Ալմա Դոյչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմա Դոյչեր
Բնօրինակ անունբրիտանական անգլերեն՝ Alma Elizabeth Deutscher և եբրայերեն՝ עלמה אליזבת דויטשר
Ի ծնե անունբրիտանական անգլերեն՝ Alma Elizabeth Deutscher
Ծնվել էփետրվարի 19, 2005(2005-02-19)[1][2] (19 տարեկան)
Բեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերնեոռոմանտիզմ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի, ջութակահարուհի և դիրիժոր
Գործիքներջութակ, դաշնամուր և ալտ
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան[3]
Պարգևներ
Կայքalmadeutscher.com
 Alma Deutscher Վիքիպահեստում

Ալմա Էլիզաբեթ Դոյչեր (անգլ.՝ Alma Elizabeth Deutscher, փետրվարի 19, 2005(2005-02-19)[1][2], Բեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի կոմպոզիտոր, դաշնակահարուհի, ջութակահար և վունդերքինդ։ 6 տարեկանում նա գրել է դաշնամուրային իր առաջին սոնատը։ 7 տարեկանում ավարտել է իր առաջին՝ «Երազներ մաքրողը» օպերան։ 2015 թվականին ջութակի և նվագախմբի համար իր առաջին համերգի ժամանակ առաջին անգամ ելույթ է ունեցել որպես մենակատարուհի[5]։

2015 թվականին երիտասարդ կոմպոզիտորը ներկայացրել է իր առաջին՝ «Մոխրոտիկը» օպերան, որի եվրոպական պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերին Վիեննայում՝ հայտնի դիրիժոր Զուբին Մեթայի հովանավորությամբ[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա Դոյչերը անգլիացի Ջեյնի Սթինի և իսրայելացի գիտնական, լեզվաբան Գայ Դոյչերի դուստրն է[8]։

Նա դաշնամուրային ստեղծագործություններ սկսել է կատարել դեռ 2 տարին չլրացած, իսկ 3 տարեկանում սովորել է ջութակ նվագել։ 4 տարեկանում հորինել է երաժշտական ստեղծագործություններ և հանպատրաստից ստեղծագործել դաշնամուր նվագելիս, իսկ արդեն մեկ տարի անց սկսել է ձայնագրել իր ստեղծագործությունները։ Այդ առաջին գործերի գրավոր տարբերակները բավականին անընթեռնելի էին, սակայն, երբ լրացավ Ալմայի 6 տարին, նրա աշխատանքները (և, մասնավորապես, դաշնամուրային առաջին սոնատը) ձեռք էին բերել անհրաժեշտ պարտիտուրային հստակություն։ 2012 թվականին նա գրել է իր առաջին կարճ օպերան, իսկ 2 տարի անց՝ ջութակի կոնցերտ, որին հաջորդել է լիամետրաժ ձևաչափով առաջին օպերան[9][10]։

Ըստ Ալմայի հոր խոսքերի՝ նա 2 տարեկանում արդեն գիտեր նոտաները և վստահ նվագում էր դաշնամուրի վրա. «Նրա երրորդ ծննդյան օրը ես նրան նվիրեցի խաղալիքի նման փոքրիկ ջութակ։ Մի քանի օր շարունակ փորձելով դրա վրա ստեղծագործել՝ Ալման այնքան հուզված էր և ուրախ, որ մենք որոշեցինք նրա համար ուսուցիչ գտնել։ Մի քանի ամիս անց նա արդեն նվագում էր Կուրտ Գյոդելի սոնատները»[11][12]։

BBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ (2007) Ջեյն Սթինը կիսվել է իր դիտարկումներով. «Ալման 3 տարեկանում լսեց Շտրաուսի օրորոցայինը, եկավ մեզ մոտ և հարցրեց. «...ինչպե՞ս կարող է երաժշտությունն այդքան գեղեցիկ լինել»։ Նա տպավորված էր այդ գեղեցկությամբ»[13]։

Առաջին հրապարակումները ԶԼՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին հայտնի գրող, դրամատուրգ և կատակերգական դերասան Սթիվեն Ֆրայի շնորհիվ (Գայ Դոյչերին և Ֆրային միավորում էր լեզվաբանությունը) Դոյչեր անունն առաջին անգամ հայտնվեց ԶԼՄ-ում։ Ֆրայը YouTube-ում ստեղծեց «AlmaDeutscher» ալիքը։ Ալմա Դոյչերի ալիքն սկզբնապես նախատեսված էր բացառապես նրա հարազատների կողմից դիտելու համար։ Ալմայի հայրը հիշում է. «Սթիվեն Ֆրայը տեսավ տանն ստեղծված տեսանյութերը և դրանք տեղադրեց Թվիթթերում, ինչը գրավեց միլիոնավոր օգտատերերի ուշադրությունը։ Լրագրողները շատ արագ ձնագնդի նման «տեղացին» նրա վրա (Սթիվեն Ֆրայի)»։ Տեսագրություններից մեկի մեկնաբանության մեջ Ֆրայը գրել է. «Պարզապես հիասքանչ է... Ալմա Դոյչերը կատարում է իր սեփական ստեղծագործությունները։ Նոր Մոցա՞րտ»[14]։ Հեռուստաօպերատորները Դոյչերների տուն գնացին բառացիորեն հաջորդ օրը։

Բացատրելով Ալմայի ստեղծագործական գործունեության սկզբնական բուռն լուսաբանման շուրջ ունեցած իր մտահոգությունները՝ Գայ Դոյչերը նշում է, որ ընտանիքը պատրաստ չէր այդպիսի ուժգին արձագանքների, և որ իր ու Ջեյնի համար կարևորագույն խնդիր է համարվում դստեր պաշտպանությունն ու նրա երջանիկ մանկության մեջ համոզված լինելը[10]։

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երազներ մաքրողը (2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոյչերի առաջին ավարտուն օպերան ստեղծվել է Նիլ Գեյմանի «Երազներ մաքրողը» (The Sweeper of Dreams) պատմության հիման վրա։ Լիբրետոյի ադապտացված տեքստը գրել է Էլիզաբեթ Էդլինգտոնը[15]։ Օպերան ներկայացվել է Անգլիայի ազգային օպերայի կողմից անցկացվող մրցույթում, բայց եզրափակիչ չի անցել[11][12][16]։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականին Իսրայելում[17]։

Ստեղծագործությունը պատմում է այն մասին, որ երազներ մաքրողն այլևս չի կարող կատարել իր պարտականությունները, քանի որ իր հերթափոխի ժամանակ նրան հետաքրքրում է միայն խմելը։ Գործատուն նրան փոխարինելու մասին հայտարարաություն է տալիս, ինչը գրավում է 16-ամյա մի աղջկա՝ Ալեքս Թ Սթրամի (Alex T Strumm) ուշադրությունը։ Զարմանալով, որ նա տղամարդ չէ՝ հարցազրուցավարները նրան ծաղրում են։ Ալեքսը մտադիր է ապացուցելու իր պիտանիությունը, և ի վերջո նրան ընդունում են աշխատանքի։

Հարցազրուցներից մեկում Ալմա Դոյչերը խոստովանել է, որ նախընտրում է անհաջողությունները հաղթահարած աղջիկների մասին պատմությունները։ «Օպերայի գլխավոր հերոսուհին գործել է երկու «սարսափելի հանցագործություն». առաջինն այն է, որ նա անչափահաս է, իսկ երկրորդն այն է, որ նա կին է։ Չնայած դրան՝ վերջ ի վերջո նա կարողանում է հաղթել»[18]։

Մոխրոտիկը (2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոխրոտիկը» Ալմա Դոյչերի երկրորդ լիամետրաժ օպերան է և հիմնված է համանուն հեքիաթի վրա։ Die Zeit գերմանական թերթին տված հարցազրույցում հեղինակը պատմել է, որ այդ ստեղծագործության վրա սկսել է աշխատել 2013 թվականին, իսկ 2 տարի անց՝ 2015 թվականի հուլիսին, կայացել է պրեմիերան, ընդ որում անավարտ նախերգանքը պատրաստ էր «կատարումից մի քանի օր առաջ»[19]։ Դոյչերը նշում է, որ Մոխրոտիկի մասին պատմության իր տարբերակն էականորեն տարբերվում է ավանդական հեքիաթից հիմնականում այն պատճառով, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է երաժշտության վրա, ինչը սյուժեի կենտրոնական մասն է։ Այս օպերայում խորթ մայրն ունի օպերային թատերախումբ, խորթ քույրերը 2 անտաղանդներ են, իսկ Մոխրոտիկը երիտասարդ կոմպոզիտոր է, որի գլխում «ծագում են գեղեցիկ մեղեդիներ»։ Նա փնտրում էր բանաստեղծ արքայազնի, և, վերջ ի վերջո, մեղեդին գտնում է իր բանաստեղծությունը։ «Ես ուզում էի, որ Մոխրոտիկը մտածեր ինքնուրույն, այնպես, ինչպես ես,– ասում է Ալմա Դոյչերը:– Այդ պատճառով էլ ես նրան կոմպոզիտոր եմ դարձրել»[20]։ Այն բանից հետո, երբ Մոխրոտիկը կեսգիշերին հեռանում է պարահանդեսից, արքայազնը փնտրում է ոչ թե այն աղջկան, որի հագով կլիներ բյուրեղապակե կոշիկը (ինչպես ավանդական հեքիաթում է), այլ նրան, ով հորինել էր հիասքանչ մեղեդին[18]։

«Մոխրոտիկը» օպերայի պրեմիերան Յուլյա Պևզների բեմադրությամբ տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսին Կֆար-Բլյումում (Իսրայել) անցկացված կամերային երաժշտության փառատոնի ժամանակ։ Բացի այդ, նույն թվականին Ալման Մոխրոտիկի արեան կատարել է Google Zeitgeist իր ելույթի ժամանակ։ 2016 թվականի դեկտեմբերին Վիեննայում Զուբին Մեթայի հսկողությամբ և հովանավորությամբ կայացել է Ալմա Դոյչերի «Մոխրոտիկը» լիամետրաժ օպերայի եվրոպական պրեմիերան[6]։

Ստեղծագործական վարպետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոյչերի կոմպոզիցիաները ծնվում են «ինքնաբերաբար և լիովին ձևավորված»[21]։ Daily Mail օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ նա պատմել է. «Երաժշտությունն ինձ մոտ է գալիս, երբ ես հանգստանում եմ։ Ինձ դուր է գալիս բազկաթոռին նստած մտածել փերիների, արքայադստրերի ու գեղեցիկ զգեստների մասին[22]։ Google Zeitgeist-ում կոմպոզիտորը խոստովանել է. «Երբ ես փորձում եմ մեղեդի հորինել մտադրված, ինձ մոտ ոչինչ չի ստացվում։ Որպես կանոն, մեղեդին ինձ մոտ է գալիս կա՛մ երբ ես հանգստանում եմ, կա՛մ երբ ես ընդամենը հանպատրաստից եմ ստեղծագործում, կա՛մ երբ մարզվում եմ ոստյունապարանով։ Ես կարող եմ գեղեցիկ մեղեդին լսել նույնիսկ երբ փորձում եմ մի ուրիշ բան անել, երբ ինչ-որ մեկը զրուցում է ինձ հետ»[18]։ «Երբ ես ուզում եմ հանպատրաստից ստեղծագործել, մեղեդին տառացիորեն «դուրս է թռչում» դաշնամուրի ստեղներից»,- բացատրել է Ալման, երբ 2016 թվականի հունիսին հարցազրույց էր տալիս Daily Telegraph օրաթերթին[23]։

Դոյչերն իր մանուշակագույն պարանը նկարագրում է որպես ստեղծագործական գործընթացի «կախարդական և առանցքային մասը». «Ես թափահարում եմ այն, և մեղեդին գեղգեղում է իմ գլխում»[9]։ 2015 թվականին BBC News ստուդիան ներկայացրել է տեսագրություն, որտեղ Ալման, երգելով հանպատրաստից մեղեդին, պարան է խաղում իրենց տունը շրջապատող այգում[24]։ Մեղեդին գալիս է նաև երազում այնպիսի դասական ստեղծագործությունների հետ, ինչպիսին է Ջուզեպպե Տարտինիի «Սատանայի դայլայլը»։ Ներկայացնելով մի այդպիսի ստեղծագործություն-երազ (թեմա դաշնամուրային մի-բեմոլ վարիացիաներով), Ալման պատմել է. «Ես արթնացա և, որպեսզի չկորցնեի մեղեդին, ամբողջը գրեցի նոթատետրումս։ Դրա համար ծախսեցի մոտ 3 ժամ։ Իմ ծնողները չհասկացան, թե ինչու եմ ես առավոտվանից այդպես հոգնած ու չեմ ուզում վեր կենալ»[21]։

Քնելուց առաջ նա կարգավորում է ձայնագրիչը[22]։ Իր առաջին՝ «Երազներ մաքրողը» օպերայի լիովին ձևավորված հատվածները նա նույնպես լսել է երազում[25]։ Ալմայի ոգեշնչման աղբյուրն է երևակայական «Տրանսիլվանյան երկիրը»՝ բնակեցված հրաշալի երաժիշտներով. «Ես իմ երկիրն ստեղծել եմ իմ սեփական լեզվով և հիանալի կոմպոզիտորներով։ Ահա նրանց անունները՝ Անտոնին Յելլոուինկ, Աշի, Շելլ և Ֆլորա»։

Ալմա Դոյչերը համարում է, որ իր ստեղծագործության թվացյալ ինքնաբուխ ոճը բարդացնում է դժվարին աշխատանքը. ստեղծել լուրջ գործեր, երբ թռուցիկ գաղափարը կամ սկզբնական անկաշկանդ մեղեդին միայն առաջին մասն է երկար ու տքնաջան գործընթացի։ Google Zeitgeist-ին տված հարցազրույցում կոմպոզիտորը հստակ արտահայտել է իր վերաբերմունքն այդ խնդրի վերաբերյալ. «Շատերը մտածում են, որ ստեղծագործելու ամենից աշխատատար մասը գաղափարի ծնունդն է, բայց, ըստ էության, ես չունեմ այդ խնդիրը։ Ամենից դժվարն այդ գաղափարը մշակելն է, զարգացնելը և հետագայում այլ գաղափարների հետ զուգորդելը։ Հեշտ է «ապուրի մեջ գցել» բազմաթիվ տարբեր բաղադրիչներ, որոնք ոչ մի դեպքում չեն համապատասխանում իրար։ Անհրաժեշտ է մշակել և միավորել, համաձայնեցնել և հղկել։ Դրա համար պետք է ժամանակ և համբերություն...»[18][26]: Բացի այդ՝ նրա հայրը իսրայելական Haaretz թերթին տված հարցազրույցում նշել է, որ Ալմայի ներշնչանքն ընդգծված ներդաշնակության խորն ըմբռնումն է։ Որպես օրինակ նա անդրադարձել է դստեր կատարմամբ Յոզեֆ Հայդնի սոնատին. «Նրա ունկնդիրների մեծ մասը նրան ընդունում է որպես գեղեցիկ և հանելուկային, սակայն Ալմայի համար դա ծանոթ ներդաշնակ պրոգրեսիայի «բաց գիրք է»»[10]։

Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների սկզբնական արձագանքները հիմնականում կենտրոնացած էին Ալմայի տարիքի և վունդերքինդի կարգավիճակի վրա։ Մեկնաբանելով վունդերքինդների հանրային ընկալման և նրանց երաժշտական ստեղծագործությանը՝ Ալման ասել է. «Ես ուզում եմ, որ ունկնդիրներն իմ երաժշտությունը լուրջ ընդունեն... Երբեմն մարդկանց համար դժվար է ինձ լուրջ ընդունելը, քանի որ ես ընդամենը փոքրիկ աղջիկ եմ»[18]։

Կոմպոզիտոր Յորգ Վիդմանը Դոյչերին անվանել է «արտասովոր երևույթ» և նշել, որ նախկինում ինքը երբեք չի հանդիպել նման տաղանդի, ինչպիսին նա ունի[27]։

Հետագայում արձագանքները սերտորեն կապված էին Դոյչերի ստեղծագործությունների և ելույթների հետ։ Ըստ The Guardian օրաթերթի տվյալների՝ դիրիժոր Սայմոն Ռեթլը հայտարարել է, որ «միանգամայն զարմացած է» նրանով[28]։ Ըստ Daily Telegraph օրաթերթի՝ դաշնակահար և դիրիժոր Դանիել Բարենբոյմը նրա մասին ասել է. «Այն ամենը, ինչ չի կարելի սովորել, նա արդեն ունի»[23]։ Դիրիժոր Զուբին Մեթան Դոյչերին անվանել է երաժիշտների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, որն արժանի է հատուկ ուշադրության. «Անցած տարի նա եկավ իմ համերգին, երբ մենք ներկայացնում էինք «Չղջիկները» ... նա երբեք չէր լսել այդ օպերետը, բայց այն մեկնաբանեց որպես հասուն և կրթված երաժիշտ»[29]։

Դաշնակահար և մանկավարժ Արիե Վարդին այսպես է ներկայացրել իր առաջին հանդիպումը Դոյչերի հետ. «Ինձ պատմել էին, որ նա վունդերքինդ է, բայց սովորաբար ես թերահավատորեն եմ վերաբերվում այդ տերմինին, թերահավատորեն և՛ նրան, ում այդ տիտղոսը պատկանում է, և՛ նրան, ով այդ տիտղոսը շնորհել է... Չնայած իմ կողմնակալ վերաբերմունքին՝ այն պահին, երբ ես միջանցքում տեսա այդ աղջկան, և նա ողջունեց ինձ, անհնար էր նրան չսիրելը... Ես զգում եմ, որ Ալմայի շնորհիվ հրաշքը չի անհետանում, չէ՞ որ նա այդպիսի լայն հեռանկարներ ունի»։

Գերմանացի ջութակահարուհի Աննե-Սոֆի Մուտտերը նշում է, որ ջութակ, դաշնամուր նվագելու կատարողական արվեստում և հեղինակային ստեղծագործություններում այդ աղջկա ձեռքբերումները բացարձակապես արտասովոր են. «Արդեն այդ տարիքում նրա երաժշտական ինտուիցիան և արտահայտելու կարողությունները ցույց են տալիս նրա բացառիկ տաղանդը»[30]։

Իսրայելացի կոմպոզիտոր և երաժշտագետ Ռոն Վեյդբերգը այսպես է բնորոշել Դոյչերի ստեղծագործությունները. «Ալմայի ամենագլխավոր տաղանդն իր ներաշխարհն ու իր ստեղծած մեղեդին կատարելապես համաձայնեցնելու ունակությունն է։ Դրանք գեղեցիկ են, քանի որ արտացոլում են նրա ներաշխարհը։ Շատ քիչ կոմպոզիտորների է հաջողվում ստեղծել այնպիսի երաժշտություն, որը մնում է մեր հիշողության մեջ և հասանելի է լինում բոլոր նրանց, ովքեր լսում են այն։ Ալման այդպիսի կոմպոզիտորներից մեկն է, և հենց այդ պատճառով մենք համոզված ենք՝ մեղեդին, որ նա գրում է, ընդմիշտ կմնա մեզ հետ»[31]։

Սկսած 2010 թվականից ՅուԹյուբում Ալմա Դոյչերի պաշտոնական կայքում գրանցվել է ավելի քան 3 միլիոն դիտում[32]։

Համեմատություն Մոցարտի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոյչերը բազմիցս համեմատվել է Մոցարտի հետ, սակայն Ալման ինքը կտրականապես մերժում է նման համեմատությունը՝ հայտարարելով, որ «նույնիսկ եթե ինքը կրկին գրի այն, ինչ գրել է Մոցարտը, դա ձանձրալի կլինի»։ Իրեն դուր է գալիս լինել Ալման, ոչ թե Մոցարտը[23]։ Ընտանիքը նույնպես չի խրախուսում այդ համեմատությունը, իսկ աղջկա հայրն արդարացիորեն պնդում է, որ «մարդկության պատմության մեջ եղել է միայն մեկ Մոցարտ»։ Գայը չի ցանկանում, որ աղջիկն իրեն զգա այլ կոմպոզիտորների հետ համեմատված լինելու ծանրությունը[10][26][33]։ Երբ Ալմային հարցնում են նրա երաժիշտ կուռքերի մասին, նա նշում է Մոցարտին, Ֆրանց Շուբերտին և Պյոտր Չայկովսկուն։

Կրթություն և առօրյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալման ծնողների և կրտսեր քրոջ՝ Հելենի հետ ապրում է Դորկինգում (Սուրեյ կոմսություն, Մեծ Բրիտանիա

Նա ստանում է տնային կրթություն։ 5 տարեկանում ծնողները նրան գրանցել են դպրոցում, բայց ուսուցման գործընթացն աղջկա մոտ ձանձրույթ, շփոթ և անբավարարություն է առաջացրել[10]։ Այն հարցին, թե ապագայում կցանկանա դպրոց գնալ, Ալման պատասխանել է. «Ես բոլորովին չեմ ուզում դպրոց գնալ։ Ինձ պետք է գնալ զբոսանքի, մաքուր օդ շնչել ու կարդալ»[34]։

Ստեղծագործական գործունեությունը, գործնական պարապմունքները և երաժշտական լսումներն օրական տևում են 5 ժամ։ Ալման տնային ուսուցմամբ զբաղվող այլ ընտանիքների հետ այցելում է զանազան միջոցառումների, գնում է էքսկուրսիա։ Ալմայի կրտսեր քույրը՝ Հելենը և ընկերների մեծ մասը նույնպես սովորում են տանը։ Ծնողները համարում են, որ դստեր բնածին ստեղծագործական կարողություններն անհրաժեշտ է զարգացնել։ Ալմայի տնային ուսուցումն այդ համոզմունքի և անգլիական դպրոցի չափազանց երկար ուսումնական օրվա հետևանք է[10][35]։ Բացի այդ՝ Ալմայի հայրը անգլիական ավանդական երաժշտական կրթության, քննական համակարգի և մեխանիկական ուսուցման հակառակորդն է[35][36]։

Դաշնամուրի և ջութակի դասարանում Ալմային խորհուրդներ են տալիս Սուրեյ կոմսության Իեհուդի Մենուհինի դպրոցի մանկավարժները։ Բացի դրանից՝ Սկայպի օգնությամբ նա հանպատրաստից ստեղծագործության դասեր է ստանում շվեյցարաբնակ երաժիշտ Թոբիաս Գրեմից[37]։

Նա երաժշտական երկ հորինելու տեսության մշտական ուսուցիչ չունի, բայց «... ժամանակ առ ժամանակ նրան օգնում են մի քանի լավ մասնագետներ, ի լրումն դրա՝ Ալման շատ է պարապում ինքնուրույն»[10][35]։

2010 թվականին Գայ Դոյչերը դստեր երաժշտական գործունեությունը ներկայացրել է որպես նրա երևակայության հիմնական մաս[10]։ Ալման իր կյանքի առաջին տարիներին եղել է հոր՝ մասնագիտական ուսումնասիրությունների հետ կապված լեզվաբանական գիտափորձերի օբյեկտը[38]։ Ինչպես հաղորդում է The Nation շաբաթաթերթը, նա համոզված է՝ երբեք նրան չի պատմի այն մասին, որ երկինքը «կապույտ է», քանի որ հնագույն մշակույթներում երկինքը նկարագրելու համար այդ տերմինը երբեք չի օգտագործվել։ Ալմայի գիտակցության մեջ պարզ երկինքն ընկալվում է որպես «սպիտակ»։ 2010 թվականին Գայ Դոյչերը այդ մասին գրել է իր «Լեզվաբանության հայելու մեջ. ինչու լեզվական մյուս մշակույթներում աշխարհն այլ տեսք ունի» գրքում[39]։

Կատարողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մենակատար՝ Ալմա Դոյչերը Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել Օվիեդոյի ֆիլհարմոնիայում, ելույթ է ունեցել նաև Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի և Ուելսի ազգային օպերայի նվագախմբի հետ։

Ըստ Ալմայի՝ երաժշտության կատարումը, հատկապես լսարանի առջև, իրեն մեծ ուրախություն է պարգևում[10]։ Ծնողները հաղորդել են դստեր ելույթների սահմանափակման մասին՝ պատճառաբանելով, որ ընտրում են նրա համար առավել բարենպաստ և օգտակար տարբերակները[17]։ Ալման ելույթ է ունեցել հեռուստատեսային շոուներում, ներառյալ NBC հեռուստաալիքում[33], «Էլեն Դեջեներեսի շոուում»[9] և «Ինտերմեցցո Արիկի հետ» ծրագրում[33][40]։ Համերգները և հանրային ելույթները տեղի են ունենում տարբեր երկրներում, այդ թվում Շվեյցարիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Ուրուգվայում, Իսրայելում[41], Անգլիայում[42] և Գերմանիայում[43]։

Որոշ ելույթներ ֆինանսապես հովանավորել է լոնդոնցի ձեռնարկատեր Դևիդ Ջամպաոլոն[44]։ 2016 թվականի հունվարին Ալմա Դոյչերը պայմանագիր է կնքել Լոնդոնի Askonas Holt դասական երաժշտության գործակալության հետ[20][45]։

Ինտերմեցցո Արիկի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ալմա Դոյչերը մասնակցեց իսրայելական հեռուստատեսության կրթական ալիքի «Ինտերմեցցո Արիկի հետ» ծրագրին (հաղորդավարը դաշնակահար, դիրիժոր և մանկավարժ, պրոֆեսոր Արիե Վերդին է)։

Ալման իրեն ցույց տրված պատահական նոտաների օգտագործմամբ կատարել է հանպատրաստից ստեղծագործություն։ Վարդին, որ տիրապետում է անգլերենին և եբրայերենին, աղջկան հարցրել է, թե նա ինչպես է նա հանպատրաստից ստեղծագործում՝ «մտքո՞վ, թե՞ մատների օգնությամբ»։ Ալման բացատրել է, որ երաժշտական իմպրովիզացիան իր գլխում ծնվում է ակամա, օրինակ՝ ինչ-որ մեկի հետ զրուցելու ընթացքում։

Վարդին նաև հետաքրքրվել է, թե նա իմպրովիզացիային ազատություն է տալիս և խախտում երաժշտական կանոնները։ Վկայակոչելով գալանտի դարաշրջանի կոմպոզիտորներին և նրանց նվիրվածությունը սահմանված երաժշտական ձևերին՝ Ալման պատասխանել է, որ մնում է երաժշտական կանոնների սահմաններում[40]։

Ավանդաբար շոուի հաղորդավարը հյուրերին խնդրում է իրենց ընտրությամբ կատարել երաժշտական որևէ ստեղծագործության հատված։ Ալման ընտրել է գերմանացի կոմպոզիտոր Էդուարդ Մարքսենին, որը եղել է երիտասարդ Բրամսի ուսուցիչը։ Վարդին խոստովանել է, որ «երբեք չի լսել» այդ կոմպոզիտորի գործերը։ Աղջիկը պատճառաբանել է իր ընտրությունը. իր համար ցավալի է, որ Մարքսենի հրաշալի գործերը վաղուց մոռացված են։ Լսումներից հետո նա կատարել է Դոմենիկո Սկարլատիի սոնատը։ Վերդին նշել է, որ նա Սկարլատիի երաժշտությունը նվագել է այնպես, ինչպես եթե ինքը հորինած լիներ։

Երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի-բեմոլ սոնատ դաշնամուրի համար (6 տարեկանում)[46]
  • Անդանտե ջութակի համար (6 տարեկանում)[47]
  • Rondino (տրիո) ջութակի, ալտի և դաշնամուրի համար (7-8 տարեկանում)[43]
  • «Երազներ մաքրողը» (օպերա) (7-8 տարեկանում)[48]
  • Լյա-մաժոր կվարտետ (7-8 տարեկանում)[49]
  • Դո մինոր սոնատ ալտի և դաշնամուրի համար (1-ին մաս) (8 տարեկանում)[50]
  • Սոլ մաժոր կվարտետ, Ռոնդո (8 տարեկանում)[51]
  • «Սուրբ ծնունդին նախորդող գիշերը», երգ Քլեմենթ Մուրի խոսքերի հիման վրա (8 տարեկանում)[52]
  • 2 երգեր «Մոխրոտիկը» օպերայից՝ «Եթե ես հավատում եմ սիրով» և «Երազանքներ» (8 տարեկանում)[53]
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1-ին մաս) (8 տարեկանում)[54]
  • Տրիո ջութակի, ալտի և դաշնամուրի համար (9 տարեկանում)[55]
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (9 տարեկանում)[5]
  • «Ջրահարսերի պար», սիմֆոնիկ նվագախմբի համար (9 տարեկանում)[56]
  • Մոխրոտիկը, լիամետրաժ օպերա (10 տարեկանում)[7]

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Ալման գրել է Ֆրանսիայի ժողովրդին նվիրված «Էքսպրոմտ Փարիզի համար» դաշնամուրային կարճ ստեղծագործությունը (ֆրանսիացի երգչուհի Բարբարայի «Գյոթինգեն» հակապատերազմական երգի մոտիվներով, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանա-ֆրանսիական հաշտության ժամանակ հաշտարարի դեր է խաղացել)[57][58]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Music of Alma Deutscher − CD, Flara Records 2013
  • Two Songs from Cinderella − CD, Flara Records 2013
  • From My Book of Melodies – CD, Sony Classical, 2019[59]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 DEUTSCHER - Births Announcements - Telegraph AnnouncementsThe Daily Telegraph.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alma Deutscher: biography, videos, works & important dates.medici.tv.
  3. Alma Deutscher Begins Studies at Vienna University of Music – The Violin Channel — 2021.
  4. Nachwuchsförderung für Thomas Hampson eine Herzenssache(untranslated), 2019.
  5. 5,0 5,1 „Concerto for violin and orchestra in G“. Публикация 10 июля 2017 года.
  6. 6,0 6,1 «Вебсайт «Золушка в Вене»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  7. 7,0 7,1 «Золушка», полнометражная опера Альмы Дойчер. Публикация 29 июля 2015 года.
  8. «Announcements». The Telegraph. The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. «On 4th May 2008, to Janie (née Steen) and Guy, a daughter, Helen Clara, a sister for Alma.»
  9. 9,0 9,1 9,2 «Alma Deutscher, 8-Year-Old Music Prodigy on Ellen show». YouTube.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Haggai Hittron (2015 թ․ նոյեմբերի 7). «A Child Music Prodigy's Parents Reveal Her Secret». Haaretz.com. Haaretz Daily Newspaper. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. 11,0 11,1 James Lachno, "Is Alma Deutscher the new Mozart?", The Telegraph, 12 October 2012. Retrieved 23 October 2012.
  12. 12,0 12,1 Simon Usborne, "Composing an opera? It's just child's play, says Britain's newest classical music prodigy", The Independent, 12 October 2012. Retrieved 23 October 2012.
  13. Jon Brain (2012 թ․ հոկտեմբերի 22). «Alma Deutscher, seven, writes opera The Sweeper of Dreams» (video). BBC.CO.UK. BBC News. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  14. «Stephen Fry's Twitter feed». Twitter.com. Վերցված է 27 ноября 2015-ին.
  15. "The Sweeper of Dreams – by Alma Deutscher". Mini Operas. Archive.org copy of 21 October 2012.
  16. "Alma Deutscher: Biography", Last.fm. Retrieved 23 October 2012.
  17. 17,0 17,1 Jessica Steinberg (2013 թ․ օգոստոսի 6). «Raising Little Mozart». TimesOfIsrael.com. Times Of Israel. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 «Alma Deutscher, composer – Violinist and Pianist – The World Around Us». YouTube.com. ZeitgeistMinds. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  19. Interview in newspaper Die Zeit, 7 Jan 2016
  20. 20,0 20,1 10 year old music prodigy becomes youngest signed to agent; accessed 10 Jan 2016.
  21. 21,0 21,1 «Alma Deutscher and the five greatest child prodigies». BBC News. BBC News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  22. 22,0 22,1 Stevens, John. «Meet Little Miss Mozart: The miniature musician aged seven who has composed her own opera». DailyMail.co.uk. Associated Newspapers. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  23. 23,0 23,1 23,2 Grice, Elizabeth. «An opera at seven, a concerto at nine: meet Britain's reluctant heir to Mozart». Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  24. «Alma Deutscher – Child Prodigy – BBC Breakfast – 17th November 2015». YouTube. BBC News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  25. «Alma Deutscher | London – ITV News». ITV News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  26. 26,0 26,1 Cohen, Stefanie. «A Prodigy's First CD». Wsj.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  27. [Impressionen, Mitteilungen der Anne-Sophie Mutter Stiftung, 35,|date = 1 July 2016, page 4]
  28. Alma Deutscher, the 10-year-old who is making the music world listen, Retrieved 05 Feb 2016.
  29. «Maestro Zubin Mehta». Opus Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  30. Mutter, Anne-Sophie (2015 թ․ դեկտեմբերի 1). «Impressionen, Mitteilungen der Anne-Sophie Mutter Stiftung, 35,». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին.
  31. Dr Ron Weidberg, composer and musicologist, on Alma’s compositions Արխիվացված 2016-05-13 Wayback Machine, Retrieved 20 Jan 2016.
  32. Alma Deutscher's YouTube Channel. Retrieved 2 July 2016.
  33. 33,0 33,1 33,2 «Music prodigy, 7, next Mozart?». Nnbcnews.com. NBC News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  34. David Sillito (2015 թ․ նոյեմբերի 17). «Britain's ten-year-old prodigy composing operas». British Broadcasting Corporation.
  35. 35,0 35,1 35,2 Griffiths, Sian (2013 թ․ հուլիսի 28). «Little Miss Mozart prodigy to retune Britain». TheTimes.co.uk. News UK. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  36. Robert Gjerdingen's partimento page. Retrieved 2 Jan 2016.
  37. «Robert Gjerdingen». faculty-web.at.northwestern.edu. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  38. «Bluer Rather Than Pinker». The Nation. ISSN 0027-8378. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  39. Deutscher, Guy (2011 թ․ փետրվարի 3). Through the Language Glass: Why The World Looks Different In Other Languages (English). Arrow. ISBN 9780099505570.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. 40,0 40,1 «Intermezzo With Arik». YouTube.com. Israel Educational Television. 2014 թ․ հունվարի 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  41. «Mozart piano concerto K.246, with cadenza by Alma Deutscher». YouTube.com. Alma Deutscher official YouTube channel. 2015 թ․ հունիսի 2. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  42. Alma Deutscher (2014 թ․ մայիսի 1). «Variations in E-flat major by Alma Deutscher» (video). YouTube.com. Alma Deutscher official YouTube channel. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  43. 43,0 43,1 Alma Deutscher (2013 թ․ մայիսի 9). «Rondino in Eb maj. Composed by Alma Deutscher (7)» (video). YouTube.com. Alma Deutscher official YouTube channel. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  44. «Composer, violinist, pianist: Alma Deutscher is Little Miss Mozart, 10». The Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  45. Askonas Holt Արխիվացված 2016-01-12 Wayback Machine; accessed 10 Jan 2016.
  46. "Sonata in E-flat by Alma Deutscher (aged 6), II-Fantasia (composed October 2011)", YouTube. Retrieved 23 October 2012.
  47. "Andante for Violin by Alma Deutscher (aged 6). Recorded: May 2011", YouTube. Retrieved 23 October 2012.
  48. "The Sweeper of Dreams, an opera by Alma Deutscher (7)", YouTube. Retrieved 19 January 2014.
  49. "Quartet movement in A major, aged 7". Retrieved 19 January 2014.
  50. "Sonata for viola and piano in C minor (1st movement), aged 8" Արխիվացված 2013-11-12 Wayback Machine. Retrieved 19 January 2014.
  51. "Quartet movement in G major, aged 8". Retrieved 19 January 2014.
  52. "The Night Before Christmas, song to words by C. Moore, aged 8". Retrieved 19 January 2014.
  53. "Two songs from Cinderella: If I believe in love, and Reverie, aged 8". Retrieved 19 January 2014.
  54. "Sonata for violin and piano (1st movement), aged 8". Retrieved 19 January 2014.
  55. "Trio for violin, viola, and piano, aged 9". Retrieved 04 February 2015.
  56. "Dance of the Solent Mermaids, for symphony orchestra, aged 9". Retrieved 04 February 2015.
  57. «Alma Deutscher: music for Paris: que jamais ne revienne, le temps du sang et de la haine». YouTube. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  58. Evans, Stephen. «Goettingen: The song that made history». BBC.co.uk. BBC News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  59. «Sony Classical announcement». Sony Classical (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա Դոյչեր» հոդվածին։