Արցախի ֆուտբոլի ազգային հավաքական
Միություն | Արցախի ֆուտբոլի ասոցիացիա | ||
---|---|---|---|
Կոնֆեդերացիա | ConIFA | ||
Գլխավոր մարզիչ | Սարգիս Աղաջանյան | ||
Հիմնական մարզադաշտ | Հանրապետական մարզադաշտ | ||
ՖԻՖԱ կոդ | NKR (ոչ պաշտոնական) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Աբխազիա 1 – 1 Արցախ (Սուխում, Աբխազիա; սեպտեմբերի 25, 2012) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Արցախ 12 – 0 Դարֆուր (Էստերսունդ, Շվեդիա; հունիսի 5, 2014) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Բանանց ՖԱ 5 – 0 Արցախ (Երևան, Հայաստան; հուլիսի 23, 2015) | |||
ConIFA Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 1 (Առաջինը՝ 2014) | ||
Ամենալավ արդյունք | 9-րդ |
Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Արցախը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Արցախի հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ չէ և չի կարող մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, սակայն այն Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA) անդամ է[1]։ Արցախի հավաքականը մասնակցել է 2014 թվականի չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և զբաղեցրել 9-րդ տեղը[2]։
Չճանաչված պետությունների ֆուտբոլի հավաքականների դասակարգման աղյուսակում Արցախը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը 1256 միավորով[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախի հավաքականը ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 14-ին, N.F.-Board-ի պայմանական անդամ դարձել սեպտեմբերի 17-ին[4]։ Սկզբում հավաքական էին հրավիրվել 22 ֆուտբոլիստներ։ Սրանից 1 շաբաթ անց՝ սեպտեմբերի 25-ին Արցախի հավաքականն իր առաջին խաղն անցկացրեց Աբխազիայի դեմ մրցակցի դաշտում[5]։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով, իսկ Արցախի գոլի հեղինակը դարձավ Անդրանիկ Բարիկյանը[6][7]։ Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Աբխազիայի դեմ պատասխան հանդիպումը, որն ավարտվեց Արցախի հաղթանակով 3-0 հաշվով։ Գոլերը հեղինակեցին Անդրանիկ Բարիկյանը, Դավիթ Գրիգորյանը և Սեմյոն Մուրադյանը[8][9]։ Այս հանդիպմանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և վարչապետ Արա Հարությունյանը[10]։ Նախագահը նշել է, որ նման հանդիպումները կարևոր են և՛ սպորտի զարգացման, և՛ երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից[11]։ Խաղից հետո անցկացվել են վիճակախաղեր, որոնց ժամանակ խաղարկվել է նաև ավտոմեքենա[12]։
Չճանաչված պետությունների աշխարհի առաջնություն 2014[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Արցախի հավաքականը մասնակցելու է այդ ամռանը կայանալիք Չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը[13][14][15]։ Մրցաշարի բոլոր խաղերն անցկացվեցին 6626 հանդիսատես տեղավորող Յամտկրաֆտ Արենա մարզադաշտում, որը գտնվում է Էստերսունդում, Շվեդիա[16]։ Մասնակցում էին 12 հավաքականներ՝ 4 խմբերով։ Արցախը D խմբից էր՝ Նիցայի կոմսության հավաքականի[17] և Մեն կղզու հավաքականի[18] հետ։ Վերջիններս հասան առաջնության եզրափակիչ[19][20]։ Արցախի հավաքականը խմբի 2 խաղերն էլ պարտվեց։ Հունիսի 1-ին կայացած Մեն կղզու հավաքականի դեմ խաղում 31-րդ րոպեին Արցախի հավաքականը հաղթում էր 0-2 հաշվով Միհրան Մանասյանի 2 գոլերի շնորհիվ, սակայն Մեն կղզու հավաքականը կամային հաղթանակ տարավ 3-2 հաշվով՝ գոլ խփելով խաղի 88-րդ և 90-րդ րոպեներին[21]։ 1-2 և 3-2 հաշիվների ժամանակ Արցախը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս արձանագրեցին և չհաշվեցին գոլերը[22]։ Իսկ հունիսի 3-ին կայացած Նիցայի կոմսության հավաքականի դեմ խաղը ավարտվեց Նիցայի կոմսության 0-1 հաշվով հաղթանակով[23]։
Դրանից հետո կայացավ ոչ մրցանակային տեղերի համար պայքարի փուլը։ Հունիսի 5-ին Դարֆուրի դեմ խաղում Արցախը հաղթեց 12-0 հաշվով։ 4-ական գոլ են խփել Գևորգ Նռանյանը և Նորայր Գյոզալյանը, դուբլի հեղինակ է դարձել Դավիթ Գրիգորյանը, և մեկական անգամ աչքի են ընկել Մարատ Կարապետյանը և Արամ Բարեղամյանը[24]։
Հունիսի 7-ին տեղի ունեցավ 9-րդ տեղի համար խաղը։ Այս խաղում Արցախի հավաքականը հաղթեց Լապլանդիայի հավաքականին 5-1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձան Գևորգ Պողոսյանը և Միհրան Մանասյանը, և 1 գոլ խփեց Արմեն Պետրոսյանը[25]։
Այսպիսով Արցախի հավաքականը առաջնությունում գրավեց 9-րդ հորիզոնականը՝ խփած 19 և բաց թողած 5 գոլերով[26]։
2015 թվականի հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 23-ին։ Արցախի հավաքականը ստուգողական հանդիպում անցկացրեց Բանանցի հետ Բանանցի մարզահամալիրում։ Խաղն ավարտվեց Բանանցի 5-0 հաղթանակով[27]։
1 օր անց՝ հուլիսի 24-ին Արցախի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Ալաշկերտ-2 թիմի հետ և պարտվեց 3-0 հաշվով[28]։
Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախի հավաքականի տնային խաղերի պաշտոնական մարզադաշտն է համարվում Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտը։ Այն վերանորոգվել է 2008 թվականին և ներկայումս տեղավորում է ավելի քանի 9000 հանդիսատես[29]։
Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացված են 2014 թվականի Չճանաչված պետությունների աշխարհի առաջնության մասնակից ֆուտբոլիստները։ Վիճակագրությունը ներառում է միայն այդ առաջնության խաղերը:
Արցախի հավաքականի կազմում ընկերական և ստուգողական հանդիպումներին մասնակցել են նաև Արմեն Ֆիշյանը, Արտակ Գրիգորյանը, Աշոտ Խաչատրյանը, Լևոն Պաչաջյանը, Արտակ Դաշյանը, Վիգեն Համբարձումյանը և Կարեն Ալեքսանյանը։
Անցկացրած խաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցաշար | Անցկացման վայր | Մրցակից | Արդյունք | Արցախի կազմում գոլ խփած ֆուտբոլիստները |
---|---|---|---|---|---|
25.09.2012 | Ընկերական խաղ | Սուխում, Աբխազիա | Աբխազիա | 1-1 | Անդրանիկ Բարիկյան |
21.10.2012 | Ընկերական խաղ | Ստեփանակերտ, Արցախ | Աբխազիա | 3-0 | Անդրանիկ Բարիկյան , Դավիթ Գրիգորյան , Սեմյոն Մուրադյան |
01.06.2014 | ԿոնԻՖԱ-ի աշխարհի առաջնություն 2014 |
Էստերսունդ, Շվեդիա | Մեն կղզի | 2-3 | Միհրան Մանասյան |
03.06.2014 | ԿոնԻՖԱ-ի աշխարհի առաջնություն 2014 |
Էստերսունդ, Շվեդիա | Նիցայի կոմսություն |
0-1 | |
05.06.2014 | ԿոնԻՖԱ-ի աշխարհի առաջնություն 2014 |
Էստերսունդ, Շվեդիա | Դարֆուր | 12-0 | Նորայր Գյոզալյան , Գևորգ Նռանյան , Դավիթ Գրիգորյան , |
07.06.2014 | ԿոնԻՖԱ-ի աշխարհի առաջնություն 2014 |
Էստերսունդ, Շվեդիա | Լապլանդիա | 5-1 | Գևորգ Պողոսյան , Միհրան Մանասյան , Արմեն Պետրոսյան |
23.07.2015 | Ընկերական խաղ | Երևան, Հայաստան | Բանանց | 0-5 | |
24.07.2015 | Ընկերական խաղ | Երևան, Հայաստան | Ալաշկերտ-2 | 0-3 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Nagorno-Karabakh | Conifa World football». www.conifa.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Nagorno Karabakh national football team - Alchetron, The Free Social Encyclopedia». Alchetron.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Rankings». CONIFA (կանադական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Ֆուտբոլ. Ստեղծվել է Արցախի ազգային հավաքական». haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Աբխազիայի ու Արցախի հավաքականները բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Աբխազիա-Արցախ` 1:1 - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Աբխազիա 1-1 Արցախ (Վիդեո)».
- ↑ «Արցախ-Աբխազիա 3-0». Lragir.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Արցախ – Աբխազիա՝ 3:0 (տեսանյութ)».
- ↑ «Ֆուտբոլ. Արցախ-Աբխազիա 3:0». haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Ստեփանակերտի մարզադաշտ - Azat Artsakh». www.artsakhtert.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Արցախ – Աբխազիա` 3:0». Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Ս. Աղաջանյան. Արցախի հավաքականը կմասնակցի չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Artsakh Will Participate in ConIFA World Cup 2014». Lragir.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Nagorno Karabakh to participate in CONIFA World Football Cup 2014». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Östersunds Fotbollsklubb » Jämtkraft Arena». www.ostersundsfk.se (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «County of Nice». CONIFA (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Ellan Vannin». CONIFA (կանադական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «That Which Has Been Born: Part 2 of 2». magicspongers.blogspot.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Ellan Vannin lose Conifa World Cup final on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Արցախի հավաքականը չդիմացավ մինչև խաղի վերջը | archive2.ankakh.com». archive2.ankakh.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Արցախի հավաքականը ցավալի պարտությամբ է մեկնարկում Աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Torosyan, Vardan. «Արցախի հավաքականը պարտվեց նաև երկրորդ խաղում | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...». armfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Արցախի հավաքականը հաղթել է 12:0 հաշվով (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Արցախը խոշոր հաշվով հաղթել է Լապլանդիային և գրավել 9-րդ տեղը (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Չճանաչված երկրների Աշխարհի առաջնությունում Արցախի ֆուտբոլի հավաքականը 9–րդ տեղն է զբաղեցրել». newsarmenia.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «ԸՀ. ՖԱ Բանանց- Արցախի հավաքական 5:0». armfoot. 2015 թ․ հուլիսի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «ԸՀ. Ալաշկերտ-2 – Արցախի հավաքական 3:0». armfoot. 2015 թ․ հուլիսի 24. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Ստեփանակերտի մարզադաշտ - Wikimapia». wikimapia.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախի հավաքականը ConIFA-ի պաշտոնական կայքում
- The Independent-ի անդրադարձը Արցախում ֆուտբոլի զարգացման մասին
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հուլիսի 1-ի օրվա հոդված: |