Արկադի Գևորգի Ահարոնյան (ապրիլի 20, 1931(1931-04-20)[1], Ալվանք, Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 30, 2022(2022-05-30)), հայգյուղատնտես-մոլախոտաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1984): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999), Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների անդամ։ Ղեկավարել և կատարել է գիտահետազոտական թեմաներ ՌԴ, ՏՓՕ և հանրապետությունում բոլոր մշակաբույսերի վնասակար ֆլորայի դեմ պայքարի վերաբերյալ` առաջարկելով պայքարի նոր արդյունավետ տեխնոլոգիաներ։
Արկադի Ահարոնյանը ծնվել է 1931 թվականի ապրիլի 20-ին, Մալև գյուղում (այժմ՝ գյուղ Ալվանք՝ ՀայաստանիՍյունիքի մարզում)։ 1956 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1956-1958 թվականներին եղել է Մեղրու շրջանիՇվանիձորի կոլտնտեսության գլխավոր գյուղատնտեսը։ 1958 թվականին ավարտել է Լենինգրադի համամիութենական բույսերի պաշտպանության ինստիտուտը՝ «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ։ 1959 թվականին եղել է ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնում լաբորանտ, հետազոտող գյուղատնտես, 1960 թվականին՝ ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնի կրտսեր գիտաշխատող[2]։ 1966 թվականին ավարտել է ՀՀ ԳՆ բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1968-1998 թվականներին աշխատել է Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտում։ 1978-1984 թվականներին եղել է մոլախոտաբանության լաբորատորիայի վարիչ, 1980-1992 թվականներին միաժամանակ դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում։ 1998 թվականին եղել է Երկրագործության և բույսերի պաշտպանության կենտրոնի գլխավոր գիտաշխատող։ 1986-2016 թվականներին եղել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿ-ի հերբալոգիայի բաժնի վարիչ։ 1996-1998 թվականներին զուգահեռաբար աշխատել է Գյուղատնտեսության նախարարությունում որպես ուսումնամեթոդական կենտրոնի փոխտնօրեն, 2018 թվականին՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿի հերբալոգիայի բաժնի գլխավոր գիտաշխատող։ Համատեղության կարգով միաժամանակ դասավանդել է ՀԱԱՀ-ի երկրագործության ամբիոնում, Երևանի մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում, ՀՀ ԳՆ կադրերի վերապատրաստման բարձրագույն դպրոցում[3]։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ տարբեր հողակլիմայական պայմաններում տարածված ցանքերի մոլախոտերի և դրանց դեմ պայքարի միջոցների մշակման հարցերին։
Եղել է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների ղեկավար։ Հրատարակել է գիտական հոդվածներ, գրքեր։