Jump to content

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Արցախ
ԱռաջնորդԱշոտ Ղուլյան
Հիմնադրվածհունվարի 30, 2005
Գաղափարախոսությունազգային պահպանողականություն
ՇտաբԽանքենդի, Ադրբեջան
Կայքdpa.am

Արցախի ժողովրդավարական կուսակցություն (ԱԺԿ) - քաղաքական կուսակցություն Արցախի Հանրապետությունում։ Հիմնադրվել է 2005 թվականի հունվարի 30-ին[1]։ Մինչ այդ, 2000-2005 թթ. գործել է որպես «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Կուսակցության նախագահը՝ Աշոտ Ղուլյանը, միաժամանակ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահն է։ 2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺԿ-ն ստացել է ընտրողների մեծամասնության քվեն և Ազգային ժողովում ձևավորել «Ժողովրդավարություն» խմբակցությունը։ 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում վերաձևավորել է խմբակցությունը՝ 10 անդամով։ 2015 թ. մայիսի 3-ի ԱԺ ընտրությունների արդյունքում խմբակցությունն ունի 6 անդամ (4 համամասնական և 2 մեծամասնական ընտրակարգերով պատգամավորներ)[2]։ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) Արցախի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է և կոչված է ներկայացնելու ԼՂՀ հասարակության լայն խավերի շահերը պետական-քաղաքական կյանքում։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԺԿ-ն կայունության, զարգացման բնականոն ճանապարհի կողմնակիցն է։ Կուսակցության արժեքներն են՝ ուժեղ պետությունը, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը, մարդը, նրա ազատությունը և պաշտպանվածությունը, ընտանիքը, աշխատանքը, սոցիալական արդարությունը։ Կուսակցության դավանանքը քաղաքական պրագմատիզմն է։

Ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԺԿ ծրագրային նպատակներն են.
• մարդու ազատ, անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքների իրականացումը երաշխավորող իրավական պետության կերտումը;
• անկախ պետականության ամրապնդումը, տնտեսապես հզոր, քաղաքակիրթ պետության կերտումը, նրա ազգային նկարագրի պահպանումն ու հարստացումը;
• ազգային արժեքների վրա խարսխված՝ սոցիալական համերաշխության և արդարության, հանդուրժողականության և գործընկերության հիմքով քաղաքացիական հասարակության ստեղծումը։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԺԿ ծրագրային խնդիրներ են.
• Հասնել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների սահմանադրական լիազորությունների իրական տարանջատմանը, նրանց միջեւ հակակշիռների եւ զսպման մեխանիզմների ապահովմանը։
• Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումը՝ նրա համար ընդունելի պետական սահմաններում, կառավարման եւ անվտանգության ազգային համակարգով։
• ԼՂՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդումը՝ որպես քաղաքացիական հասարակության կայացման նախապայման։
• Հանրապետության տնտեսական կյանքում ազատ շուկայական հարաբերությունների զարգացման առաջնահերթությունը՝ օրենքի գերակայության և նրա առջև հասարակության բոլոր անդամների իրավահավասարության պայմաններում։
• Սոցիալապես անապահով խավերի նկատմամբ պետության հոգատարության ապահովումը և սոցիալական արդարության հասցեականության արմատավորումը։
• Հանրապետության կրթամշակույթային և գիտական կյանքում՝ բնագավառի ժամանակակից նվաճումների օգտագործումը՝ ազգային արժեքների պահպանման և զարգացման համատեքստում։
• Աջակցությունը ԼՂՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, երիտասարդների, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված գաղափարախոսության մշակմանն ու տարածմանը։
• Սփյուռքի քաղաքական ու տնտեսական ներուժի միավորմանը նպաստելը՝ ի շահ հայ ժողովրդի հարատևման ու նրա պետականության հզորացման։
• Քաղաքական դաշտում ազատ մրցակցության ապահովումը՝ բազմակարծությունը հարգելու պայմանով, ԱԺԿ գաղափարախոսության հանդեպ հանդուրժողական վերաբերմունք դրսևորող բոլոր ուժերի հետ համակողմանի համագործակցության սկզբունքով։

Միջազգային կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. ապրիլի 17-ին Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրվել է Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ։ 2015 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանի և ԵԱԴ նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.dpa.am/ Արցախի ժողովրդավարական կուսակցության պաշտոնական կայք
  2. http://cecnkr.am/ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք