Պահանջում ենք խաղաղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պահանջում ենք խաղաղություն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1950
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄուզեոն

«Պահանջում ենք խաղաղություն», բազմակերպար քանդակ Մոսկվայում։ Տեղակայված է «Մուզեոն» զբոսայգում։ Պատրաստվել է 1950 թվականին՝ ի պատասխան սկսված Կորեական պատերազմի։ Քանդակագործը Վերա Մուխինան է՝ Ն. Գ. Զելենսկայայի, Զ. Գ. Իվանովայի, Ս. Վ. Կազակովի, Ա. Մ. Սերգեևի հետ համատեղ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Մուխինան որոշել է պատրաստել «Պահանջում ենք խաղաղություն» քանդակը 1950 թվականին՝ իմանալով Կորեայում սկսված պատերազմի մասին։ Նրա հետ միասին հուշարձանի վրա աշխատել է ստեղծագործական խումբ՝ Նինա Զելենսկայայի, Զինաիդա Իվանովայի, Սերգեյ Կոզակովի և Ալեքսանդր Սերգեևի մասնակցությամբ։

Վերա Մուխինան իր ստեղծագործությունն անվանել է «քարոզչական քանդակ»։ Այն հատուկ պատրաստվել է գալվանոյի միջոցով թեթև մետաղից՝ խաղաղությանը նվիրված միջազգային տարբեր գիտաժողովներին տեղափոխումը հեշտացնելու համար[1]։ 1951 թվականին «Պահանջում ենք խաղաղություն» ստեղծագործության համար քանդակագործների թիմին շնորհվեց երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ[2]։

Քանդակվել է հուշարձանի երկու նույնանման օրինակ։ Դրանցից մեկը մնաց Մոսկվայում և տեղադրվեց Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում՝ Խաղաղության պողոտայի մերձակայքում, իսկ մյուսը տեղափոխվեց Փհենյան։ Մոսկվայի հուշարձանը ցուցահանդեսում մնաց մինչև 1994 թվականը, որից հետո տեղափոխվեց «Մուզեոն»։ Այնտեղ քանդակը թերի էր․ վեց գործիչներից միայն երեքն էին ներկայացված, իսկ մյուսները պահվում էին թանգարանի պահեստներում։ 2010-ական թվականների սկզբին հուշարձանը վատ վիճակում էր, բացակայում էին մի շարք հատվածներ։ 2012-2013 թվականներին քանդակը վերականգնվեց, կորած մասնիկները փոխարինվեցին Ռուսաստանի թանգարանում պահվող գիպսի բնօրինակով[3][4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պահանջում ենք խաղաղություն» քանդակագործական ստեղծագործությունը ներառում է վեց կերպար, որոնք քայլում են նույն ուղղությամբ։ Մեջտեղի երեք կերպարները՝ սևամորթը, չինացին և ռուսը, քայլում են ձեռքերը մեջքի հետևում միացրած։ Նրանք խորհրդանշում են խաղաղության ձգտող ժողովուրդներին։ Ձախ կողմում պատերազմի կույր հաշմանդամ է՝ եվրոպական հնամաշ զինվորական համազգեստով, իսկ աջ կողմում՝ կորեացի մայրը, որը բարձրացնում է սպանված երեխային։ Այս կերպարները հիշեցնում են պատերազմի զոհերի մասին[5]։ Առջևում գնում է երիտասարդ գեղեցիկ կինը երեխայի հետ։ Նրա մեկնած ձեռքից թռչում է աղավնին՝ որպես խաղաղության խորհրդանիշ[6]։ Այս կերպարը անձնավորում է պայծառ, խաղաղ ապագան, որին ձգտում է մարդկությունը[5]։

Քննադատների կարծիքով քանդակի հիմնական թերությունը նրա մասնատվածությունն է․ այն չունի միասնական տեսք[5][7]։ Արվեստագետ Վալերիուսը նաև նշել է ստեղծագործության մեկնաբանման երկիմաստությունը, մասնավորապես, աղավնի ունեցող կնոջ կերպարը[5]։

Մուխինան վեց կերպարներից ինքնուրույն ստեղծել է միայն մեկը՝ կորեուհուն՝ մահացած երեխայի հետ։ Այս քանդակն իր պլաստիկ հարստությամբ և ուժով հստակ առանձնանում է ամբողջ ստեղծագործությունից։ Այն հիմնված էր 1941 թվականին Վերա Մուխինայի կողմից արված «Մայրը մահացած երեխայի հետ» ուրվագծի վրա, որը ստեղծել է Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերի տպավորությամբ[8]։ Քանդակագործն իր հերոսուհու մասին ասել է․ «Նա կգնա պարտիզան․ այստեղ խնդրանքի մասին խոսք լինել չի կարող»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Скульптура «Требуем мира» Веры Мухиной отправилась на реставрацию // ВашДосуг. RU от 11 октября 2012
  2. Мухина Вера Игнатьевна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. 3,0 3,1 В Парк искусств МУЗЕОН после реставрации возвращается скульптурная композиция Веры Мухиной Արխիվացված 2018-07-10 Wayback Machine // Телеканал «Россия — Культура» от 07.08.2013
  4. Скульптура «Требуем мира» Веры Мухиной будет отреставрирована в 2013 году // ИА REGNUM от 17 октября 2012
  5. 5,0 5,1 5,2 5,3 Валериус С. С. Проблемы современной советской скульптуры. — М.: Искусство, 1961. — C/ 94
  6. Ольга Гостюхина (2013 թ․ օգոստոսի 1). «Скульптуру Мухиной восстановили». RG.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  7. Советское изобразительное искусство: 1941—1960. Искусство, 1981 — С. 141
  8. Эраст Кузнецов Вера Игнатьевна Мухина. Художник РСФСР, 1966 — С. 54