Ալեքսանդր Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1946 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | փետրվարի 11, 2021[2] (75 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Ալեքսանդր Սերգեյի Բաղդասարյան (ռուս.՝ Александр Сергеевич Багдасарян, փետրվարի 10, 1946, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 11, 2021[2]), ակուստաէլեկտրոնիկայի և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի խորհրդային և ռուսաստանցի հայ գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2008)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Սերգեյի Բաղդասարյանը ծնվել է 1946 թվականի փետրվարի 10-ին Բաքվում։ Հեղուկների ֆիզիկայի և քիմիայի ոլորտների հայտնի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Սերգեյ Սամսոնի Բաղդասարյանի և Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բժիշկ Զինաիդա Իվանովնա Բելյաևայի որդին է։ Հայրը 1913 թվականին ծնվել էր Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։
Ալեքսանդր Բաղդասարյանը 1964 թվականին ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, սակայն 1967 թվականին փոխադրվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որը «Տեսական ֆիզիկա» մասնագիտությամբ ավարտել է 1969 թվականին։ Գիտության և շախմատի միջև ընտրությունը Բաղդասարյանին դժվար է տրվել։ Երիտասարդ տարիներին նա եղել է շախմատի բազմաթիվ մրցաշարերի և առաջնությունների հաղթող[3]։
1969-1974 թվականներին Ալեքսանդր Բաղդասարյանը եղել է միկրոսխեմատեխնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի, Երևանի միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակից։ 1974 թվականին նա ընդունվել է ասպիրանտուրա՝ պաշտպանելով «Ամպլիտուդով մոդուլացված մակերևութային ակուստիկ ալիքների (ՄԱԱ) փոխակերպիչների հետազոտությունը և դրանց հիման վրա ակուստաէլեկտրոնային սարքերի մշակումը» թեմայով թեկնածուական և «Ակուստաէլեկտրոնային սարքերի մշակումը և նրանց օգտագործումը ինֆորմացիայի ընդունման, հաղորդման և մշակման սարքավորումներում» թեմայով դոկտորական ատենախոսությունները։ Նրա ատենախոսությունները համարվել են տարվա լավագույն աշխատանքներից։ Այդ պահից սկսած նրա բոլոր աշխատանքները կապված են եղել ԽՍՀՄ ԳԱ Կոտելնիկովի անվան ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի (ՌԷԻ) հետ[3]։
1984-1987 թվականներին Ալեքսանդր Բաղդասարյանը ղեկավարել է ֆունկցիոնալ էլեկտրոնիկային և կապի միջոցների զարգացման հեռանկարների կանխատեսմանը վերաբերող մի շարք աշխատանքներ, նախապատրաստել է ճյուղային միկրո- և ֆունկցիոնալ էլեկտրոնիկայի զարգացման համակարգային նպատակային ծրագրեր, եղել է գիտական քարտուղար, ԽՍՀՄ կապի միջոցների արդյունաբերության նախարարության՝ «Կապի միջոցների ֆունկցիոնալ էլեկտրոնիկա» ԳՏԽ-ի կոորդինացիոն խորհրդի բաժանմունքի նախագահի տեղակալ[3]։
1987-2021 թվականներին Ալեքսանդր Բաղդասարյանը գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական մի շարք մշակումների ղեկավարն ու գլխավոր կոնստրուկտորն էր։ 1990 թվականից՝ «Էլկո» ԳԱՄ գլխավոր տնօրենը։ Աշխատանքները կատարվվել են կառավարման համակարգերի ռուսական գործակալության (ԿՀՌԳ) սարքավորում արտադրող ձեռնարկությունների, ՌԴ պաշտպանության նախարարության, ՌԴ կապի պետական կոմիտեի, ՌԴ նախագահին առընթեր պետական տեխնիկական կոմիտեի, ՌԴ ԳԱ կիրառական պրոբլեմների բաժանմունքի և Մոսկվայի կառավարության կարիքների համար[3]։
1993-1997 թվականներին Բաղդասարյանը զբաղեցրել է Յուրի Գագարինի հիմնադրամի տնօրենի պաշտոնը։ Նրա ղեկավարությամբ մշակվել է «Միր» ուղեծրային կայանի օպերատոր-հետազոտողի աշխատանքային տեղը։ Այն հաջողությամբ ներկայացվել է միջազգային տարբեր ցուցահանդեսներում։ Մինչև կյանքի վերջը նա եղել է ՌԴ ԳԱ Վ. Ա. Կոտելնիկովի անվան ՌԷԻ-ի գլխավոր գիտաշխատող, Ա. Մ. Պրոխորովի անվան ինժեներական գիտությունների ակադեմիայի գլխավոր գիտական քարտուղար, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, Մոսկվայի ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի ինստիտուտի պրոֆեսոր, Նովգորոդի Յ. Մուդրիի անվան համալսարանի պրոֆեսոր, Էլեկտրոնիկայի և ռադիոտեխնիկայի մասնագիտացման ԲՈՀ-ի փորձագիտական խորհրդի անդամ, մի շարք ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ, դոկտորական ատենախոսությունների պաշտպանության խորհրդի անդամ։ 2008 թվականին նրան ընտրել են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[3]։
Ալեքսանդր Բաղդասարյանը կյանքից հեռացել է 2021 թվականի փետրվարի 11-ին[4]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Բաղդասարյանը կատարել է գիտական հետազոտություններ և ինժեներական մշակումներ։ Նա հրապարակել է ավելի քան 300 գիտական հոդված, միջազգային գիտաժողովներում ներկայացրել բազմաթիվ աշխատանքներ։ Ունի ավելի քան 70 հեղինակային վկայագիր, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների ավելի քան 40 արտոնագիր։ Գրել է ութ մենագրություն, ուսումնական ձեռնարկներ[3]։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտատեխնիկական ակնառու նվաճումների համար ինժեներական ակադեմիան Ալեքսանդր Բաղդասարյանին պարգևատրել է Ալեքսանդր Պրոխորովի, Ակսել Բերգի մեդալներով։ Ալեքսանդր Պրոխորովի մրցանակի դափնեկիր է։ Ակադեմիայի Ուրալի միջմարզային բաժանմունքի կողմից պարգևատրվել է Ալեքսանդր Պոպովի անվան մեդալով և մրցանակով[3]։
Պարգևատրվել է «Լենինի 100-ամյակ», «Աշխատանքի վետերան», «Մոսկվայի 850-ամյակ», «Ռուսաստանի նավատորմի 300-ամյակ» մեդալներով և «ԽՍՀՄ կապի միջոցների արդյունաբերության պատվավոր աշխատող», «ԽՍՀՄ գյուտարար», «Ռուսաստանի պատվավոր ռադիստ» շքանշաններով։ ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտի դափնեկիր է նոր սերնդի պետական հեռուստատեսային ցանցի կառուցման գիտական, տեխնիկական և կազմակերպչական լուծումների մշակման և ներդրման համար։ Միջազգային աստղագիտական խորհուրդը թիվ 10002 փոքր մոլորակն անվանել է նրա պատվին[3][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժինը ներկայացնում է. Ալեքսանդր Սերգեյի Բաղդասարյան
- ↑ 2,0 2,1 2,2 Памяти А.С. Багдасаряна
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժինը ներկայացնում է. Ալեքսանդր Սերգեյի Բաղդասարյան
- ↑ Памяти А.С. Багдасаряна
- ↑ (10002) Bagdasarian = 1969 TQ1 = 1980 TN15 = 1986 WD2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 11 մահեր
- 2021 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ռադիոֆիզիկոսներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ