Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ստեփանակերտի (հետո՝ Ասկերանի) շրջանի Դաշուշեն գյուղում։ 1956 թվականին ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ու գրականության բաժինը։ Ապա աշխատել է Ստեփանակերտի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնում որպես տեսուչ 1958-1962 թվականներին եղել ԼԿԵՄ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1962-1967 թվականներին՝ մարզային ռադիոհաղորդումների խմբագիր և ավագ խմբագիր, 1967-1974 թվականներին՝ Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1974-1976 թվականներին՝ «Սովետական Ղարաբաղ» օրաթերթի սեփական թղթակից, 1976-1979 թվականներին՝ Ադրբեջանի հեռուստատեսության հայերեն հաղորդումների խմբագրությունում կրտսեր խմբագիր։ 1979 թվականից եղել է «Գրական Ադրբեջան» հանդեսի տեխնիկական խմբագիր։
Ադրբեջաներեն լույս է տեսել նրա «Անհանգիստ է սիրտս» (Բաքու, 1972) գիրքը։ Գ. Աղաջանյանը կազմել ու խմբագրել է Հայրենական մեծ պատերազմում զոհված ղարաբաղցի բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն, որ «Երդում» վերնագրով լույս է տեսել Բաքվում, 1973 թվականին[1]։