Բոննի և Քլայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոննի և Քլայդ
Դիմանկար
 Bonnie and Clyde Վիքիպահեստում

Բոննի Էլիզաբեթ Փարքեր և Քլայդ Չեսնաթ Բերոու (անգլ.՝ Bonnie Elizabeth Parker and Clyde Chestnut Barrow), ամերիկացի հայտնի կողոպտիչներ, որ գործել են Մեծ ճգնաժամի տարիներին։ Տարբեր տարիների նրանց ավազակախմբի անդամ են եղել Բաք Բերոուն՝ Քլայդի ավագ եղբայրը, Բլանշ Բերոուն՝ Բաքի կինը, Ռեյմոնդ Համիլտոնը, Վ. Դ. Ջոնսը, Ջո Պալմերը, Ռալֆ Ֆուլտսը և Հենրի Մետվինը։ Ներկայում նրանք առավել հայտնի են որպես շուրջ քսան բանկերի կողոպտիչներ, սակայն Բերոուն նախընտրում էր թալանել փոքրիկ խանութներ ու մեքենաների լիցքավորման կայաններ։ Ենթադրվում է, որ նրանց ավազակախմբի պատճառով զոհվել է առնվազն ինը ոստիկան և մի քանի քաղաքացի։ Բոնին ու Քլայդը սպանվել են Տեխասի ռեյնջերների ու Լուիզիանա նահանգի ոստիկանների կողմից։

Բոննի Փարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննի Փարքերը 1932 թվականին

Բոննի Էլիզաբեթ Փարքերը (1 հոկտեմբերի, 1910, Ռովենա, Տեխաս, ԱՄՆ23 մայիսի, 1934, Լուիզիանա, ԱՄՆ) ծնվել է Տեխաս նահանգում՝ Ռովենայում։ Եղել է երեք քույրերից միջնեկը։ Նրա հայրը՝ որմնադիր Չարլզ Փարքերը, մահացել է, երբ Բոննին եղել է չորս տարեկան[1]։ Բոննիի մայրը՝ Էմմա Կրաուզեն, երեխաների հետ տեղափոխվել է Դալլասի արդյունաբերական արվարձան Սեմենտ Սիթի՝ իր ծնողների տուն, որտեղ աշխատել է որպես դերձակուհի[2]։ Նրա մորական նախապապը՝ Ֆրանկ Կրաուզեն, ներգաղթել էր Գերմանիայից[3]։ Չնայած նրա ընտանիքն ապրել է աղքատության մեջ, Բոննին դպրոցում սովորել է բարձր առաջադիմությամբ. նա եղել է դպրոցի լավագույն աշակերտուհիներից մեկը, ունեցել է հարուստ երևակայություն, հակում դեպի դերասանությունն ու իմպրովիզացիան։ Նա սիրել է նորաձև հագնվել[4][5]։ Գրելու հանդեպ նրա հակումը հետագայում իր արտահայտությունն է գտնում նրա բանաստեղծություններում, ինչպիսիք են՝ «Ինքնասպան Սիդնիի պատմությունը»[6], «Արահետի վերջը» (հայտնի է որպես «Բոննիի և Քլայդի պատմությունը»)[7]։ 15 տարեկան հասակում Բոննին հանդիպել է Ռոյ Տորնտոնի հետ։ Միասին նրանք հեռացել են դպրոցից։ 1926 թվականի սեպտեմբերի 25-ին փոքրամարմիմ, հմայիչ աղջիկը (նա ուներ 150 սմ հասակ և կշռում էր 44 կգ) ամուսնացել է Ռոյի հետ։ 1927 թվականին Բոննին աշխատանքի է ընդունվել որպես մատուցողուհի «Մարկո սրճարանում», որը գտնվում էր Արևելյան Դալլասում, սակայն երկու տարի անց սկսել է տնտեսական մեծ ճգնաժամը, և սրճարանը փակվել է։

Ամուսինների փոխհարաբերությունները գնալով վատացել են։ Ամուսնությունից մեկ տարի անց Ռոյ Տորնտոնն սկսել է անհետանալ մի քանի շաբաթով, իսկ 1929 թվականի հունվարին նրանք բաժանվել են։ Դրանից կարճ ժամանակ անց (պաշտոնական ամուսնալուծություն չի եղել, և Բոննին մինչև կյանքի վերջ կրել է ամուսնական մատանին) Տորնտոնը հինգ տարով բանտարկվել է։ Երբ նա իմացել է Բոննիի մահվան մասին, ասել է. «Ես ուրախ եմ, որ նրանք այդպես զվարճացել են։ Դա շատ ավելի լավ է, քան բռնված լինելը»։

1929 թվականին ամուսնուց բաժանվելուց հետո՝ մինչ Քլայդի հետ հանդիպելը, Բոննին ապրել է մոր հետ և որպես մատուցողուհի աշխատել է Դալլասում։ Սրճարանի մշտական հաճախորդներից մեկը՝ փոստի աշխատող Թեդ Հինթոնը, 1934 թվականին մասնակցել է Բոննի ու Քլայդի դարանակալմանը[8]։ Իր օրագրում, որ նա վարում էր 1929 թվականի սկզբին, Բոննին գրել է իր մենակության ու այն մասին, որ սիրում է հնչյունային կինոն[9]։

Քլայդ Բերոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլայդ Բերոուն 1926 թվականին

Քլայդ Չեսնաթ Բերոում (24 մարտի, 1909, Տելիկո, Տեխաս, ԱՄՆ – 23 մայիսի, 1934, Լուիզիանա, ԱՄՆ) ծնվել է Տեխասի Էլլիս շրջանում՝ Դալլասից ոչ հեռու[10][11]։ Նա եղել է աղքատ ֆերմերներ Հենրի Բեզիլա Բերոուի (1874-1957) և Կյումի Տ. Ուոքերի (1874-1943) յոթ երեխաներից հինգերորդը։ Քլայդն առաջին անգամ ձերբակալվել է 1926 թվականի վերջին, երբ ժամանակին չի վերադարձրել վարձակալված մեքենան։ Շուտով նրան եղբոր՝ Մարվին «Բաք» Բերոուի հետ ձերբակալել են հնդկահավեր գողանալու համար։ Չնայած նա ուներ օրինական աշխատանք, 1927-1929 թվականներին նա կողոպտել է չհրկիզվող պահարաններ, խանութներ ու առևանգել մեքենաներ։ 1928 և 1929 թվականներին մի քանի անգամ ձերբակալվելուց հետո՝ 1930 թվականի ապրիլին, նա ուղարկվել է Տեխասում գտնվող Իստհեմ բանտ։ Պատիժը կրելու ընթացքում նա սպանել է մեկ այլ կալանավորի, որ բազմիցս բռնության է ենթարկել իրեն[12]։ Դա եղել է Քլայդի կատարած առաջին սպանությունը։

1932 թվականին Քլայդը ժամկետից շուտ ազատ է արձակվել։ Բանտից նա դուրս է եկել որպես ավելի կոփված ու դաժան հանցագործ։ Նրա քույրը՝ Մերին, ասել է. «Պետք է որ նրա հետ ինչ-որ սարսափելի բան պատահած լիներ բանտում, որովհետև նա այլևս երբեք չեղավ նախկինի նման»[13]։ Ռալֆ Ֆուլթսը, որ Քլայդի հետ միաժամանակ կրում էր իր պատիժը, ասել է, թե իր աչքերի առաջ նա դպրոցականից վերածվել է բոժոժավոր օձի[14]։

Քլայդն իր ոտքի երկու մատները կտրել էր բանտում եղած խռովության ժամանակ։

Առաջին հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն տարբեր վարկածներ, թե ինչպես են առաջին անգամ հանդիպել Բոննին ու Քլայդը։ Ամենահավանականն այն է, ըստ որի՝ Բոննի Փարքերն ու Քլայդ Բերոուն հանդիպել են 1932 թվականի հունվարի 5-ին Բոննի ընկերուհու տանը. Բոննին մնացել էր օգնելու ընկերուհուն, ում թևը կոտրված էր։ Քլայդը տուն է մտել այն ժամանակ, երբ Բոննին խոհանոցում տաք շոկոլադ էր պատրաստում[15]։

Առաջին իսկ հանդիպումից նրանք համակրել են միմյանց։ Պատմաբանների մեծ մասը կարծում է, որ Բոննին Քլայդին է միացել, որովհետև սիրահարված է եղել նրան։ Իր ողջ կյանքում նա եղել է Քլայդի հավատարիմ գործընկերը նրա հանցագործությունների ժամանակ և սպասել բռնի մահվան, որը, ըստ նրանց, եղել է անխուսափելի[16]։

Համատեղ հանցագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվական. առաջին կողոպուտներ ու սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականի փետրվարին Քլայդը դուրս է եկել բանտից և Ռալֆ Ֆուլտսի հետ միասին սկսել է կողոպտել խանութներ ու մեքենաների լիցքավորման կայաններ։ Նրանք նպատակ ունեին հավաքել բավականաչափ գումար և զենք, որպեսզի կազմակերպեն մասսայական փախուստ Իստհեմ բանտից։ Ապրիլի 19-ին Բոննի Փարքերն ու Ֆուլտսը ձերբակալվել են կենցաղային տեխնիկայի խանութի թալանման անհաջող փորձի ժամանակ։ Բոննին ազատ է արձակվել մի քանի ամիս անց, իսկ Ֆուլտսն ընդմիշտ լքել է նրանց ավազակախումբը։ Ապրիլի 30-ին՝ խանութի կողոպուտի ժամանակ, տերը փորձել է դիմադրել հանցագործներին, ինչի պատճառով սպանվել է. կրակել էին նրա սրտին։ Այդ դեպքից հետո հանցախումբը դարձել է ավելի ու ավելի ագրեսիվ։ Օգոստոսի 5-ին, երբ Փարքերն այցելել էր իր մորը, Համիլտոնն ու Քլայդը, լինելով հարբած, Օկլահոմա նահանգի Սթրինգթաուն քաղաքի բարում գնդակահարել են շերիֆին ու նրա օգնականներին[17][18]։ Հաջորդ սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Շերմանում (Տեխաս)։ Զոհը եղել է Հովարդ Հոլլ խանութի սեփականատերը։ Խանութից հանցագործները տարել են 28 դոլլար կանխիկ գումար և որոշակի մթերքներ[19]։ Ավելի ուշ Բոննին հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել խաղալիքներով խաղալն ու սկսել զբաղվել լուրջ գործով։ Եվ նրանք իրականացրել են նորանոր կողոպուտներ, սպանություններ, առևանգել մեքենաներ։ Այդ ամենի արդյունքում Համիլտոնը ձերբակալվել է ու դատապարտվել 60 տարվա ազատազրկման։ «Համիլտոնի ձերբակալությունից հետ Բոննին սովորեց կրակել՝ իսկական մոլություն ցուցաբերելով զենքի նկատմամբ,– գրում է հանցագործ զույգի կենսագիր Ջոն Շևին:– Նրանց մեքենան վերածվում է իսկական զինանոցի՝ մի քանի ինքնաձիգներ, հրացաններ ու որսորդական զենքեր, մեկ դյուժին ռևոլվերներ ու ատրճանակներ, հազարավոր փամփուշտներ։ Բոննիի օգնությամբ Քլայդը սովորում է մի քանի վայրկյանում հրացանը ոտքի երկայնքով կարված հատուկ գրպանից դուրս քաշելու արվեստը։ Այդ վիրտուոզությունը շատ էր զվարճացնում երկուսին էլ։ Նրանք մշակում են սպանության սեփական էլեգանտ ոճ։ Այդ ամենի մեջ Բոննիին գրավում էր առաջին հերթին գործի ռոմանտիկական-հերոսական կողմը։ Նա հասկանում էր, որ ընտրել է մահը։ Սակայն դա նրա համար ավելի հաճելի է, քան նախկինում ապրած ձանձրույթը։ Շրջապատող սահուն կյանքի միապաղաղությանն ընդմիշտ վերջ էր տրված նրա համար։ Նա հանրահայտ կլինի իր ձևով։ Ծայրահեղ դեպքում իր մասին կխոսեն»։

Վ. Դ. Ջոնսը վաղ մանկությունից եղել է Բերոուների ընտանիքի բարեկամը։ Թեև 1932 թվականի Սուրբ ծննդյան նախօրեին նա եղել է ընդամենը 16 տարեկան, սակայն Դալլասից մեկնող Բոննին ու Քլայդին համոզել է իրեն էլ տանել։ Հաջորդ օրը Ջոնսը կատարել է իր առաջին սպանությունը։ Նա ու Քլայդը սպանել են այն մեքենայի տիրոջը, որը փորձում էին առևանգել[20]։ Երկու շաբաթ չանցած՝ 1933 թվականի հունվարի 6-ին, Բերոուն գնդակահարում է մի շերիֆի, երբ նա, Փարքերն ու Ջոնսն ընկել էին այլ հանցագործի համար նախատեսված ծուղակը[21]։

1933 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննիի ու Քլայդի բնակարանը Ջոպլինում
37°03′06″ հս․. լ. 94°31′00″ ամ. ե.HGЯO

1933 թվականի մարտի 22-ին Բաք Բերոուն բանտից ազատվում է ամնիստիայի շնորհիվ։ Որոշ ժամանակ անց նա ու նրա կինը՝ Բլանշը, Քլայդի, Բոննիի ու Ջոնսի հետ տեղավորվել են Միսսուրի նահանգի Ջոպլին քաղաքում գտնվող երեք սենյականոց բնակարանում, որտեղ 1920-ական թվականներին ավանդաբար թաքնվում էին հանցագործները։ Նախապես Բաքն ու Բլանշը պարզապես գնացել էին հյուր՝ նպատակ ունենալով համոզել Քլայդին հանձնվել իշխանություններին[Ն 1]: Շուտով նրանց խումբն իր աղմկալի ու կասկածելի պահվածքով գրավում է իշխանությունների ուշադրությունը. ամեն օր նրանք աղմկում էին, խաղում թղթախաղ ու օգտագործում ալկոհոլային խմիչքներ, իսկ մի անգամ Բրաունինգի ինքնաձիգը կրակում է հենց բնակարանում, երբ Քլայդը մաքրում էր այն[23]։ Նրանք շատ էին լուսանկարվում։ Լուսանկարներից շատերում Բոննին պատկերված է թատերական կեցվածքով։ Լուսանկարներից երևում է, որ Բոննին ու Քլայդը ձգտում էին երևալ էլեգանտ՝ նմանակելով գովազդային պաստառները։ Հարևաններին կասկածելի է թվացել նաև այն, որ նրանց մեքենան գրանցված է այլ նահանգում՝ Տեխասում։

Բրիգադիր Ջ. Բ. Քելերը ենթադրում է, որ կասկածելի խմբի անդամները մաքսանենգներ են և որոշում է կազմակերպել շուրջկալում։ 1933 թվականի ապրիլի 13-ին՝ ցերեկվա ժամը չորսին, ոստիկանության երկու մեքենաներ մոտենում են Բերոուի բնակարանին։ Քլայդն ու Ջոնսը կանգնած էին սանդղամուտքում, երբ մոտենում է առաջին մեքենան։ Նրանք անմիջապես թաքնվում են ավտոտնակում՝ փակելով դուռը։ Ոստիկանական երկրորդ մեքենան փակում է ճանապարհը։

Քլայդն ու Ջոնսը կրակում են ավտոտնակից։ Դա ազդանշան էր նրանց համար, ովքեր գտնվում էին տանը։ Առաջին կրակոցներից վիրավորվում է մեկ ոստիկան, իսկ երկրորդը սպանվում է։ Քելերն ուղարկում է օգնական ուժեր կանչելու։ Քլայդն ու Բաքը կրակում են ինքնաձիգներից՝ Ջոնսին հնարավորություն տալով մոտենալ ոստիկանության մեքենային, որը փակել էր ճանապարհը։ Փորձելով անջատել ձեռքի արգելակը՝ Ջոնսը վիրավորվում է գլխից։ Նա վերադառնում է տուն։ Բաքը նույնպես փորձում է բացել ճանապարհը. նա մեքենան հրում է դեպի խճուղի և վերադառնում տուն։ Մեքենան դուրս է գալիս ավտոտնակից և կարողանում հեռանալ։

Բնակարանի անցկացված զննության արդյունքում գտնվեցին Բոննիի և Քլայդի բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև Բոննիի բանաստեղծությունները։ Այդ լուսանկարները դարձան հանցագործների առաջին ստույգ նկարները։ Հանցագործների լուսանկարները տարածվեցին հարևան նահանգներում։

Տասնվեցամյա Վ. Դ. Ջոնսը կատարել է երկու սպանություն Բոննիի և Քլայդի հանցախմբին միանալու առաջին երկու շաբաթվա ընթացքում

Հաջորդ երեք ամսվա ընթացքում նրանք գնացել են Տեխասից դեպի հյուսիս՝ հասնելով մինչև Մինեսոտա։ Մայիսին նրանք փորձել է կողոպտել բանկ Լուսերնում (Ինդիանա նահանգ) և թալանել են բանկ Մինեսոտա նահանգի Օկաբինա քաղաքում[24]։ Ավելի վաղ նրանք Լուիզիանա նահանգի Ռաստոն քաղաքում Դիլարդ Դերբիի մեքենան առևանգելիս իրենց հետ տարել են նաև մեքենայի տիրոջն ու Սոֆիա Սթոունին։ Դա եղել է մեկը մարդկանց առևանգելու այն հինգ դեպքերից, որ նրանք կատարել են 1932 թվականից մինչև 1934 թվականն ընկած ժամանակահատվածում։ Դիլարդից ու Սոֆիայից բացի նրանք առևանգել են նաև Ջո Ջոնսին 1932 թվականի օգոստոսի 14-ին, սպա Թոմաս Պերսելին 1933 թվականի հունվարին, շերիֆ Ջորջ Քորիին ու ոստիկանության պետ Փոլ Հարդիին 1933 թվականի հունիսի 10-ին և Պերսի Բոյդին 1934 թվականի ապրիլի 6-ին։ Սովորաբար նրանք իրենց զոհերին ազատ էին թողնում տնից հեռու։ Երբեմն նրանք փող էին տալիս, որպեսզի առևանգվածները կարողանան տուն վերադառնալ[25][26]։

Թեև թերթերում տպագրված լուսանկարներն ստեղծում էին այնպիսի տպավորություն, թե Բոննին ու Քլայդն վարում են գեղեցիկ ու ռոմանտիկ կյանք, սակայն նրանք եղել են հուսահատության մեջ։ Իր գրքում Բոննին գրում է, որ երբ իրենք մեկնել են Ջոպլինից, իր բոլոր հույսերն ու երազանքները հօդս են ցնդել[27]։ Հայտնի լինելն էլ ավելի էր շատացնում խնդիրները։ Չկարողանալով գիշերել հյուրանոցներում կամ սնվել ռեստորաններում՝ նրանք քնում էին անտառում՝ խարույկի կողքին, լողանում էին գետում[28]։ Երկու զույգերի ու «հինգերորդ անիվ» Ջոնսի միջև սկիզբ են առնում վիճաբանություններ[29][30]։ Ջոնսի համար այնքան տհաճ էր գտնվել նրանց շրջապատում, որ նա հեռանում է Դերբիից առևանգված մեքենայով։ Նա վերադառնում է հունիսի 8-ին[31]։

Հունիսի 10-ին Փարքերը, Բերոուն ու Ջոնսն ավտովթարի են ենթարկվում. Քլայդը չէր նկատել կամրջի վերանորոգման վերաբերյալ նախազգուշացնող նշանը, և մեքենան ընկել էր ձորը[32]։ Բոննին ստացել է աջ ոտքի երրորդ աստիճանի այրվածք։ Պատճառը ստույգ հայտնի չէ. կա՛մ մեքենան հրդեհվել է բենզինի արտահոսքից, կա՛մ Փարքերի ոտքին թափվել է թթու մեքենայի ուժակուտակիչից[33]։ Իր կյանքի վերջում Բոննին դժվարությամբ էր տեղաշարժվում. նա ցատկոտում էր առողջ ոտքի վրա, կամ նրան գրկած տեղափոխում էր Քլայդը։ Առաջին օգնություն նա ստացել է տեղացի ֆերմերների ընտանիքում։ Հանդիպելով Բաքին ու Բլանշին՝ նրանք մեկնել են Արկանզաս նահանգի Ֆորտ-Սմիթ քաղաք, որտեղ բուժել են Բոննիի վերքերը։ Որոշ ժամանակ անց Քլայդն Արկանզաս նահանգի Ալմա քաղաքում սպանում է քաղաքային մարշալ Հենրի Համֆրիին։ Այդ պատճառով նրանք կրկին ստիպված են լինում փախչել՝ չնայած Բոննիի առողջական վատ վիճակին[34]։

«Red Crown» մոթելը, որտեղ կասկածելի խումբը գրավել է ոստիկանների ուշադրությունը, և որտեղ գլխից վիրավորվել է Բաք Բերոուն39°18′43″ հս․. լ. 94°41′11″ ամ. ե.HGЯO

1933 թվականի հունիսի 18-ին նրանք տեղավորվում են Արկանզասում գտնվող «Red Crown» մոթելում, որն ուներ երկու համար՝ իրար միացված ավտոտնակով։ Խումբի միանգամից ուշադրություն է գրավում։ Մոթելի տերը նկատում է, որ Բլանշը գրանցեց ընդամենը երեք հոգու, այնինչ մեքենայից իջել էին հինգը։ Նրան կասկածելի թվաց նաև այն, որ Քլայդը մեքենան ավտոտնակ տարավ հետընթաց կերպով՝ «գանգստերների նման», որպեսզի անհրաժեշտության դեպքում հեշտ լինի փախչելը[35]։ Բլանշը ուտելիք ու խմիչք էր գնում հինգ անձանց համար։ Նա հագել էր շալվար, ինչն անսովոր էր կանանց համար այն ժամանակ ու այն վայրերում։ Իրենց համարի պատուհաններին նրանք թուղթ էին սոսնձել։ Այդ ամենը հերիք էր, որ մոթելի տերը կասկածելի խմբի մասին հայտնի կապիտան Ուիլյամ Բեքստերին։ Երբ Քլայդն ու Ջոնսը մեկնում են մոտակա քաղաք, որպեսզի գնեն ուտելիք ու դեղեր Բոննիի համար[36], դեղատան աշխատողը զանգահարում է շերիֆ Հոլթ Քոֆիին, և վերջինս հսկողություն է սահմանում տնակների վրա։ Ժամը 23-ին շերիֆը զինված սպաների խմբի հետ ներխուժում է մոթել. հանցախումբին հաջողվում է փախչել, սակայն Բաքը վիրավորվում է գլխից, իսկ Բլանշը գրեթե կուրանում է բեկորներից ստացած վնասվածքների պատճառով[37]։

Բլանշի ձերբակալությունը
41°33′52″ հս․. լ. 94°13′44″ ամ. ե.HGЯO

Հինգ օր անց խումբը կանգ է առնում Այովա նահանգի Դեքստեր քաղաքի մոտ գտնվող լքված այգում[25][38]։ Բաքի վերքն այնքան ծանր էր, որ Բոննին ու Քլայդը նույնիսկ գերեզման են փորում նրա համար[39]։ Տեղի բնակիչները նկատում են արյունոտ վիրակապերը և հասկանում, որ հանգստացողները եղել են Բերոուի ավազակախմբի անդամները։ Շուտով նրանք կրկին հայտնվում են կրակի տակ ավելի քան հարյուր մարդկանց ներկայությամբ։ Բոննին, Քլայդն ու Ջոնսը փախչում են։ Բաքը վիրավորվում է մեջքից։ Նրան ու կնոջը ձերբակալում են։ Հինգ օր անց հիվանդանոցում Բաքը մահանում է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։

Հաջորդ վեց շաբաթը Փարքերը, Բերոուն ու Ջոնսն անցկացնում են իրենց հարազատ վայրերից շատ հեռու և փորձում աչքի չընկնել՝ կատարելով միայն մանր գողություններ, որպեսզի փող ունենան առօրյա ծախսերի համար[40]։ Օգոստոսի 20-ին նրանք կողոպտում են Իլինոյս նահանգի Փլեթվիլ քաղաքում գտնվող զինամթերքի խանութը. նրանք իրենց զինանոցը համալրում են բրաունինգի ինքնաձիգներով, ատրճանակներով ու մեծ թվով փամփուշտներով[41]։

Սեպտեմբերի սկզբին նրանք վերադառնում են Դալլաս՝ տեսնվելու իրենց ընտանիքի հետ, ապա մեկնում են Հյուսթոն, որտեղ գտնվում էր Ջոնսի մայրը[25][38][42]։ Այնտեղ Ջոնսը ձերբակալվում է։

Նոյեմբերի 22-ին Փարքերն ու Բերոուն կրկին փորձում են հանդիպել իրենց ընտանիքի անդամներին։ Դալլասի շերիֆ Սմութ Շմիդն իր երկու ենթակաների հետ ծուղակ են կազմակերպում։ Զգալով վտանգը՝ Քլայդն անցնում է այն մեքենայի մոտով, որում նստած էին իր հարազատները։ Այդ ժամանակ շերիֆն ու նրա օգնականները կրակում են մեքենայի վրա։ Ընտանիքի անդամները չեն տուժում։ Բոննին ու Քլայդը նույն գիշեր փախչում են քաղաքից։

1934 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի հունվարի 16-ին Քլայդը վերջապես իրականացում է իր վաղեմի ծրագիրը. նա հարձակում է գործում Իստհեմ բանտի վրա, ինչի արդյունքում այնտեղից փախչում են Ռեյմոնդ Համիլտոնը, Հենրի Մետվինը և մի շարք այլ հանցագործներ։ Հասարակությունը վրդովվում է, Տեխասի ուղղիչ-աշխատանքային համակարգի հասցեին հնչում են բազմաթիվ քննադատություններ։ Քլայդն ի կատար է ածում այն, ինչը Ֆիլիպսը համարում էր նրա ողջ կյանքի մոլությունը. նա վրեժ լուծեց Տեխասի ուղղիչ հիմնարկների ղեկավարությունից[Ն 2]:

Բանտից փախչելու ժամանակ Ջո Պալմերը սպանում է սպա Ջո Կրոուսոնին[Ն 3]: Այդ դեպքը Տեխասի ու իշխանական դաշնային օրգաններին ստիպում է բոլոր ուժերը կենտրոնացնել Բոննին ու Քլայդին բռնելու համար։

Ֆրենկ Ա. Հեյմեր

Բոննիին ու Քլայդին բռնելու գործը հանձնարարվում է Տեխասի նախկին ռեյնջեր կապիտան Ֆրենկ Ա. Հեյմերին։ Վերջինս բարձրահասակ էր, դիմացկուն, գաղտնապահ ու քչախոս։ Նա մշտապես «անվերապահորեն ենթարկվում էր օրենքին կամ նրան, ինչը նա համարում էր օրենք»[45]։ Քսան տարվա ընթացքում նա վախ ու հիացմունք էր առաջացրել միայնակ աստղի նահանգում[46]։ Իր համբավը նա վաստակել էր Տեխասի հանցագործների մի քանի հանդիսավոր ձերբակալություններ ու գնդակահարություններ իրականացնելու շնորհիվ[47]։ Նրան վերագրում են 53 սպանություն։ Հեյմերն ինքը վիրավորվել էր 17 անգամ[48]։

Փետրվարի 10-ից նա սկում է հետևել Բոննիին ու Քլայդին։ 1934 թվականի ապրիլի 1-ին Բերոուն ու Մետվինը խճուղում սպանում են երկու պարեկներին՝ Հ. Դ. Մերֆիին ու Էդվարդ Բրայանթ Ուիլերին[49][50]։ Այդ դեպքը լայնորեն լուսաբանվում է մամուլում։ Սակայն թերթերում սխալմամբ գրվում է, թե Մերֆիին սպանել է Բոննին այն պատճառով, որ հանցանքի վայրում գտնվել էր սիգարի մնացորդ փոքր ատամների հետքերով, որ կարող էին պատկանել միայն Բոննիին։ Պարեկախմբի ղեկավար Լ. Գ. Ֆերսը նշանակել է $1000 պարգև հանցագործների դիակները բերողին[51]։

Հասարակության թշնամական տրամադրվածությունն աճում է, երբ հինգ օր անց Բերոուն ու Մետվինը Օկլահոմայում՝ Կոմմերսից ոչ հեռու սպանում են ոստիկան, միայնակ հայր 60-ամյա Ուիլյամ «Քել» Քեմբելին։ Այդ ժամանակ էլ նրանք առևանգում են Կոմմերսի ոստիկանության պետ Պերսի Բոյդին, նրա հետ հատում Կանզասի սահմանը, այնուհետև բաց թողնում նրան մաքուր վերնաշապիկով՝ տալով մի քանի դոլլար, իսկ Բոննին խնդրում է պատմել աշխարհին, որ ինքը չի ծխում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննիի ու Քլայդի մեքենան: Հրաձգությունն այնքան ուժեղ է եղել, որ Հեյմերի ջոկատը ողջ օրը տառապել է ժամանակավոր խլությունից

Բերոուն ու Փարքերը շրջապատվել ու սպանվել են 1934 թվականի մայիսի 23-ին Լուիզիանա նահանգում՝ Բիենվիլի գյուղական ճանապարհին։ Նրանց «Ford V8» մեքենայի վրա դարանից կրակել են տեխասցի չորս ռեյնջերներ (Ֆրենկ Հեյմեր, Բ. Մ. «Մեննի» Գոլտ, Բոբ Օլկորն, Թեդ Հինթոն) և Լուիզիանայի երկու ոստիկանների (Հենդերսոն Ջորդան, Պրենտիս Մորլ Օկլի) կողմից[52]։ Մեքենան ծակել են 167 փամփուշտներ, որոնցից ավելի քան 110-ը դիպել են հանցագործներին. Բոննիին խոցել է շուրջ 60, Քլայդին՝ շուրջ 50 գնդակ։

Հեյմերն այդ ամենին կարողացել է հասնել այն բանի շնորհիվ, որ ուսումնասիրել է հանցագործների տեղաշարժերը։ Նրանք մշտապես հատում էին միջին արևմտյան հինգ նահանգների սահմանները՝ օգտվելով այն հանգամանքից, որ մի նահանգի սպաները իրավասություններ չունեին մյուս նահանգներում, իսկ ՀԴԲ-ն այն ժամանակ այնքան ազդեցիկ չէր, որքան ներկայում։ Բերոուն եղել է այդ տեխնիկայի վարպետ, սակայնի տարբերություն Ջոն Դիլինջերի, որ ակտիվ էր Միջին Արևմուտքի ողջ տարածքում, Քլայդն ավելի հետևողական էր իր տեղաշարժերում, և փորձառու Հեյմերը կարողացավ կանխագուշակել նրանց ենթադրյալ երթուղին։

Ավելի ուշ Թեդ Հինթոնը լրագրողներին ասել է. «Ափսոս, որ ես սպանեցի աղջկան։ Նա ինձ այնքան դուր էր գալիս։ Մենք նույնիսկ սիրավեպ ունեինք... Սակայն այն ի սկզբանե դատապարտված էր ողբերգական ավարտի»։

Թաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննիի շիրիմը32°52′03″ հս․. լ. 96°51′50″ ամ. ե.HGЯO

Բոննին ու Քլայդը ցանկացել են թաղվել կողք կողքի, բայց Բոննիի ընտանիքը չի թույլատրել դա։ Բոննին թաղվել է Դալլասի Ֆիշտրապ գերեզմանատանը, սակայն 1945 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Քրաուն-Հիլ հուշահամալիր։ Բոննիի թաղմանը ներկա է գտնվել ավելի քան 20 հազար մարդ։ Նրա շիրմին գրված է.

Ինչպես բոլոր ծաղիկներն ավելի հոտավետ են դառնում արևի լույսից ու ցողից, այնպես էլ այս հին աշխարհը դառնում է ավելի վառ այնպիսի մարդկանց կյանքով, ինչպիսին դու ես։

Քլայդի ու Բաքի շիրիմը32°45′56″ հս․. լ. 96°50′45″ ամ. ե.HGЯO

Քլայդը թաղվել է Դալլասի Վեսթերն Հեյթս գերեզմանատանը՝ իր եղբոր՝ Մարվինի կողքին։

Բոննիի ու Քլայդի ապահովագրման գումարները վճարվել են ամբողջությամբ։ Այդ ժամանակից ի վեր վճարումների ձևը փոխվել է. ապահովագրման գումարն այլևս չի վճարվում, եթե մարդը զոհվել է հանցագործություն կատարելու պատճառով[53]։

Դեպքերի մասնակիցների հետագա ճակատագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննի ու Քլայդի սպանությունից հետո ջոկատը զննել է նրանց իրերը։ Դրանցից Հեյմերն իրեն վերցրեց հսկայական զինանոցը[54], որ ներառում էր գողացված զենքեր, զինվորական հանդերձանք ու ձկնորսական սարքերի արկղ։ Օլկորնը վերցրեց Քլայդի սաքսոֆոնը, սակայն հետագայում զղջացել է ու վերադարձրել այն Բերոուների ընտանիքին[55]։ Մնացած անձնական իրերը, որոնց թվում էին Բոննիի հագուստները, նույնպես տարվել են սպանության վայրից, և երբ Փարքերների ընտանիքը խնդրել է դրանք հանձնել իրենց, մերժում է ստացել[56]։ Ավելի ուշ այդ իրերը վաճառվել են որպես հուշանվերներ[57]։ Ըստ լուրերի՝ մեքենայում գտնվող ճամպրուկը, որ լի էր կանխիկ գումարով, վերցրել է շերիֆ Ջորդանը։ Վերջինս փորձել է յուրացնել նաև մեքենան, սակայն մեքենայի տերը՝ Ռութ Ուորենը, դատի է տվել նրան։ Դատարանի վճռով՝ Ջորդանը մեքենան վերադարձրել է միսիս Ուորենին։

1934 թվականի փետրվարին 20 մարդ, որոնց թվում էին Բոննիի ու Քլայդի հարազատներն ու ընկերները, ձերբակալվել են հանցագործներին թաքցնելու ու նրանց օգնություն ցուցաբերելու մեղադրանքով։ Բոլոր քսանն էլ մեղավոր են ճանաչվել։ Երկուսի մայրերն էլ դատարանի վճռով բանտում անցկացրել են 30 օր։ Մյուսները դատապարտվել են մեկ ժամից (Քլայդի դեռահաս քրոջ՝ Մերի Բերոուի համար) մինչև երկու տարվա (Ռեյմոնդ Համիլտոնի եղբոր՝ Ֆլոյդի համար) ազատազրկման[58]։ Մյուս մեղադրյալների շարքում էին Բլանշ Բերոուն, Վ. Դ. Ջոնսը. Հենրի Մետվինը և Բոննիի քույրը՝ Բիլլին։

Բլանշը 1930-ական թվականների վերջն անցկացրել է բանտում. ձերբակալման պահին նա կշռել է 37 կգ

Բլանշ Բերոուի ձախ աչքը կուրացել էր բեկորներից վիրավորվելու հետևանքով։ Նա ձերբակալվել է Դեքսֆիլդ այգում և դատապարտվել տասը տարվա ազատազրկման, սակայն 1939 թվականին ազատ է արձակվել լավ վարքի համար։ Նա թողել է իր հանցագործ անցյալն ու վերադարձել Դալլաս, որտեղ խնամել է իր անդամալույծ հորը։ 1940 թվականին նա ամուսնացել է Էդդի Ֆրեյզերի հետ։ Բլանշն աշխատել է նաև որպես տաքսու գործակարգավար և դիմահարդար։ Նա ամուսնու հետ համերաշխ ապրել է մինչև վերջինիս մահը 1969 թվականին։ Բլանշ Բերոուն մահացել է 1988 թվականին 77 տարեկան հասակում։

Ռեյմոնդ Համիլտոնն ու Ջո Պալմերը ձերբակալվել են և մեղադրվել սպանության մեջ։ Նրանք մահապատժի են ենթարկվել էլեկտրական աթոռի միջոցով նույն օրը՝ 1935 թվականի մայիսի 10-ին[59]։

Վ. Դ. Ջոնսը աշխատանք է գտել Հյուստոնում, սակայն շուտով նկատվել է ու ձերբակալվել։ Իր ցուցմունքների ընթացքում նա պատմել է նաև խմբի սեռական կյանքի մասին։ Դա առիթ է տվել Քլայդի անորոշ սեռական կողմնորոշմանը վերաբերող բամբասանքների նոր ալիքի տարածմանը[60]։ Ջոնսին մեղադրեցին Դոյլ Ջոնսոնի սպանության մեջ և դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Նա սպանվել է 1974 թվականին Ջորջ Արթուր Ջոնսի կողմից. վերջինս այ քայլին գնացել էր խանդից դրդաժված, երբ տեսել էր, որ Ջոնսը փորձում է օգնել իր ընկերուհուն։ Հետագայում Ջորջ Ջոնսն ինքնասպան է եղել այն նույն հրացանով, որով սպանել էր Վ. Դ. Ջոնսին[Ն 4]:

Հենրի Մետվինը մեղադրվել է Կոմմերսում ոստիկան Քեմփբելին սպանելու համար։ Նա ժամանակից շուտ ազատ է արձակվել 1942 թվականին։ 1948 թվականին ընկել է գնացքի տակ։ Ենթադրվում է, որ նա, լինելով հարբած, քնել է երկաթգծի վրա։ Բոննի Փարքերի ամուսինը՝ Ռոյ Տորնտոնը, սպանվել է Իստհեմ բանտի պահակի կողմից 1937 թվականին՝ փախչելու փորձի ժամանակ[62]։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարները, որ ներկայացվել են մամուլում, հեռու են եղել նրանից իրական կյանքից, և դա վերաբերում է հատկապես Բոննիին։ Թեև երկու տարվա ընթացքում նա ներկա է եղել ավելի քան հարյուր հանցագործության[63], սակայն նա ոչ մի սպանություն չի կատարել, ինչպես ներկայացվել է թերթերում, կինոխրոնիկաներում ու այն ժամանակվա բուլվարային դետեկտիվներում։ Վ. Դ. Ջոնսն ընդհանրապես վստահ չի եղել, թե նրան երբևէ տեսել է ոստիկանների վրա կրակելիս[25][64]։ Սիգար ծխող գանգստերի ընկերուհու կերպարն ստեղծվել է թերթում հրապարակված մի լուսանկարի հիման վրա, որ ոստիանները գտել էին ավազակախմբի՝ Ջոպլինում գտնվող լքված տնից։ Փարքերն իսկապես շատ է ծխել, բայց ոչ թե սիգար, այլ Camel ծխախոտ[65]։

Պատմաբան Ջեֆ Գինը կարծում է, որ հենց այդ լուսանկարն է դարձել Բոննիի ու Քլայդի մասին լեգենդի ստեղծման պատճառը[66].

Ջոն Դիլինջերն ուներ կանանց սիրելիի արտաքին, գեղեցկատես Ֆլոյդին բաժին էր ընկել լավագույն մականունը, որ կարելի է մտածել, իսկ այդ լուսանկարներն ստեղծել են նոր հանցագործ սուպերաստղեր ամենագրավիչ ապրանաքանիշի՝ արգելված սեքսի ներքո։ Քլայդ Բերոուն ու Բոննի Փարքերը եղել են հանդուգն ու երիտասարդ և, անկասկած, քնել են իրար հետ։ Եթե չլիներ Բոննին, մամուլը, ամենայն հավանականությամբ, երբեք էլ չէր նկատի Քլայդին։ Բոննի համարձակ լուսանկարներն արտահայտում էին սեքս-մարտահրավեր, հրապույր, որը նրանց թույլ է տվել վաստակել ավելի մեծ փառք, քան նրանք արժանի էին իրենց ոչ մեծ գողություններով ու անիմաստ սպանություններով, որոնք էլ կազմում էին նրանց ողջ հանցագործ կարիերան։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոննի և Քլայդ մինի սերիալ, Storyline Entertainment և Sony Television, 2013 թվական
  • Բոննի Փարքերի պատմությունը (The Bonnie Parker Story), 1958 թվական, ռեժիսոր՝ Ուիլյամ Ուիթնի, գլխավոր դերում՝ Դորոթի Պրովայն
  • Բոննի և Քլայդ, 1967 թվական, ռեժիսոր՝ Արթուր Պենն, գլխավոր դերերում՝ Ուորեն Բիթթի և Ֆեյ Դանաուեյ
  • Բոննի և Քլայդ. իրական պատմություն (Bonnie & Clyde: The True Story), ֆիլմ, ԱՄՆ (1992)
  • Պատսպարան / Hide, ԱՄՆ (2008)
  • Looney Tunes-ի երկու էպիզոդ գանգստեր նապաստակների զույգի՝ Բաննիի ու Կլոդեի մասին (Bunny and Claude: We Rob Carrot Patches, 1968, The Great Carrot Train Robbery, 1969)
  • Բոննի և Քյալդ, 2013 թվական, ռեժիսոր՝ Բրյուս Բերեսֆորդ
  • Բոննի և Քլայդ «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմից, բժիշկ Ջամբ Ջուկիբայի երկու փորձարարական կերպարները 349 և 350 համարներով։ Նրանց գործառույթներն են գողությունն ու կողոպուտը։
  • Բոննի և Քլայդ իտալական ձևով

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննին ու Քլայդը 1933 թվականին
  • Դիանա Արբենինա – Бонни и Клайд
  • Trouble Maker – Now
  • Բեյոնսե և Jay-Z - ’03 Bonnie & Clyde
  • Սերժ Գենզբուր և Բրիժիտ Բարդո - Bonnie and Clyde
  • L’One - Бонни и Клайд
  • 2Pac - Bonnie and Clyde (Me and My Girlfriend)
  • Great Northern - Bonnie and Clyde
  • Lana Del Rey - «Live or Die»
  • Ночные Снайперы - Бонни & Клайд
  • Гоголь (8ДН) ft. Vika Dove - Бони и Клайд
  • Сплин - Бонни и Клайд (Фонарь под глазом, 1997)
  • Bad Balance - Бони и Клайд
  • Korsика - На первой полосе (սինգլ, 2010)
  • Король и Шут - Двое против всех
  • Killers in Love - Tun Ring
  • Kaponz & Spinoza - Bonnie aime Clyde
  • Theory of a Deadman - Me and My Girl
  • Boyd Rice & Giddle Partridge - Bonnie & Clyde
  • Roman Rain - Бонни и Клайд
  • My Сhemical Romance - Demolition Lovers
  • Операция Пластилин - В глаза своего Каина (Lucky 7s, 2011)
  • Мачете - Дай мне нежность
  • Die Toten Hosen - Bonnie und Clyde
  • G-Dragon ft. Lydya Paek - R.O.D
  • Էմինեմ - 97’ Bonnie & Clyde
  • Tori Amos - Bonnie & Clyde
  • DEAN - Bonnie & Clyde
  • MiyaGi - Бонни
  • Dzen – Бонни и Клайд
  • ElnurK & Jah Khalib - В твоих глазах

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բլանշի գիրքն առավել ամբողջական պատկերացում է տալիս Ջոպլինում խմբավորման երկշաբաթյա «արձակուրդի» վերաբերյալ[22]։
  2. Իրականում Ֆիլիպսը գրում է, թե Բերոուն այնքան երկար էր կենտրոնացել այդ գաղափարի վրա, որ դրա իրագործումից հետո «կյանքը հիասթափեցրեց Քլայդ Բերոուին... նա գիտեր, որ հիմա իրեն մնում է միայն մեռնել»[43]։
  3. Major («մայոր») ոչ թե Կրոուսոնի զինվորական կոչումն է, այլ անունը[44]։
  4. Վ. Դ. Ջոնսն ու Ջորջ Արթուր Ջոնսն ազգանվանակիցներ են. նրանց միջև արյունակցական կապ չկա[61]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Phillips, p xxxv; Guinn, p 45
  2. Guinn, p 46
  3. «Bonnie Parker's Genealogy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  4. Strickland, Kristi. «Parker, Bonnie». Handbook of Texas Online - Texas State Historical Association. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Parker, Cowan and Fortune, pp. 33, 47; Guinn, p. 48.
  6. The Story of Suicide Sal. Cinetropic
  7. The Story of Bonnie and Clyde. Cinetropic
  8. Guinn, p 79
  9. Parker, Cowan and Fortune, pp 55-57
  10. Barrow and Phillips, p. xxxv.
  11. Long, Christopher. «Barrow, Clyde Chesnut». Handbook of Texas Online - Texas State Historical Association. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. Guinn, p. 76.
  13. Phillips, Running, p 324n9
  14. Phillips, Running, p. 53.
  15. Parker, Cowan and Fortune, p. 80.
  16. Guinn, p. 81.
  17. Guinn, p. 120
  18. «Deputy Sheriff Eugene C. Moore». The Officer Down Memorial Page. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.
  19. Treherne, John (1984). The Strange History of Bonnie and Clyde. New York: Stein and Day. ISBN 0-8154-1106-5. p. 99.
  20. Ramsey, pp 80-85
  21. «Deputy Malcolm Davis». The Officer Down Memorial Page. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.
  22. Barrow and Phillips, pp 31-33
  23. Barrow and Phillips, p.243 n30.
  24. Ramsey, p 118 and p 122
  25. 25,0 25,1 25,2 25,3 Jones, W.D. «Riding with Bonnie and Clyde». Playboy. November 1968. Reprinted at Cinetropic.com.
  26. Anderson, Brian. «Reality less romantic than outlaw legend» Արխիվացված 2008-02-25 Wayback Machine. The Dallas Morning News. April 18, 2003.
  27. Barrow and Phillips, pp 56
  28. Parker, Cowan and Fortune, pp 116-117
  29. Jones’s Playboy interview, Barrow and Phillips, pp 65
  30. Phillips, p 343n20
  31. Treherne, p 123
  32. Red River Plunge of Bonnie and Clyde: Collingsworth Pioneers Park, US 83 north side of Salt Fork of the Red River: Texas marker #4218 - Texas Historical Commission
  33. Guinn, pp 191-194
  34. Ramsey, p. 150
  35. Guinn, p 211
  36. Barrow and Phillips, p 112
  37. Barrow and Phillips, pp 119-121
  38. 38,0 38,1 Vasto, Mark. «Further on up the road» Արխիվացված 2008-05-27 Wayback Machine. Platte County Landmark. Retrieved May 25, 2008.
  39. Guinn, p 220
  40. Guinn, pp 234-235.
  41. Ramsey, p 186
  42. Knight and Davis, pp 114-115
  43. Phillips, Running, p. 217.
  44. «Major Joe Crowson». The Officer Down Memorial Page. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.
  45. Webb, p 531.
  46. Burrough, p 228.
  47. Treherne, p 172
  48. Guinn, p. 252
  49. «Patrolman H. D. Murphy». The Officer Down Memorial Page. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.
  50. «Patrolman Edward Bryan Wheeler». The Officer Down Memorial Page. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.
  51. Knight and Davis, p 147
  52. FBI Famous Cases: Bonnie and Clyde
  53. Parker, Cowan and Fortune, p 174
  54. Phillips, Running, p 207
  55. Guinn, p 343
  56. Emma Parker letter. TexasHideout. Retrieved May 26, 2008.
  57. Steele, p ; Phillips, pp 209-11.
  58. Guinn, pp 354-355
  59. Knight and Davis, p 188
  60. Toland, John (1963). The Dillinger Days. New York: Random House. ISBN 0-306-80626-6 (1995 Da Capo ed.), p. 83
  61. Knight and Davis, p. 189.
  62. «Bonnie & Roy.» Bonnie and Clyde’s Texas Hideout. Retrieved May 24, 2008.
  63. Phillips, John Neal (2002). Running with Bonnie & Clyde: The Ten Fast Years of Ralph Fults. Norman, OK: University of Oklahoma Press. ISBN 0-8061-3429-1.
  64. Jones deposition, November 18, 1933. FBI file 26-4114, Section Sub A, pp. 59-62. FBI Records and Information Արխիվացված 2015-05-31 Wayback Machine.
  65. Parker, Emma Krause, Nell Barrow Cowan and Jan I. Fortune (1968). The True Story of Bonnie and Clyde. New York: New American Library. ISBN 0-8488-2154-8.
  66. Guinn, Jeff (2010 թ․ մարտի 9). «Go Down Together: The True, Untold Story of Bonnie and Clyde». Simon & Schuster. էջ 480. ASIN 1416557075. ISBN 9781471105753. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite web}}: Check |asin= value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոննի և Քլայդ» հոդվածին։