Jump to content

Աշոտ Ադամյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ադամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Կառլոսի Ադամյան
Ծնվել էփետրվարի 14, 1953(1953-02-14)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1991)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Ակտիվ շրջան1980-ից սկսած
Ընտրանի«Կտոր մը երկինք»
«Հին օրերի երգը»
«Տերը»
ԱնդամությունՀայաստանի կինեմատոգրաֆիստների միություն
ashotadamyan.com

Աշոտ Կառլոսի Ադամյան (փետրվարի 14, 1953(1953-02-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի հայ դերասան, բեմադրիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ադամյանը ծնվել է 1953 թվականի փետրվարի 14-ին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը։ Ուսումը շարունակել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ 1975-1979 թվականներին սովորելով Հենրիկ Մալյանի արվեստանոցում։ 1987 թվականին ընդունվել է Մոսկվայի կինոռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսեր (Ռոլան Բիկովի արվեստանոց), որն ավարտել է 1991 թվականին՝ ստանալով կինոբեմադրիչի մասնագիտություն[2]։

Վաղ հասակում նվագել է հայկական առաջին ռոք խմբերում՝ «Սարդեր», «Առաքյալներ», «1+2»[3]։

Աշոտ Ադամյանը ֆիլմերում սկսել է նկարահանվել ուսանողական տարիներից. նրա առաջին դերասանական աշխատանքներից են Ա. Մանարյանի «Եվս 5 օր» (1978) և Վ. Զաքարյանի «Խոնարհվիր գալիք օրվան» (1977) գեղարվեստական ֆիլմում։ Հետագայում խաղացել է ավելի քան 40 ֆիլմերում։ 1980 թվականին մասնակցել է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի հիմնադրմանը, այնտեղ աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր և դերասան, հետագայում՝ գեղարվեստական ղեկավար։ Բեմադրել է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Անույի «Օրկեստր», Շտոկի «Աստվածային կատակերգություն» ներկայացումները։ 1982 թվականից Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության, 1997 թվականից՝ «AMFA» հայ կինոգործիչների միջազգային կազմակերպության անդամ է։

1996 թվականին Աշոտ Ադամյանը ձայնագրել է իր առաջին՝ «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը, որում ներառված են հայկական ժողովրդական հին երգերի մշակումներ։ 1998 թվականին Լոս Անջելեսում բեմադրել է Արամունու «Պողոս քեռու այցը», 2005 թվականին Երևանում՝ Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» պիեսները։ 2002 թ. Վիեննայում մասնակցել է «Տրուբադուրներ» փառատոնին՝ ներկայացնելով «Հայկական ժողովրդական երգը մինչև Սայաթ-Նովա և նրանից հետո» ծրագիրը և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կատարել է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգի մշակումը։ 2003 թ․ Առաջին ալիքով (հետագայում՝ Շանթով) վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը[4]։

2008 թվականին եղել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, Թեհրանում բեմադրել է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված «Ուզենք, չուզենք, հայ ենք» ներկայացումը, անցկացրել է արվեստի դասընթացներ։ 2009 թվականին խաղացել է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» մոնոներկայացման մեջ և արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի տղամարդու լավագույն դերակատարման համար։ Զբաղվում է հայկական ժողովրդական հեքիաթների մշակմամբ։ 2010 թվականին Դ. Մաթևոսյանի հետ համատեղ նկարահանել է «Մենք ենք…» ֆիլմը՝ նվիրված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի 40-ամյակն[3]։ 2012 թվականին «Շահխաթուն» ՀԿ-ի հետ սեփական սցենարով նկարահանել է «Ճեպանկարներ» կարճամետրաժ ֆիլմը։ 2012 թվականին Ջենովայի պոեզիայի փառատոնին ներկայացրել է իր «Դլը Մկոնդե» երաժշտական ալբոմից մի քանի երգ և հիացրել իտալացի հանդիսականին։ Ազգային կինոյի «Հայակ-2014» մրցանակաբաշխության ժամանակ «Անպոչ ճգնավոր» ֆիլմում երկրորդական դերի լավագույն դերակատարման համար ստացել է «Հայակ» մրցանակը։ Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին «Salento» միջազգային կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կամպանիլեն կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանին հանձնել է «Salento» միջազգային կինոփառատոնի դերասանական մրցանակը, որը տրվում է փառատոնը հյուրընկալող երկրի կինոասպարեզում և երկրից դուրս ավանդ ունեցած ակնառու դերասանի[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր


1977 ֆ Խոնարհվիր գալիք օրվան Նավաստի
1978 ֆ Եվս հինգ օր Հովիկ
1980 ֆ Համր վկան Կապիտան Դանիելյան
1980 ֆ Կտոր մը երկինք Թորիկ
1981 ֆ Սիրո փոքրիկ սպասում Հրաձգարանի աշխատակից
1982 ֆ Մի կաթիլ մեղրը Հերոսներ
1982 ֆ Տերը Վարորդ
1982 ֆ Հին օրերի երգը Օբերոն
1983 ֆ Վերադարձի գինը Հայկ Մայդերոսով
1984 ֆ Մենք կրկին կհանդիպենք Նաթանաել
1984 ֆ Արահետ դեպի երկինք Օդաչու
1985 ֆ Ո՞ւր ես գնում, զինվոր Հունան
1991 ֆ Ժամկետը յոթ օր Տղամարդ
1993 ֆ Օրացույց Գիդ-վարորդ
2005 ֆ Արահետ Տիգրան և Աշոտ
2006 ֆ Սև-սպիտակ ծիածան Պողիկտոս
2007 ֆ Թշնամիներ Յուսուֆ
2009 ֆ Տաք երկիր, ցուրտ ձմեռ գլխավոր դեր
2009 ֆ Փախուստ Սամվել (Քերոբ)
2013 ֆ Լուսավորիչը Հերոս
2013 ֆ Անպոչ ճգնավոր Տիրան
2013 ֆ MUNDO INVISÍVEL Հերոս
2014 ֆ Փասիանի որսորդը Հայր
2015 ֆ Եվ յոթերորդ օրը… Պապ
2015 ֆ 28:94 Local Time Տիգրան
2015 ֆ Մարիամ Նկարիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.adorocinema.com/personalidades/personalidade-16515/
  2. Адамян Ашот Карлович (ռուս.)
  3. 3,0 3,1 «Աշոտ Ադամյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  4. «ArmeniaNow.com - Independent Journalism From Today`s Armenia». archives.armenianow.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Սալենտո» միջազգային կինոփառատոնը՝ Երևանում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]