Jump to content

Ալեքսանդր Բուսիգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բուսիգին
Ծնվել է1900
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1941
Վախճանի վայրՍմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Ալեքսանդր Իվանովիչ Բուսիգին (ռուս.՝ Александр Иванович Бусыгин, 1900, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1941, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս արձակագիր, ակնարկագիր, «На подъёме» հյուսիսկովկասյան ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի քաղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բուսիգինը ծնվել է 1900 թվականին Դոնի Ռոստովում՝ աշխատավորի ընտանիքում։ 1915-1924 թվականներին աշխատել է Վլադիկավկազի երկաթուղային ճանապարհների արհեստանոցներում։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է զրահագնացքի զինվոր։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է արհեստանոցներ։ Հետագայում զբաղվել է լրագրությամբ և գրական աշխատանքով, նախ եղել է աշխատանքային թղթակից, ապա՝ «Սովետսկի Յուգ» թերթի խմբագրության գրական աշխատակից։ Բուսիգինը իր առաջին ակնարկներն ու կարճ պատմությունները հրատարակել է 1923 թվականին։

Բուսիգինը եղել է Դոնի Ռոստովում և Հյուսիսային Կովկասում Պրոլետարական գրողների հյուսիսկովկասյան ասոցիացիայի կազմակերպիչներից մեկը (СКАПП), որի շրջանակներում համագործակցել է Վլադիմիր Կիրշոնի, Միխայիլ Շոլոխովի, Ալեքսանդր Ֆադեևի, Վլադիմիր Ստավսկու հետ։ 1924-1926 թվականներին լույս են տեսել Բուսիգինի «Երկուսը», «Վրեժ լուծեց», «Կրեմնյովկա ավան» պատմվածքները։ 1920-ական թվականների կեսերից եղել է «На подъёме» հյուսիսկովկասյան ամսագրի գլխավոր խմբագիրը։ Եղել է Միխայել Շոլոխովի մտերիմ ընկերը։

Բուսիգինը եղել է 1934 թվականի օգոստոսին կայացած Խորհրդային գրողների համամիութենական համագումարի պատվիրակ։

1928 թվականին «Մոսկվայի աշխատավոր» հրատարակչությունը հրատարակել է «Պողպատը թրծվել է» գիրքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններից առաջ Բուսիգինն աշխատել է «Բեսերգենևների ընտանիքը» վեպի վրա, սակայն չի ավարտել այն։ Գրականագետների խմբի և բանակային թերթի խմբագրության կազմի հետ մեկնել է Արևմտյան ռազմաճակատ, եղել «К победе» ռազմական թերթի թղթակից, մարտնչել է Սմոլենսկի անտառներում։ 1941 թվականի հոկտեմբերին ճակատամարտում լրջորեն վնասվել են նրա երկու ոտքերը, սակայն իր մեջ ուժ է գտել սողալով հասնել մինչև գնդացիրը, որի հաշվարկը ոչնչացրել էր հակառակորդի ականը և, փակելով ընկերների նահանջը, մինչև վերջին փամփուշտը կրակել է միայնակ[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի լոկոմոտիվների վերականգնման գործարանի մուտքի մոտ տեղադրվել է հուշատախտակ[2].

1915-1924 թվականներին այստեղ է աշխատել գրող Ալեքսանդր Բուսիգինը, որը հերոսաբար զոհվել է 1941 թվականի հոկտեմբերին հայրենիքի համար մղվող մարտերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. House, Kommersant Publishing (1968 թ․ փետրվարի 17). Ogoniok (ռուսերեն). Kommersant Publishing House.(չաշխատող հղում)
  2. «Мемориал. Бусыгин Александр 1900-1941 (Екатерина Кольцова-Царёва) / Проза.ру». www.proza.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.