Գետափնյա, գյուղ ՀայաստանիԱրարատի մարզում, Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 12 կմ հյուսիս։ Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Աղջաղշլաղ, Գետափ անվանումներ։ Գետափնյա է վերանվանվել 1978 թվականին։
Տեղադրված է ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 °C - -5 °C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C - 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գյուղն ունի առկա 348 տնտեսություն, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 54 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 4 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 260)։