Ա. Ի. Պոլեժաևի թանգարան
Ա. Ի. Պոլեժաևի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սարանսկ |
Վայր | Մորդովիա |
Հիմնադրվել է | հունիսի 5, 2001 |
Ա. Ի. Պոլեժաևի թանգարան (ռուս.՝ Музей А. И. Полежаева), թանգարան Մորդովիայի Սարանսկ քաղաքում՝ նվիրված 19-րդ դարի ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պոլեժաևի հիշատակին։ Համարվում է 1941-1945 թթ. ռազմական և աշխատանքային սխրանքի հիշատակի թանգարանի մասնաճյուղ։
Թանգարանն Ալեքսանդր Պոլեժաևի կյանքի և ստեղծագործությունների ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոն է, բանաստեղծի և նրա ժամանակակիցների պոեզիայի և մատենագրական ստեղծագործությունների պահոց, Ալեքսանդր Պոլեժաևի և Մորդովիայի գրողների գրական ժառանգության քարոզչության կենտրոն[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է Հայրենական մեծ պատերազմի վետերան Ալեքսեյ Միխայլովիչ Մամաևին։ 1993 թվականին նրա խնդրագրով քաղաքապետարանը թանգարանի համար հատկացրել է 19-րդ դարի վերջին կառուցված առևտրական Սեմյոն Տիմոֆեևիչ Միշկինի փայտե տունը[2]։ Կառույցի վերականգնման և ցուցադրությունների նախապատրաստման համար որոշակի ժամանակ է պահանջվել։ Թանգարանն այցելուների համար բացվել է 2001 թվականի հունիսի 5-ի՝ Սարանսկի քաղաքի հիմնադրման 360- րդ տարելիցի օրը։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է հինգ բաժիններից։ Երեք սրահներ նվիրված են Ալեքսանդր Պոլեժաևի կյանքին և գործունեությանը («Ծնունդ, մանկության տարիներ», «Մոսկվայում սովորելու տարիներ», «Պոետի կյանքի վերջին տարիները»), չորրորդ սրահը՝ Մորդովիայի գրողներին, հինգերորդը գրական սրահ է, որտեղ կազմակերպվում են երաժշտական համերգներ, նկարիչների ցուցահանդեսներ և այլ թեմատիկ միջոցառումներ։