Արմենակ Սալմասլյան
Արմենակ Սալմասլյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1888[1] Բուրսայի մարզ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 7, 1971[1] (82 տարեկան) Փարիզ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Մասնագիտություն | գիտնական |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Ալմա մատեր | Պերպերյան վարժարան (1906) և Ռոբերթ քոլեջ (1911) |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր (1922) և իրավաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ֆրանսերեն |
Արմենակ Հակոբի Սալմասլյան (դեկտեմբերի 10, 1888[1], Բուրսայի մարզ, Օսմանյան կայսրություն - հունվարի 7, 1971[1], Փարիզ), հայ մատենագետ։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1922)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բուրսայում։ Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում (1900-1906), ապա ուսանել ամերիկյան Ռոբերտ քոլեջում (1906 - 1911)։ 1911 թվականին մեկնել է Փարիզ, սովորել իրավաբանության համալսարանում (1911-1914 թվականներին), արժանանալով դոկտորականի։ 1920-1922 թվականներին աշխատել է որպես քարտուղար Ազգային պատվիրակությունում։ 1922-1930 թվականներին եղել է Փարիզի պարսկական պատվակալ հյուպատոսի՝ Ներսես խան Ներսեսյանի անձնական քարտուղարը։ Ֆրանսիական իրավաբանական գրասենյակում յոթ տարիներ աշխատելուց հետո, 1940–1947 թվականներին եղել է Փարիզի ազգային մատենադարանի արևելյան լեզուների բաժնի վարիչը, 1951 թվականից մինչեւ մահը՝ Նուպարյան մատենադարանի տնօրենը։ Հայագիտական հոդվածներով թղթակցել է «Բյուզանդիոն», «Երևան», «Յառաջ», «Աշխարհ», «Բազմավեպ» և այլ պարբերականների։ 1946 թվականին լույս է տեսել Սալմասլյանի «Հայկական մատենագիտություն» ֆրանսերեն աշխատությունը, որի լրացված և ճշգրտված տարբերակը հրատարակվել է Երևանում, 1969 թվականին։ Այն ներառում է հայագիտության բոլոր բնագավառներում օտար լեզուներով մինչ 1965 թվականը լույս տեսած հետազոտություններ։ 1967 թվականին Սալմասլյանը արժանացել է Երևանի Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 119)։ |