Jump to content

Բրեմենյան երաժիշտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեմենյան երաժիշտներ
գերմ.՝ Die Bremer Stadtmusikanten
Բրեմենյան երաժիշտներին նվիրված արձան Բրեմենում
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1819
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jacob-grimm_wilhelm-grimm/household-tales/margaret-hunt/text/the-bremen-town-musicians
ՎիքիդարանԲրեմենյան երաժիշտներ
 Town musicians of Bremen

Բրեմենյան երաժիշտներ (գերմ.՝ Die Bremer Stadtmusikanten), Գրիմ եղբայրների հեքիաթը թափառաշրջիկ երաժիշտների մասին։ Անտի Աարնե-Թոմփսոնի` հեքիաթների դասակարգման սանդղակում համապատասխանում է №130 կետին. «վտարված կենդանիները նոր տուն են գտնում»[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի գլխավոր հերոսները` իրենց տերերի կողմից վիրավորված, նրանցից դժգոհ ավանակը, շունը, կատուն ու աքաղաղը, ուղևորվում են Բրեմեն քաղաք, որ դառնան քաղաքային երաժիշտներ։ Չկարողանալով հասնել քաղաք` կենդանիները որոշում են գիշերել անտառում։ Ավանակն ու շունը պառկում են քնելու մեծ ծառի տակ, կատուն տեղավորվում է ծառի ճյուղերին, իսկ աքաղաղը բարձրանում է ծառի ծայրը, ուր նրան անվտանգ է թվում։

Կենդանիներն անտառում հայտնաբերում են ավազակների որջ։ Բրեմենյան երաժիշտները, բարձրանալով իրար վրա, կատարում են իրենց «երգը». ավանակը զռում է, շունը` հաչում, կատուն` մլավում, իսկ աքաղաղը` կանչում։ Ավազակները սարսափահար փախչում են։

Բրեմենյան երաժիշտներից ամեն մեկը պառկում է քնելու իր նախընտրած սովորույթով ու նախընտրած տեղում. ավանակը պառկում է բակում` աղբակույտի վրա, շունը` դռան տակ, կատուն` օջախի մոտ, իսկ աքաղաղը` ավազակների խրճիթի կտուրին։

Ուշ գիշերով ավազակների ատամանը խմբի անդամներից մեկին ուղարկում է` տեսնելու, թե ով էր վերջիվերջո գրավել խրճիթը։ Սակայն «հետախույզին» կատուն ճակռտում է, շունը` կծում, իսկ ավանակը զռում է, աքաղաղն էլ` կանչում տան կտուրից։ Ավազակը խուճապահար վերադառնում է ատամանի մոտ և պատմում, որ տունը գրավել են սարսափելի արարածներ։ Ավազակներն այլևս չեն համարձակվում վերադառնալ, և կենդանիները մնում են ապրելու նրանց խրճիթում։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրեմենյան երաժիշտների» թեման հաճախ է հիմք դարձել տարբեր ֆիլմերի, մուլտֆիլմերի, մյուզիքլների, թատերական ներկայացումների համար։ Ահա դրանցից մի քանի օրինակ.

  • «Բրեմենյան երաժիշտներ» (1922, 1934) - դիսնեյյան մուլտֆիլմեր
  • «Ուրախ երաժիշտներ» (1937) - խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ
  • «Բրեմենյան երաժիշտներ» (1969) - խորհրդային մուլտֆիլմ
  • «Բրեմենյան երաժիշտների հետքերով» (1973) - խորհրդային մուլտֆիլմ, «Բրեմենյան երեժիշտները» մուլտֆիլմի շարունակությունը
  • «Բրեմենյան երաժիշտներ. անվախ քառյակ» (1997) - գերմանական լիամետրաժ մուլտֆիլմ[2]
  • «Նոր բրեմենյան երաժիշտներ» (2000) - ռուսական մուլտֆիլմ
  • «Բրեմենյան երաժիշտներ» (2000) - ֆիլմ-մյուզիքլ
  • «Բրեմենյան երաժիշտներ» (2009) - մյուզիքլ (ռեժիսոր` Բորիս Բորեյկո)
  • «Բրեմենյան երաժիշտներ» (իսպ.՝ Los 4 Musicos de Bremen)
  • «Բրեմենյան երաժիշտներ» (2009), (Die Bremer Stadtmusikanten, Գերմանիա, ռեժիսոր` Դիրկ Ռեգել)

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեմեն քաղաքի կենտրոնում 1951 թվականին տեղադրվել է քանդակագործ Գերհարդ Մաքսի ստեղծած քանդակը` նվիրված բրեմենյան երաժիշտներին։ Բրոնզե այդ հուշարձանը դարձել է քաղաքի խորհրդանիշը։ Այն ներկայացնում է հեքիաթի չորս գլխավոր հերոսներին` բուրգի ձևով իրար վրա նստած։

Այս հուշարձանի նմանությամբ քանդակագործ Քրիստ Բաումգարտելը ստեղծել է քանդակ, որը նվիրվել է Ռիգային` Բրեմենի քույր-քաղաք դառնալու կապակցությամբ։

Կենդանիների բուրգ ներկայացնող մեկ այլ քանդակ էլ տեղադրված է գերմանական Ցյուլպիխում[3]։

Հեքիաթի երգող հերոսներին նվիրված քանդակ կա Կրասնոյարսկում։ Խորհրդային մուլտֆիլմի կերպարները դասավորված են շատրվանի շուրջ[4]։ Հեքիաթի հերոսներին նվիրված հուշարձաններ կան նաև Սոչիում, Լիպեցկում, Խաբարովսկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Heidi Anne Heiner, «Tales Similar to Bremen Town Musicians Արխիվացված 2019-02-06 Wayback Machine»
  2. «imdb.com «Die furchtlosen Vier (1997)»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Вариант памятника Бременским музыкантам в Цюльпихе». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Памятники бременским музыкантам». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեմենյան երաժիշտներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեմենյան երաժիշտներ» հոդվածին։