի որ այն Universal-ին գործնականում անհայտ սարսափ ֆիլմ էր[19]:

1992 թվականի հոկտեմբերին Universal-ը թողարկել է ֆիլմի վերականգնված տարբերակը VHS-ով[20]: Ֆիլմի առաջին տեսաերիզները վաճառվել են Universal-ի սպասելիքներից ավելի[8]: Ֆիլմը DVD-ով թողարկվել է 1999 թվականին և կրկին 2004 թվականին` Legacy Edition-ի կոլեկցիոն հրատարակության կազմում[21]: 2012 թվականին Universal-ն իրականացրել է Բրաունինգի և Մելֆորդի «Դրակուլայի» լայնածավալ վերականգնումը Blu-ray ձևաչափով թողարկման համար[22]: 2015 թվականին Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանն ընտրել է ֆիլմը ազգային կինոռեգիստրում պահպանելու համար՝ այն համարելով «մշակութային, պատմական կամ գեղագիտական ​​նշանակություն»[23][24]։ Ռուսաստանում ֆիլմը պաշտոնապես չի թողարկվել։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գրախոսականների շարքում Լոս Անջելես Թայմսի անանուն գրախոսը նշել է, որ ֆիլմը «հագեցած է նույն սուր զգացողություներով, որոնք բնորոշ էին բնօրինակ բեմադրությանը», և որ կոմս Դրակուլան «հիանալի կերպով պատկերված էր Կառլոս Վիլյարիասի կողմից»։ Գրախոսությունը նշել է, որ Ջորջ Մելֆորդի ռեժիսուրան «անսովոր լավն էր, բացառությամբ որոշ մասերի, որոնք հակված են մի փոքր էպիզոդիկ ձևի։ Դա փոխհատուցվում է բ. Ֆերնանդես Կուեի հիանալի երկխոսություններով, որոնց հաշվին կան մի քանի հիանալի ադապտացիաներ»[25].

«Դրակուլայի» մասին առաջին լուրջ վերլուծությունը իրականացրել է Ուիլյամ Ք. Էվերսոնն իր «Դեռ դասական սարսափ ֆիլմերից» գրքում (անգլ.՝ More Classics of the Horror Film) (1986 թվական)։ Էվերսոնը հայտարարել է, որ ֆիլմն ավելի լավ է օգտագործել դեկորացիաները, քան Բրաունինգի տարբերակը, օրինակ՝ Դրակուլայի սենյակները և ֆիլմի տարբեր դրվագներ, ինչպիսիք են Դրակուլայի դագաղից դուրս եկող մառախուղը և տեսարաններ, որոնք ներառում են Դրակուլայի ճանապարհորդությունը դեպի Անգլիա։ Էվերսոնը նաև նշել է գլխավոր դերասանուհի Լուպիտա Տովարի «զարմանալի էրոտիզմը»[19]: Դեյվիդ Ջ. Սկալի «Հոլիվուդյան գոթիկա» գիրքը (անգլ.՝ Hollywood Gothic) (1990 թվական) ներառում է կադրեր, որոնք վերցված են Կուբայի կինեմատոգրաֆիայի արխիվում պահվող ֆիլմի կրկնօրինակից, ներառյալ կադրերը, որոնք բացակայում են Կոնգրեսի գրադարանի օրինակում, որը ցուցադրվել է 1977 թվականին։ Սկալը եկել է այն եզրակացության, որ ֆիլմը գերազանցում է Բրաունինգի ֆիլմին[19]: Variety պարբերականը, գրախոսելով ֆիլմի VHS տարբերակը, նշել է, որ Մելֆորդի ֆիլմը «շատ ավելի քիչ հավակնոտ էր» և ուներ ավելի քիչ տեսարաններ, որոնք նկարահանվել էին շարժվող տեսախցիկով[20]: Գրախոսության մեջ նաև նշվում է, որ Մելֆորդի ֆիլմն ավելի բեմական է թվում, իսկ դրա ավելի երկար տևողությունը հանգեցրել է ավելի շատ «մտորելու տեղ տվող դադարների և դանդաղ երկխոսությունների»[20]: Թոմ Ուիվերը Fangoria ամսագրում ֆիլմի գրախոսության ժամանակ նախազգուշացրել է հանդիսատեսին, որ չպնդեն, թե որ ֆիլմն է ավելի լավը՝ հարցնելով. «Արդյո՞ք այս ֆիլմն իսկապես ավելի լավն է, քան Լուգոշիի ֆիլմը, թե՞ այն պարզապես ավելի լավ է թվում, մինչև նորույթի էֆեկտը չվերանա»[26]:

«Universal-ի սարսափները. ստուդիայի դասական ֆիլմեր, 1931-1946» (անգլ.՝ Universal Horrors: The Studio's Classic Films, 1931-1946) (2007 թվական) գրքի հեղինակները հայտարարել են, որ «չնայած Ռուպերտ Ջուլյանի «Կատուն սողում է» (1930 թվական) ռեժիսորական տարբերակի կրկնօրինակի հայտնաբերմանը` «Դրակուլայի» իսպանական տարբերակը Universal-ի սարսափ ժանրի վերջին մեծ հայտնագործությունն է, որը մենք հավանաբար կտեսնենք»[27]: Որոշ տեսարանների ավելի արագ տեմպը գովաբանելուց հետո հեղինակները պարզել են, որ որոշ տեսարաններ «խանգարում են ֆիլմի դեկորացիայի զգացողությանը»[9]: Գրախոսությունը նաև նշել է, որ Դրակուլայի դերում Վիլյարիասի խաղը «ֆիլմի ամենամեծ թերությունն է», որ նրա «կատարումն ընդգծում է, թե որքան անհատական ​​բան է դա. ինչպես Շերլոք Հոլմսը, նրա բոլոր բեմական կամ կինոարտադրությունները հանդգնում են ենթարկվել լիակատար ձախողման՝ կենտրոնական դերասանական կազմի պատճառով» և որ «Լուգոշին, պարզապես կեցվածք ընդունելով, կարող էր համոզել ցանկացածին, որ ինքը վամպիրների թագավոր է։ Վիլյարիասի դեմքի բոլոր արտահայտություններով և թրթռոցներով հանդերձ՝ նա նման է կոմսի լաքեյներից մեկին»[28]: Մարկ Դեմինգը AllMovie-ից նշել է, որ «Մելֆորդի կոմպոզիցիաները և տեսախցիկի շարժումները նրա տարբերակին տալիս են ավելի սահուն շնորհ և նուրբ չարագուշակ տրամադրություն, և եթե նրա ֆիլմի ընթացքը մի փոքր ավելի դանդաղ է, արդյունքն ունի արդյունավետ սարսափելի ազդեցություն, որը երբեմն բացակայում է Բրաունինգի ֆիլմում»։ Դեմինգը նշել է, որ «դերասանների մեծ մասը նույնքան լավն են, եթե ոչ ավելի լավը, քան իրենց անգլիախոս գործընկերները»` հատուկ նշելով Կարմեն Գերերոյին Լյուսիայի (Լյուսի) դերում, և Լուպիտա Տովարին՝ Եվայի (Մինա) դերում, Էդուարդո Արոսամենուին` Վան Հելսինգի և Պաբլո Ալվարես Ռուբիոյին Ռենֆիլդի դերերում[29]։ Դեմինգը նաև նշել է, որ «իսպանացի Դրակուլան տուժում է միայն Կարլոս Վիլյարիասի խաղը Բելա Լուգոշիի հետ համեմատելիս. մինչդեռ Վիլյարիասը բավականին պարկեշտ է խաղում, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, այդ դերը պատկանում է Լուգոշիին»[29]։ Variety-ից Փոլ Լենտին ևս բարձր է գնահատել կանանց դերասանական կազմը՝ նկատելով, որ Վիլյարիսին «պակասում է Լուգոշիին բնորոշ հմայքը, որի մելոդրամատիկ դադարները գրեթե զավեշտական են»[30]:

Vix+-ի համար նախատեսվում է ստեղծել հեռուստասերիալի սփին-օֆֆ[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Movie Database — 1990.
  2. Weaver, Brunas, Brunas, 2007, էջ 33
  3. 3,0 3,1 Joslin, 2017, էջեր 32—34
  4. Rhodes, 2014, էջ 77
  5. Rhodes, 2014, էջ 78
  6. Rhodes, 2014, էջ 79
  7. Rhodes, 2014, էջ 161
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Weaver, Brunas, Brunas, 2007, էջ 35
  9. 9,0 9,1 9,2 Weaver, Brunas, Brunas, 2007, էջ 36
  10. Rhodes, 2014, էջեր 169—170
  11. Rhodes, 2014, էջ 170
  12. 12,0 12,1 Garvin, Glenn (2015 թ․ հոկտեմբերի 15). «Which is better, Dracula or Drácula? Wednesday, you can decide». miamiherald (անգլերեն). Miami Herald. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Joslin, 2017, էջ 35
  14. Joslin, 2017, էջեր 34—35
  15. 15,0 15,1 «DRÁCULA (1931)». American Film Institute (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  16. 16,0 16,1 Rhodes, 2014, էջ 282
  17. Rhodes, 2014, էջ 282, 288
  18. Rhodes, 2014, էջ 283
  19. 19,0 19,1 19,2 19,3 Rhodes, 2014, էջ 335
  20. 20,0 20,1 20,2 Rhodes, 2014, էջ 336
  21. Rhodes, 2014, էջ 307
  22. Rhodes, 2014, էջ 308
  23. Mike Barnes, Mike Barnes (2015 թ․ դեկտեմբերի 16). «'Ghostbusters,' 'Top Gun,' 'Shawshank' Enter National Film Registry». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  24. «2015 National Film Registry: "Ghostbusters" Gets the Call». Library of Congress, Washington, D.C. 20540 USA. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  25. «Review of Spanish Dracula from 1931». The Los Angeles Times. Los Angeles, California. 1931 թ․ մայիսի 11. էջ 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  26. Rhodes, 2014, էջ 337
  27. Weaver, Brunas, Brunas, 2007, էջ 34
  28. Weaver, Brunas, Brunas, 2007, էջ 37
  29. 29,0 29,1 Deming, Mark. «Dracula (1931)». AllMovie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ. նոյեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  30. Weaver, Brunas, Brunas, 2007, էջ 38
  31. del Barco, Mandalit (2022 թ. սեպտեմբերի 19). «Spanish Dracula finds new blood, more than 90 years after its release» (ամերիկյան անգլերեն). NPR. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրակուլա (իսպանալեզու ֆիլմ, 1931)» հոդվածին։