Վեսթ Բունդ կերպարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեսթ Բունդ կերպարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՇանհայ
Հիմնադրվել էնոյեմբերի 8, 2019
Այցելուներ592 000 մարդ (2021)[1]
Կայքwbmshanghai.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Վեսթ Բունդ կերպարվեստի թանգարան (չինարեն՝ 西岸美术馆), գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքում։ Ֆրանսիական ժամանակակից արվեստի թանգարանի՝ Պոմպիդու կենտրոնի մասնաճյուղերից մեկն է։ Բացվել է 2019 թվականին[2]։ Գտնվում է Շանհայի կենտրոնական մասում (Սյուհոյ շրջան), Հուանգպու գետի ափին (հայտնի է որպես Արևմտյան Բունդ), թանգարանային թաղամասում։ Վեսթ Բունդ թանգարանի և Պոմպիդու կենտրոնի համագործակցությունը նախատեսված է 5 տարվա համար և ենթադրում է 20 ցուցահանդեսների անցկացում մինչև 2024 թվականը[2]։

Հայեցակարգ և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Շանհայում ժամանակակից արվեստի ֆրանսիական թանգարանի լիարժեք մասնաճյուղ ստեղծելու գաղափարը հնչեցվել է 2007 թվականին[3], սակայն հետագայում գաղափարի իրագործումից հրաժարվել են։ 2015 թվականին որոշում է կայացվել թանգարանի ժամանակավոր մասնաճյուղ ստեղծելու մասին։ Գաղափարը հինգ տարի ժամկետով ժամանակավոր մասնաճյուղ բացելն էր՝ երկարաձգման հնարավորությամբ, ինչպես հաջողությամբ իրականացվել է Իսպանիայի Մալագա քաղաքում գտնվող Պոմպիդու կենտրոնի մասնաճյուղի հետ[4]։ Մշակութային համագործակցության մասին համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2017 թվականի հուլիսին։ 2018 թվականի հունվարին նոր թանգարանի շինարարությունը հաստատել Է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջինիս Չինաստան կատարած այցի ժամանակ[5]։ Թանգարանը գտնվում է Հուանգպու գետի ափին։ Գետի առափնյա ամբողջ թանգարանային գոտու զարգացումը չինական իշխանությունները հանձնարարել են հատուկ ստեղծված «West Bund Group» պետական ընկերությանը։ Վերջինս նախագծել է յոթ կիլոմետրանոց «արտ-միջանցք» գետի երկայնքով՝ քաղաքի նախկին արդյունաբերական շրջանի տարածքի մի մասում։ Այս մշակութային տարածքում տեղակայված են արվեստի մի քանի օբյեկտներ, այդ թվում՝ Լոնգ թանգարանը (Չինաստանի ամենամեծ մասնավոր թանգարանը), Յուզ թանգարանը, Շանհայի լուսանկարչության կենտրոնը, Շանհայի «Tank» արվեստի այգին և «Start» թանգարանը։ Շենքը, որտեղ տեղակայված է նոր թանգարանը, զբաղեցնում է ավելի քան 20,000 մ² տարածք և նախագծել է բրիտանացի ճարտարապետ Դեյվիդ Չիփերֆիլդը[2]։ Շինարարությունը տևել է 6 տարի[6]։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 5-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Առաջին ցուցահանդեսում ներկայացված էին Պիկասոյի, Կանդինսկու, Դյուշանի և այլ նկարիչների աշխատանքներ։ Թանգարանի հայեցակարգը ենթադրում է տարեկան երեք ցուցահանդեսների անցկացում՝ ֆրանսիացի և չինացի համադրողների ցուցադրությունների խնամարկուների կազմակերպմամբ[2]։

Ներքին տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բաժանված է մի քանի պատկերասրահների, որոնց թվում 1-ին, 2-րդ և 3-րդ պատկերասրահները հիմնականն են և ցուցադրում են Պոմպիդու կենտրոնի խնամարկուների և նրանց չինացի գործընկերների ընտրած աշխատանքները։ Պատկերասրահ 0-ն օգտագործվում է հատուկ ցուցահանդեսների համար։ «Ստեղծագործական պատկերասրահն» օգտագործվում է երեխաների համար հատուկ գեղարվեստական ցուցահանդեսների և համայնքային կրթական միջոցառումների համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Китайский Музей Помпиду и ярмарка West Bund: Шанхай — новый форпост современного искусства?». BURO. (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  3. «У Китая появится свой музей Помпиду». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  4. La-Croix.com (2019 թ․ սեպտեմբերի 26). «Le Centre Pompidou de Shanghaï ouvrira ses portes début novembre». La Croix (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  5. La-Croix.com (2018 թ․ հունվարի 9). «Le Centre Pompidou Shanghaï confirmé par Emmanuel Macron». La Croix (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  6. 6,0 6,1 «西岸 | WEST BUND». www.westbund.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեսթ Բունդ կերպարվեստի թանգարան» հոդվածին։