Jump to content

Աշտիշատի եկեղեցական ժողով (435)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշտիշատի եկեղեցական ժողովներ

435 թվականի Աշտիշատի եկեղեցական ժողով, Աշտիշատ ավանում հավաքված երկրորդ եկեղեցական ժողովը, որը տեղի է ունեցել 435 թվականին։

Երրորդ ժողովը գումարվել է Սահակ Ա Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի (431 թ.) որոշումները պաշտոնապես ընդունելու, ինչպես նաև Հայոց մարզպանությունում տարածվող նեստորականության հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Ըստ Կորյունի, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Եփեսոսից իրենց հետ բերել են ժողովի որոշումներն ու կանոնները, Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակը և ներկայացրել ժողովին։ Ժողովը նախ ընդունել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովի դավանական որոշումներն ու վեց կանոնները, ապա զբաղվել նեստորականության խնդրով։ Եփեսոսի ժողովում բանադրված նեստորականները, Բյուզանդական կայսրությունում հալածվելով, ամրապնդվել էին Սասանյան Պարսկաստանում, որտեղ շուտով նեստորականությունը հռչակվել է Պարսից եկեղեցու պաշտոնական դավանանք։ Նեստորի կողմնակիցները եռանդուն գործունեություն են ծավալել նաև Հայոց մարզպանությունում նեստորականության հիմնադիր հայրեր համարվող Դիոդորոս Տարսոնացու և Թեոդորոս Մոպսուեստացու գրվածքները թարգմանել են հայերեն, ասորերեն, պարսկերեն և տարածել։ Մալաթիայի Ակակիոս և Եդեսիայի Ռաբուլաս եպիսկոպոսները գրով զգուշացրել են Հայոց կաթողիկոսին, եպիսկոպոսներին ու նախարարներին չընդունել հերձվածող և նեստորական վարդապետության ուսուցիչ Մոպսուեստացու գրքերը։ Մինչդեռ Կիլիկիայի եպիսկոպոսներն ամբաստանել են Ակակիոսին և Ռաբուլասին՝ նրանց այդ վարվելակերպը համարելով ոչ ճշմարիտ և անձնական վրեժխնդրությունից մղվող արարք։ 435 թ.-ի ժողովը որոշել է դիմել Կ․ Պոլսի Պրոկղ պատրիարքին և կաթողիկոսի թղթով ու Մոպսուեստացու գրվածքներով նրա մոտ ուղարկել երեցներ Ղևոնդին ու Աբելին՝ կամենալով պարզել ճշմարտությունը։ Պրոկղը նույն թվին Անտիոքի Հովհաննես պատրիարքի նամակի հետ ուղարկել է նեստորական վարդապետությունը դատապարտող և եփեսոսյան դավանությունը պաշտպանող իր պատասխան թուղթը, որն էլ ընդունել են հայերը։ Աշտիշատի 435 թ.-ի ժողովը մեծ նշանակություն է ունեցել Հայաստանում նեստորականությունը պաշտոնապես մերժելու և կյուրեղ-եփեսոսյան դավանության դիրքերի վրա կանգնելու գործում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։
  • Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1987։
  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1997։
  • Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, Ե․, 1994։
  • Ադոնց Ն․, Մաշտոց և նրա աշակերտները․ ըստ օտար աղբյուրների, Վնն․, 1925։
  • Տեր-Մինասյան Ե․, Պատմա-բանասիրական հետազոտություններ, Ե․, 1971, էջ 331–345։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: