Էնեական, լատիներեն գրված էպիկական պոեմ։ Հեղինակը հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսն է։ Պոեմում պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։
Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։
Վերգիլիոսը չի ցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»։