Ֆարկաս Ֆիլիպ
Ֆարկաս Ֆիլիպ | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1914[1][2] Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1992[1][2] (78 տարեկան) Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ[1] |
Գերեզման | Mount Gilead Cemetery[3] |
Մասնագիտություն | երաժիշտ, վալդհորնիստ և համալսարանի դասախոս |
Գործիքներ | վալդհորն |
Աշխատավայր | Jacobs School of Music?[4] և Chicago Symphony Orchestra? |
Ֆիլիպ Ֆարկաս (մարտի 5, 1914[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 21, 1992[1][2], Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ[1]), ամերիկացի նշանավոր վալտոռնահար, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի փողային գործիքների կոնցերտմայսթեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Ֆարկասը ծնվել է Էմիլ Նելսոն Ֆարկասի և Աննա Քեսսիդի Ֆարկասի ընտանիքում։ Չնայած որ ծնողները երաժիշտ չէին, մայրը նրան տանում է դաշնամուրի դասերի, որը դառնում է Ֆարկասի առաջին ծանոթությունը երաժշտության հետ։ Երբ նա մոտ 12 տարեկան էր, սքաութների խմբում պահանջվում է շեփորահար, և ինքն առաջարկում է փորձել։ Ֆարկասը դիմում է իր հարևանին, որը շեփորահար էր, որպեսզի նա սովորեցնի իրեն, և շուտով ինքն արդեն փայլուն նվագում էր։
14 տարեկանում նրա մոտ ասթմա է սկսվում, և, հիվանդությանը դիմակայելու նպատակով, ծնողները որոշում են, որ նա փողային գործիք նվագի։ Սակայն, դպրոցի պահեստում մնացել էին միայն բաս-թմբուկ և թուբա։ Բնականաբար, նա ընտրում է թուբան։
Ֆարկասը դպրոց էր հաճախում հասարակական ավտոբուսով։ Տոմսավաճառը նրան պարբերաբար նկատողություն էր անում թուբայի պատյանի մեծության պատճառով։ Հերթական նկատողության ժամանակ Ֆարկասը բացականչում է. «Իսկ ի՞նչ անեմ. սա է իմ գործիքը»։ Այդ պահին փողոցով անցնում էր փողային նվագախումբ, և տոմսավաճառը ցույց է տալիս փոքր գործիքներից մեկը՝ վալտոռնը։ Այդ օրը Ֆարկասը դիմում է հայրիկին՝ իր գործիքը վալդորնով փոխելու խնդրանքով։ Շուտով նրանք գնում են Չիկագո և ամսական երեք դոլլարով վալտոռն վարձում։
Ֆարկասը շատ արագ տիրապետում է վալտոռնին և, սիրահարվելով այդ գործիքին, որոշում է կյանքը նվիրել նրան։ Ավագ դպրոցի սան լինելով՝ նա դառնում է Չիկագոյի համադպրոցական նվագախմբի ամենաերիտասարդ նվագողը, այնուհետև Չիկագոյի հասարակական նվագախմբի առաջին վալդորնահարը և ապա՝ Քանզաս սիթիի Ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին վալտոռնահարը, որը, ի դեպ, նրա առաջին պրոֆեսիոնալ աշխատատեղն է դառնում։
Ֆարկասը՝ որպես առաջին վալտոռնահար, նվագել է նաև Չիկագոյի սիմֆոնիկ, Բոստոնի և Քլիվլենդի նվագախմբերում։ Այս երեք առաջատար նվագախմբերի պատմության մեջ նա եղել է եզակի մենակատար վալտոռնահարը, ում երբևէ առաջարկվել է նման դիրք։ Նա նաև Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի ամենաերիտասարդ կոնցերտմայսթերն էր։ Նվագելուն զուգահեռ Ֆարկասը դասավանդում է՝ դառնալով Ինդիանայի համալսարանի, Հյուսիսարևմտյան համալսարանի, Քլիվլենդի համալսարանի, Քլիվլենդի ինստիտուտի, Քանզաս սիթիի կոնսերվատորիայի, Դե Պոլ համալսարանի և Ռուզվելտի համալսարանի պրոֆեսոր։
Ֆարկասը բազմաթիվ վարպետաց դասեր է տալիս, նաև ելույթներ ունենում՝ որպես մենակատար։ Հիմնում է «Wind Music Inc.» խմբագրությունը, իսկ շեփորահար Ռենոլդ Շիլքեի հետ՝ «Schilke Music Products»-ը։ Ֆարկասը դառնում է նաև «Yamaha» երաժշտական գործիքների մասնաճյուղի խորհրդատու։ 1978 թվականի ապրիլին Արևելյան Միչիգանի համալսարանում ստանում է դոկտորի կոչում։
Ֆարկասը հայտնի է նաև իր ստեղծած և լայն տարածում գտած «Holton-Farkas» վալտոռնով (Հոլտոն-Ֆարկաս), որն արտադրում է «Frank Holton Company»-ն, և մինչ այսօր ամենատարածված վալտոռնն է աշխարհում։
Ֆարկասը չորս գրքի հեղինակ է, որոնք նվիրված են վալտոռնահարների, փողային գործիքներ նվագող երաժիշտների և ընդհանրապես բոլոր երաժիշտների կատարողական արվեստի զարգացմանը։ Իսկ նրա առաջին գիրքը՝ «Վալտոռն նվագելու արվեստը», դարձել է աշխարհի բոլոր վալտոռնահարների «Աստվածաշունչը»։
Նա հեղինակն է հետևյալ գրքերի՝
- Վալտոռն նվագելու արվեստը (անգլ.՝ Art of French Horn Playing)
- Փողային (պղնձե) գործիքներ նվագելու արվեստը (անգլ.՝ The Art of Brass Playing)
- Երաժշտի արվեստը (անգլ.՝ The Art of Musicianship)
- 40 վիրտուոզ վալտոռնահարների լուսանկարների հիման վրա կատարած հետազոտություն (անգլ.՝ A Photo Study of 40 Virtuoso Horn Players' Embouchures)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլիպ Ֆարկաս — Նոտաներ Մանկական կրթություն արվեստի բնագավառում
|