Ալուշտայի ակվարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալուշտայի ակվարիում
Տեսակկառույց և հանրային ակվարիում
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրված է2003
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ալուշտայի ակվարիում (ռուս.՝ Алуштинский аквариум), քաղցրահամ ջրերի և ծովային ձկների մեծ հավաքածուով ակվարիում Ղրիմի Ալուշտա քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Ալուշտայում մի խումբ երիտասարդ մասնագետ ձկնաբաններ Վիկտոր Ժիլենկոյի գլխավորությամբ ստեղծեցին ձկների առաջին ցուցահանդեսը։ Սկզբում դա Սև և Ազովի ծովերի ձկներով ընդամենը մեկ սրահ էր[2]։

Սակայն արդեն 2005 թվականին այն իրավունք նվաճեց կոչվելու Ղրիմի Հարավային ափի ամենամեծ ակվարիումը։ Իսկ 2007 թվականին ակվարիումը հավաքեց ամենամեծ ցուցադրական հավաքածուն Ուկրաինայում[2]։ 2008 թվականին ցուցադրությունը լրացրեց և սկսեց զարդարել ծովախեցիների և բուստերի հավաքածուն ամբողջ աշխարհից։

Ներկայում տրոլեյբուսային դրամարկղերի շենքի անմիջապես տակը գտնվում է ստորջրյա թագավորություն, որում բնակվում են ավելի քան 250 տարբեր տեսակի ձկներ աշխարհի բոլոր անկյուններից, ինչպես նաև 3 տեսակի կոկորդիլոս, 5 տեսակի ծովախեցգետին և 8 տեսակի կրիա[3]։

Ցուցասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշտայի ակվարիումը բաղկացած է ջրային բնակիչներով 4 ցուցասրահից և խեցիների ու բուստերի ցուցադրությունից։ Առաջին ցուցասրահը նման է ստորջրյա քարանձավի, որտեղ ապրում են երկու ծովերի` Սև և Ազովի զանազան բնակիչները։ Այստեղ կարելի է տեսնել ծովաձի, ծովային շուն, ծովային կով (կամ բծավոր աստղահմա), ծովային վիշապիկ, ծովային կատու (կամ ցցապոչ-կատվաձուկ) և շատ ուրիշներ։

Երկրորդ և երրորդ ցուցասրահներում հավաքված են քաղցրահամ ջրերի ձկներն ամբողջ աշխարհից։ Այստեղ կարելի է տեսնել և՛ արյունռուշտ նատերերա պիրանիաներ, և՛ քաղցրահամ ջրերի աշխարհի խոշորագույն ձուկը` ապարաիմա գիգասը, որի երկարությունը հասնում է ավելի քան 3 մետրի, և՛ մոլորակի ամենաշատ ատամներ ունեցող ձուկը` հիդրոսինուս վիտատուսը, և՛ քաղցրահամ մուրենա։ Ցուցասրահներում ներկայացված տեսակների մեծ մասը գրանցված է Կարմիր գրքում։ Նշվածներից բացի, այստեղ ցուցադրված են կոկորդիլոսներ, որոնցից առավել ագրեսիվը կուբայականն է, կրիաներ, որոնք ապրում են մինչև 250 տարի, ինչպես նաև մեր մոլորակի բազմաթիվ այլ բնակիչներ։

4-րդ ցուցասրահում ներկայացված են Կարմիր ծովի և Հնդկական և Խաղաղ օվկիանոսի ավազանի ձկները։ Այստեղ ցուցադրված են վտանգավոր թևավոր ձուկը, կպչան ձուկը, որը, շնորհիվ գլխին ունեցած ծծիչի, կարող է ճամփորդել շնաձկների և ծովային կրիաների հետ, երկչոտ balistidae ձուկը, որը բուստ է կրծում, սարդերի հնագույն ծովային ազգականը` կարիբյան թրագին, որը ոտքերով քայլում է ծովի հատակին, իսկ լողում է փորը դեպի վեր, ծովային աստղեր և ծովոզնիներ[2][3]։

2015 թվականին Ալուշտայի ակվարիումում բացվել է ևս մեկ ցուցասրահ` «Ջունգլիի աշխարհը»։ Այն զբաղեցնում է շենքի երկրորդ հարկը, անմիջապես ակվարիումի վերևում, և այնտեղ ցուցադրված են վայրի բնության ներկայացուցիչներ` կապիկներ, երկարառունգներ, ջրարջեր և շատ թռչուններ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://tonkosti.ru/Алуштинский_аквариум. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 «Об Алуштинском аквариуме».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]