Կարմիր բերդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր բերդ (այլ կիրառումներ)
Կարմիր բերդ | |
---|---|
Տեսակ | մշակութային արժեք, ամրոց և ավերակներ |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Զովունի[1] |
Գտնվելու վայր | Դամբարանադաշտ, Դոլմեն, Միջնաբերդ, Արձանագրություն սեպագիր, Ժայռապատկեր` «Օձ» և Ժայռապատկեր`«Վիշապ» |
ՀՀ ՊՄԱՀ | 6.29/1 |
Կարմիր բերդ, Թազաքենդ, հնավայր Երևանից հյուսիս, Հրազդան գետի աջ ափին, Զովունի գյուղի մոտ։
Հայտնի է վաղ երկաթի դարաշրջանի ամրոցով (պահպանվել է մինչև վաղ միջնադար), միջին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների խոշոր դամբարանադաշտով։ 1896 թվականին Կարմիր բերդում առաջին անգամ պեղումներ է կատարել գնդապետ Պ. Չարկովսկին, որը պեղված նյութերը հանձնել է Կովկասյան թանգարանին (այժմ՝ Վրաստանի պետական թանգարան)։ Այնուհետև, 1903 թվականին, Մ. Զաքարյանցը Մոսկովյան հնագիտական ընկերության անդամ, արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանցի հանձնարարությամբ, առանց կարգ ու կանոնի, բացել է 17 դամբարան, կազմել կցկտուր ու թերի հաշվետվություն և միայն որոշ նյութեր հանձնելով Մոսկովյան հնագիտական ընկերությանը՝ մնացածը վաճառել է Հնագիտական հանձնաժողովին։
1909 թվականին Է. Ռեսլերը շարունակելով պեղումները՝ բացել է ևս 28 դամբարան։ Սովետական իշխանության օրոք Կարմիր բերդում պեղումներ են կատարել Բորիս Պիոտրովսկին (1934), Համլետ Մարտիրոսյանը (1962) և Աշոտ Եսայանը (1965-1967)։ Բացվել են երկու տիպի՝ հիմնահողային, տուֆե խոշոր սալերով ծածկված և կողքերից ու վերևից սալերով ծածկված դամբարաններ։ Հայտնաբերվել են մ.թ.ա. II հազարամյակի 1-ին կեսի (միջին բրոնզի դարաշրջան) կարմիր փայլեցված մակերևույթի վրա սև եռանկյունի, ցանցկեն, շախմատաձև, ալիքավոր նախշերով, անկանթ, մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսի (ուշ բրոնզի դարաշրջան) սև փայլեցված՝ փայլանախշով կամ խորադիր նախշերով խեցեղեն, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի բրոնզե և երկաթե զենքեր, պերճանքի առարկաներ և այլ իրեր, որոնց մեջ հատկապես արժեքավոր են նախշավոր խեցեղենի նմուշներ 12 բրոնզե գոտիները։
Կարմիր բերդից հայտնաբերված նյութերի վերաբերյալ փաստաթղթերը պահվում են ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի արխիվում, իսկ նյութերը՝ Մոսկվայի պատմության, Վրաստանի պետական թանգարաններում և ԽՍՀՄ ԳԱ մարդաբանության և ազգագրության ինստիտուտներում (Լենինգրադ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 331)։ |