1899 թվականին ավարտել է Պետերբուրգի թատերական ուսումնարանի բալետի բաժինը (Պ. Գերդտի դասարան), ընդունվել Մարիինյան թատրոն, 1906 թվականից՝ առաջատար պարուհի։ Մարիինյան թատրոնում վերջին ելույթը 1913 թվականին էր, Մոսկվայում՝ 1914 թվականին։ Նշանավոր դասական պարուհի Աննա Պավլովայի արվեստը շատ բանով նպաստել է ռուսական բալետի զարգացմանը և հայրենիքի սահմաններից դուրս հավաստել ռուսական բալետային թատրոնի համաշխարհային փառքը։ Աննա Պավլովայի արվեստին բնորոշ էր երաժշտականությունը, պարի հոգեբանական բովանդակության խորությունը, զգացմունքայնությունը, ժանրային բազմազանությունը։ Լավագույն դերապարերից են՝ Նիկիա, Կիտրի (Մինկուսի «Բայադերկա», «Դոն Կիխոտ»), Ժիզել (Ադանի «Ժիգել»), Պախիտա (Դելդևեզի «Պախիտա»)։ Աննա Պավլովաի ստեղծագործությունը մեծ նշանակություն է ունեցել Միխայիլ Ֆոկինի բարենորոգումների համար. Աննա Պավլովան եղել է նրա բեմադրությունների (Շչերբաչովի «Էվնիկա», Ռուբինշտեյնի «Խաղողի վազը», Շոպենի երաժշտությամբ՝ «Շոպենիանա», Չերեպնինի «Արմիդայի տաղավարը», Արենսկու «Եգիպտական գիշերներ») գլխավոր դերերի առաջին կատարողը։ Ֆոկինը Աննա Պավլովաի համերգային կատարման համար Սեն-Սանսի երաժշտությամբ բեմադրել է «Կարապը» (ավելի ուշ՝ «Մեռնող կարապը», 1907)։ 1908 թվականից Աննա Պավլովա ելույթներ է ունեցել արտասահմանում, 1909 թվականից մասնակցել «Ռուսական սեզոններին» Փարիզում։ 1910 թվականին ստեղծել է սեփական թատերախումբ և հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի երկրներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 143)։