Ադի Իգնեշիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադի Իգնեշիուս
Դիմանկար
Ծնվել է1958[1]
ԾննդավայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց, Հաֆերֆորդյան քոլեջ և Սեյնթ Ալբանս դպրոց
Մասնագիտությունլրագրող
Ծնողներհայր՝ Փոլ Ռոբերտ Իգնաշիուս

Ադի Իգնեշիուս (անգլ.՝ Adi Ignatius, 1958[1], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ լրագրող, հրապարակախոս, Harvard Business Review պարբերականի գլխավոր խմբագիրը, որին միացել է 2009 թվականից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադի Իգնեշիուսը ծնվել է 1958 թվականի հունվարի 1-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում։ Նրա հայրը՝ Փոլ Իգնեշիուսը, 1967-1969 թվականներին եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայազգի նախարար։ Եղբայրը՝ Դևիդ Իգնեշիուսը ներկայումս The Washington Post-ի խմբագիրն է։ Բացի այդ, նույն պարբերականում նա նաև սյունակագիր է[3]։

Ադի Իգնեշիուսը 1990 թվականին Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոցում (SIPA) արժանացել է Ցուկերմանի կրթաթոշակի։ Մինչ այդ, նա 1981 թվականին Փենսիլվանիայի Հաֆերֆորդյան քոլեջում ստացել էր պատմության բակալավրի աստիճան։ Ներկայումս Ադին անդամակցում է Միջազգային հարաբերությունների խորհրդին և Ասիայի ընկերակցությանը։ Վերջին երկուսն էլ ուղեղային կենտրոններ են։ Ադի Իգնեշիուսը նաև Նյու Յորքի պետական համալսարանի լրագրության դպրոցի խորհրդատվական խորհրդի անդամ է։

1996 թվականին Իգնեշիուսը նշանակվեց Time Asia-ի փոխխմբագիր, որը տեղակայված էր Հոնկոնգում, իսկ արդեն 2000 թվականին զբաղեցրեց նույն պարբերականի խմբագրի պաշտոնը։ 2002 թվականին նա նշանակվեց Time-ի գործադիր խմբագիր և պատասխանատու էր ամսագրի գործարար թեմաների ու միջազգային լրահոսի լուսաբանման համար։ Time ամսագրի փոխխմբագիր լինելու ժամանակ պատասխանատու էր նաև պարբերականի հատուկ նախագծերի համար, ներառյալ «Time-ի վարկանիշով տարվա մարդ» և «Time 100» նախագծերի։ Նա պարբերաբար գրել է նաև ամսագրի համար, ներառյալ պատմություններ Google-ի մասին։ 2007 թվականին, երբ «Time»-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարեց «տարվա մարդ», Ադի Իգնեշիուսը դարձավ Պուտինի մասին նկարագրողական բովանդակության հեղինակը, որն ուղեկցում էր մրցանակին[4]։

Սակայն մինչև Time-ին միանալը, Իգնեշիուսը երկար տարիներ աշխատել է նաև The Wall Street Journal-ում՝ ղեկավարելով պարբերականի Պեկինի և Մոսկվայի բյուրոները։ Ավելի ուշ, նա եղել է նաև «Central European Economic Review»-ի գլխավոր խմբագիրը և «Far Eastern Economic Review» բիզնես խմբագիրը։ Երկու պարբերականներն էլ պատկանում էին Dow Jones & Company-ին։

Ներկայումս Harvard Business Review պարբերականի գլխավոր խմբագիրն է։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնեշիուսը «Պետական հանցագործ. Վարչապետ Չժաո Ցզիյանի գաղտնի օրագիրը» գրքի համախմբագիրն է[5]։ Այն հիմնված է Չինաստանի նախկին վարչապետ Չժաո Ցզիյանի ձայներիզների վրա, որոնք ձայնագրվել են 1999-2000 թվականներին վարչապետի տանը։

2008 թվականին Իգնեշիուսը եղել է «Նախագահ Օբամա. Սպիտակ տուն հասնելու ուղին» գրքի խմբագիր, որը դարձել էր The New York Times-ի բեսթսելերների ցանկում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. Boston Globe, January 6, 2009
  3. «Story Details - Alumni - Harvard Business School». www.alumni.hbs.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  4. Time magazine, December 20, 2007
  5. Prisoner of the State: The Secret Journal of Premier Zhao Ziyang, Simon & Schuster (May 19, 2009), hardcover, 336 pages 1-4391-4938-0 978-1-4391-4938-6
  6. President Obama: The Path to the White House, Time (December 23, 2008), 1-60320-072-X 978-1-60320-072-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]