Պետության կառուցվածքի ձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պետության տարածքային կազմակերպում, երբ պետության տարածքը բաժանվում է տարբեր կարգավիճակ ունեցող մասերի: Տարածքային կազմակերպման նպատակը պետական գործունեության ընթացքում երկրի ներքին տարածքային առանձնահատկությունները մանամասն հաշվի առնելն է, հասարակական կյանքը կազմակերպելու և կառավարելու համար: Տարածքային միավորը կապող օղակ է հանդիսանում բնակավայրերի և կենտրոնական պետական իշխանության միջև[1]: Բոլոր պետություններում առանձնացվում են տարածքային միավորներ, սակայն տարբեր պետություններում միավորների քանակը կարող է տարբեր լինել: Ներկայումս ամենամեծ քանակն ունեն Ֆրանսիան՝ 96 (դեպարտամենտ) և Ռուսաստանը՝ 89 (հանրապետություն, երկրամաս, մարզ կամ օկրուգ): Պետությունների մեծ մասում տարածքային բաժանման միավորների թիվը տատանվում է 10-ից 50-ի միջև:

     Ունիտար      Դաշնային

Պետություններն ըստ տարածքային կազմակերպման[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություններն ըստ տարածքային կազմակերպման լինում են՝ ունիտար, դաշնային և համադաշնային:

Ունիտար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունիտար կամ միացյալ է համարվում այն պետությունը, որտեղ առկա է մեկ միասնական սահմանադրություն և որի ամբողջ տարածքում գործում են կենտրոնացված պետական իշխանություն և կառավարման միասնական համակարգ: Այստեղ ներքին տարածական բաժանումը ընդունված է անվանել վարչատարածքային բաժանում, իսկ միավորները՝ վարչատարածքային միավորներ: Աշխարհի պետությունների մեծ մասն ունիտար են, օրինակ՝ Լեհաստանը, Լիտվան, Ճապոնիան, Ֆրանսիան և այլն: Ունիտար է նաև Հայաստանի Հանրապետությունը, որն ունի երկաստիճան կառուցվածք: Այն բաղկացած է վարչական մարզերից և մարզերին ենթական համայնքներից (քաղաք, գյուղ):

Դաշնային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային կամ ֆեդերատիվ պետությունը իրենից ներկայացնում է սահմանափակ պետական անկախություն ունեցող քաղաքական տարածքային կազմավորումների միություն: Դաշնային պետություններում յուրաքանչյուր դաշնային միավորի տարածքում բացի համապետական օրենքներից գործում են նաև տեղական օրենքներ, իսկ առանձին դեպքերում՝ նաև առանձին սահմանադրություն: Այն որպես տարածքային կազմակերպման ձև ծագել է 19-րդ դարում և լայնորեն տարածվել 20-րդ դարում: Այն համարվում է ժողովուրդների համախմբման, ինտեգրման եղանակ: Աշխարհում Դաշնային պետությունների քանակը կազմում է ավելի քան երկու տասնյակ: Դաշնային պետությունների օրինակ են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրիան, Բրազիլիան, Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Գերմանիան և այլն:

Դաշնային պետություններում տարածքային բաժանումն անվանում են քաղաքական տարածքային բաժանում, իսկ միավորները՝ քաղաքական տարածքային միավորներ: Ըստ էության այդ միավորները մասնակցում են երկրի կառավարմանը և ունեն որոշակի ազդեցություն այդ հարցում: Քաղաքական տարածքային միավորը իր հերթին բաժանվում է վարչատարածքային միավորների: Պետության ներսում միավորների քանակի և նրանց միջև սահմանների որոշման ժամանակ հաշվի են առնվում մի շարք գործոններ: Գլխավոր գործոններն են՝ էթնոմշակութային, բնակչության խտության, տարածքի յուրացվածության, բնական պայմանների բնույթի, տնտեսության կառուցվածքի և այլն:

Համադաշնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համադաշնությունը կամ կոնֆեդերացիան անկախ պետությունների միավորումն է, որոշակի գործողություններ համաձայնեցնելու և իրականացնելու նպատակով: Այս դեպքում միավորում է տեղի է ունենում ոչ թե՛ սահմանադրության հիման վրա, այլ պետությունների միջև կնքված պայմանագրերի միջոցով: Համադաշնությունում չկա մեկ միասնական պետական տարածք և քաղաքացիություն: Նրանք համարվում են նաև միջազգային իրավունքի սուբյեկտներ և կարող են վարել նաև միջազգային քաղաքականություն:

Վարչատարածքային կառուցվածքի փոփոխման սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության վարչատարածքային կառուցվածքը հազվադեպ է փոփոխվում, իսկ փոփոխման դեպքում էլ կատարվում են չնչին փոփոխություններ, ձգտելով պահպանել նախկին սահմանների զգալի մասը: Այնուամենայնիվ, դրանք անխուսափելի են և ամեն պետություն որոշակի ժամանակահատվածում իրականացում է վարչաքաղաքական վերափոխում: Նման փոփոխությունները հիմնվում են մի շարք սկզբունքների հիման վրա, որոնցից են՝

  • վարչատարածքային միավորի տարածքային միասնականություն,
  • տարածքային միավորի հավաքություն կամ կոմպակտություն,
  • համաչափություն, որը նշանակում է տարածքի մակերեսի, բնակչության թվի և խտության, տնտեսական ներուժի, տարածքի յուրացվածության օպտիմալ պայմաններ:
  • ժառանգականություն. հնարավոր չափ պետք է ձգտել պահպանել արդեն կայացած, օբյեկտիվ սահմանները,
  • համապատասխանություն ազգաբնակչության նույնականացման զգացմունքին, որը նշանակում է հաշվի առնել պատմական և մշակության ավանդույթները,
  • «կրիտիկական զանգվածի» անհրաժեշտություն, որը նշանակում է յուրաքանչյուր միավոր պետք է ապահոված լինի տեղական ինքնակառավարման համար անհրաժեշտ միջոցներով:
  • փոխլրացում, սա ենթադրում է վարչատարածքային միավորի սահմաններում որոշակի համամասնության, համաչափության պահպանում հարուստ ու աղքատ, զարգացած և թերզարգացած տարածքների միջև:
  • ճկունություն և հարմարվողականություն. հնարավորություն է տալիս հեշտ հարմարվել հասարակական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին[1]:

Այս սկզբունքների կիրառման արդյունավետությունը պայմանավորված է, թե ինչպիսի՞ն է առաջարկվող փոփոխությունների գիտական հիմնավորումը, ի՞նչ մակարդակով և խորությամբ են վերլուծված ու գնահատված վարչաքաղաքական բաժանման ռեֆորմի առաջարկվող տարբերակներից յուրաքանչյուրի իրականացման հնարավոր հետևանքները[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ա.Լ. Վալեսյան, Լ.Հ. Վալեսյան, Քաղաքական աշխարհագրություն, Երևան, 2009:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Туровский Р.Ф., Политическая география, М., 1999.
  2. КолосовВ.А., . МироненкоН.С, Геополитика и политическая география, М., 2002:
  3. Семевский Б. Н., Политическая география как составная часть экономической географии, в книге «Вопросы теории экономической географии». — Л., 1964.
  4. Колосов В. А., Мироненко Н. С. Геополитика и политическая география. Учебник для студентов вузов. — М., 2001
  5. Туровский Р. Ф. Политическая география. — М., 2006.
  6. Бусыгина И. М. Политическая география. Политическая карта мира. — М., 2010.
  7. Agnew J (1997) Political geography: a reader London: Arnold ISBN 0-470-23655-8
  8. Bakis H (1987) Géopolitique de l'information Presses Universitaires de France, Paris
  9. Bakis H (1995) ‘Communication and Political Geography in a Changing World’ Revue Internationale de Science Politique 16 (3) pp219–311 - http://ips.sagepub.com/content/16/3.toc