Jump to content

Ավրորա (հածանավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավրորա (այլ կիրառումներ)
Ավրորա հածանավ

«Ավրորա», հածանավ, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը իր մասնակցությամբ հռչակված Բալթիական նավատորմի ռազմանավ։

Նավարկվել է 1903 թվականին։ Ջրատարողությունը՝ 6731 տոննա, արագությունը՝ 20 հանգույց, սպառազինությունը՝ 8-152 միլիմետր, 24-75 մմիլիմետր, 8-37 միլիմետրանոց հրանոթներ, անձնակազմը՝ 578 մարդ։ 1904–1905 թվականների ռուս–ճապոնական պատերազմի ժամանակ մասնակցել է Ցուսիմայի ճակատամարտին (1905):

1917 թվականի փետրվարի 28 (մարտի 13)–ին «Ավրորա»–ի նավաստիները ապստամբություն բարձրացրին և հածանավի ղեկավարությունը վերցրին իրենց ձեռքը։ 1917 թվականի հոկտտեմբերին 25 (նոյեմբերի 7)-ի գիշերը Պետրոգրադի ռազմա-հեղափոխական կոմիտեի հրամանով «Ավրորա» մոտեցավ Նիկոլաևյան (այժմ՝ լեյտենատ Շմիդի) կամրջին՝ ապահովելով կարմիրգվարդիական ջոկատների անցումը Վասիլևյան կղզուց դեպի քաղաքի կենտրոն։

Հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)–ին, ժամը 21 անց 45-ին «Ավրորա» անգնդակ կրակոցով Ձմեռային պալատի վրա գրոհելու ազդանշան տվեց։ 1927 թվականի նոյեմբերի 2-ին «Ավրորա» հածանավը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

1948 թվականի նոյեմբերի 17-ից «Ավրորան», որպես հուշարձան, ընդմիշտ տեղակայվել է Նևա գետի վրա։ «Ավրորան» միաժամանակ հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի Նախիմովյան ուսումնարանի վարժական հածանավը։ 1957-ից «Ա.»–ի վրա ստեղծվել է Կենտրոնական ռազմածովային թանգարանի մասնաճյուղ։ 1968 թվականի փետրվարի 22-ին «Ավրորան» պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով[1]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 649
  1. «Крейсер Аврора». excurspb.ru. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.