Աստրախանի հայոց դատաստանագիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստրախանի հայոց դատաստանագիրք
Տեսակդատաստանագիրք
Ժանրհայ իրավունքի օրենսգիրք
Բնօրինակ լեզուհայերեն

«Աստրախանի հայոց դատաստանագիրք», ֆեոդալական հայ իրավունքի օրենսգիրք, որով կարգավորվում էին հարավային Ռուսաստանի հայ գաղութների (Աստրախան, Նոր Նախիջևան, Մոզդոկ, Ղզլար) բնակչության իրավահարաբերությունները։ Ռուսաստանի Սենատը 1746 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունեց հայերի և մյուս օտարերկրացիների տնտեսական, իրավական ու կրոնական դրությունը որոշող հրամանագիր։ Դրա հիման վրա հայերը ստեղծեցին իրենց սեփական դատարանը (Ռատհաուզ), որից հետո դատաստանագիրք ունենալը դարձավ խիստ անհրաժեշտություն։ «Աստրախանի հայոց դատաստանագիրք»-ի ստեղծման աշխատանքները սկսվեցին 1747-1748 թվականներին, բայց վերջնականապես ավարտվեցին 1765 թվականին։ Կազմողներն էին Եղիազար Գրիգորյանը, Գրիգոր դի Սաֆար Կամպանյանը և Օհանի որդի Սարգիսը՝ ժամանակի կրթված և առաջավոր գաղափարների տեր անձնավորություններ։ Դատաստանագիրքը բաղկացած էր 3 բաժնից՝ դատարանակազմություն և դատավարություն, քրեական իրավունք, քաղաքացիական իրավունք, 52 գլխից՝ 1135 հոդվածով։ Աղբյուրներ են ծառայել հայ սովորութական իրավունքի նորմերը, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը, Ռուսական կայսրության 1649 թվականի օրենքների ժողովածուն, հունա-հռոմեական օրենքները։ Դատաստանագրքով կարգավորվում էին քրեական, քաղաքացիական և ամուսնա-ընտանեկան իրավահարաբերությունները։ Մեծ թիվ էին կազմում պարտավորական իրավունքի, հատկապես՝ գրավի և առուծախի վերաբերյալ նորմերը։ Դատաստանագրքի հոդվածներից երևում է, որ հայկական դատարանին է վերապահված եղել բնակչության վրա հարկերը բաշխելու և ժողովելու գործը։ Ըստ դատաստանագրքի, դատարանը կատարել է ֆինանսական մարմնի և ոստիկանատան դեր։ Սահմանել է ծառաների իրավական դրությունը, նրանց գնելու և վաճառելու, ծառաների ու տերերի միջև եղած հարաբերությունները և այլն։ Դատաստանագրքում նշված են պետական, տնտեսական, անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության դեմ ուղղված ու այլ բնույթի հանցագործություններ։ «Աստրախանի հայոց դատաստանագիրք» ունեցել է ընդգծված դասակարգային բովանդակություն. նույն հանցանքի համար տարբեր պատիժ էր նախատեսվում ազատ քաղաքացու և ծառայի նկատմամբ։ Պատժատեսակներից էին՝ մահապատիժը, անդամահատումը, բանտարկությունը, աքսորը, ծեծը, տուգանքը և այլն։ Դատաստանագիրքը վկայում է, որ Ռուսաստանի Հայ գաղութների բնակչությունը եղել է համեմատաբար բարվոք վիճակում, քան հայերը Թուրքիայում և Իրանում։ Միաժամանակ դատաստանագիրքը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել Ռուսաստանի հայ գաղութների պատմությունը, համայնքի ներքին կյանքը, սոցիալ-տնտեսական վիճակը և դրանցից բխող իրավական փոխհարաբերությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 594