Անծանոթ աղջկան
Անծանոթ աղջկան | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Վահան Տերյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1903 |
Հրատարակչություն | Հուշարար |
Հրատարակվել է | 1908 |
Հայերեն հրատ. | 1908 |
Շարք | Մթնշաղի անուրջներ |
Վիքիդարան | Անծանոթ աղջկան |
«Անծանոթ աղջկան», հայ բանաստեղծ Վահան Տերյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անծանոթ աղջկան» բանաստեղծությունը հեղինակը գրել է 1903 թվականին[1]։ Առաջին անգամ տպագրվել է 1908 թվականի հունիսի 17-ին «Հուշարար» երկշաբաթաթերթում (№ 5, էջ 71)[2]։ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մաս է կազմում։
Բանաստեղծության ստեղծման հանգամանքների մասին հեղինակը Օ․ Օհանջանյանին գրել է․
․․․ես տենդենց ունեմ իմ սպասումները, իմ իդեալները, մի խոսքով ցանկալին ներդնել այն կանանց մեջ, որոնցով հափշտակվում էի։ Ահա, օրինակ, հիմա իմ բոլոր իդեալները ես մարմնավորել եմ քո սիրելի քրոջ մեջ և հեռակա սիրահարված եմ նրան։ Իհարկե, դա ծիծաղելի է, բայց չես կարող պատկերացնել, որքան խորապես համոզված եմ, որ դա ճիշտ է։ «Բայց դա հակառա՜կ է առողջ բանականության»։ Բացականչում ես դու կատաղությամբ, «դա արդեն միջնադարյան միստիցիզմ է, դա ռոմանտիկական «հոգեհարազատությո՜ւն է» և այլն»։
Բայց․․․ Ի՞նչ անեմ, այդ բոլոր (թերևս շատ ծանրակշիռ) դիտողություններով հանդերձ, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, և որ ես շատ-շատ եմ մտածում քո քույրիկի մասին, դա փա՜ստ է։
Երևակայում եմ, թե ինչպես ես հռհռում և ինչպես կհռհռար քույրդ, եթե իմանար այդ մասին։ Աստված քեզ հետ, ծիծաղիր։ Բայց թողնենք այդ, լոկ հարևանցի ասեմ, որ ես նույնիսկ բանաստեղծություն եմ նվիրել նրան, «Անծանոթ աղջկան»[2]։