Ջիմ Չանկալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանկալյան Ջիմ (Ջեյմս), ծննդյան անունը՝ Պետրոս Չանքալյան
Չանկալեան Ջիմ (Ճէյմս), ծննդեան անունը՝ Պետրոս Չանքալեան
մայիսի 10, 1947(1947-05-10) (տարիքը 67)
ԾննդավայրՏիգրանակերտ
Մահվան վայրՆյու Յորք
Զորատեսակհետևակ
Ծառայության տարիներ1887—1921
Կոչումկապիտան՝ (վաշտապետ, հարյուրապետ)
Զորամաս* ԱՄՆ բանակի զորամասեր, * Վան-Վասպուրականի երկրապահ կամավորական զորագունդ, * Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոն
Հրամանատարն էր* Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոնի ամերիկահայերի վաշտ
Պաշտոն
  • Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոնի վաշտապետ, * Վան-Վասպուրականի երկրապահ կամավորական զորագնդի հրամանատարի ռազմական խորհրդական և փոխհրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Իսպանա-ամերիկյան պատերազմ (1898),
Առաջին համաշխարհային պատերազմ,
Ֆրանս-թուրքական պատերազմ
Պատկեր:Captain Jim Chankalian.jpg
ԱՄՆ-ի բանակի կապիտան Ջիմ Չանկալյան

Ջիմ Չանկալյան (անգլ.՝ Jim Chankalian), ամերիկահայ սպա, վաշտապետ (կապիտան, հարյուրապետ), ամերիկահայ կամավորականների ղեկավարներից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած ֆրանս-թուրքական պատերազմի ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաշտապետ (կապիտան) Ջեյմս "Ջիմ" Չանկալյանը ծնվել է 1879 թվականի մայիսի 26-ին՝ Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում[1][2][3][4]։ Ծննդյան անունը եղել է Պետրոս Չանկալյան (Արևմտահայերէն՝ Պետրոս Չանքալեան)[1][2][3][4]։ Երիտասարդ տարիքում իր ընտանիքի հետ գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սովորել և ավարտել է ամերիկյան միջնակարգ դպրոցը[4], ապա ընդունվել ԱՄՆ-ի ռազմական ակադեմիա, դառնալով ԱՄՆ-ի բանակի սպա[1][2][3][4]։ 1898 թվականին Ջիմ Չանկալյանը մասնակցել է Իսպանա-ամերիկյան պատերազմին[1][2][3][4]։ Նա իր խիզախության համար պարգևատրվել է և արժանացել ԱՄՆ-ի բանակի կապիտանի կոչման[1][2][3][4]։

Անդամագրումը հայկական քաղաքական կուսակցություններից մեկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական քաղաքական կուսակցությունների գործունեությունը, բնականաբար, անդրադարձավ նաև ամերիկահայ համայնքի վրա՝ ազգային-ազատագրական շարժման տեսանկյունից։ Ջիմ Չանկալյանին առավել հոգեհարազատ թվաց Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունը, որի շարքերին էլ նա անդամագրվեց[1][2][3]։

Չանկալյանի կարիերան զորացրվելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով արդեն փորձառու զինվորական ԱՄՆ բանակում, Չանկալյանը շուտով դարձավ նաև հայտնի գործիչ Նյու Յորքի հայ համայնքում։ Պաշտոնավարելով en:Powers Co. ընկերությունում, նա ստացավ կարևոր դիրք և լիազորություններ, որտեղ հմտորեն կատարեց իր աշխատանքը, ինչն ապահովեց նրա հարմարավետ կյանքը[1][2][4][5]։

Չանկալյանի միանալը հայկական կամավորական շարժմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին Վերափոխյալ Հնչակյան կուսակցությունը, համագործակցելով ԱՄՆ-ում գործող Ռամկավար ազատական կուսակցության տեղական կազմակերպության հետ, որոշեց Ջիմ Չանկալյանին հատուկ գործուղման ուղարկել, նախ՝ դեպի Կովկաս և Արևելյան Հայաստան, ապա՝ Արևմտյան Հայաստան, մասնավորապես՝ Վան։ Չանկալյանն ուրախությամբ ընդունեց այդ առաջարկը, թողնելով իր բարձր պաշտոնն ու հարմարավետ կյանքը[1][2][3][4]։

Չանկալյանի հայկական կամավորական խումբը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հետ վերցնելով փորձառու հայ կամավորականների մի խումբ, որոնք ծագում էին Արևմտյան Հայաստանից, Չանկալյանն ի վերջո նշանակված ժամանակին հասավ Վան, որտեղ նրան դիմավորեցին Վանի հերոսական և հաջողակ ինքնապաշտպանության ղեկավարները, մասնավորապես՝ Արմենակ Եկարյանը։ Խորհրդակցելով Եկարյանի հետ, Չանկալյանն իր լուրջ ռազմական փորձը ծառայության դրեց Վանի հայերի հերոսական պայքարին և դարձավ Եկարյանի ռազմական խորհրդատուն ու անմիջական գործընկերը՝ Վան-Վասպուրականի Երկրապահ կամավորականների զորագունդն ստեղծելիս[1][2][3][4]։

Կատարելով իր առաքելությունը Վանում, Չանկալյանը մեկնում է Կովկասյան կամ Արևելյան Հայաստան, որտեղ նա նպատակ ուներ միանալու զորավար Անդրանիկ Օզանյանի զորքին։ 1917 թվականին Չանկալյանը վերադառնում է ԱՄՆ, կատարած լինելով իրեն հանձնարարված առաջադրանքը[1][2][3][4]։

Չանկալյանը և Հայկական լեգեոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոնի ստեղծման մասին, Չանկալյանը դարձյալ որոշում է մասնակցել հայկական կամավորական զորքերի ստեղծմանը։ Հայկական լեգեոնը Ֆրանսիայի կառավարության և Ռազմական նախարարության կողմից առաջադրանք ուներ մեկնելու Պաղեստինյան ճակատ, մասնակցելու Օսմանյան բանակի և նրա դաշնակից գերմանական զորքերի դեմ ռազմական գործողություններին, իսկ հետագայում՝ Կիլիկիայի ազատագրման դեպքում՝ մտնելու Կիլիկիա՝ դառնալու հայկական ազգային բանակի և անկախ պետականության կորիզը[1][2][3][4]։

Չանկալյանը, որը վայելում էր ամերիկահայ համայնքի անսահման գնահատանքն ու հարգանքը, նշանակվում է ամերիկահայ կամավորներից բաղկացած ստորաբաժանման հրամանատար, մեկնելով Կիպրոս և Պաղեստին՝ միանալու Հայկական լեգեոնին[2][3][4]։

Հայ զինվորականների մեծ երազանքն էր՝ ինքնավար Հայաստանի կազմավորումը՝ Ֆրանսիայի հովանավորության ներքո, շնորհիվ այն արյան, որ հեղել էին հայ զինվորներն Առաջին աշխարհամարտի ռազմադաշտերում[2][3][4]։

Եգիպտոսում կազմավորված Հայոց ազգային միությունը և Հայոց ազգային պատվիրակությունը Ֆրանսիայի իշխանություններից կարողացան նման խոստում ստանալ[2][3][4]։

Մուսա լեռան հերոս պաշտպանները, որոնք այդ ժամանակ բնակվում էին Եգիպտոսի ծովափնյա Պորտ Սայիդ քաղաքում, կազմեցին Հայկական կամ Արևելյան լեգեոնի միջուկը[3][4]։

1917 թվականի հուլիսի 9-ին Ջիմ Չանկալյանը, իր հրամանատարության ներքո գտնվող ամերիկահայ կամավորականներով, ֆրանսիական նավ բարձրացավ՝ ուղևորվելով դեպի Մարսել։ Այստեղից նա իր խմբով նավարկեց դեպի Պորտ Սայիդ և միացավ կազմավորվող Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոնի միջուկին[2][3][4]։ Այնուհետև, բոլորը միասին նավարկեցին Կիպրոս կղզի, որտեղ հավաքվել էին աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հայեր, կռվելու Հայկական լեգեոնի կազմում[2][3][4]։ Սկսվեցին Լեգեոնականների զինավարժանքները։

Զինավարժություններ անցած լեգեոնականները բաժանվեցին երեք գումարտակի[2][3]։

Պաղեստինյան ճակատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձավոր Արևելքում Բրիտանական և ֆրանսիական զորքերի ընդհանուր զորահրամանատար գեներալ Էդմունդ Ալենբիի հրամանով, հայ կամավորականներին փոխադրեցին 1918 թվականի սեպտեմբերի 14-ին Պաղեստին, որտեղ ընդամենը հինգ օր անց նրանք գրոհի գնացին ընդդեմ գերմանական և թուրքական զորքերի՝ վճռորոշ Արարայի ճակատամարտի ժամանակ[2][3]։

Ռազմաճակատի առաջին գծում, որը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Հորդանան գետը, տեղակայված էին Ֆրանսիական բանակի Արևելյան Լեգեոնի ստորաբաժանումները, մասնավորապես՝ Չանկալյանի հրամանատարությամբ գործող ամերիկահայերի ստորաբաժանումները։ Վերջիններս այդ վճռական ճակատամարտում նվազագույն զոհերի գնով կարողացան փառավոր հաղթանակ տանել[2][3][4]։

Աշխարհամարտի ավարտը և փոխադրումը Բեյրութ[խմբագրել | խմբագրել կոդը]

I Աշխարհամարտն ավարտվեց 1918 թվականի նոյեմբերին։ Հայ կամավորականների լեգեոնը փոխադրվեց Պաղեստինից դեպի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, որի ազատագրումը հանձնարարվել էր հենց հայկական զորքերին։ Բեյրութից բրիտանական նավերը հայ կամավորականներին, խումբ առ խումբ՝ Կիլիկիայի Իսքենդերուն կամ Ալեքսանդրետա քաղաքի նավահանգստով փոխադրեցին հայկական Կիլիկիայի լեռներն ու հովիտները։ Հայկական լեգեոնին Ադանա քաղաքում դիմավորեցին Հայկական եռագույն դրոշներով։ Թուրքերը վախեցած էին ու հիասթափված[2][3]։

Լեգեոնի հետ Կիլիկիա-Սիսվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման ոգեշնչող մթնոլորտում հայկական կամավորական զորքերին դյուրին խնդիր էր ամբողջ Կիլիկիան առնել իրենց վերահսկողության ներքո[3]։ Ազատ ու անկախ Կիլիկյան հայկական պետության ստեղծման պլանը փորձեցին գործադրել Միհրան Տամատյանի ղեկավարությամբ[3]։ Նման լուրջ ծրագրի իրականացման համար հարկավոր էր ունենալ այնպիսի լուրջ ռազմական ուժ, որը կազմում էին Չանկալյանի պես մարտերով անցած սպաները, ինչպես նաև զորավար Անդրանիկ Օզանյանը, Վանի հերոսամարտի հերոս Արմենակ Եկարյանը, Կիլիկիայի հերոս Եսայի Յաղուբյանը և այլ հայ քաջորդիներ[2][3]։ Այնինչ Անտանտի պետությունները, և մասնավորապես՝ Ֆրանսիան, բոլորովին այլ մտադրություններ ունեին[3]։ Նրանք տարբեր միջոցների դիմեցին, որպեսզի կանխեն Անդրանիկի, Եկարյանի և մյուսների մուտքը հայկական Կիլիկիա-Սիսվան[3]։

Կիլիկիայի հայկական պետականության ստեղծման ծրագրի ձախողումը և Չանկալյանի վերադարձը ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համոզվելով, որ Կիլիկիայում հայկական պետականության ստեղծման պլանը անիրականանալի է, հիասթափված Չանկալյանը վերադառնում է ԱՄՆ։ Սակայն, մինչ այդ, նա փայլուն էջեր գրեց 1-ին Համաշխարհային պատերազմում հայկական ազատամարտի պատմության մեջ[2][3][4]։

Մասնակցություն Զորավար Անդրանիկի Եգիպտոս կատարած այցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Օզանեանի Աղէքսանդրիա, Եգիպտոս կայացած այցի ժամանակ 1920թ. աշնանը[6], կապիտանի (հարիւրապետ) կոչումով Հայկ Բոնապարտյանի հետ միասին Ջիմ Չանկալյանը եղել է Զօրավարի շքախմբում[7][8]։,:

Չանկալյանի օգնությունը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական միջոցներ հավաքելու գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև, վերադառնալով ԱՄՆ, Չանկալյանը որպես ԱՄՆ-ում գործող հայկական Ռազմկավար ազատական կուսակցության ղեկավար դեմքերից մեկը, շրջագայել է հայահոծ քաղաքներում, հատկապես Կալիֆոռնիա նահանգի հայահոծ բնակավայրերում, նպատակ ունենալով ջանքեր գործադրելու Հայաստանի Առաջին Հանրապետության համար ֆինանսական հիմնադրամների ստեղծման գործում[2][3]։

Չանկալյանի մասնակցությունը ԱՄՆ-ի Հայկական ազգային խորհրդի ստեղծմանը և հետագա գործունեությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պատմական Հայրենիքին առավել մեծ օգնություն ցուցաբերելու նկատառումով՝ Չանկալյանը շարժիչ ուժ դարձավ ԱՄՆ-ի Հայկական ազգային խորհրդի (անգլ.՝ American-Armenian National Council) ստեղծման գործում, որի նախագահը հենց ինքն էլ դարձավ[2][3][4]։

1943 թ. հոկտեմբերի 8-ից սկսած` ԱՄՆ-ում գործող Հայկական ռամկավար-ազատական կուսակցության և Ամերիկայի հայկական առաջադիմական լիգայի անդամներն աշխատանքներ սկսեցին արտերկրում գործող հայկական կազմակերպությունների միավորման ուղղությամբ[9][10]։ Արդյունքում Սփյուռքում ստեղծվեցին ազգային խորհուրդներ։ Առաջինը ձևավորվեց Ամերիկահայ ազգային խորհուրդը 1944 թ. մարտի 19-ին` Հայկական ռազմկավար-ազատական կուսակցության, Ամերիկայի հայկական առաջադիմական լիգայի և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամներից։ Խորհրդի առաջին նախագահը ռամկավարների առաջնորդ Պետրոս Ս. Թերզյանն էր, որին փոխարինել են Նշան Շահինյանը, իսկ ապա՝ Ջիմ կամ Ջեյմս Չանկալյանը։ Սկզբնական շրջանում խորհուրդն ուներ ինն անդամ` ամեն կուսակցությունից` երեքական։ Ավելի ուշ Ամերիկահայ ազգային խորհրդի մեջ ընդգրկվել են հայրենակցական քսան կազմակերպություն։ Կազմավորման առաջին իսկ օրից խորհուրդը ծավալել է բուռն գործունեություն և ԱՄՆ-ի տարբեր շրջաններում բացել ավելի քան հիսուն մասնաճյուղ[10][11]։

ԱՄՆ-ի Հայկական ազգային խորհրդի գործունեության նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թ. մարտի վերջերին հաստատվել էր ԱՄՆ-ի Հայկական ազգային խորհրդի քաղաքական ծրագիրը, ըստ որի` Ամերիկահայ ազգային խորհրդի նպատակն էր համերաշխություն և համագործակցություն ստեղծել գաղութի ներսում, ինչպես նաև աշխատել հայ ժողովրդի գերագույն շահերի պաշտպանության համար[10][12]։ Ծրագրային առաջնահերթությունն էր «օգնել (հականացիստական-հակաֆաշիստական բլոկի անդամ դաշնակից պետություններին՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԽՍՀՄ և այլն) պատերազմական ջանքերում», «կազմակերպել ձեռնարկներ և օգնել ձեռնարկներու` ի նպաստ Սովետ Միութեան և Սովետ Հայաստանի», «պաշտպանել տարագիր հայերու իրաւունքները յարկ եղած բոլոր միջոցներով և աշխատել` ի խնդիր անոնց հայկական հողին վրայ վերաբնակեցման»։ Փաստաթղթի վերջում ասված էր. «Ամերիկահայ ազգային խորհուրդը հայկական իրաւունքներու տէրը կճանաչնայ Հայաստանի կառավարութիւնը»[10][13]։ Հայկական ազգային խորհուրդները քաղաքական սխալ գործեցին՝ հաշվարկ անելով ԽՍՀՄ-ի այսինքն՝ համայնավարական Ռուսաստանի վրա, ինչը շուտով ի հայտ եկավ և, ինչպես միշտ՝ հայերի համար ամենացավալի կերպով[14]։ Իրենց այդ սխալ քաղաքական քայլով Սփյուռքի հայերն Արևմուտքի պետությունների աչքերում անցանկալի դարձրեցին Հայկական հարցի հայանպաստ լուծումը, որը այդպիսով, Արևմուտքի համար փաստացի դառնալու էր ռուսանպաստ, ուստի և՝ անընդունելինելի լուծում[14]։ Իսկ Ռուսաստանն իր հերթին, ինչպես 300 տարի շարունակ, այս անգամ ևս թողնելու էր Հայաստանն ու հայ ժողովրդին և իր շահերից ելնելով՝ հաշտվելու թուրքերի հետ[14]։

Ամերիկահայ ազգային խորհրդի ղեկավար դերը Սփյուռքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի գրեթե բոլո հայկական համայնքներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս և այլուր, կազմակերպվեցին հայկական ազգային խորհուրդներ, որոնցից ժամանակագրորեն առաջին ստեղծվածը և իր քաղաքական ազդեցությամբ կարևորագույնը ԱՄՆ-ի հայկական ազգային խորհուրդն էր։ Հայկական ազգային բոլոր խորհուրդները, առաջնորդվելով «Հայերը` հայերի համար» կարգախոսով, մեծ նվիրումով և հույսով սկսեցին իրենց գործունեությունը. հրատարակվեցին գրքեր ու գրքույկներ, տպագրվեցին հոդվածներ, թերթիկներ, պատրաստվեցին հուշագրեր և դիմումներ, բացի այդ, ի նպաստ Հայոց դատի կազմակերպվեցին բազմահազարանոց հանրահավաքներ ու հավաքույթներ։ Սակայն ուշագրավ է այն իրողությունը, որ այս պայքարում Ամերիկահայ ազգային խորհուրդը դարձավ այն ուժը, որ միավորեց հայկական աշխարհասփյուռ բոլոր կազմակերպություններին և ստանձնեց դրանց կառավարման ղեկը[10]։

Չանկալյանի այցը Խորհրդային Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Հայաստանի իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով 1945 թ. ամռանը Պետրոս Թերզյանի, Պատրիկ Սելյանի և հարյուրապետ (կապիտան) Ջիմ Չանկալյանի ղեկավարությամբ պատվիրակություն է այցելել Հայաստան։ ԱՄՆ վերադառնալուն պես` պատվիրակությունը 1945 թ. hոկտեմբերի 17-ին Նյու Յորքի «Ջորջ Վաշինգտոն» հյուրանոցում մամուլի ասուլիս է հրավիրել ու ներկայացրել իր տպավորությունները` հայտնելով, որ Խորհրդային Հայաստանի կառավարությունը ևս պաշտպանում է Թուրքիային ներկայացրած իրենց պահանջները[10][15]։ Բացի այդ, տեղեկացրել են, որ Խորհրդային Հայաստանի կառավարության վերահսկողությամբ երկրի բնակչության շրջանում անցկացվում են հանդիպումներ և զրույցներ, որոնց ընթացքում ներկայացվում-պարզաբանվում են սփյուռքահայության կողմից թուրքական իշխանության ներքո գտնվող հայկական հողերի վերադարձման պահանջի մասին հուշագրերը։ Ըստ պատվիրակության անդամների, դա վկայում էր, որ ԽՍՀՄ-ն իրենց հետ համակարծիք է[10][15]։

Ամերիկահայոց ազգային խորհրդի, հայկական ազգային խորհուրդների և հայկական Սփյուռքի քաղաքականության ձախողումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի շահերը չէին համընկնում հայկական շահերի հետ, քանզի հայության մեծ զանգվածները և նրանց ղեկավարության հիմնական մասը, այդ թվում ԱՄՆ-ի հայկական ազգային խորհրդի ղեկավարները՝ ներառելով Ջիմ Չանկալյանին, կրկնելով հարյուրամյակներ թույլ տրված քաղաքական սխալները, չհասկանալով իրենց սեփական ազգային շահերը, Հայկական հարցի լուծումը դարձյալ կապում էին Ռուսաստանի, տվյալ դեպքում խորհրդային Ռուսաստանի կամ ավելի ճիշտ՝ Խորհրդային Միության հետ։ Սփյուռքահայերի համար Արևմուտքի պետությունների չկամությունը հատկապես ակնհայտ է դարձել, երբ Համաշխարհային հայկական կոնգրեսի պատվիրակությունը փորձել է իր խնդրագրերից մեծը հանձնել ԱՄՆ-ի կառավարությանը։ 1947 թ. մայիսի 12-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դ. Աչիսոնի հետ կայացած նրանց հանդիպման ժամանակ ամերիկացի պաշտոնյան խոսել է Հայկական հարցի լուծման ճանապարհին առկա դժվարությունների մասին[10][11]։ Աչիսոնն ասել է. «…այն չափով, որ մեծանա և հզորանա [Խորհրդային][14] Հայաստանը, նույն չափով կաճի ուժը մեր գլխավոր թշնամու՝ Սովետական Միութեան»[10][16]։ Բնականաբար, պաշտոնական Վաշինգտոնը որոշել էր ամեն գնով թույլ չտալ Թուրքիայի անդամահատումը՝ անվանախես՝ հօգուտ Խորհրդային Հայաստանի, իսկ իրականում՝ հօգուտ ԽՍՀՄ-ի, քանզի ակնհայտ էր, որ Խորհրդային Հայաստանը ինքնուրույն երկիր չէր, այլ ընդամենը ԽՍՀՄ-ի ենթակա մի նահանգ։ Ավելին` սփյուռքահայերի ձեռնարկած վերոհիշյալ քայլերը` հեռագրերը, դիմում–նամակները, հուշագրերը, այցերը, կազմակերպած այլևայլ միջոցառումները հակառակ ազդեցությունն են ունեցել. Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը դրանցում իրավացիորեն տեսնում էին ոչ թե ազգային շարժման, այլ խորհրդային ազդեցության արդյունք[17]։

Եզրակացություն ԱՄՆ-ի ազգային խորհրդի և մյուս հայկական խորհուրդների քաղաքական ձախողումից՝ Հայկական հարցի լուծման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կազմակերպությունները պետք է հրաժարվեն սեփական ազգային շահերը Ռուսաստանի շահերի հետ կապելու հին ախտից։ Հարկավոր է առավել լայն աշխարհայացք ունենալ և ճշտորեն որոշել սեփական ազգային շահերն ու դրանց պաշտպանելու և սեփական ազգային նպատակներին հասնելու ուղիները[14]։

Չանկալյանը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ԱՄՆ-ի կենտրոնական կոմիտեի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի այդ, Չանկալյանը դարձավ նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, անգլ.՝ Armenian General Benevolent Union, վերջինիս՝ ԱՄՆ-ում կենտրոնական Կոմիտեի նախագահ, և, բացի այդ՝ իր ժամանակն ու ուժերը ներդրեց նաև Հայոց Առաքելական եկեղեցուն ծառայելուն[3][4]։

Չանկալյանի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեծ հայրենասերը, օժտված բացառիկ ռազմական խիզախությամբ, մահացել է Նյու Յորքում 1947 թվականի մայիսի 10-ին[2][3][4], 67 տարեկան հասակում, թողնելով մեծ ու անմոռանալի ժառանգություն և զոհաբերություն՝ հանուն իր ազգի[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ara Aharonian California, USA. JIM CHANKALIAN, LEADER OF AMERICAN-ARMENIAN VOLUNTEERS. «La Letttre de l'ADL». [1] Արխիվացված 2017-05-24 Wayback Machine
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 Արա Ահարոնեան. Քաղուածքներ «Ռամկավար Ազատական Կուսակցութեան հերոսական դէմքերը» գրքից, 2006թ.: Անգլերեն՝ Ara Aharonian. Excerpt from: Heroic Figures of A.D.L. (C)2006
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 Armeniapedia. JIM CHANKALIAN. LEADER OF AMERICAN-ARMENIAN VOLUNTEERS. [2]
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 «The People of Ar». The Forgotten hero: Captain Jim Chankalian
  5. Armeniapedia. JIM CHANKALIAN. LEADER OF AMERICAN-ARMENIAN VOLUNTEERS
  6. Սմբատ Յոխիկեան, Դրուագներ Եգիպտահայ կեանքէն (Ազգային Հերոս Զօրավար Անդրանիկի Մահուան 53-րդ տարեդարձին առթիւ), «Հայրենիք» Օրաթերթ, Օգոստոս 30, 1980թ., էջ 6։
  7. Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 641։
  8. Համբարձում Երամեան, Յուշարձան Վան-Վասպուրականի, հատոր Բ, էջ 459, էջ 461, Աղէքսանդրիա, 1929թ., էջ 459, էջ 461։
  9. Ch. V e r t a n e s. Armenia Reborn. New York, 1947.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ։ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԽՆԴԻՐԸ (1945–1947 թթ.): ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։ Պատմա-բանասիրական հանդես, 2010 թ., № 2: [3] Արխիվացված 2017-11-18 Wayback Machine
  11. 11,0 11,1 Գերսամ Ահարոնեան. Մեծ երազի ճամբուն վրայ …, Պէյրութ, 1964։
  12. S. A t a m i a n. The Armenian Community. New York, 1955.
  13. Հ. Թոփուզյան. Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն (1841-1946), Երևան, 1986, էջ 252։
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։
  15. 15,0 15,1 «Զարթոնք», 17. VII. 1975:
  16. Ա. Անդրեասեան. Հայկական դատի նոր հանգրուանը, Պէյրութ, 1967։
  17. Համեմատիր՝ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ։ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԽՆԴԻՐԸ (1945–1947 թթ.): ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։ Պատմա-բանասիրական հանդես, 2010 թ., № 2: [4] Արխիվացված 2017-11-18 Wayback Machine

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ara Aharonian California, USA. JIM CHANKALIAN, LEADER OF AMERICAN-ARMENIAN VOLUNTEERS. «La Letttre de l'ADL».
  • Արա Ահարոնեան. Քաղուածքներ «Ռամկավար Ազատական Կուսակցութեան հերոսական դէմքերը» գրքից, 2006թ.: Անգլերեն՝ Ara Aharonian. Excerpt from: Heroic Figures of A.D.L. (C)2006
  • Armeniapedia. JIM CHANKALIAN. LEADER OF AMERICAN-ARMENIAN VOLUNTEERS.
  • «The People of Ar». The Forgotten hero: Captain Jim Chankalian.
  • Ch. V e r t a n e s. Armenia Reborn. New York, 1947.
  • ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ։ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԽՆԴԻՐԸ (1945–1947 թթ.): ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։ Պատմա-բանասիրական հանդես, 2010 թ., № 2: [61]
  • Գերսամ Ահարոնեան. Մեծ երազի ճամբուն վրայ …, Պէյրութ, 1964։
  • S. A t a m i a n. The Armenian Community. New York, 1955.
  • Հ. Թոփուզյան. Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն (1841-1946), Երևան, 1986, էջ 252։
  • «Զարթոնք», 17. VII. 1975:
  • Ա. Անդրեասեան. Հայկական դատի նոր հանգրուանը, Պէյրութ, 1967։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jim Chankalian. Armenia pedia. A wiki encyclopedia. JIM CHANKALIAN, LEADER OF AMERICAN-ARMENIAN VOLUNTEERS. [5]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]