Jump to content

Ասպետական վեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասպետական վեպ (ֆր.՝ roman chevaleresgue, roman de chevalerie, գերմ.՝ Ritterroman, իտալ.՝ romanzo cavalleresco, իսպ.՝ romance, չեխ․՝ rytířský román), միջնադարյան կուրտուազային գրականության ժանրերից մեկը[1]։

Ծագել է ֆեոդալական միջավայրում՝ ասպետականության ծաղկման շրջանում՝ միաժամանակ հանդես գալով Անգլիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում 12-րդ դ. կեսերին (զույգ հանգավորվող ութոտնյա չափով առաջինը կիրառվել է անգլոնորմանդական տարեգրքերում)։ Հերոսական էպոսից վերցրել է անսահման խիզախության, վեհանձնության մոտիվները։ Ասպետական վեպում առաջին պլան է մղվում հերոս-ասպետի անհատականացման հոգևոր աշխարհի վերլուծությունը, ասպետ, որը սխրանքներ է կատարում ոչ թե հանուն տոհմի կամ էլ հանուն ավատական, վասալական պարտքի, այլ հանուն անձնական փառքի և սիրած էակի փառաբանության։ Էկզոտիկ (տարաշխարհիկ) նկարագրությունների, մտաստեղծ, անիրական, երևակայական, հեքիաթային, կախարդական մոտիվների առատությունը ասպետական վեպը մոտեցնում է ժողովրդական հեքիաթներին, Կենտրոնական ու Միջին Եվրոպայի մինչքրիստոնեական առասպելներին, Արևելքի գրականությանը։ Ասպետական վեպի զարգացման վրա ազդել են հին կելտերի և գերմանացիների ավանդությունները, ասքերը, անտիկ գրողների (Օվիդիուս) երկերը։ Առավել ճանաչված էին «Կլոր սեղանի» ասպետների, բրիտների, լեգենդար Արթուր արքայի, Տրիստանի և Իզոլդայի սիրո մասին վեպերը։ Ազատ սիրո և արկածների որոնումների կենսուրախ իդեալը ուշ ասպետական վեպերում իր տեղը զիջում է քրիստոնեա-ասպետական թեմաներին։ Սկզբում ասպետական վեպերը չափածո էին։ 13-րդ դ. կեսերից հետո երևան են գալիս նրանց արձակ մշակումները (օրինակ՝ Լանսելոտի մասին շարքը)։ Ասպետական վեպի պոետիկան ազդել է գրավոր դարձող հերոսական էպոսի, արձակի և չափածոյի, մասնավորապես ալեքսանդրյան ոտանավորի վրա։ Ասպետական վեպին զուգահեռ զարգացել են վիպակն ու նովելը։ Արդեն 13-րդ դ. երևան են գալիս ասպետական վեպի նմանակումները, 15-րդ դ. ժանրն անկում է ապրում, բայց գրքի տպագրության հետ նորից է վերածնվում պարզաճաշակ տպագրության տեսքով։

Իսպանիայում ասպետական վեպը ծաղկեց Վերածննդի դարաշրջանում։ Սերվանտեսը «Դոն Կիխոտում» ծաղրում է ոչ թե ասպետական վեպը որպես այդպիսին, այլ նրա էպիգոնային մշակումները և ժանրի լավագույն նմուշների շարունակությունները։ Եվրոպական ասպետական վեպի ժանրին մոտ (բայց նրանից անկախ) ստեղծագործություններ են եղել նաև Արևելքի գրականություններում (ճապոնական «Գենձի-Մոնոգատարի» վիպակը, Շ. Ռուսթավելու «Ընձենավորը» ասպետական պոեմը, «Կարոս խաչ» վիպերգը։)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2006). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 21-22.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Елеазар Мелетинский, Средневековый роман. М., 1983.(ռուս.)
  • Андрей Михайлов, Французский рыцарский роман. М., 1976.(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]