Արաբական արշավանքները Պարսկաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական արշավանքները Պարսկաստան
Իսլամական նվաճումներ

Սասանյան Պարսկաստանը 634 թվականին
Թվական Մ.թ. 633–654 թթ.[1]
Վայր Միջագետք, Կովկաս, Պարսկաստան և Խորասան
Պատճառ Արաբների իսլամացում
Պարսիկների անզիջում պայքար
Արդյունք Արաբների լիակատար հաղթանակ
Սասանյան Պարսկաստանի ոչնչացում
Հակառակորդներ
Սասանյան Պարսկաստան Ռաշիդուն խալիֆայություն
Հրամանատարներ
Հազկերտ Գ Աբու Բաքր
Ումար

Արաբական արշավանքները Պարսկաստան (Իրանի նվաճումը արաբների կողմից[2]), Սասանյան Պարսկաստանի գրավումը մուսուլման արաբների կողմից 637 թվականին և Իրանում զրադաշտականության աստիճանական անկումը։

Մուսուլմանների վերելքը համընկավ Պարսկաստանի քաղաքական և ռազմական անկման հետ։ Ժամանակին երկու գերհզոր կայսրություններ Սասանյան Պարսկաստանն ու Արևելահռոմեական կայսրությունը քսանամյա տևած քայքայիչ պատերազմի հետևանքով հյուծվել էին։ Խոսրով Բ Փարվեզի սպանությունից հետո 4 տարվա ընթացքում գահին նստել էին 10 տարբեր թեկնածուներ, իսկ վերջինը՝ Հազկերտ Գ-ն ընդամենը 8 տարեկան երեխա էր։

Արաբներն առաջին անգամ հարձակվեցին Սասանյան Պարսկաստանի վրա 633 թվականին, երբ զորավար Խալիդ իբն Վալիդը ներխուժեց Միջագետք (ներկայիս Իրաք), որը Սասանյանների քաղաքական և տնտեսական կենտրոնն էր[3]։ Սակայն Խալիդի տեղափոխումը բյուզանդական տարածք, թույլ տվեց պարսիկներին անցնել հակահարձակման և ետ բերել կորցրած տարածքները։ Երկրորդ ներխուժումը սկսվեց 636 թվականին Սաադ իբն Աբի Վաքասի գլխավորությամբ, ում օրոք արաբները տարան վճռական հաղթանակ Քադիսիյայի ճակատամարտում։ Այդ պարտության հետևանքով պարսիկները կորցրեցին Իրանից արևմուտք ընկած տարածքները. Զագրոսի լեռնաշղթան դարձավ բնական սահման նորաստեղծ արաբական Ռաշիդուն խալիֆայության և Սասանյանների միջև։ Չնայած պարսիկներն իրականացնում էին անդադար ասպատակություններ կորցրած տարածքներ, 642 թվականին խալիֆ Ումարը հրամայեց նոր արշավանք կազմակերպել Պարսկաստան։ Այն ավարտվեց 651 թվականին վերջինիս լիակատար պարտությամբ և ներառմամբ խալիֆայության կազմի մեջ։ Պարսկաստանի արագ նվաճումը, որը հնարավոր դարձավ լավ համաձայնեցված և մեծ տարածությունների ունեցող տարբեր զորաջոկատների շնորհիվ, Ումարի մեծագույն նվաճումն էր, որը բերեց նրան մեծ ռազմական և քաղաքական գործչի հեղինակություն[4]։

Իրանցի պատմաբանները, մեջբերելով արաբական աղբյուրները, պաշտպանում են իրենց նախնիներին և տեսակետ հայտնում, որ «ի հակադրություն որոշ պատմաբանների, պարսիկներն իրականում արաբների դեմ կռվել են երկար ու կատաղի»[5] Արդեն 651 թվականին Իրանի քաղաքային բնակավայրերի մեծ մասը գտնվում էր արաբների իշխանության տակ. բացառություն էին կազմում Տրանսօքսիանան և մերձկասպյան նահանգները։ Չնայած որոշ տեղերում կազմակերպված տեղային դիմադրությանը, ոչ մեկը չպսակվեց հաջողությամբ։ Արաբական տիրապետության օրոք տեղի ունեցան տարբեր ապստամբություններ, սակայն ամեն անգամ խալիֆի կողմից ուղարկված օգնական ուժերին հաջողվում էր ճնշել խռովությունները։ Օրինակ կարող է ծառայել Բուխարայի բազմաթիվ ձախողված ապստամբությունները։ Սակայն Իրանի իսլամականացումը աստիճանական գործընթաց էր։ Այդ ժամանակընթացքում տեղի ունեցան բազմաթիվ վայրագություններ, այդ թվում զրադաշտական սրբազան ձեռագրերի այրումն ու մոգերի սպանությունը[6]։ Կորցնելով քաղաքական անկախությունը, պարսիկները պահպանեցին իրենց ազգային դիմանկարը պարսկերենի և պարսկական մշակույթի շնորհիվ։ Չնայած դրան իսլամը վերջիվերջո դարձավ գերիշխող կրոն. որոշներն ընդունում էին ելնելով քաղաքական, սոցիալական, մշակութային կամ կրոնական պատճառներով, իսկ մյուսները՝ ընդամենը հավատալով իրենց ուղղված հորդորներին[7][8]։

Պատմագրություն և նորագույն ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ արևմտյան պատմաբաններն առաջին անգամ սկսեցին ուսումնասիրել արաբական արշավանքները Պարսկաստան, նրանք միայն հիմնվում էին հայազգի Սեբեոսի և հետագայում գրված արաբական աղբյուրների վրա։ Կարևորագույն աշխատանքներից էր Արթուր Քրիստենսենի 1944 թվականին Կոպենհագենում և Փարիզում լույս տեսած «L’Iran sous les Sassanides» աշխատությունը։

Սակայն վերջերս պատմաբանները սկսել են կասկածի տակ առնել նվաճման ավանդական պատմությունը։ Փարվանեհ Փուրշարիաթին 2008 թվականին լույս տեսած իր «Սասանյան կայսրության անկումն ու կործանումը. Սասանյան-պարթևական համադաշնություն և Իրանի արաբական նվաճում» (անգլ.՝ Decline and Fall of the Sasanian Empire: The Sasanian-Parthian Confederacy and the Arab Conquest of Iran) գրքում ներկայացնում է նոր մոտեցում այս իրադարձությունների ուսումնասիրման նկատմամբ։

Փուրշարիաթիի տեսության հիմքն այն է, որ ի հակադրություն ներկայումս տարածված կարծիքի, իրականում Սասանյան Պարսկաստանը բավականին ապակենտրոնացված էր և իրենից ներկայացնում էր համադաշնություն պարթևների հետ, ովքեր պահպանում էին բարձր աստիճանի անկախություն[9]։ Ըստ նրա չնայած Սասանյանների տարած հաղթանակներին Բյուզանդական կայսրության նկատմամբ, պարթևներն անսպասելիորեն դուրս եկան համադաշնությունից և հետևաբար պարսիկներն ընդունակ չէին արդյունավետ պաշտպանվել մուսուլմանների հարձակումներից[10]։ Առավել ևս հյուսիսային և արևելյան հզոր պարթևական ընտանիքները նահանջեցին իրենց հենակետերը, հրաժարվեցին կռվել Սասանյանների հետ կողք կողքի ու առանձին հաշտություն կնքեցին արաբների հետ։

Այս աշխատության մյուս կարևոր կողմը դա ավանդական ժամանակագրության հերքումն է և նորի առաջարկումը։ Ըստ Փուրշարիաթիի Միջագետքի արաբական նվաճումը տեղի է ունեցել «ոչ թե 632-634 թվականներին՝ վերջին Սասանյան արքա Հազկերտ III-ի գահ բարձրանալուց հետո (632-651), այլ 628-632 թվականներին»[11]։ Այս նշանակում է, որ արաբական նվաճումները սկսվել են հենց այն ժամանակ, երբ տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ Սասանյանների և պարթևների միջ[11]։

Սասանյան կայսրությունը մինչև նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած մ.թ.ա. 1-ին դարից Հռոմեական կայսրության (հետագայում Բյուզանդական կայսրության) և Պարթևաստանի (հետագայում Սասանյան Պարսկաստան) միջև սահմանն անցնում էր Եփրատ գետով։ Բազմաթիվ պատերազմները հիմնականում տեղի էին ունենում հյուսիսային ժայռոտ շրջաններում կամ սիրիական անապատում։ Ռազմական գործողությունները շատ դեպքերում իրենցից ներկայացնում էին ամրությունների պաշարումներ։ Երկու կայսրությունների համար հարավից եկող միակ վտանգը քոչվոր արաբների ասպատակություններն էին։ Այդ իսկ պատճառով երկու կայսրությունն էլ դաշնակցում էին փոքր կիսանկախ արաբական ցեղերի հետ, ովքեր ծառայում էին որպես պաշտպանիչ ուժ քոչվորների հարձակումներից։ Բյուզանդացիների դաշնակիցներն էին քրիստոնյա Ղասանիդները, իսկ Սասնայաններինը՝ հեթանոս Լախմիդները։ Երկու արաբական փոքր իշխանություններն էլ մշտապես պայքարում էին միմյանց դեմ, որը զբաղեցնում էր նրանց, բայց քիչ էր ազդում Բյուզանդիայի և Պարսկաստանի վրա։ 6-րդ և 7-րդ դարերում, մի շարք պատճառների հետևանքով, դարավոր հավասարակշռությունը խախտվեց։

Արաբական ենթական իշխանությունների ապստամբություն (602)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին իրանցիները, ինչպես և նրանց հաջորդները, մեծ դեր էին տալիս գրականությանն ու երաժշտությանը: Այս 7-րդ դարի ափսեի վրա պատկերված են Սասանյան շրջանի երաժիշտներ:

Չնայած Ղասանիդները քրիստոնյա էին, նրանք ընդունել էին միաբնակություն և մերժում էին կայսերական քաղկեդոնականությունը։ Իր հերթին Բյուզանդական կայսրությունը համարում էր նրանց աղանդավորներ։ Երբ բյուզանդացիները փորձեցին ճնշել միաբնակությունը, Ղասանդիդները էլ ավելի օտարվեցին կայսրությունից։ Լախմիդներն իրենց հերթին ապստամբեցին պարսից արքա Խոսրով Բ-ի դեմ։ Լախմիդների առաջին քրիստոնյա արքան փորձեց ազատվել պարսկական գերիշխանությունից, սակայն նա սպանվեց, իսկ Լախմիդների տիրույթները բռակցվեցին Պարսկաստանին։ Խոսրովի սպանությունից հետևանքով Լախմիդները դարձյալ անցան կիսաանկախ վիճակի։ Ներկայումս ընդունված է այն փաստը, որ Լախմիդների թագավորության գրավումը պարսիկների կողմից Սասանյանների անկման հիմնական պատճառներից։ Այս բացատրվում է նրանով, որ Լախմիդները, պարտություն կրելով արաբներից Հիրայի ճակատամարտում, համաձայն էին լինել մուսուլմանների լրտեսները[12]։

Բյուզանդա-սասանյան պատերազմ (612–629)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ պարսից Խոսրով Բ Փարվեզը ճնշեց Վահրամ Չոբինի ապստամբությունը, ողջ էներգիան ուղղեց իրեն օգնություն ցուցաբերած բյուզանդացիների դեմ։ Առաջին տասնամյակի ընթացքում նա հասավ չտեսնված հաջողությունների. պարսիկները գրեթե վերականգնել էին Աքեմենյան կայսրությունը (մ.թ.ա. 550–330 թվականներ)։

Սակայն Բյուզանդական կայսրությունը Հերակլիոս կայսեր ղեկավարությամբ 622 թվականին հասցրեց պատասխան հարված և 627 թվականի Նինվեի ճակատամարտում բյուզանդական զորքը ջարդեց Սասանյաններին։ Դրանից հետո Հերակլիոսն ընդհուպ մոտեցավ Սասանյանների մայրաքաղաք Տիզբոնին։ 629 թվականին Խոսրովի զորավարներից Շահրբարազը համաձայնվեց ետպատերազմյան սահմանների վերականգնմանը։

Խոսրով Բ-ի սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով Բ Փարվեզն ընդունում է պարտությունը:

Պարտության հետևանքով Խոսրով Բ Փարվեզը 628 թվականին գահազրկվեց և սպանվեց։ Նրանից հետո 628-632 թվականների միջև ընկած ժամանակահատվածում գահը զբաղեցրին 10 թագավոր և թագուհի։ Նրանցից վերջինը՝ Հազկերտ Գ-ն, Խոսրովի թոռն էր, սակայն գահ բարձրանալու ժամանակ ընդամենը 8 տարեկան էր[13]։

Մուհամմադի կյանքի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ իսլամական ավանդության 628 թվականին Մուհամմադն ուղարկեց բազմաթիվ նամակներ իշխաններին, արքաներին և ցեղապետերին՝ կոչ անելով ընդունել իսլամ։ Ավանդությունը փաստում է, որ նամակները տեղ հասցվեցին Պարսկաստան, Բյուզանդական կայսրություն, Եթովպիա, Եմեն և Հիրա (Իրաք) նույն օրը[14]։ Այս ամենը, սակայն կասկածվում է ներկայիս պատմաբանների կողմից[15]։ Հատկապես այն փաստը, որ Խոսրովը կարող էր նամակ ստանալ Մուհամմադից շատ քիչ հավանական է. պարսկական արարողակարգերը չափազանց բարդ էին և դժվար թե այն ժամանակ փոքր տարածքային ուժի առաջնորդի նամակը փոխանցվեր շահնշահին[16]։

Գրեթ բոլոր ավանդությունները փաստում են, որ Խոսրովը կատաղած ոչնչացնում է նամակը. միակ տարբերությունը այն է, թե ինչպես է նա այն ոչնչացնում[17]։

Խալիֆայության վերելքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադը մահացավ 632 թվականի հուլիսին և խալիֆի պաշտոնը զբաղեցրեց Աբու Բաքրը։ Այս ընթացքում մի շարք արաբական ցեղեր ապստամբեցին և խալիֆը մինչև 633 թվականի մարտը զբաղված էր խռովությունների ճնշմամբ։ 633 թվականին ողջ Արաբական թերակղզին գտնվում էր նրա տիրապետության տակ։

Դժվար է ասել, թե արդյոք Աբու Բաքրը նպատակդրվել էր ստեղծել կայսրություն, սակայն նա իր որոշումներով և գործողություններով սկիզբ տվեց աշխարհի ամենամեծ պետություններից մեկին[18]։ Առաջին հակամարտությունը տեղի ունեցավ Սասանյանների հետ։ Այստեղ արաբական զորքի հրամանատարն էր Խալիդ իբն ալ-Վալիդը։

Առաջին ներխուժումը Միջագետք (633)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիդի արշավանքները Միջագետքում:

Առաջինը հարձակվեցին թերակղզու հյուսիս արևելքում բնակվող արաբական ցեղերը, ովքեր ասպատակեցին Սասանյանների տիրույթ Միջագետքը։ Շուտով Աբու Բաքրն իրեն այնքան հզոր համարեց, որ հարձակում գործեց հյուսիս-արևելքում Սասանյանների, իսկ հյուսիս-արևմուտքում Բյուզանդական կայսրության վրա։ Այս ուներ 3 պատճառ. 1.Նոր իսլամացած արաբների և երկու կայսրությունների միջև բնակվում էին բազմաթիվ այլադավան արաբական քոչվորներ և Աբու Բաքրը հույս ուներ, որ նրանք կօգնեն տարածել իսլամը, 2. Պարսիկներն ու հռոմեացիները ստիպված էին վճարել ծանր հարկեր և խալիֆը հույս ուներ, որ ավելի թեթև հարկային քաղաքականությունը կդրդի նրանց ընդունել իրեն, 3. Լինելով երկու գերպետությունների կողքին, չէր կարելի անգործ մնալ, քանի որ միշտ էլ կար նրանցից եկող մեծ վտանգ. Աբու Բաքրը հույս ուներ միաժամանակ հարձակումով ազատել իրեն այդ վտանգից[19]։ Ասպատակությունների շնորհիվ կամաց-կամաց հավաքվեց մեծ քանակությամբ ավար։ Արաբներն օգտվում էին իրենց հեծելազորի թեթևությունից և, արագ թալանելով, միանգամից ետ էին վերադառնում անապատ, քանի որ շատ լավ գիտեին, որ պարսիկներն իրենց այնտեղ չեն հետապնդի։ Այս հաջողությունները համոզեցին Աբու Բաքրին, որ եկել էր նորաստեղծ խալիֆայության սահմանների մեծացման ժամանակը[20]։

Հաջողությունն ապահովելու համար Աբու Բաքրը հայտարարեց, որ Պարսկաստան արշավող զորքը կկազմվի միայն կամավորներից և, որ այն կղեկավարվի լավագույն մուսուլման զորավարի՝ Խալիդ իբն ալ-Վալիդի կողմից։ Աբու Բաքրը հրամայեց սահմանային գոտու արաբական ցեղերին ենթարկվել Խալիդի հրամաններին, իսկ վերջինիս առջև դրեց Ալ-Հիրան գրավելու նպատակ։ 633 թվականի մարտի երրորդ շաբաթվա ընթացքում Խալիդը 10,000 զորքով սկսեց արշավանքը[20]։ Նրանց նաև միացան 8,000 արաբական քոչվորներ, այդպիսով հասցնելով զորքի քանակը 18,000-ի։

Միջագետքում Խալիդը մինչև 633 թվականի մայիսը տոնեց 4 անընդմեջ հաղթանակներ։ Պարսկական արքունիքը գցվեց քաոսային իրավիճակի մեջ։ Մայիսի վերջին շաբաթը մուսուլման արաբների համար նշանավորվեց Հիրա կարևոր քաղաքի պաշարմամբ և գրավմամբ։ Մեկ ամիս տևած հանգստից հետո, հուլիսին, Խալիդը պաշարեց Ալ Անբար քաղաքը։ Պաշարումը տևեց մի քանի շաբաթ և հուլիսին ընկավ արաբների ձեռքը։ Այնուհետև Խալիդը շարժվեց հարավ և, տանելով ևս մեկ հաղթանակ, գրավեց Այն ուլ Թամր քաղաքը։ Այդ պահին Իրաքի մի մասն արդեն մուսուլմանների ձեռքում էր։

Շուտով Խալիդը վերադարձավ Արաբիա և ջախջախեց ապստամբ արաբական ցեղերին։ Երբ նա վերադարձավ օգոստոսին, պարզվեց, որ պարսիկները մեծ զորք են հավաքում։ Նա որոշեց ճակատամարտ տալ առանձին ջոկատների, քանի դեռ նրանք իրար չեն միացել։ Սասանյաններն ունեին 4 ջոկատ, որոնք կազմված էին պարսիկներից և քրիստոնյա արաբներից։ Խալիդը մշակեց հանճարեղ ծրագիր. նա բաժանեց զորքը 3 մասի և հարձակվեց պարսիկների վրա գիշերը երեք կողմից։ Պարսկական ողջ զորքը ոչնչացվեց և մայրաքաղաք Տիզբոնը մնաց անպաշտպան։ Սակայն Խալիդը նախ որոշեց ոչնչացնել հարավում և արևմուտքում մնացած բոլոր պարսկական ուժերը։ Նա արշավեց սահմանային Ֆիրազ քաղաք, որտեղ նա հաղթանակ տոնեց Սասանյանների, բյուզանդացիների և քրիստոնյա արաբների միացյալ ուժերի նկատմամբ։ Այս Միջագետքի նվաճման նրա վերջին ճակատամարտն էր։ Երբ Խալիդը պատրաստվում էր հարձակվել Տիզբոնի մոտակայքում գտնվող Քադիսիա բերդի վրա, խալիֆը հրամայեց նրան անցնել Բյուզանդական կայսրություն և սկսել Սիրիայի նվաճումը[21]։

Երկրորդ ներխուժումը Միջագետք (636)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Բաքրի կտակի համաձայն, նրա հաջորդ խալիֆ Ումարը պետք է շարունակեր Միջագետքի և Սիրիայի գրավումը։ Սակայն Միջագետքում իրավիճակը գնալով վատթարանում էր։ Աբու Բաքրի օրոք Խալիդն իր 9000-անոց զորքի կիսով չափ սկսում է արշավել Սիրիա։ Սակայն նրա հեռացումից անմիջապես հետո պարսիկներն անցան հակահարձակման։ Արաբները ստիպված թողեցին գրաված տարածքներն ու անցան սահմանների պաշտպանությանը։ Ումարը միանգամից օգնական ուժեր ուղարկեց[4], սակայն դրանք ջախջախվեցին Կամրջի ճակատամարտում։ Պարսիկները չկարողացան զարգացնել հաջողությունները և պարտություն կրեցին Բուվայբի ճակատամարտում։ 635 թվականին Հազկերտ Սասանյանը դաշինք կնքեց բյուզանդական կայսր Հերակլիոսի հետ։ Վերջինիս աղջիկն ամուսնացավ Հազկերտի հետ։ Քանի դեռ Հերակլիոսը պատրաստվում էր խոշոր արշավանք կազմակերպել Լևանտ, Հազկերտը հրամայեց մեծ զորք հավաքել, որպեսզի դուրս մղի արաբներին Միջագետքից։ Երկու միապետերը պետք է միաժամանակ արշավեին մուսուլման արաբների դեմ և վերջնականապես հաղթեին նրանց։

Քադիսիայի ճակատամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական (կարմիրով) և պարսկական (կապույտով) բանակների տեղաբաշխումը Քադիսիայի ճակատամարտում:

Խալիֆ Ումարը հրամայեց արաբական զորքերին նահանջել սահմանային շրջաններ. նա նպատակադրվել էր նոր զորք կազմել և դարձյալ արշավել Միջագետք։ Ումարը ցանկանում էր անձամբ ղեկավարել զորքը, սակայն խալիֆին կից խորհուրդը դեմ դուրս եկավ այդ գաղափարին։ Խալիֆը Միջագետքում գտնվող զորքերի գերագույն հրամանատար նշանակեց Սաադ իբն Աբի Վաքասին։ Վերջինս 636 թվականի հունիսին ժամանեց Քադիսիա։

Բյուզանդացիները սկսեցին իրենց հարձակումը 636 թվականի մայիսին, սակայն Հազկերտին չհաջողվեց ժամանակին հավաքել զորքը և օգնություն ցույց տալ իր դաշնակիցներին։ Ումարը, իմանալով այդ դաշինքի մասին, օգտվեց այդ ձախողումից։ Նա միանգամից ուղղեց ուժերի մեծ մասը Բյուզանդական կայսրության դեմ Յարմուք գետի ափին։ Միաժամանակ խալիֆն առաջարկեց Հազկերտին իսլամ ընդունել և հաշտություն կնքել։ Հերակլիոս կայսրը հրամայել էի բյուզանդական զորքերի գերագույն հրամանատար հայազգի Վահանին չհարձակվել արաբների վրա, քանի դեռ նա չէր ստացել այդպիսի հրաման անձամբ կայսրից։ Սակայն 636 թվականի օգոստոսին Վահանը հարձակվեց և պարտություն կրեց[22]։

Չնայած Բյուզանդական կայսրությունը պարտություն կրեց, Սասանյան Պարսկաստանը դեռևս մնում էր ահռելի վտանգավոր հակառակորդ։ Սասանյանները հավաքել էին հսկայական բանակ իրենց կայսրության տարբեր անկյուններից, իսկ զորքը ղեկավարում էին պարսից լավագույն հրամանատարները։ Բերվել էին նաև ռազմական փղեր։ Սակայն երեք ամսվա ընթացքում պարսկական ողջ բանակը ջախջախվեց Քադիսիայի ճակատամարտում, որով ավարտվեց Սասանյանների գերիշխանությունը Պարսկաստանից արևմուտք[23]։ Այս հաղթանակը համարվում է իսլամի աճման վճռական կետերից մեկը, որի շնորհիվ արաբները գրավեցին ողջ Միջագետքը։ Պարսից մայրաքաղաք Տիզբոնն ընկավ 3 ամսյա պաշարումից հետո 637 թվականի մարտին։

Միջագետքի նվաճումը (636–638)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիզբոնի գրավումից հետո միանգամից մի քանի ջոկատ ուղարկվեց Բյուզանդական կայսրության հետ սահմանակցող Քարքիսիա և Հիթ բերդերի գրավման համար։ Պարսկական բանակի որոշ մնացորդներ ակտիվ էին Տիզբոնից հյուսիս-արևելք և Տիգրիսից հյուսիս Տիկրիտում ու Մոսուլում։

Տիզբոնից նահանջելով, պարսկական բանակը համախմբվեց Տիզբոնի մոտակայքում գտնվող Ջալուլա բերդի մոտ։ Վերջինս ուներ մեծ ռազմավարական նշանակություն, քանի որ այնտեղից ճանապարհները տանում էին Միջագետք, Խորասան և Ատրպատական։ Պարսկական ուժերը ղեկավարում էր զորավար Միհրանը, ում տեղակալներն էր Քադիսիայում պարսից զորքերի հրամանատար Ռոստամի եղբայր զորավար Ֆառուխզադը։ Ումարը սկզբից որոշեց պարտության մատնել այս զորքը, ապա արշավել Տիկրիտ ու Մոսուլ։ 637 թվականի ապրիլին արաբական 12,000 զորքը պարտության մատնեց պարսիկներին Ջալուլա բերդի մերձակայքում։ Այնուհետև մուսուլմանները 7 ամիս պաշարեցին և գրավեցին Ջալուլան։ Դրանից հետո կատաղի դիմադրությունից հետո ընկավ նաև Տիկրիտը։ Մոսուլն հանձնվեց և ինքնակամ ընդունեց իսլամական գերիշխանությունը։ Ջալուլայի և Մոսուլ-Տիկրիտ շրջանի գրավմամբ ողջ Միջագետքը արաբների ձեռքում էր։

Ջալուլայում ջախջախված պարսկական զորքը զորավար Միհրանի գլխավորությամբ ապաստանել էր Խանիքեն քաղաքի մերձակայքում։ Արաբները սկսեցին նրանց հետապնդել և ջախջախեցին պարսիկներին Խանիքենի ճակատամարտում։ Պարսիկները նահանջեցին Հուլվան։ Արաբները պաշարեցին և 636 թվականի հունվարին գրավեցին քաղաքը[24]։ Արաբ հրամանատարը խալիֆին խնդրեց թույլ տալ արշավել Պարսկաստանի խորքերը, սակայն Ումարը մերժեց նրա խնդրանքը և նրան գրեց բավական հետաքրքիր մի նամակ.

"Ես երազում եմ, որպեսզի Սուվադի և պարսկական բլուրների միջև պատեր լինեին, որոնք չէին թողնի մեզ հասնել նրանց և նրանց հասնել մեզ[25]։ Սուվադի բերրի հողերը հերիք են մեզ, և ես ավելի շատ ցանկանում եմ մուսուլմանների անվտավգությամբ ապահովել, քան թե ռազմական ավար հավաքել:"

Պարսիկների ասպատակությունները Միջագետք (638–641)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևավոր սֆինքս Դարեհ Մեծի պալատում, Շոշա. այս գրավվեց արաբների կողմից 641 թվականին:

638 թվականի փետրվարին վրա հասավ ռազմական գործողությունների դադարեցում։ Միջագետքը գտնվում էր մուսուլմանների լիակատար վերահսկողության տակ։ Պարսիկները նահանջել էին Զագրոսի լեռնաշղթայից արևելք։ Սակայն պարսիկները չէին կորցրել Միջագետքը ետ նվաճելու հույսերը և շարունակում էին ասպատակել քաղաքականապես անկայուն տարածաշրջանը։ Սկզբնական շրջանում թվում էր թե Զագրոսի լեռնաշղթան կդառնա երկու պետությունների միջև նոր սահման։ 638 թվականին Պարսկաստանի յոթ մեծ իշխաններից զորավար Հորմուզանը ուժեղացրեց հարձակումները Միջագետքի վրա։ Ումարը հրամայեց կանգնեցնել նրան և շուտով Հոմուզանը ստիպված հաշտություն կնքեց արաբների հետ ու համաձայնվեց դառնալ նրանց վասալը։ Սակայն Հորմուզանը խախտեց պայմանագիրը և ապստամբեց։ Վերջինս դարձյալ պարտվեց և նորից դարձավ պարսիկների վասալը։ 640 թվականի վերջում Հազկերտն ուղարկեց օգնական ուժեր և Հորմուզը ևս մեկ անգամ արշավեց արաբների դեմ։ Տուստար բնակավայրի մոտակայքում Հորմուզանը պարտվեց, գերի ընկավ և ուղարկվեց Մեդինա։ Այնտեղ նա ընդունեց իսլամ և դարձավ խալիֆի խորհրդականը։ Համարվում է, որ նա էր կանգնած 644 թվականի Ումարի սպանության ետևում։ 641 թվականի հունվարին, մի քանի ամսվա պաշարումից հետո, արաբները գրավեցին Շոշան։ Այնուհետև մի քանի շաբաթվա պաշարման հետևանքով հանձնվեց Խուզիստանի վերջին ռազմական հենակետը[26]։

Նահավանդի ճակատամարտը (642)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուզիստանի գրավումից հետո Ումարը ցանկանում էր խաղաղություն։ Չնայած Սասանյան Պարսկաստանը բավականաչափ թուլացել էր, արաբների մտքում այն դեռևս մնում էր ահարկու գերուժ։ Խալիֆը չէր ցանկանում անիմաստ պատերազմել պարսիկների հետ։ Նա ցանկանում էր Իրանի մնացած մասը թողնել պարսիկներին։ Ումարի խոսքերից է.

Ես երազում եմ, որպեսզի մեր և իրանցիների միջև կրակե պատնեշ լիներ, որպեսզի ոչ նրանք հասնեին մեզ, ոչ էլ մենք նրանց[27]։

Սակայն պարսիկներն այլ ձևով էին մտածում։ Կայսերական պարսիկների հպարտությանը հարված էր հասցվել արաբների կողմից և նրանք չէին կարող թույլ տալ իրենց հողերի զբաղեցումը[28]։

Սասանյան զինվորի սաղավարտ

637 թվականի Ջալուլայի ճակատամարտում կրած պարտության հետևանքով, Հազկերտն անցվավ Ռեյ, ապա նոր մայրաքաղաք՝ Մերվ, որտեղից հրամաններ սկսեց տալ իր զորավարներին անընդհատ ասպատակելու Միջագետքը։ Շահնշահը կոչով դիմեց ժողովրդին և նրան արձագանքեցին բազմաթիվ մարդիկ ողջ կայսրության տարածքից՝ սկսած տարիներ շարունակ ծառայած վետերաններից և վերջացրած նորակոչիկներով։ Բոլորը հավաքվեցին Նահավանդի մոտ տալու վերջին և ճակատագրական ճակատամարտը։ 100,000 անոց պարսկական զորքը դրվեց Մարդան Շահի հրամանատարության տակ։

Ումարը տեղեկացավ զորքերի կենտրոնացման մասին և ստիպված զորք ուղարկեց նրանց դեմ[29]։ Խալիֆը հասկացավ, որ քանի դեռ պարսիկներն ունեն պետականություն, նրանք մշտապես կփորձեն ետ գրավել կորցրած տարածքները։ Մի քանի արաբական զորքերի հրամայվեց հավաքվել Նահավանդի մոտ։ Չնայած Ումարը դարձյալ ցանկացավ անձամբ ղեկավարել զորքը, նրան խորհուրդ տվեցին մնալ Մեդինայում և զորքերի հրամանատար նշանակել որևէ փորձառու զորավարի։ 642 թվականի դեկտեմբերին պարսիկները ջախջախվեցին Նահավանդի ճակատամարտում։ Դրանից հետո արաբները հեշտությամբ գրավեցին Համադանը[27]։

Պարսկաստանի նվաճումը (642–651)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի անց Ումարն ընդունեց նոր, հարձակվողական ռազմավարություն[30] և պատրաստվեց ավարտին հասցնել Սասանյան Պարսկաստանի նվաճումը։ Նիհավանդի ճակատամարտը իսլամի պատմության ամենավճռական հաղթանակներից էր[31]։ Ճակատամարտը Պարսկաստանի նվաճման բանալին էր։ Պարտությունից հետո Հազկերտը շրջում էր երկրով մեկ և փորձում էր նոր զորք հավաքել։ Սակայն դա նրան չհաջողվեց։ Ումարը փորձելու էր բռնել կամ սպանել Հազկերտին։

Պարսկաստանի գրավման ռազմավարության մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ումարը որոշեց օգտվել Նահավանդի ճակատամարտում տարած հաղթանակից և միանգամից հարձակվել պարսիկների վրա։ Սակայն նա պետք է որոշեր, թե որ շրջանը սկզբից պետք է նվաճվեր՝ Ֆարսը հարավում, Ատրպատականը հյուսիսում, թե Սպահանը կենտրոնում։ Ումարն ընտրեց Սպահանը, քանզի այն Պարսկական կայսրության սրտում էր և այդտեղով էին անցնում Սասանյանների ռազմական հենակետերի միջև անցնող հաղորդակցության գծերը։ Այսինքն Սպահանի գրավումը կկտրեր Ատրպատականն ու Ֆարսը մնացած տարածքներից։ Սպահանից հետո, միաժամանակ հարձակում պետք է գործվեր Ատրպատականի և ամենաարևելյան նահանգի՝ Սիստանի վրա[31]։ Այդ տարածքների գրավումը կթողներ Խորասանը՝ Հազկերտի իշխանության կենտրոնը, մեկուսացված և անպաշտպան։ Վերջին փուլում պետք է նվաճվեր Խորասանը և այդպիսով ավարտին հասցվեր Սասանյան Պարսկաստանի գրավումը։

Ծրագիրը մշակվեց և պատրաստություններն ավարտվեցին 642 թվականին։ Հաջողությունը կախված էր նրանից, թե արդյոք ինչպես կհամաձայնեցներ իր հրամանատարների արշավանքը սահմանից 1000 մղոն հեռու գտնվող խալիֆ Ումարը։ Ումարը նշանակեց իր լավագույն հրամանատարներին, որպեսզի ծնկի բերի իր հզորագույն հակառակորդին՝ Հազկերտին։ Այս անգամ ի տարբերություն նախկինում տիրող սովորության, մեկ ընդհանուր հրամանատարի փոխարեն, Ումարը նշանակեց մի քանի առանձին հրամանատարների։ Արշավանքի ավարտին զորավարը դառնալու էր սովորական զինվոր և ենթարկվելու էր մյուս արշավանքի ղեկավարին։ Այս ծրագրի նպատակն էր հիշեցնելու հրամանատարներին, որ նրանք նույնպես սովորական զինվորներ են. հրամանատարությունը տրվում է միայն ամենաարժանավորին և նպատակին հասնելուց հետո զորավարը դարձյալ վերադառնում է նախկին վիճակի։

638 թվականին խալիֆը պաշտոնազրկել էր Խալիդին, ով չհանդիմանեց այդ որոշմանը։ Սակայն 642 թվականին Պարսկաստան արշավելուց առաջ, Ումարը, ցանկանալով բարձրացնել բանակի ռազմական ոգին, ետ բերեց Խալիդին[31]։ Խալիդի հեղինակությունը, որպես Արևելյան Հռոմեական կայսրության նահանգների նվաճող, սարսափի մատնեց բազմաթիվ պարսիկ զորավարների. նրանցից շատերն արդեն պարտվել էին Խալիդին 633 թվականին Միջագետքում։

խալիֆը ցանկանում էր արշավանքի սկզբում տանել վճռական հաղթանակ, որը կբարձրացներ իր և կթուլացներ պարսիկների զորքի տոկոնությունը։ Սակայն մինչև Խալիդը կհասներ զորքին, նա մահացավ։ Պարսկաստանի արշավանքներում Ումարը նույնիսկ նշանակում էր բանակի եզրերի, կենտրոնի և հեծելազորի հրամանատարներին։ Խալիֆը հրամայել էր հրամանատարներին առանց իր հետ խորհրդակցելու ոչ մի կարևոր քայլ չկատարել։ Ումարը ցանկանում էր ստանալ տեղանքի, բերդերի, կայազորների մասին մանրակրկիտ նկարագրություն։ Այնուհետև նա կուղարկեր տվյալ տարածքի գրավման ծրագիր։ Հրամանատարներին թողնվում էին միայն իրավիճակից կախված մարտավարական խնդրիների լուծումը[32]։ Ումարը փորձել էր ընտրել հնարավորինս հեղինակավոր և փորձառու զորավարների[31][33]։

Կենտրոնական Պարսկաստանի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիկկուրատ Խուզիստանում:

642 թվականի սկզբին ամեն ինչ պատրաստ էր։ Սպահանը գրավելու հրամանատար էր նշանակված Աբդուլլահ իբն Ութմանը։ Սկզբից նա գրավեց Համադանը, ապա արշավեց 230 մղոն հարավ արևելք ջախջախեց պարսիկներին և սպանեց մի շարք բարձրաստիճան պարսիկ զորավարների[34]։ Հաղթանակից հետո արաբները պաշարեցին Սպահանը, որտեղ նրանց միացան նոր ուժեր[35]։ Պաշարումը տևեց մի քանի ամիս և ավարտվեց քաղաքի գրավմամբ։

651 թվականին արաբներն արշավեցին ևս 200 մղոն և հասան ու պաշարեցին Ռեյ քաղաքը։ Վերջինս հանձնվեց միայն կատաղի դիմադրությունից հետո։ Շուտով նրանք արշավեցին ևս 150 մղոն և առանց լուրջ դիմադրության գրավեցին Քոմը. այստեղ ավարտվում էր Սպահանի շրջանը և սկսվում Խորասանն ու Սիստանը։ Սակայն միևնույն ժամանակ Համադանն ու Ռեյը ապստամբել էին։ Նրանց դեմ ուղարկված մուսուլմանական զորքը արյունալի ճակատամարտում կարողացավ հաղթել ապստամբներին և վերանվաճել այդ տարածքները[36]։ Շուտով արաբները շարժվեցին Կասպից ծովի հարավում գտնվող Թաբարիստան[36]։ Թաբարիստանի կառավարիչը համաձայնվեց հաշտություն կնքել խալֆայության հետ։

Հարավային Պարսկաստանի (Ֆարս) նվաճումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպահանը գրավելով, մուսուլման արաբները միաժամանակ սկսեցին Ֆարսի և Թաբարիստանի նվաճումը։ Առաջինը Ֆարս ներխուժեց Մայաա իբն Մասուդը։ Նրա նպատակն էր Սաբուրը։ Թավվա քաղաքի մոտակայքում պարսկական զորքը փորձեց կանգնեցնել արաբների առաջխաղացումը, սակայն ջախջախվեց։ Շուտով արաբները հասան Սաբուր, որը բավականին լավ պաշտպանված քաղաք էր[37]։ Պաշարումը շարունակվեց մի քանի շաբաթ, որից հետո քաղաքը հանձնվեց։ Քաղաքի գրավմամբ Մասուդի արշավանքն ավարտվեց։ Նրանց միացան օգնական ուժեր նոր հրամանատար Ութմանի գլխավորությամբ։ Վերջինիս առջև դրվել էր հին պարսկական Պերսեպոլիս քաղաքի գրավման առաջադրանքը։ Թավվայից Ութմանը շարժվեց Շիրազ, որը հանձնվեց առանց կռվի։ Մի քանի շաբաթ տևած պաշարումից հետո հանձնվեց նաև Պերսեպոլիսը։ Այստեղ դարձյալ տեղի ունեցավ հրամանատարների փոփոխություն։ Ֆարսի արևելյան Ֆասա և Դարաբ շրջանների գրավումը դարձավ Սարիյահ իբն Զունայմի առաջադրանքը։ 642 թվականի վերջում ողջ Ֆարսը գնտվում էր արաբների ձեռքում։ Ֆարսից արևելք գտնվում էր Կերմանն ու Սիստանը։ Նոր արշավանք սկսվեց, որի նպատակներն էին Ատրպատականի, Սիստանի, Բելոջիստանի և Կերմանի միաժամանակյա գրավումը։

Հարավարևելյան Պարսկաստանի նվաճումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերմանում գտնված սասանյան շրջանի ձիու գլուխ:

643 թվականին արաբներն արշավեցին Կերմանը։ Ճակատամարտում պարտություն կրած պարսիկները հանձնվեցին։ Կերմանից արևելք գտնվում էր Մակրանը, որը գտնվում է ներկայիս Պակիստանի արևմուտքում։ Սասանյանների վասալ տեղական ռաջան Սինդհից Բելոջիստան ընկած տարածքից հավաքեց մեծ զորք, որը նպատակ ուներ կանգնեցնելու արաբներին։ Արաբները կենտրոնացրին մի քանի զորաջոկատ և միասին հաղթեցին թշնամուն։ Ռաջան ստիպված նահանջեց Ինդոս գետից արևելք՝ Սինդհ[38]։ Խալիֆ Ումարը գիտենալով, որ Սինդհն աղքատ և քիչ բերրի տարածք էր, մերժեց Ինդոս գետն անցնելու իր զորավարի առաջարկը[36]։ Ումարը որոշեց, որ տվյալ պահին իր տերության արևելյան սահմանը կլինի Ինդոս գետը։ Արշավանքն ավարտվեց 644 թվականի կեսերին[33]։

Արևելյան Պարսկաստանի նվաճումը (Սիստան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիստանը համարվում է Սասանյան Պարսկաստանի ամենախոշոր նահանգը։ Հարավում այն սահմանակից էր Կերմանի, իսկ հյուսիսում՝ Խորասանի հետ։ Այն ընդգրկում էր տարածքներ ներկայիս Պակիստանից և Աֆղաստանից։ Սիստանի նվաճումը վստահվել էր փորձառու հրամանատար Ասիմ իբն Ամրին, ով մասնակցել էր Քադիսիայի և Նիհավանդի ճակամարտերին։ Ասիմը մուտք գործեց Ֆարս, հավաքեց այնտեղի արաբական զորքերն ու շարժվեց Սիստան։ Առանց ցույց տալու որևէ դիմադրություն, քաղաքներն ուղղակի հանձնվում էին նրան։ Շուտով Ասիմը հասավ ներկայիս հարավարևելյան Աֆղանստանում գտնվող Զարանջ քաղաքը։ Այն նահանգի կենտրոնն էր։ Քաղաքի պաշարումը տևեց մի քանի ամսիիս։ Պարսիկները փորձեցին ճեղքել պաշարումը, սակայն քաղաքից դուրս պարտություն կրեցին։ Զարանջի հանձնվելուն պես, ողջ Սիստանն ընկավ մուսուլմանների տիրապետության տակ։ Սիստանից արևելք գտնվում էր Սինդհը։ Քանի որ խալիֆը հրամայել էր Պարսկական կայսրությունից արևելք չարշավել, արաբական զորքերը մնացին նոր գրաված տարածքներում[39]։

Ատրպատականի և Աղվանքի գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերբենդի սասանյան բերդը, որն ընկավ արաբների ձեռքը 643 թվականին:

Ատրպատականի գրավումը սկսվեց 651 թվականին[40]։ Այն մաս էր կազմում Պարսկաստանից հյուսիս, հարավ և արևելք միաժամանակ արշավանքի։ Ումարի հիանալի ծրագրված արշավանքը հեշտությամբ գրավեց այն ինչ մնացել էր Սասանյանների կայսրությունից։ Արաբները նախ արշավեցին հյուսիսում պարսիկների հենակետ Զանջան։ Պարսիկները փորձեցին կանգնեցնել արաբներին քաղաքի մատույցներում, սակայն ջախջախվեցին։ Քաղաքը հանձնվեց, որի հետևանքով բնակիչները խնայվեցին[41]։ Զանջանից արաբները շարժվեցին Արդեբիլ, որն ինքնակամ ընդունեց արաբների գերիշխանությունը։ Այնուհետև մուսուլմաններն անցան Կասպից ծովի արևմտյան ափով և գրավեցին Բաբ-ալ-Աբվաբը[33]։ Այս պահին տեղի ունեցավ հրամանատարների փոփոխություն. զորքի մի մասը ղեկավարելու էր Բուքայր իբն Աբդուլլահը, իսկ մյուսը՝ Ութբա իբն Ֆարքադը։ Նրանց նպատակն էր գրավել Աղվանքը։ Բուքայրը շարժվելու էր հյուսիս Կասպից ծովի երկայնքով, իսկ Ութբան մուտք էր գործելու Աղվանքի խորքերը։ Բուքայրի դեմ դուրս եկավ զորավար Ֆառուխզադի տղա Իսֆանդիյարի կողմից ղեկավարվող մեծ զորքը, որը սակայն պարտվեց։ Իսֆանդիյարը համաձայնվեց արաբներին հանձնել իր տիրույթները։ Նա նաև սկսեց հորդորել ուրիշներին ևս հանձնվել[36]։ Այնուհետև Ութբան հաղթեց Իսֆանդիյարի եղբորը՝ Բահրամին։ Նա նույնպես հաշտություն կնքեց արաբների հետ։ 651 թվականի վերջում Աղվանքի մնացած հատվածները ևս հանձնվեցին։

Արշավանքները Հայաստան և Վրաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսին ընկավ արաբների ձեռքը 644 թվականին:

Դեռևս 638-39 թվականներին արաբները սկսեցին ասպատակել Բյուզանդական Հայաստանը։ Սակայն Պարսկահայաստանը դեռևս նվաճված չէր։ Այն Խորասանի հետ կազմում էր Սասանյան Պարսկաստանի վերջին չնվաճված տարածքը։ Ումարը որոշել էր կանգ չառնել և ավարտին հասցնել ողջ կայսրության ծնկի իջեցումը։ Նրա հաղթանակների գլխավոր գաղտնիքն այն էր, որ նա երբեք չէր թերագնահատում պարսիկներին։ 643 թվականի վերջում արաբները ներխուժեցին Խորասան և Հայաստան։ Բուքայրի առջև դրվեց նպատակ գրավել Թիֆլիսը։ Նա շարժվեց Աղվանքից Վրաստան, սակայն այնտեղ նրան հասավ նոր հրաման, ըստ որի բանակը կիսվելու էր երեք մասին. առաջինի նպատակը Թիֆլիսի գրավումն էր, երկրորդինը՝ հասնել Կովկասյան լեռնաշղթա, իսկ երրորդինը՝ շարժվել հարավում գտնվող լեռներ։ Շուտով Թիֆլիսն ընկավ և արաբները հասան Սև ծովի արևելյան ափ։ Մյուս ջոկատը կարողացավ արաբական տիրապետության տակ գցել կովկասյան ցեղերին։ Սրա շնորհիվ Կովկասյան լեռնաշղթային հարող տարածքներն անցան արաբներին[42]։ Չնայած արաբներին հաջողվեց ասպատակել Հայաստանի որոշ շրջաններ, 644 թվականի նոյեմբերին Ումարի մահից հետո, արշավանքները ժամանակավորապես դադարեցվեցին։ Շուտով հանդիպելով հայերի ուժեղ դիմադրությանը, որին գումարվեց Թեոդորոս Ռշտունու խելամիտ դիվանագիտությունն ու արաբների՝ Բյուզանդիա արշավելու դեպքում, ապահով թիկունք ունենալու ցանկությունը, Հայաստանը ստացավ արաբական խալիֆայության դաշնակցի կոչում, որպիսին չուներ ոչ մի այլ պետություն։ Հայաստանը կընկնի արաբական ուղիղ տիրապետության տակ միայն 701 թվականին։

Խորասանի գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորասանի պատմական տարածքը:

Խորասանը Սասանյանների մեծությամբ երկրորդ նահանգն էր։ Այն ձգվում էր ներկայիս հյուսիսարևելյան Իրանից մինչև հարավային Թուքմենիստան։ Նահանգի մայրաքաղաքն էր ներկայիս հյուսիսային Աֆղանստանում գտնվող Բալխը։ 651 թվականին Խորասանը գրավելու առաջադրանքը տրվեց Ահնաֆ իբն Քայիսին[33]։ Ահնաֆն արագորեն դուրս եկավ Կուֆայից և հասավ Նիշապուր, որը հանձվեց առանց դիմադրության։ Նիշապուրից արաբները շարժվեցին Հերաթ, որը գտնվում է ներկայիս արևմտյան Աֆղանստանում։ Հերաթը լավ պաշտպանված քաղաք էր և վերջինիս պաշարումն ու գրավումը տևեց մի քանի ամիս։ Հերաթի գրավմամբ Խորասանի հարավն ընկավ արաբների ձեռքը։ Հերաթից Ահնաֆը շարժվեց Մերվ (ներկայիս Թուրքմենիստանում)[43]։ Մերվում էր գտնվում Հազկերտը։ Իմանալով արաբական առաջխաղացման մասին, Հազկերտը նահանջեց Բալխ։ Մերվը հանձվեց առանց որևէ դիմադրության։ Ահնաֆը մնաց որոշ ժամանակ Մերվում, որտեղ նա սպասում էր լրացուցիչ ուժերի ժամանմանը։ Նույն ժամանակ Հազկերտը դաշինք կնքեց Ֆարղանայի թյուրք խանի հետ, ով անձամբ եկավ Հազկերտին օգնության։ Ումարը հրամայեց Ահնաֆին համոզել թյուրքերին խզել դաշինքը պարսիկների հետ։ Ահնաֆը հաջողությամբ այդ կատարեց և թյուրք խանը, հասկանալով, որ արաբների դեմ կռվելը կարող է վտանգել իր սեփական տիրույթները, նահանջեց։ Հազկերտի բանակը ջախջախվեց Օքսոս գետի մոտակայքում և նահանջեց Տարնսօքսիանա։ Այնտեղից Հազկերտը փախավ Չինաստան։ Բալխը գրավվեց արաբների կողմից և սրանով Պարսկաստանի նվաճումն ավարտվեց։ Արաբները հասել էին Սասանյան Պարսկաստանի ամենահեռավոր կետին։ Այդտեղից այն կողմ գտնվում էին թյուրքերի տարածքներն ու Չինաստանը։ Հզորագույն Սասանյան Պարսկաստանն այլևս գոյություն չուներ։ Ահնաֆը վերադարձավ Մերվ և գրեց պատմական նշանակության նամակ Ումարին, որն ազդարարում էր Սասանյանների գոյության ավարտը։ Ահնաֆը խնդրեց թույլտվություն անցնելու Օքսոսն ու ներխուժել Տրանսօքսիանա։ Սակայն խալիֆը հրամայեց մնալ տեղում և ավարտին հասցնել տարածաշրջանի հպատակեցումը։

Պարսկական ապստամբություն և վերանվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

644 թվականին Ումարը սպանվեց պարսիկ ստրուկ Փիրուզ Նահավանդի կողմից։ Շատ պատմաբաններ համարում են այս պարսկական դավադրության մի մաս, որը ղեկավարում էր Հորմուզանը [33]: Ումարին հաջորդեց Ութման իբն Աֆֆանը (644–656 թթ.)։ Նրա օրոք գրեթե ողջ նախկին Սասանյան կայսրության տարածքով մեկ տեղի ունեցան ապստամբություններ։ Այդ շարունակվեց մինչև 651 թվականը, երբ վերջին սասանյան արքա Հազկերտ Գ-ն սպանվեց իրեն չճանաչած հասարակ գյուղացու կողմից[44]։ Սրանով ավարտվեց Սասանյանների հարստությունն ու պարսկական դիմադրությունը։ Ապստամբության հիմնական օջախներն էին Ատրպատականը, Ֆարսը, Սիստանը, Խորասանն ու Մակրանը։ Ապստամբած շրջանները վերանվաճելուց հետո արաբների տիրապետությունը նույնիսկ գերազանցեց Սասանյանների տիրույթները Տրանսօքսիանայում, Բելոջիստանում և Կովկասում[45]։

Պարսկաստանն իսլամական տիրապետության տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշիդունների խալիֆայությունն իր հզորության գագաթնակետին 654 թվականին      Խալիֆայության տարածքը

Համաձայն պատմաբան Բեռնարդ Լյուիսի.

"Մուսուլման արաբական նվաճումները տարբեր ձևով են ընկալվում Իրանում. որոշներն այն տեսնում են որպես օրհնություն, իրական հավատքի տարածում, հեթանոսության ավարտ, իսկ մյուսիները՝ որպես ազգային խայտառակ պարտություն, երկրի գրավում օտարների կողմից։ Երկու տեսակետն էլ ունի իրավունք գոյություն ունենալու, կախված թե ինչպես ես նայում այդ իրադարձություններին… Իրանն իսկապես իսլամացավ, բայց չարաբացավ։ Պարսիկները մնացին պարսիկ։ Եվ որոշ ժամանակ տևած լռությունից հետո, իսլամի շրջանակներում Իրանը դարձյալ վերածվեց անկախ, տարբերվող տարրի, վերջիվերջո ինքն ավելացնելով իր սեփականը իսլամի մեջ։ Մշակութապես, քաղաքականապես և, որ ամենազարմանալին է, կրոնական առումով, իրանական ներդրումը իսլամական քաղաքակրթության մեջ ահռելի է։ Իրանցիների գործունեությունը կարելի է տեսնել մշակութային բոլոր բնագավառներում, այդ թվում արաբական պոեզիայի մեջ, որտեղ արաբերենով ստեղծագործող իրանցիները մեծ նեդրում ունեցան այս ոլորտում։ Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ իրանական իսլամը նոր շունչ հաղորդեց ավանդական իսլամին և նույնիսկ սկսվեց կոչվեցվ առանձին անունով՝ իսլամ-ի-Աջամ։ Հենց պարսկական իսլամն էր, ոչ թե արաբականը, որ բերվեց նոր տարածքներ և նոր ժողովուրդներին՝ թուրքերին սկզբից Կենտրոնական Ասիայում, իսկ ապա Մերձավոր Արևելքում, որտեղ ձևավորվեց պետություն, որ ներկայումս կոչվում է Թուրքիա, և իհարկե Հնդկաստան։ Օսմանյան թուրքերը տարան իրանական քաղաքակրթության մի ձևը մինչև Վիեննայի պատերը"[46]:

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ումարի և նրա ուղղակի հաջորդների օրոք, արաբները փորձում էին պահպանել իրենց քաղաքական և մշակութային միասնությունն ու չհրապուրվել նվաճված քաղաքակրթությամբ։ Նախապես արաբները բնակվում էին կայազորային քաղաքներում, ոչ թե իրարից հեռու գտնվող բնակավայրերում։ Նոր ոչ-մուսուլման բնակիչները պաշտպանված էին պետության կողմից և կոչվում էին «դհիմմի» (պաշտպանված) և պարտավոր էին վճարել «ջիզյա» (հարկ), որը հաշվարկվում էր տարբեր եղանակներով, բայց սովորաբար կռվելու տարիքի տղամարդիկ, զինվորական ծառայությունից ազատվելու համար, պետք է վճարեին երկու դիրհամ։ Կանայք և երեխաներն ազատված էին ջիզյա վճարելուց[47]։ Արաբական տիրապետության առաջին դարերում զանգվածային դավանափոխությունը ոչ ցանկալի էր և ոչ էլ թույլատրելի[48][49][50]։ Խալիֆ Ումարը լավ էր վերաբերվում դհիմմիներին։ Այս արվում էր հիմնականում այն պատճոռվ, որպեսզի նոր նվաճված ազգերը չապստամբեն, ընդունեն արաբական տիրապետությունն ու հակադրեն այն ավելի ճնշող սասանյան տիրապետության հետ[51]։ Ըստ որոշ աղբյուրների Ումարն արձակել է հետևյալ հրամանը, թե ինչպես վարվել նվաճված ժողովուրների հետ.

Թեթև վերաբերվեք նրանց, ովքեր չեն կարող վճարել հարկը, օգնեք նրանց, ովքեր թույլ են, թողեք նրանց պահել իրենց տիտղոսները, բայց մի տվեք նրանց ձեր կունիյաթը (արաբական ավանդական մականուններ կամ տիտղոսներ)[52]։

Ումարի այս քաղաքականությունը շարունակվեց նաև նրա ուղղակի հարջորդների կողմից։ Գործնականորեն ջիզյան փոխարինեց սասանյանների հարկերին, որոնք ավելի ծանր էին։ Դրան գումարած արաբները փոխ առան սասանյան հողի հարկը, որը կոչվեց խարաջ։ Խալիֆները երբեմն հետաքննություն էին սկսում, որը պետք է պարզեր արդյոք տվյալ հողը կարող է տալ բավականաչափ բերք, որ խարաջը հնարավոր լինի վճարել[53]։ Սակայն կան տեղեկություններ, որ ջիզյա վճարելու ժամանակ զրադաշտականները ծաղր ու ծանակի էին ենթարկվում[54]։

Ռաշիդունների և Օմայանների վաղ ներկայացուցիչների օրոք Սասանյանների վարչական բաժանման համակարգը մեծ մասամբ պահպանվեց։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական նվաճումներից հետո, չնայած զրադաշտականներին տրվել էր դհիմմիի աստիճան, նրանք պարբերաբար ենթարկվում էին հետապնդումների[55][56]։ Զրադաշտականները պարտավոր էին վճարել լրացուցիչ հարկ ջիզյան, որը չվճարելու դեպքում նրանք հաճախ սպանվում, բանտարկվում կամ էլ ստրկացվում էին[57][58][59]։ Զրադաշտական ռազմագերիները ազատություն էին ստանում, եթե նրանք ընդունում էին իսլամ[57][60]։

Կրոնափոխությունը խրախուսելու նպատակով իսլամական առանջնորդները խոստանում էին վճարել մզկիթ աղոթքի հաճախման համար և թույլատրում էին կարդալ Ղուրանը արաբերենի փոխարեն պարսկերեն, որպեսզի այն հասկանալի լինի բոլորին[61]։ Արդյունաբերական ոլորտում աշխատող զրադաշտականները հեշտությամբ ընդունում էին իսլամ, քանի որ համաձայն կրակապաշտ զրադաշտականության, նրանք, դարձնելով կրակը ոչ մաքուր, պղծում էին այն[61]։ Մուսուլման քարոզիչների համար առանձնապես դժվար չէր բացատրել իսլամի հիմնարար գաղափարները զրադաշտականներին. որտեղ նրանք տեսնում էին Ահուրամազդային և Ահրիմանին, հիմա տեսնում էին Ալլահին և Իբլիսին[61]։

Առաջին իսլամ ընդունողներն ազնվականներն ու քաղաքային բնակչությունն էր։ Գյուղացիությունն ավելի դանդաղ էր դավանափոխ լինում։ Սակայն արդեն 10-րդ դարի վերջում պարսիկների մեծ մասը մուսուլման էր։ Մինչև 15-րդ դարի վերջը պարսիկների մեծ մասը սուննի էին, սակայն շիա Սեֆյանների գահակալման ժամանակ Իրանը վերածվեց և մնում է շիականության հենակետն աշխարհում։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշիդուն խալիֆայության օրոք Պարսկաստանի պաշտոնական լեզուն պարսկերեն էր, ինչպես Սիրիանը հունարենն ու ղպտիերենը Եգիպտոսինը։ Սակայն հետագայում արաբերենի դերը սկսեց կտրուկ աճել։ Չնայած արաբերենին հաջողվեց դուրս մղել նախկին լեզուներին Իրաքից մինչև Մարրոկո ընկած տարածքում, պարսկերենին հաջողվեց դիմանալ և պահպանվել։ Սակայն այն նույնպես վերցրեց որոշ արաբական տարրեր և այն անցավ պահլավական գրից արաբական գրի ձևափոխված տարբերականին[62]։ Այսօր պարսկերենը Իրանի միակ, իսկ Աֆղանստանի և Տաջիկստանի պաշտոնական լեզուներից է։

Ուրբանիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական նվաճումը բերեց քաղաքային բնակչության կտրուկ աճի, որը հասավ իր գագաթնակետին 11-րդ դարի վերջում[63]։ Այս հատկապես ճիշտ էր արևելյան նահանգների՝ Խորասանի և Տրանսօքսիանայի համար[64]։ Այս ժամանակաշրջանում որոշ բնակավայրերի բնակչությունը հասնում էր 200,000-ի[63]։ Մինչ այս պարսկական հիմնական քաղաքները գտնվում էին բուն Պարսկաստանից դուրս՝ Միջագետքում։ Այս վերելքը փոխարինվեց 11-րդ դարի իրանական տնտեսության փլուզմամբ, որի պատճառով բազմաթիվ պարսիկներ լքեցին երկիրը և գաղթեցին Միջին Ասիա, Հնդկաստան և Մերձավոր Արևելք։ Որոշ պատմաբաններ այս փաստը կապում են պարսկերենի ներկայիս տարածվածության հետ[65]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փուրշարիաթի (2008), էջ. 469
  2. http://www.iranicaonline.org/articles/arab-ii
  3. «Հիշողության և ցանկության միջև. Մերձավոր Արևելքը անհանգիստ դարաշրջանում» (էջ. 180) (անգլ.՝ Between Memory and Desire: The Middle East in a Troubled Age)
  4. 4,0 4,1 «Պարսկաստանի իսլամական նվաճումը» (անգլ.՝ The Muslim Conquest of Persia), Ա. Ի. Ակրամ գլուխ 1։ ISBN 978-0-19-597713-4, 9780195977134
  5. Միլանի Ա., «Կորցված իմաստություն» (անգլ.՝ Lost Wisdom): 2004 ISBN 978-0-934211-90-1 p.15
  6. (Բաալդորի, Ֆութուհ, էջ 421; Բիրունի, Աթար, էջ 35)
  7. Մուհամմադ Մուհամմադի Մալայերի, «Թարիխ-ի Ֆառհանգ-ի Իրան» (Իրանի մշակութային պատմությունը). 4 հատոր. Թեհրան. 1982
  8. ʻԱբն ալ-Հուսայն Զարինքուբ (1379 (2000)). Դու քարն-ի սուկուտ. սարգուզաշտ-ի հավադիս վա ավզա-իտարիկհի դար դւ քարն-ի ավվալ-ի իսլամ (Լռության երկու դար). Թեհրան: Sukhan. OCLC 46632917.
  9. Փարվանեհ Փուրշարիաթի, «Սասանյան կայսրության անկումն ու կործանումը» (Ի. Բ. Տավրիս, 2009), 3
  10. Փարվանեհ Փուրշարիաթի, «Սասանյան կայսրության անկումն ու կործանումը. Սասանյան-պարթևական համադաշնություն և Իրանի արաբական նվաճում», Ի. Բ. Տավրիս, 2008
  11. 11,0 11,1 Փարվանեհ Փուրշարիաթի, «Սասանյան կայսրության անկումն ու կործանումը» (Ի. Բ. Տավրիս, 2008) (էջ. 4)
  12. Իրաքն իսլամական նվաճումից հետո, Միքայել Ջ. Մորոնի, էջ 233
  13. http://www.iranicaonline.org/articles/sasanian-dynasty
  14. «Գաղթի յոթերորդ տարվա իրադարձությունները». Ahlul Bayt Digital Islamic Library Project]. Վերցված է 2007 թ․ ապրիլի 3-ին.
  15. Լեոն Կայետանի, Annali dell' Islam, հատոր 4, էջ. 74
  16. Լեոն Կայետանի, Annali dell' Islam, հատոր 2, գլուխ 1, պարբերություն 45–46
  17. 'Մ. Մորոնի, Իսլամի հանրագիտարան, հատոր V, 1980 թ., էջ 185
  18. Ֆրեդ Մ. Դոններ, Մ«ուհամմադն ու հավատացյալները. իսլամի ակունքները» (անգլ.՝ Muhammad and the Believers: At the Origins of Islam), Harvard University Press, 2010, ISBN 978-0-674-05097-6 [1]
  19. Աքբար Շահ Նաջիբաբադի, «Իսլամի պատմություն», B0006RTNB4
  20. 20,0 20,1 Թաբարի, հատոր 2, էջ 554
  21. Ակրամ, գլուխներ 19–26
  22. Սերաթ-ի-Հազրաթ Ումար-ի-Ֆարուք, Մուհամմադ Ալիաս Աադիլի կողմից, էջ 67
  23. Պարսկաստանի իսլամական նվաճումը, Ա. Ի. Ակրամ, գլուխ 5 ISBN 978-0-19-597713-4, 9780195977134
  24. Ակրամ, Ա. Ի. «6». Պարսկաստանի իսլամական նվաճումը. ISBN 978-0-19-597713-4.
  25. Հայկալ, Մուհամմադ Հուսայն. «5». Ալ Ֆարուք, Ումար. էջ 130.
  26. Պարսկաստանի իսլմական նվաճումը, Ա. Ի. Ակրամ, գլուխ 7 ISBN 978-0-19-597713-4, 9780195977134
  27. 27,0 27,1 Պարսկաստանի իսլամական նվաճումը, Ա. Ի. Ակրամ By A.I. Akram. Ch: 8 ISBN 978-0-19-597713-4
  28. Իսլամական ճարտարապետության բառարան, Անդրյու Պետերսեն, էջ 120
  29. Հռոմի թշնամիները 3. Պարթևներն ու Սասանյանները, Պիտեր Վիլկոքս, էջ 4
  30. Ալ Ֆարուք, Ումար, Մուհամմադ Հուսայն Հակալ. գլուխ 18, էջ 130
  31. 31,0 31,1 31,2 31,3 Պարսկաստանի իսլամական նվաճումը, Ա. Ի. Ակրամ, գլուխ 10, ISBN 978-0-19-597713-4
  32. «Ալ-Թաբարիի պատմությունը. մարտահրավեր կայսրություններին», թարգմանված Խալիդ Յահյա Բլանկինշիփի կողմից, SUNY Press, 1993, ISBN 978-0-7914-0852-0
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 «Ալ-Ֆարուք Ումար», Մուհամմադ Հուսայն Հայկալ, գլուխ 19, էջ 130
  34. Փուրշարիաթի (2008), էջ. 247
  35. Պարսկաստանի իսլամական նվաճումը, Ա. Ի. Ակրամ, գլուխ 11, ISBN 978-0-19-597713-4
  36. 36,0 36,1 36,2 36,3 Ալ Թաբարիի պատմությունը. մարտահրավերներ կայսրություններին, թարգմանված Խալիդ Յահյա Բանկինշիփի կողմից, SUNY Press, 1993, ISBN 978-0-7914-0852-0
  37. Ակրամ, Ա. Ի. «12». Պարսկաստանի իսլամական նվաճումը. ISBN 978-0-19-597713-4.
  38. Պարսկաստանի իսլամական նվաճումը, Ա. Ի. Ակրամ, գլուխ 13, ISBN 978-0-19-597713-4
  39. Պարկաստանի իսլամական նվաճումը, Ա. Ի. Ակրամ, գլուպ 14, ISBN 978-0-19-597713-4
  40. Փուրշարիաթի, (2008), էջ. 468
  41. Պարսկաստանի իսլամական նվաճումը, Ա. Ի. Ակրամ գլուխ 15, ISBN 978-0-19-597713-4
  42. The Muslim Conquest of Persia By A.I. Akram. Ch:16 ISBN 978-0-19-597713-4,
  43. Պարսկաստանի իսլամական նվաճումը, Ա. Ի. Ակրամ, գլուխ 17, ISBN 978-0-19-597713-4
  44. «Իրան». Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  45. Պարսկաստանի իսլամական նվաճումը, Ա. Ի. Ակրամ, գլուխ 19, ISBN 978-0-19-597713-4
  46. Լյուիս, Բեռնարդ. «Իրանը պատմության մեջ». Թել Ավիվի համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 3-ին.
  47. Հյու Քեննեդի (2004). Մարգարեն և խալիֆայությունների դարաշրջանը (անգլ.՝ The Prophet and the Age of the Caliphates). Longman. էջ 68.
  48. Ֆրայ, Ռ. Ն. (1975). Պարսկաստանի ոսկե դարաշրջանը. էջ 62. ISBN 978-1-84212-011-8.
  49. Թաբարի, հատոր I, էջեր 2778–9
  50. Բոյս, Մերի, (1979), «Զրադաշտականներ. նրանց հավատիլքներն ու արարողակարգերը» (անգլ.՝ Zoroastrians: Their Religious Beliefs and Practices), Լոնդոն, Routledge, ISBN 978-0-415-23903-5 էջ. 150
  51. Պարսկաստանի հողատերերն ու գյուղացիությունը. ուսումնասիրություն հողային տիրույթների և հողային եկամուտներիմ վերաբերյալ, Անն Կ. Ս. Լամբթոն, էջ. 17
  52. «Խալիֆներն ու նրանց ոչ մուսուլման հպատակները», Ա. Ս. Տրիտոն, էջ. 138
  53. «Խալիֆներն ու նրանց ոչ մուսուլման հպատակները», Ա. Ս. Տրիտոն, էջ. 139
  54. Բոյս, Մերի. «Զրադաշտականներ. նրանց հավատալիքներն ու արարողակարգերը». Routledge, 2001. էջ 146. ISBN 9780415239028.
  55. Սպենսեր 2005, էջ. 168
  56. Ստեփանյանց 2002, էջ. 163
  57. 57,0 57,1 Բոյս 2001, էջ. 148
  58. Լամբթոն 1981, էջ. 205
  59. Մերի & Բախարաչ 2006, էջ. 878
  60. «Զրադաշտականների պատմությունն իսլամական Իրանում». FEZANA կրոնական կրթություն. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  61. 61,0 61,1 61,2 «Իսլամի քարոզումը. իսլամի տարածման պատմությունը», Սըր Թոմաս Ուոլկեր Առնոլդ, էջեր 170–180
  62. «Ի՞նչ է պարսկերենը։». Պարսկական հետազոտությունների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  63. 63,0 63,1 Պրոֆեսոր Ռ. Բուլիեթը Իրանի ուրբանիզացման մասին (1ժ 10ր 29վ) ՅուԹյուբում
  64. [2]
  65. Պրոֆեսոր Ռ. Բուլիեթը Իրանի ուրբանիզացման մասին (1ժ 11ր 48վ) ՅուԹյուբում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]