Գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատենադարան
Հայաստանի Ազգային գրադարան

Գրադարան, մշակութային, կրթական և գիտա-օժանդակ հիմնարկություն՝ տպագիր և թվային արտադրանքի հասարակական օգտագործումը կազմակերպելու համար։ Համաձայն ԻՖԼԱ-ի բնորոշման՝ «Գրադարանը մի կազմակերպություն է կամ կազմակերպության մաս, որի հիմնական նպատակն է դյուրացնել տեղեկատվական այնպիսի ռեսուրսների, ծառայությունների և միջոցների օգտագործումը, որոնք անհրաժեշտ են գրադարանից օգտվողների տեղեկատվական, հետազոտական, կրթական, մշակութային կամ ժամանցի կարիքները բավարարելու համար»։

Գրադարանների դերն է տպագիր և թվածին արտադրանքի հավաքումը, պահպանումը, տպագիր ժառանգության թվայնացումը, գրքի և ընթերցանության հանրահռչակումը, ընթերցողներին գիրք սպասարկելը, ինչպես նաև տեղեկատու-մատենագիտական աշխատանքը։ Ըստ նշանակության և գրքային հավաքածուների կազմի ու աշխատանքի մեթոդի, գրադարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի՝

  • հանրային,
  • գիտական ու մասնագիտական։

Հանրային գրադարանների թվին են պատկանում մշակույթի նախարարության կազմում գտնվող Հայաստանի ազգային գրադարանը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, ՀՀ 10 մարզկենտրոններում գործող մարզային գրադարանները, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերում գտնվող տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա համայնքային գրադարանները։ Գիտական և մասնագիտական գրադարանների հիմնական գործառույթն է սպասարկել ուսուցման և հետազոտության ոլորտների տեղեկատվական կարիքները, ապահովել բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների պահանջները, կատարել տեղեկատու-մասնագիտական ն գրադարանագիտության վերաբերյալ գիտահետազոտական աշխատանք, մեթոդական-մասնագիտական օգնություն են ցույց տալ գրադարաններին, հրատարակել մատենագիտական ն գրադարանագիտական գրականություն։ Գիտական գրադարանների թվին են դասվում ազգային, ակադեմիական, տարբեր ճյուղային մասնագիտացված ձեռնարկությունների, ԳՏԻ-ների, բուհերի գրադարանները։

Ըստ գրականության կազմի գրադարանները լինում են համընդհանուր և ճյուղային։ Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում գրադարանների աշխատանքը անընդհատ փոփոխվում է։ Տպագիր արտադրանքի և թվային բովանդակության վիթխարի աճը գրադարանների առաջ նոր մարտահրավերներ է դրել հսկայական թվով հրատարակությունների ընտրության, մշակման, արդյունավետ պահպանման և ընթերցողներին արագ և ճիշտ սպասարկելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանները՝ որպես գրավոր հուշարձանների հասարակական պահոցներ, առաջացել են հնագույն ժամանակներում։ Մ․ թ․ ա․ VII դարի կեսին Նինվեում, ասորական թագավոր Աշուրբանիպալի պալատին կից եղել է կավե աղյուսների մեծ հավաքածու։ Հին Եգիպտոսում տաճարներին կից եղել են գրադարաններ։ Հին Հունաստանում առաջին խոշոր գրադարանների հիմնումը վերագրվում է Արիստոտելին (մ․ թ․ ա․ IV դար)։

Անտիկ գրադարաններից առավել հայտնի են Ալեքսանդրիայի գրադարանը (մ․ թ․ ա․ I դարում, ունեցել է մինչև 700 հզ․ միավոր պապիրուսե գլանափաթեթ), Պերգամոնի գրադարանը (հիմնած մ․ թ․ ա․ III դարի, որը մ․ թ․ ա․ I դարի կեսին ունեցել է մոտ 200 հազար ձեռագիր մատյան)։ Հին Հռոմում մ․ թ․ ա.I դարում տաճարներին կից ստեղծել են առաջին հանրային գրադարանները։ Վաղ միջնադարի Արևմտյան Եվրոպայում գրադարանները սովորաբար գտնվում էին խոշոր տաճարներին և վանքերին կից։ Վերածննդի դարաշրջանում (XV—XVI դարեր) մշակույթի ընդհանուր զարգացման և հատկապես տպագրությաև գյուտի հետևանքով գրադարանների թիվը մեծացավ, XVII —XVIII դարերում բազմաթիվ երկրներում բացվեցին գրադարաններ, որոնք հետագայում ստացան համազգային, մի քանիսը նաև՝ համաշխարհային նշանակություն (Բոդլեի գրադարանը Օքսֆորդում, 1602, թագավորական գրադարանը Բեռլինում, 1661, Բրիտանական թանգարանի գրադարանը Լոնդոնում, 1753)։ Խոշոր ազգային և համալսարանական գրադարանների հիմնադրումը շարունակվեց XIX դարում։ Ստեղծվեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը Վաշինգտոնում (1800), Հունգարական ազգային թանգարանին կից Ֆերենց Սեչենի գրադարանը (1802), Բրյուսելի թագավորական գրադարանը (1837) և այլն։

Ժամանակակից հանրային գրադարանների կազմակերպումը սկսվել է XIX դարի 2-րդ կեսից։ Ներկայումս տպագիր տեղեկատվության պայմաններում խոշոր գիտական գրադարանները գրականության համալրման գործում ջանում են լայնորեն իրագործել գրադարանային աշխատանքի կազմակերպման միասնացումը և միասնական չափորոշիչների կիրառումը, կազմակերպում են գրքային ունեցվածքի համատեղ պահպանում, օգտագործում համահավաք գրացուցակներ, օգտվում են միջգրադարանային բաժնույթի ծառայությունից այլ գրադարաններից անհրաժեշտ հրատարակություններ ստանալու համար, կիրառում են ավտոմատ գրադարանային համակարգեր՝ էլեկտրոնային գրացուցակներ կազմելու համար և այլն։ Աշխարհի խոշորագույն գրադարաններից են Կոնգրեսի գրադարանը Վաշինգտոնում, Ռուսաստանի ազգային գրադարանը Պետերբուրգում, Ռուսաստանի պետական գրադարանը Մոսկվայում, Բրիտանական գրադարանը Լոնդոնում։ Հարուստ ֆոնդեր ունեն Ֆրանսիայի, Շվեդիայի, Ավստրիայի ազգային գրադարանները, Վատիկանի գրադարանը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի համալսարանական գրադարանները։

Գրադարանները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողները գրադարանում

Հայաստանի գրադարանները բազմադարյան պատմություն ունեն։ Միջնադարյան աղբյուրներում նրանք կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց։ Եղել են վանքերին կից, երբեմն ունեցել են առանձին շինություն (Հաղպատ, Արգինա և այլն)։ Տարածված են եղել վանքերիև մոտակա քարայրային գրապահոցները, որտեղ տեղավորվում էր հաճախ մեծ քանակությամբ գրականություն։ Որոշ գրատներում գրադարակների դեր են կատարել որմնախորշերը։ X դարում հիմնված Սանահինի և Հաղպատի վանքերը XI դարում արդեն ճանաչված էին իրենց հարուստ գրադարաններով։

Հայ գրքի կարևոր կենտրոններից է եղել նաև Տաթևի վանքի (IX դար) գրադարանը։ Հայտնի են Արգինայի և Հռոմկլայի կաթողիկոսական (X դար) և Անիի արքայական (XI դ․) գրադարանները։ Հիշատակություններ կան Կարսի արքայական, Հոռոմոս վանքի գրադարանների մասին։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմքը կազմող Էջմիածնի ձեռագրատունը հիմնվել է V դարում և ընդմիջումներով իր գոյությունը շարունակել ողջ միջնադարում։ Նշանավոր են եղել նաև Գետիկի վանքի, Գլաձորի, Գեղարդի, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի գրադարանները։ Գրադարաններ են եղել Արճեշի Մեծոփա վանքում, Արցախում, Կիլիկիայում (Սկևռա, Դրազարկ), Երզնկայում, Վասպուրականում (Վարագա և Նարեկա վանքեր) և այլն։ Հարուստ են եղել Կաֆայի (1366 թվականից), Նոր Ջուղայի (XVII դար), Լիմ անապատի, Ամրդոլու վանքի գրադարանները։ Մեզ են հասել Սաղմոսավանքի (կազմված XV դար) և Ամրդոլու վանքի (կազմված XVII դար) գրացուցակները։

Նախասովետական Հայաստանում գործում էին Երևանի արական և Հռիփսիմյան իգական գիմնազիաների, Երևանի թեմական հոգևոր դպրոցի գրադարանները։ 1902 թվականին Երևանում բացվել է հասարակական գրադարան-ընթերցարան, հետագայում ստեղծվել են մասնավոր գրադարաններ, որոնցից կարևոր էր Ավետիսյանի գրադարան-ընթերցարանը։

Ուսանողուհիները գրադարանում

Խորհրդային տարիներին Հայաստանում բուռն զարգացում է ապրում գրադարանային գործը, քաղաքներում և գավառներում կազմավորվում են նոր գրադարաններ, խրճիթ-ընթերցարաններ։ 1921 թվականին հիմնվեց Հայկական ԽՍՀ Ալ․ Մյասնիկյանի անվան Հանրապետական գրադարանը Երևանում (պաշտոնական բացումը՝ 1922 թվականին)։ 1921 թվականին կազմակերպվեց համալսարանի գրադարանը՝ Երևանի նախկին ուսուցչական սեմինարիայի ֆոնդերի հիման վրա։ 1925 թվականին Հայաստանում կար 500 գրադարան։ 1923 թվականից գործում է Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը, որը կոորդինացնում է բոլոր մանկական գրադարանների աշխատանքները։ 1935 թվականին հիմնվեց Երևանի քաղաքային գրադարանը։ Հայկական ԽՍՀ ԳԱ կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1935 թվականին։ 1946 թվականին Հայաստանում կար 1125 գրադարան՝ 909 հազար գրքային ֆոնդով, այդ թվում քաղաքային վայրերում՝ 124, գյուղական վայրերում՝ 784 գրադարան։ Ստեղծվեց մասսայական, հանրապետական, գիտական, տեխնիկական, մանկական, արհմիութենական, դպրոցական գրադարանների հարուստ ցանց՝ միլիոնավոր գրքերի ֆոնդերով։ 1975 թվականին ՀԽՍՀ-ում կար բոլոր տեսակի մոտ 3300 գրադարան (47600000 միավոր ֆոնդով), այդ թվում մասսայական՝ 1305, դպրոցական՝ 1442, տեխնիկական՝ 539:

1991 թվականին Հայաստանի անկախ պետականության վերականգնումից հետո գրադարանային համակարգը կանգնեց բարդագույն մարտահրավերների դեմհանդիման։ Եթե 1991 թվականին երկրում գործում էր 1327 համայնքային (քաղաքային և գյուղական) ինքնուրույն և մասնաճյուղ գրադարան, ապա 2022 թվականին երկրում գործում էր ընդամենը 661 համայնքային գրադարան[1]։

Սփյուռքում գործում են բազմաթիվ հայկական գրադարաններ, որոնցից նշանավոր են Երուսաղեմի ձեռագրատունը, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարանները, Փարիզի Նուբարյան մատենադարանը և ուրիշներ։ Հարուստ հայերեն հավաքածուներ կան Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում, Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանում, Բրիտանական գրադարանում և այլուր։

Գրադարանային շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանային պահոցներների կառուցումը սկիզբ է առել դեռևս հնագույն քաղաքակրթությունների օրոք։ Հին Արևելքի երկրներում կավե աղյուսիկները, Հին Եգիպտոսում և Հին Հունաստանում պապիրուսի փաթեթները պահպանվել են խորշավոր դարակաշարերով հատուկ շինություններում։ Գրքերը պահվում էին սկզբում գրակալներում, այնուհետև պատերի երկայնքով դրված դարակներում։ Հազարամյակների ընթացքում գրադարանները հավաքել են տեղեկատվության զանազան կրիչներ՝ պապիրուսներ, մագաղաթներ, ձեռագիր և տպագիր գրքեր։ Սովորական գրքերի համար գրապահոցները երևան են եկել XII—XIII դարերում Եվրոպայում, վանքերին և պալատներին կից, իսկ XIV—XV դարերում՝ որպես առանձին գրադարանային շինություններ։ Նման առաջին գրադարանները երևան են եկել դեռևս Հին Հունաստանում և Հռոմում։ Այդ գրադարանները մարդկանց կողմից ընկալվում էին որպես գիտության տաճարներ, որոնք կառուցվում էին քաղաքների կենտրոնում։

Վերածնության դարաշրջանում Ֆլորենցիայում Լորենցո Մեդիչիի պատվերով կառուցվեց Լաուրենցիանա գրադարանը։ Մեդիչիների գրադարանը հիմնադրել է Կազիմո Մեդիչի ավագը 1444 թվականին։ Ջուլիո Մեդիչին, որը 1523 թվականին դարձավ Հռոմի պապ Կլեմենտ VII անունով 1524-ին գրադարանի շենքի շինարարությունը հանձնարարեց Միքելանջելոյին։ Գրադարանի շինարարությունը բավական երկար է տևել և ողջ շինարարական աշխատանքները կատարվել են Միքելանջելոյի նախագծի համաձայն։ Այն բացվեց միայն 1571 թվականին։ Ճարտարապետական լուծումներով աչքի են ընկնում գրադարանի ընթերցասրահը, ինչպես նաև գրադարանի մուտքի վեհաշուք աստիճանները, որոնք արվել են գիտության կամ մտքի ալիքների ձևով, որի պատճառով գրադարանի մուտքը իրականից ավելի բարձր է թվում։

Համաշխարհային գրադարանային ճարտարապետության մեջ հիշատակության են արժանի բազմաթիվ գրադարանային շենքեր։ Դրանցից արժե հիշատակել Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանը, հիմնադրված 1602թ-ին։ Այս գրադարանում կա ավելի քան 11 մլն. միավոր գրականություն։ Գրադարանի հպարտությունն է կազմում 1737-1749 թվականներին կառուցված Ռադքլիֆ գրադարանի օղակաձև շինությունը։

Միջնադարյան Հայաստանում գրադարանների (մատենադարանների) հատուկ շենքեր կառուցվել են X դարում, հիմնականում խոշոր մշակութային կենտրոններ հանդիսացող վանքերում, որոնք իրենց ուրույն ճարտարապետությամբ տարբերվել են վանքերի աշխարհիկ մյուս շենքերից։ Առավել հայտնի են Սանահինի, Հաղպատի, Նոր Գետիկի, Հոռոմոսի, Սաղմոսավանքի գրադարանները (XI —XIII դարեր)։ Ընդհանուր է նրանց հորինվածքը․ խաչվող թաղերով, բրգաձև ծածկով, քառակուսի հատակագիծ ունեցող շենք, որի պատերում կան տարբեր չափերի և ձևի խորշեր՝ ձեռագրերը պահելու համար։ Գրադարանային շինարարությունը Հայաստանում մեծ թափ ստացավ սովետական իշխանության տարիներին, երբ կառուցվեցին նոր պայմաններին ու պահանջներին համապատասխանող շենքեր՝ ընթերցասրահներով և գրապահոցներով։ Իրենց ճարտարապետությամբ ուշագրավ և արժեքավոր են հատկապես Հայաստանի ազգային գրադարանի առաջին մասնաշենքը (1939, ճարտ․ Ա․ Թամանյան), 2-րդ մասնաշենքը (1971, ճարտ․ Գ․ Թամանյան, Ա․ Նավասարդյան) և Մատենադարանի (1957, ճարտ․ Մ․ Գրիգորյան) շենքերը։

Գործնականում մինչև 20-րդ դարի կեսերը Եվրոպայում և Ամերիկայում գրադարանային ճարտարապետության մեջ գերիշխում էր պալատական շինարարության մոդելը։ Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին գրադարանային շինարարության մեջ տիրապետող դարձավ ժամանակակից մոդեռնիզմը և կոնստրուկցիոնիզմը։ Ներկայիս գրադարաններն ավելի աչքի են ընկնում իրենց ճկունությամբ, հարմարավետությամբ, խելացի և բազմաֆունկցիոնալ լուծումներով։

Ժամանակակից համալսարանական կամ ակադեմիական գրադարաններ կառուցելիս պահանջվում է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, այդ թվում՝գրադարանի տարածքի արդյունավետ օգտագործումը, տարածքի օգտագործման ճկունությունը, հակահրդեհային պաշտպանության, աշխատակազմի և այցելուների անվտանգության ապահովումը, գրադարանում ջերմաստիճանի և խոնավության պահանջների ապահովումը, որոնք կարող են տարբեր լինել տարբեր տեսակի նյութերի պահպանման համար, գրապահոցային տարածքներում, ընթերցասրահներում ցերեկային լույսի և արևի ճառագայթների ուղղիղ ներթափանցման բացառումը, շենքի սեյսմակայունությունը և մի շարք այլ հանգամանքներ[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարգարյան Տիգրան։ Թվային գրադարաններ. - Երևան, Հեղինակային հրատ., 2002. - 167 էջ։
  • Իշխանյան Ռ․, Հայ մատենագիտության պատմություն, պրակ 1—3, Ե․, 1964 — 68։
  • Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան / Գլխ։ խմբ. Հ. Այվազյան:- Երևան, 2015։
  • Մկրտչյան Գ․, Գրադարանային գործը Հայաստանում, 1920 — 65, Ե․, 1965։
  • Չուբարյան Օ․ Մ․, Ընդհանուր գրադարանագիտություն, Ե․, 1963։
  • Книга (энциклопедия) /Гл. ред. В.М. Жарков. - Москва : Большая Российская Энциклопедия, 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի գրադարանները 2022 թվականին։ Աշխատանքների վիճակագրական վերլուծություն. Երևան: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ; Հայաստանի ազգային գրադարան. 2023.
  2. Adcock, Edward P.; Varlamoff, Marie-Thérèse; International Federation of Library Associations and Institutions, eds. (1999). Osnovnye pravila chranenija i ispolʹzovanija bibliotečnych fondov, razrabotannye IFLA. Moskva: Rudomino. ISBN 978-5-7380-0093-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 192