«Նոր ակունքներ» վեպով Ուպիտը սկսել է «Ռոբեժնիեկները» վիպաշարը լատվիական գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը, որը պատմում է 1905 - 1907 թթ. հեղափոխության ժամանակ լատվիական գյուղացիության ուղիների մասին։ 1910 - 1911 թթ. բացահայտորեն անցել է պրոլետարիատի դիրքերը, ծավալել հրապարակախոսական և գրական–քննադատական գործունեություն։ «Կինը», «Մետաքսե սարդոստայնում», «Ոսկի», «Ուրացողները» վեպերում Ուպիտը խարազանել է քաղաքային բուրժուազիային, քաղքենիությունը։ «Կանչ ու արձագանք», «Մեկը և շատերը» պիեսներում լատվիական դրամատուրգիայում առաջին անգամ ստեղծել է բանվոր հեղափոխականների ռեալիստական կերպարներ։ 1917 թ. փետրվարի հեղափոխությունից հետո, որի իրադարձություններն արտացոլված են «Ձնհալ» պատմվածքների ժողովածույի մեջ, Ուպիտը ընտրվել է Ռիգայի բանվորների դեպուտատների սովետում և սովետի գործկոմում։ Դեռևս 1920 - 1940 թթ. Լատվիայում Ուպիտը մշակել է սոցիալիստի, ռեալիզմի սկզբունքները։ 1921 թ. հրատարակել է «Հյուսիսային քամի» վեպը։ Բուրժուական հանրապետության բարքերն է խարազանել «Ծիածանային կամրջով», «Յան Ռոբեժնիեկի վերադարձը», «Յան Ռոբեժնիեկի մահը», «Ժպտացող տերև» վեպերում և երգիծական կատակերգություններում։ Ուպիտի նովելագրության բարձրակետն են «Կերպարանափոխություն» և «Մերկ կյանք» ժողովածուները։ «Միրաբո» և «Ժաննա դ’Արկ» ողբերգություններով Ուպիտը սկսել է հերոսի և ժողովրդական զանգվածների փոխհարաբերության մասին պատմություն եռերգությունը։ Պատմության թեմայով է գրված նաև «Դարերի սահմանագծում» քառահատոր վեպը։ Ուպիտ հիմնական հեղինակն է «Համաշխարհային գրականության պատմություն» քառահատոր աշխատության։ «Սպարտակ» ողբերգությունով ավարտել է պատմական եռերգությունը։ «Կանաչ երկիր» և «Լուսաշերտ ամպերի մեջ» երկերգությունը պատմում է XIX դարի վերջին լատվիական գյուղական կյանքի և բանվորական շարժման առաջին քայլերի մասին։ Ուպիտը եղել է Լատվիայի ՍՍՀ գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ և նախագահության անդամ, Լատվիայի ԳՄ վարչության նախագահ։ Լատվիայի ՍՍՀ պետական մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։