Հրատարակությունների դասակարգումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրատարակությունների դասակարգումներ, տպագիր հրատարակությունների, վավերագրական փաստաթղթերի և տեղեկատվության այլ տեսակների դասակարգումը՝ ըստ նրանց բովանդակության, նշանակության, ուղղվածության, տեսակի, վայրի, տարեթվի և այլ հատկանիշների։ Նախատեսված է գրադարանային ֆոնդերի, գրացուցակների, քարտարանների և այլնի կազմման ու դրանց օգտագործումը դյուրացնելու համար։

Առավել հաճախ կիրառվում են համընդհանուր տասնորդական (ՀՏԴ), գրադարանամատենագիտական (ԳՄԴ) և միջազգային (ISBN և այլն) դասակարգումները, որոնց հիմքում դրված է հրատարակություններն ըստ ոլորտների 0–9 (տասը) թվերով բաժանումը. դրանց հաջորդաբար ավելացվող (դարձյալ՝ 0–9 միջակայքում) թվերով առանձնացվում են գիտելիքի ենթաբաժինները՝ դասեր, ենթադասեր, խմբեր, ենթախմբեր և այլն՝ աստիճանաբար ավելի նեղացնելով ու որոշակիացնելով հրատարակության տեսակն ու նշանակությունը։

Համընդհանուր տասնորդական դասակարգումը մշակել են բելգիացի մատենագետներ Պոլ Օտլեն և Անրի Լաֆոնտենը՝ 1895 թվականին հիմնադրված Բրյուսելի միջազգային մատենագիտական ինստիտուտում։ Առաջին անգամ հրատարակվել է 1897 թվականին։ Այդ համակարգը ստեղծվել է ամերիկացի մատենագետ Մ. Դյուիի՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի համար 1876 թվականին կազմած «Տասնորդական համակարգի» հիման վրա։ Աղյուսակներն առաջին անգամ հրատարակվել են 1905 թվականին՝ ֆրանսերեն, որոնք ներկայում հատուկ կազմավորված ՀՏԴ-ի միջազգային կոնսորցիումի (միավորում է աղյուսակները տարբեր լեզուներով օգտագործող հրատարակիչներին) մտավոր սեփականությունն են։

ՀՏԴ համակարգերի հիման վրա մշակված աղյուսակները ԽՍՀՄ-ում (նաև ՀԽՍՀ-ում) օգտագործվել են մինչև 1937 թվականը, որոնք 1938 թվականին վերամշակել է ռուս գրադարանագետ Լ. Տրոպովսկին, 1955 թվականին և 1960 թվականին՝ Զաքար Համբարձումյանը, և հրատարակել «Գրադարանային դասակարգման աղյուսակներ» վերնագրով։ Այնուհետև դրանք լրամշակվել են և 1960-1968 թվականներին տպագրվել (30 պրակ) «Գրադարանամատենագիտական դասակարգում» մատենաշարով՝ «Աղյուսակներ գիտական գրադարանների համար» խորագրով, որոնցով ցայսօր առաջնորդվում են նաև ՀՀ գրադարաններն ու ազգային գրապալատը։

2009 թվականի նոյեմբերին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտությունների գրադարանը պայմանագիր է կնքել ՀՏԴ կոնսորցիումի հետ՝ ՀՏԴ-ի որոշ բաժիններ հայերեն թարգմանելու, նրա հայալեզու համառոտ տարբերակը հրատարակելու և օգտագործելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։