Անտոն Չեխովի հուշարձան (Յալթա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)
Անտոն Չեխովի հուշարձան | |
---|---|
Անտոն Չեխովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1953 |
Երկիր | Ռուսաստան և Ուկրաինա |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | քանդակ |
Նյութ | բրոնզ և Դիորիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Sitting statue of Chekhov in Yalta Վիքիպահեստում |
Անտոն Չեխովի հուշարձան (ռուս.՝ Памятник Антону Чехову), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Յուրի Գագարինի անվան ծովամերձ զբոսայգու գլխավոր ծառուղու մոտ գտնվող ոչ մեծ հրապարակում[1]։ Կանգնեցվել է 1953 թվականին ռուս մեծանուն գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատվին։ Հեղինակներն են քանդակագործ Գեորգի Մոտովիլովը և ճարտարապետ Լեոնիդ Պոլյակովը (նախագծել է պատվանդանը)[1]։
Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականի հուլիսի 15-ին, Անտոն Պավլովիչ Չեխովի մահվան 49-րդ տարելիցի օրը, Յալթա քաղաքի Յուրի Գագարինի անվան ծովամերձ զբոսայգու գլխավոր ծառուղու կենտրոնում բացվեց մեծ գրողի հուշարձանը։ Արարողությանը ներկա էին և ելույթ ունեցան գրողի քույրը՝ Մարիա Չեխովան, և կինը՝ Օլգա Կնիպպեր-Չեխովան[2]։
Գրողը պատկերված է ժայռի վրա նստած[2], ոտքը ոտքին գցած[1], ձախ ձեռքին՝ նոթատետրով։ Նրա հայացքն ուղղված է ծովի անսահման հեռուները։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գեորգի Մոտովիլովը և ճարտարապետ Լեոնիդ Պոլյակովը[2], որը նախագծել է հուշարձանի պատվանդանը[1]։ Քանդակը տեղադրված է «Չեխովին» մակագրությամբ դիորիտե պատվանդանին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոն Պավլովիչ Չեխովը Յալթա մշտական բնակության համար եկել է 1898 թվականին բժիշկների խորհրդով։ Աուտկա գյուղում (այժմ քաղաքի մաս է) տուն կառուցելու նպատակով նա գնել է հողակտոր և 1899 թվականին սկզբում բնակություն է հաստատել պատրաստի կողաշենքում, ապա, որոշ ժամանակ անց, երկհարկանի տանը։ Տունը նախագծել ու կառուցել էր ճարտարապետ Լ. Ն. Շապովալովը, որը նոր էր եկել Յալթա[2]։
Մինչ այդ Անտոն Չեխովը երկու անգամ էր այցելել Յալթա՝ 1889 և 1894 թվականներին[2]։
Անտոն Պավլովիչը որպես մշտական բնակիչ Յալթայում ապրել է միայն հինգ տարի։ Սակայն այդ կարճ ժամանակահատվածում գրողը ստեղծել է իր հիմնական աշխատությունները։ Կյանքի ստեղծագործական և անձնական բոլոր գլխավոր իրադարձությունները տեղի են ունեցել հենց «Յալթայի ժամանակաշրջանում»[2]։
Չեխովի մեծ և բացառիկ բեղմնավոր հանրային-լուսավորչական գործունեությունը Յալթայի քաղաքացիները արժանիորեն են գնահատել՝ նրան անվանելով «քաղաքի ամենաառաջին քաղաքացին»։ Նրա հիշատակը անմահացվել է ոչ միայն հուշարձանի տեսքով. գրող, բժիշկ, քաղաքացի Անտոն Պավլովիչի անունով կոչվում են քաղաքի թատրոնը, փողոցներից մեկը, կենտրոնական գրադարանը, առողջարանը և հակատուբերկուլոզային դիսպանսերը[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Памятник А.П. Чехову». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 Հունվար 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Памятник А. П. Чехову». Վերցված է 2019 Հունվար 18-ին.