Վազգեն Սարգսյան (մանկավարժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Արտաշավան, Էջմիածնի գավառ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վազգեն Հարությունի Սարգսյան (1920, Արտաշավան, Էջմիածնի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1957):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1920 թվականին, Աշտարակի շրջանի Արտաշավան գյուղում։ 1940 թվականի հոկտեմբերին, Երևանի մանկավարժական տեխնիկումի երրորդ կուրսից, զորակոչվել է կարմիր բանակ և ուղարկվել Միջինասիական զինվորական օկրուգի բժշկական ուսումնարանում սովորելու։ Սակայն ուսումնարանը չավարտած սկսվել է Հայրենական մեծ պատերազմը[1]։
1941 թվականին Սարգսյանին շնորհվել է սերժանտի կոչում ու, որպես սանհրահանգիչ, ուղարկվել է Հյուսիսային Ղազախստանում նոր կազմավորվող 314-րդ հրաձգային դիվիզիայի 1078-րդ գունդը, որի կազմում էլ մասնակցել է Լենինգրադի պաշտպանության մարտերին։ 1942 թվականի հոկտեմբերին Վոլխովի ուղղությամբ Լենինգրադի շրջապատումը ճեղքելու մարտերից մեկում ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Բուժվելուց հետո Վազգենը մեկնել է Վորոնեժի ռազմաճակատ, 5-րդ գվարդիական տանկային կորպուսի 48-րդ առանձին գունդը՝ որպես դեսանտային ջոկի հրամանատար, և մասնակցել Կուրսկի աղեղի նշանավոր ճակատամարտին։ 1943 թվականին մարտերից մեկում նորից վիրավորվել է , ապաքինվելուց հետո գործուղվել է առաջին Ուկրաինական ռազմաճակատ։ 7-րդ գվարդիական տանկային կորպուսի 71-րդ մեքենայացված բրիգադի կազմում նա մասնակցել է Կիևի, Ժիտոմիրի, Շեպետովկայի և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրման մարտերին։ 1944 թվականի աշնանը Վազգենը կռվել է Սանդոմիրի պլացդարմում, մասնակցել Լեհաստանի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Խիզախության համար» երկու մեդալներով ու շնորհակալագրերով։ Մարտերով հասել է Գերմանիա, մեծ հաղթանակը դիմավորել Էլբայի ափին[1]։
1946 թվականին Սարգսյանը զորացրվել է խորհրդային բանակի շարքերից։ 1947 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և ուսուցչական աշխատանքի անցել հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում։ 1957 թվականին Սարգսյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Խիզախության համար» մեդալ (կրկնակի)