Կիլիկյան Հայաստանի պետական կարգ
Կիլիկյան Հայաստանի պետական կարգը ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների ու եվրոպական պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ։
Թագավորի գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհներով։ Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր։
Արքունիքի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագավորության հռչակումից ի վեր պետությունը կառավարել է արքունիքը, որը բաղկացած էր
- գործակալություններից
- վերին արքունի ատյանից
Վերին արքունի ատյանի գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները։ Վերին արքունի ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, իսկ նիստերը վարում էր թագավորը։
Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը։
Պայլի գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]
Պայլը թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը։ Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամանակ։
Սպարապետի գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, տնօրինում էր ռազմական գործերը։ Նա թագավորի առաջին տեղակալն էր. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխան, շական զորամիավորումները։ Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ։
Կանցլերի (կանցլեր) գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ կանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը։ Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ։ Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ (օրնակ՝ Վահրամ Րաբունի վարդապետը)։
Սեղանապետության գործակալի գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեղանապետության գործակալն զբաղվել է արքունի տան եկամուտներով ու ծախսերով, պալատի տնտեսությամբ, համարվել է թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»։
Մաքսապետության գործակալի գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները։ Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները։ Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն։
Թագուհու գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ հեղինակություն է վայելել տիկնաց տիկինը՝ թագուհին։ Նա մասնակցել է արքունի և իշխան, խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |