Քրաուդֆանդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրաուդֆանդինգ (անգլ.՝ crowdfunding, crowd - բազմություն, fund - դրամավորել, ֆինանսավորել), մեծ թվով անձանցից որևէ նախագծի, ընկերության կամ բիզնեսի ընդլայնման համար, սովորաբար համացանցային ռեսուրսների[1][2] գործադրման ճանապարհով իրականացվող ֆինանսների հայթայթման գործիք, այլընտրանքային ֆինանսավորման տարատեսակ[3]։

Որպես կանոն, քրաուդֆանդինգի մոդելում հանդես են գալիս երեք խաղացողներ։

  1. Ծրագրի նախագծող, անձ (գյուտարար, արվեստագետ, գործածարար և այլն) կամ ստարտափ, որը ֆինանսների հայթայթման համար պոտենցիալ ներդնողներին է ներկայացնում սեփական գաղափարը և/կամ ծրագիրը․
  2. Բազմություն, տվյալ նախագծի համար ներդումներ իրականացնելու պատրաստակամ անձինք կամ խմբեր (դոնոր)․
  3. Հարթակ, գաղափարի իրականացման հարթակ, կարգավորող կազմակերպություն, որտեղ երկու կողմերը հնարավորություն են ունենում հանդիպելու (օր.՝ «Kickstarter», «Indiegogo», «Gofundme» և այլն)[4][5][6]

2013 թվականի տվյալներով, համաշխարհային քրաուդֆանիգի արդյունաբերությունում հանգանակվել է շուրջ 5,1 միլիարդ ԱՄՆ դոլար[7]։

էություն և սկզբնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաուդֆանդինգային հանգանակությունների աճը ուշ 2000-ականներին
Ազատության արձանի կառուցումը

Քրաուդֆանդինգը (անգլերեն «crowd»՝ ամբոխ, «funding»՝ ֆինանսավորում բառերից)  այն մարդկանց համախմբված գործունեությունն է, որոնք, որպես կանոն, համացանցի միջոցով ինքնակամ միավորում են իրենց գումարը կամ այլ ռեսուրսները, որպեսզի աջակցեն այլոց (իրավաբանական կամ ֆիզ. անձանց)՝ սկսել կամ շարունակել որևէ գործունեություն։ Եթե ներկայացնենք տերմինների միջոցով, կասենք, որ դոնորներն աջակցում են ռեցեպիենտներին՝ որևէ ստարտափ սկսելու համար։

Կան քրաութդֆանդինգի տարբեր բնորոշումներ։ Մի բնորոշմամբ այն սահմանվում է որպես լայն հասարակությունից նվիրատվություն խնդրելու գործընթաց, որը նոր ձեռնարկությունների համար մեկնարկային կապիտալ է ապահովում[8]։ Մեկ այլ սահմանմամբ քրաուդֆանդիգը հրապարակային առաջարկ է՝ հիմնականում համացանցի միջոցով, ֆինանսական ռեսուրսների հավաքման նպատակով կա՜մ որպես նվիրատվություն, կա՜մ հետագայում արտադրվող ապրանքի դիմաց, կա՜մ էլ որոշակի պարգևատրման և/կամ ձայնի իրավունքի դիմաց[9]։ Իթան Մոլլիքը բնորոշումը տալիս է ձեռնարկատիրական կոնտեքստում՝ սահմանելով որպես համեմատաբար մեծ թվով անձանցից համեմատաբար փոքր ծավալի ներդրումներով համացանցի միջոցով ձեռնարկությունների ֆինանսավորում՝ առանց ավանդական ֆինանսական միջնորդների[10]։

Բոլոր բնորոշումներում մի քանի առանցքային դրույթ կա՝

● հավաքումը իրականացվում է համացանցի միջոցով,

● հիմքում ընկած է մեծ թվով անձանցից փոքր ծավալով ներդրումների հավաքումը,

● կարող է լինել անհատույց կամ պարգևատրման, տոկոսի, բաժնեմասի դիմաց։

Այսպիսով՝ ընդհանրացնելով կարող ենք ասել, որ քրաուդֆանդինգը համացանցի միջոցով մեծ թվով ներդրողներից փոքր ծավալով ներդրումների հավաքման միջոցով շահույթ հետապնդող կամ չհետապնդող գործունեության ֆինանսավորման եղանակ է, որը կարող է լինել անհատույց կամ ներդրման դիմաց տոկոսի, պարգևատրման, բաժնեմասի ձևով հատույցի ձևով։

Քրաուդֆանդինգները միտված են եղել ձեռնարկությունների աջակցությանը՝ շահույթ ստանալու նպատակով։ Դեռ 2015 թվականին ամբողջ աշխարհում քրաուդֆանդինգների միջոցով հավաքված գումարը կազմել է 34 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Ներկայիս քրաուդֆանդինգի մոդելը հիմնված է հետևյալ երեք դրույթների վրա՝ 1.նախագծողն առաջարկում է գաղափար կամ ֆոնդավորվող ծրագիր,

2. ի հայտ են գալիս անհատներ կամ խմբեր՝ ծրագրին աջակցելու նպատակով, և

3. ստեղծվում է «հարթակ», որը միավորում է վերոնշյալ երկու կողմերին՝ նախագիծն իրականացնելու համար։

Քրաուդֆանդինգները ձևավորվել են դեռ վաղուց։ Նախկինում քրաուդֆանդինգի օրինակ է եղել գրքերի քրաուդֆանդինգը, երբ գրողը կամ հրապարակողը առաջին հերթին պետք է «գովազդեր» գրքի նախագիծը պարգևատրման և բաժանորդագրման սխեմաներում։ Դրանից հետո գիրքը պետք է գրվեր և հրատարակվեր միայն այն դեպքում, երբ բավարար քանակով հետևորդներ կհայտնեին իրենց պատրաստակամությունը՝ այն գնել հրատարակվելուց անմիջապես հետո։ Սակայն պետք է նշել, որ բաժանորդագրման բիզնեսի այսպիսի մոդելը դեռևս քրաուդֆանդինգ չէ. այն կվերածվի քրաուդֆանդինգի միայն այն ժամանակ, երբ լինի դրամական միջոցների ներհոսք։  

Հոմերոսի «Իլիականի» հունարենից անգլերեն թարգմանությունը[11], Մոցարտի և Բեթհովենի մի շարք երաժշտական նոր ստեղծագործություններ ու համերգներ ֆինանսավորվել են դրանցով հետաքրքրված հովանավորների միջոցներով, ԱՄՆ 44-րդ նախագահ նախագահ Բարաք Օբամայի՝ 2008 թվականի նախընտրական քարոզարշավի համար անհրաժեշտ միջոցների մի մասը ևս հավաքվել է փոքր ներդրումների միջոցով, Նյու Յորքի Ազատության արձանի համար արհրաժեշտ միջոցները հավաքվել են ֆրանսիացիերի և ամերիկացիների ներդրումներով[12]։

19-րդ դարի սկզբին Եվրոպայում հրեական համայնքում հավաքվում էին բաժանորդագրություններ, ու մարդիկ վճարում էին գրքի համար մինչև իսկ նախքան գրքի տպագրությունը և այսպիսով ֆինանսական առումով օգնում գրքի հեղինակին տպագրելու գիրքը։ Բաժանորդագրվողների անունների ցանկը տպագրվում էր գրքի առաջին էջերին։ Այսպես տպագրվել է շուրջ 1000 գիրք[13]։

1885 թվականին, երբ Ազատության արձանն արդեն Ամերիկայում էր, անհրաժեշտ էր կառուցել պատվանդան, իսկ դրա համար անհրաժեշտ էր ֆինանսավորման աղբյուր, և հրատարակիչ Ժոզեֆ Պուլիցերն իր թերթում հրատարակեց նամակ՝ կոչ անելով ամերիկացիներին ունենալ իրենց ներդրումը պատվանդանի կառուցման մեջ։ Որպես արդյունք, հավաքվեց շուրջ 100 000 դոլար․ որոշ մարդիկ կատարել էին ներդրում մեկ դոլարից էլ պակաս։ Որպես պարգևատրում, Պուլիցերը բոլոր հանգանակողների անունները տպագրեց իր թերթում[14]։

Պուլիցերի նման՝ հասարակության լայն շրջանակներին հասանելություն ունեցող անձանց համար քրաուդֆանդինգային մեխանիզմը միշտ էլ կենսունակ է եղել, սակայն միջին ձեռնարկատիրոջ համար մեծ թվով անձանցից փոքր ծավալով ներդրումների հավաքումը, դրա համար անհրաժեշտ ժամանակի ու դրամական ծախսերը խոչընդոտ են եղել։ Այս խոչընդոտները հաղթահարվեցին համացանցի ի հայտ գալով, առցանց վճարումների համակարգերի ներդրմամբ, քրաուդֆանդինգային հարթակների ստեղծմամբ ու նման նախագծերով հետաքրքրված անձանց այդ հարթակներին հասանելիության շնորհիվ։

Համացանցում քրաուդֆանդինգը մեծ ճանաչում ստացավ արվեստի և երաժշտական համայնքներում։ Երաժշտական արդյունաբերության մեջ առցանց քրաուդֆանդինգի առաջին ուշագրավ դեպքը 1997 թվականին էր, երբ բրիտանական «Մարիլլիոն» ռոք խմբի երկրպագուները կարողացան ինտերնետ–արշավի միջոցով 60 000 ԱՄՆ դոլլարի չափով նվիրատվություն կատարել, Միացյալ Նահանգներում շրջայց սկսելու համար։ Հետագայում խումբն ինքը սկսեց կիրառել այս մեթոդը իրենց ֆինանսավորելու համար։

Այս նույն «հնարքը» հետագայում հնարավոր եղավ կիրառել նաև կինոարտադրության ոլորտում։ Կինոարտադրության անկախ գրող, ռեժիսոր Մարկ Տապիո Քինսը 1997 թվականին ստեղծեց կայք, որի միջոցով փորձում էր ֆինանսավորել իր, այն ժամանակ դեռ անավարտ, «Արտասահմանյան թղթակիցներ» ֆիլմը։ 1999 թվականի դրությամբ նրան հաջողվել էր հավաքել ավելի քան 125 000 ԱՄՆ դոլլար և այդ գումարն ուղղել ֆիլմի վերջնական ստեղծմանը։

Առաջին կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել բիզնեսի այս մոդելով, ամերիկյան «ArtistShare» կայքն էր՝ 2001 թվականին։ Մոդելի զարգացման հետևանքով սկսեցին ի հայտ գալ քրաուդֆանդինգով զբաղվող այլ կայքեր, ինչպիսիք են «Kiva» (2005թ.), «GoFundMe» (2010թ.), «Kickstarter» (2009թ.), «Microventures» (2010թ.) և այլն։

Քրաուդֆանդինգների միջոցով ֆինանսավորվում են ինչպես մշակութային, այնպես էլ խոշոր բժշկական ծրագրեր, սակայն շատ դեպքերում այդ քողի տակ իրականացվում են մի շարք խաբեություններ։ Վերջինիս վառ օրինակն է  քաղցկեղի դեղերի ստեղծման կեղծ պատրվակով մեծ գումարների կորզումը։ Բացի այդ, քրաուդֆանդինգային խարդախության հայտնի դեպքերից էր Սթիվեն Թենի կազմակերպած բազմաֆինանսավորման արշավը. 2013 թվականի ամռանը Սթիվեն Թենին 2 ամսում հաջողվում է հավաքել ավելի քան 1,5 մլն. ԱՄՆ դոլար հանրահայտ «Indiegogo» կայքի միջոցով, որի նպատակն էր նոր խելացի ժամացույցների (անգլ.՝ smartwatch) ստեղծումը։ Այնուամենայնիվ, այդ «ակնհայտ» համարվող հաջողությունը միանգամից ավարտվեց ձախողմամբ, երբ ավելի քան 11 000 ներդրողներ կորցրին հազարավոր դոլարներ։ Որոշ ժամանակ անց Թենն իր կայքում բացատրական գրառում կատարեց, որտեղ ասվում էր, որ իր գործընկերը, դավադրություն կազմակերպելով իր դեմ, հավաքված գումարներից գրեթե 1 միլիոն ԱՄՆ դոլար է հափշտակել, այդպիսով ընկերությանը չթողնելով ետ վերադարձման ենթակա գումար։ Սակայն որոշակի դադարից հետո ներդրողներից ոմանք տեսնում են Թենին իր նոր «Ferrari» մեքենայով, որին ի պատասխան Թենը պնդում է, որ մեքենան պատկանում է իր ընկերոջը:[4]

Նմանատիպ դեպքերը ստացել են «Քրաուդֆրոդինգ» (fraud` խարդախություն) անվանումը։

Քրաուդֆանդինգի մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաուդֆանդինգի գործընթացը ներառում է երեք հիմնական կողմերի՝ հանգանակողները (fundraisers), աջակցողներ (backer) և քրաուդֆանդինգային հարթակը (platform)։ Հանգանակողը այն անձն է կամ կազմակերպությունը, որը որևէ նախագծի (նախագծերի) ֆինանսավորման համար իրականացնում է հրապարակային առաջարկ։ Գրականությունում դրանց տարբեր կերպ են կոչում՝ դրամահավաք իրականացնող, հանգանակող (fundraiser), ստեղծող (creator), թողարկող (issuer) քարոզիչ (campaigner)։ Այս խմբի ներկայացուցիչների օգուտը ոչ միայն հավաքված կապիտալն է, այլև հասարակական ճանաչումը, հաճախորդների ներգրավումը, կապիտալի ներգրավմանը զուգահեռ նախագծի մարքեթինգային առաջխաղացումը, ինչպես նաև հետադարձ կապի ապահովումը արտադրանքի հետագա բարելավման նպատակով։

Համանման կերպով կարելի է սահմանել, որ աջակցողը այն անձն է կամ կազմակերպությունը, որը, ի պատասխան հրապարակային առաջարկի, տրամադրում է դրամական միջոցներ որևէ նպատակով նախագծի ֆինանսավորման համար։ Գրականությունում այս խումբը ևս տարբեր կերպ է անվավում՝ հովանավորողներ (backers), ֆինանսավորողներ (funders), օժանդակողներ (supporters), դոնորներ՝ նվիրատվության վրա հիմնված քրաուդֆանդինգի դեպքում, ներդրողներ՝ բաժնային քրաուդֆանդինգի դեպքում, փոխատուներ՝ պարտքային քրաուդֆանդինգի պարագայում։ Այս խմբի օգուտը բացի առանձին տեսակների դեպքում ստացվող արտադրանքի կամ պարգևատրման կայանում է նաև ներգրավվածության զգացողության մեջ, նոր ստեղծվող արտադրանքի դիզայնի, որակի, ձևի մշակմանը մասնակցության, որպես սպառող սեփական պահանջմունքներին առավել համապատասխան արտադրանքի ստացմամբ։

Քրաուդֆանդինգային հարթակը ինտերնետային ծրագիր է, որը կապում է դրմահավաքներին ու նրանց հավանական հովանավորներին՝ միաժամանակ նպաստելով նրանց միջև փոխանակմանը` նախապես նշված պայմաններին համապատասխան։ Ստացվող հիմնական օգուտը միջնորդավճարներն են, ինչպես նաև յուրաքանչյուր հաջողված ծրագրի արդյունքում վարկանիշի բարձրացումը, որը հետագա ծրագրերի ներգրավման համար ավելի գրավիչ է դարձնում այդ հարթակը։ Օգուտներից է նաև այն, որ յուրաքանչյուր նախագիծ իր հետ բերում է նոր գրանցվող հովանավորներ, որոնք մնում են հարթակում և հավանական է, որ կմասնակցեն այլ ծրագրերի ֆինանսավորմանը ևս։

Առանձնացնում են նաև չորրորդ կողմ՝ պետական մարմիններ, որը, չնայած անմիջականորեն ներգրավված չէ գործընթացում, իրականացնում է ոլորտի կարգավորում ու անուղղակիորեն ազդում դրա վրա․իր հերթին, կարգավորման մակարդակն էլ կախված է տվյալ երկրում այլընտրանքային ֆինանսավորման մեթողների զարգացման մակարդակից։

Քրաուդֆանդինգի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաուդֆանդինգներն ունեն  4 գլխավոր տեսակներ, մյուս բոլոր տիպերը սինթեզվում են այս տեսակներից։

Դրանք են`

  1. Գործակիցների վարկավորում (Peer to peer (P2P) lending)՝ դոնորները գումար են տալիս կազմակերպությանը, ակնկալելով գումարների ետ վերադարձ տոկոսներով,
  2. Բաժնետոմսերի հավաքում (Equity  crowdfunding)՝ մասնավոր կազմակերպության արժեթղթերի առցանց առաջարկն է՝ ներդրումներ ունենալու ակնկալիքով, այդ իսկ պատճառով էլ այն համարվում է կապիտալի շուկայի մի մասը,
  3. Պարգևատրումների վրա հիմնված բազմաֆինանսավորում (Rewards-based crowdfunding)՝ անհատները նվիրատվություն են կատարում հօգուտ նախագծի կամ բիզնեսի, դրա դիմաց ակնկալելով ոչ ֆինանսական փոխհատուցում՝ ինչպիսիք են ապրանքները կամ ծառայությունները։ Այս կերպ հնարավորություն է տրվում կանխիկ դրամական հոսքերի օգնությամբ գործարկել նախագիծը կամ բիզնեսը և նախքան արտադրանքի թողարկումը հավաքել «հանդիսատես»,
  4. Նվիրաբերումների վրա հիմնված բազմաֆինանսավորում (Donation-based crowdfunding)՝ մեծ թվով անհատներից խնդրվում է նվիրատվություն կատարել հօգուտ որևէ նախագծի կամ բիզնեսի։ Ի պատասխան, աջակիցները կարող են ստանալ պարգևանշաններ, և որքան մեծ լինի նվիրատվության գումարի չափը, այնքան բարձր կլինի աջակցի հեղինակությունը։ Ամենափոքր նվիրատվության դիմաց հնարավոր է, որ աջակիցը ոչինչ էլ չստանա։ Քրաուդֆանդինգի այս տեսակը օգտագործվում է նաև բարեգործական ծրագրեր իրականացնելիս։

Հիբրիդային քրաուդֆանդինգներ՝  նշանակում է, որ ներառված է քրաուդֆանդինգի մեկից ավելի տեսակ։

Ներկայումս բազմաթիվ սկսնակ ընկերություններ (ստարտափեր) նախընտրում են ներդրման քրաուդֆանդինգային տարբերակը։ Բացի ֆինանսավորման հարմարավետությունը, կան քրաուդֆանդինգն ընտրելու այլ դրդապատճառներ ևս։

Հայտնի են հինգ քրաուդֆանդինգային ընկերություններ, որոնք ներկայումս դարձել են բազմամիլիոնանոց ապրանքանիշներ։ Դրանք են «Oculus VR (virtual reality)»–ը, որը նորագույն տեխնոլոգիաների «ներկայացուցիչն է», բավականին կիրառվող փոփսոքեթները, կոշիկային ապրանքանիշ «Allbirds»-ը, ինչպես նաև «MVMT» ժամացույցները։

«Small business» կայքն էլ իր հերթին առանձնացրել էր 2020 թվականի լավագույն քրաուդֆանդինգային հարթակները։ Ըստ այս կայքի դրանք յոթն էին՝ ընդհանուր առմամբ լավագույն՝ «Kickstarter», ընդհանուր արդյունքով լավագույն՝ «Indiegogo», լավագույնը շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար՝ «Causes», լավագույնը ստեղծարարների համար՝ «Patreon», լավագույնը անձնական դրամահավաքի համար՝ «Gofundme», լավագույնը բաժնետոմսերի հավաքման մեջ ՝ «CircleUp», լավագույնը բիզնես վարկերի համար՝ «LendingClub»: Ինչպես արդեն կարելի է հասկանալ, սրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին մասնագիտացումն ու ոլորտը։

Գործակիցների վարկավորում (Peer to peer (P2P) lending)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնորները գումար են տալիս կազմակերպությանը, ակնկալելով գումարների ետ վերադարձ տոկոսներով։ Այս տարբերակը նման է բանկի կողմից վարկավորվելուն, սակայն տարբերությունը կայանում է նրանում, որ քրաուդֆանդինգի արդյունքում ռեցեպիենտ հանդիսանում է ոչ թե մեկ իրավաբանական անձը՝ բանկը, այլ անհատը, որոշ դեպքերում էլ մեծ քանակով անհատներ։ Այստեղ առավելություն է հանդիսանում այն, որ բանկն անհատների միջև որպես միջնորդ հանդես չի գա, և կողմերը կայքերի միջոցով կկապվեն իրար ուղղակիորեն, որի արդյունքում էլ «գործարքը» ձեռնտու կլինի միանգամից երկու կողմերին էլ։ Այս գործարքի քայլային հաջորդականությունը հետևյալն է. Նախ ներդրողը կայքում հաշիվ է բացում և որոշակի գումար փոխանցում այդ հաշվին, որը հետագայում ընտրողաբար տրվելու է որևէ վարկառուի։ Վարկառուն էլ իր հերթին հրապարակում է ֆինանսական պրոֆիլ, որի մեջ ներառված է տեղեկատվություն իր ռիսկայնության վերաբերյալ։ Վերջինիս հիման վրա էլ որոշվում է, թե որքան տոկոս կվճարի վարկառուն։ Արդյունքում վերջինս վերանայում է բոլոր ներդրողների առաջարկը և կատարում իր ընտրությունը, սակայն հնարավոր է նաև աֆտոմատ ընտրության տարբերակը կայքի կողմից։ Հաճախ վարկառուները ընդունում են մի քանի ներդրումային առաջարկ, անհրաժեշտ գումարի չափը տրոհելով մի քանի ներդրողի մեջ։ Գումարի փոխանցումը և տոկոսների վճարումն իրականացվում է հարթակի միջոցով։

Որոշ կայքեր մասնագիտանում են վարկառուների որոշակի տեսակների վրա։ Օրինակ, «StreetShares»–ը նախատեսված է փոքր բիզնեսի համար։  Մեկ այլ օրինակ է «Lending Club»–ը («Վարկավորման ակումբ»), որն ունի «հիվանդների լուծումներ» կատեգորիա, այդպիսով կապելով անհատներին այն բժիշկների հետ, ովքեր առաջարկում են ֆինանսավորման ծրագրեր հեռանկարային հիվանդների հետ։

Կարևոր է նշել նաև, որ որոշ P2P կայքեր թույլատրում են ռեցեպիենտներին բացել հաշիվ՝ սկզբում հաշվի վրա ունենալով ամենաքիչը 25 ԱՄՆ դոլլար։

Բաժնետոմսերի հավաքում (Equity crowdfunding)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժնետոմսերի հավաքումը մասնավոր կազմակերպության արժեթղթերի առցանց առաջարկն է՝ ներդրումներ ունենալու ակնկալիքով, այդ իսկ պատճառով էլ այն համարվում է կապիտալի շուկայի մի մասը։ Ի տարբերություն ֆոնդային բորսայում բաժնետոմսերի առք ու վաճառքի, այս պարագայում բաժնետոմսերը գնվում են ոչ այնքան հայտնի կազմակերպություններից, որոնք անգամ գոյություն չունեն ֆոնդային բորսայի անվանացանկում։ Բաժնետերը դառնում է ընկերության մասնակի սեփականատերը և ընկերության ճիշտ վարման դեպքում կստանա որոշակի շահույթ։ Հակառակ դեպքում, եթե ընկերությունը ձախողվի, ներդրողը կկորցնի իր ներդրած գումարն ամբողջությամբ կամ մասսամբ։ Նման ստարտափներում համաձայնվում են ներդրումներ կատարել մեծահարուստ անհատները, վենչուրային կապիտալիստները կամ բիզնես հրեշտակները։ Իսկ թե այսքանից ով կկատարի ներդրում, դա արդեն կորոշվի հարթակի կողմից։

Քրաուդֆանդինգի այս տեսակի հարթակները օգնել են ժողովրդավարացնել ներդրումների գործընթացը, լայն հնարավորություններ ստեղծելով «ամբոխ» (crowd) կոչվող ներդրողների առաջ։ Ինչպես արդեն կարելի է ենթադրել, քրաուդֆանդինգի այս տեսակն ունի իր ռիսկերը։ Նշենք դրանցից մի քանիսը։ ա) Շահույթ ստանալու համար հաճախ կարող են պետք գալ մինչև անգամ տարիներ։ Ծայրահեղ դեպքում, եթե ներդրողը ցանկանա վերավաճառել իր բաժնետոմսը, պետք կգա երկար ժամանակ, որպեսզի բաժնետոմսի արժեքն աճի։

բ) Երկար ժամանակ պետք է մոռանալ դիվիդենտ ստանալու մասին, քանի որ նմանատիպ ստարտափները երկար ժամանակ շահույթ չեն ապահովում, առավել ևս դիվիդենտներ։

գ) Բաժնետոմսը վերավաճառել ցանկացողները կանգնելու են խնդրի առաջ, քանի որ չկա դրանք իրացնելու համար երկրորդային շուկա, այլ կերպ ասած դրանք ցածր իրացվելի են։ Սա նշանակում է, որ ներդրողը ստիպված կլինի բաժնետոմսերը պահել այնքան ժամանակ, մինչև ֆոնդային բորսան կընդունի տվյալ կազմակերպության գոյությունը։

դ) Նոր ներդրողների հայտնվելուն պես հին ներդրողների բաժնեմասը տոկոսային առումով կնվազի։ Ամենավատ դեպքում կարող են նոր բաժնետերերին տրված բաժնետոմսերը լինել արտոնյալ, որոնք էլ անբարենպաստ պայմաններ ստեղծեն սկզբնական ներդրողների համար։

Ի վերջո, բոլոր ռիսկերը դիտարկելուց հետո, հարկ է նշել հետևյալը՝ որքան մեծ է ռիսկը, այնքան մեծ կլինի շահույթը։

Բաժնետոմսերի հավաքման ԱՄՆ լավագույն հարթակներն են AngelList-ը (ստեղծված 2010թ., նվազագույն անհատական ներդրումը 1000ԱՄՆ դոլլար), CircleUp-ը (նվազագույն ներդրումը 1000ԱՄՆ դոլլար, սակայն կարող է լինել նաև 250 կամ 500 ԱՄՆ դոլլար), EquityNet-ը (ստեղծված 2005թ., նվազագույն ներդրումը 1000ԱՄՆ դոլլար) ևն։

Պարգևատրումների վրա հիմնված բազմաֆինանսավորում (Rewards-based crowdfunding)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաուդֆանդինգի այս տեսակի էությունն այն է, որ անհատները նվիրատվություն են կատարում հօգուտ նախագծի կամ բիզնեսի, դրա դիմաց ակնկալելով ոչ ֆինանսական փոխհատուցում՝ ինչպիսիք են ապրանքները կամ ծառայությունները։ Այս կերպ հնարավորություն է տրվում կանխիկ դրամական հոսքերի օգնությամբ գործարկել նախագիծը կամ բիզնեսը և նախքան արտադրանքի թողարկումը հավաքել «հանդիսատես»։

Քրաուդֆանդինգի այս տեսակը ունի մի շարք առավելություններ՝

ա) Ներդրված գումարը ետ վերադարձի ենթակա չէ, ընդամենը պետք է փոխհատուցել նախապես խոստացված ապրանքով կամ ծառայությունով։

բ) Արտադրանքի թողարկումից առաջ պատվերներն արդեն ապահովված են, իսկ բազմաֆինանսավորման արշավը թույլ է տալիս ներգրավել տարատեսակ հաճախորդների։

գ) Սա հիանալի միջոց է սկսնակների և ձեռներեցների համար, քանի որ հնարավորություն է տալիս ֆինանսավորել նոր ապրանքների թողարկումը։

դ) Հարմարավետ է այն ապրանքների համար, որոնք կամ նորարարական են, կամ էլ արժանի են սպառողների ուշադրության բարձր մակարդակին։

Այս բոլոր առավելությունների կողքին կարևոր է հիշել, որ այս տեսակը նաև իրենից ենթադրում է պարտավորվածություն՝ կատարել խոստումները ժամանակ առ  ժամանակ։

Նվիրաբերումների/բարեգործությունների վրա հիմնված բազմաֆինանսավորում (Donation-based crowdfunding)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամաբանությունը հետևյալն է՝ մեծ թվով անհատներից խնդրվում է նվիրատվություն կատարել հօգուտ որևէ նախագծի կամ բիզնեսի։ Ի պատասխան, աջակիցները կարող են ստանալ պարգևանշաններ, և որքան մեծ լինի նվիրատվության գումարի չափը, այնքան բարձր կլինի աջակցի հեղինակությունը։ Ամենափոքր նվիրատվության դիմաց հնարավոր է, որ աջակիցը ոչինչ էլ չստանա։ Քրաուդֆանդինգի այս տեսակը օգտագործվում է նաև բարեգործական ծրագրեր իրականացնելիս։

Քանի որ քրաուդֆանդինգի այս տեսակը հիմնված է նվիրատվությունների վրա, ֆինանսավորողները չեն ստանում սեփականության իրավունք կամ պարտատիրոջ կարգավիճակ։

Նվիրաբերումների վրա հիմնված քրաուդֆանդինգը ավելի հարմար է միկրոֆինանսավորման համար, քանի որ դրանից չեն ակնկալվում խոշոր դրամական հոսքեր։ Դրա հետ մեկտեղ գումարի ապահովման պահանջներն այնքան շատ չեն, որքան ֆինանսական հաստատությունների միջամտության դեպքում է։ Եվ իհարկե, նմանատիպ ծրագրերի դեպքում անգամ կարիք չի լինում դիմել ֆինանսական կազմակերպությունների, քանի որ պետք եղած գումարը կարող է ավելի քիչ լինել վարկի նվազագույն չափից։

Այս թվացյալ հեշտ մեթոդով գումար հավաքելու համար ցանկալի է պահպանել շարունակական ակտիվություն, քանի որ հարթակը չի աշխատելու միայնակ։ Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է հետևել մի քանի կարևոր կետերի՝

  1. ունենալ իրատեսական թիրախային գումար,
  2. պահպանել ապագա միջոցների օգտագործման վերաբերյալ թափանցիկություն,
  3. որդեգրել «ամեն ինչ կամ ոչինչ» տարբերակը. դրամահավաքը պիտի պահպանի գումարը այնքան ժամանակ, մինչև կծառայեցնի իրական նպատակին,
  4. առաջարկել հնարավոր նվիրատվության գումարի նվազագույն չափ,
  5. կիսվել արշավով բլոգների, ֆորումների և այլ հարթակների միջոցով,
  6. մշակել հաղորդակցության ճիշտ ստրատեգիա (օգտակար են սոցցանցերը),
  7. արշավը փորձարկել մտերիմների շրջապատում (ընկերներ, ընտանիք, գործընկերներ), այնուհետև հանրայնացնել,
  8. հրապարակել ներդրողների անունները, դրա միջոցով մոտիվացնելով պոտենցիալ ներդրողներին։

Գոյություն ունեն նաև հիբրիդային քրաուդֆանդինգների տեսակներ, որը նշանակում է, որ ներառված է մեկից ավելի տեսակ։

Ամենամեծ ներգրավվածությունը առկա է « նվիրատվությունների վրա հիմնված» քրաուդֆանդինգային տեսակում՝ 49%, իսկ ամենաքիչը՝  «պարգևատրումների վրա հիմնված» տեսակում` 11%։ Պատճառը հավանաբար կայանում է նրանում, որ «Donation-based» տեսակի քրաուդֆանդինգով զբաղվում են ոչ միայն քրաուդֆանդինգային հիմնական հարթակները, այլ նաև սոցիալական կայքերը, որոնցից ամենահայտնին և օգտագործվողը «Ֆեյսբուք» սոցիալական կայքն է։

Չորս քրաուդֆանդինգային հաջողված նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս շատ ու շատ սկսնակ ընկերություններ նախընտրում են ներդրման քրաուդֆանդինգային տարբերակը։ Բացի ֆինանսավորման հարմարավետությունը, կան քրաուդֆանդինգն ընտրելու այլ դրդապատճառներ ևս։ Սակայն ևս մեկ անգամ նախորդ թեմայում չխորանալու համար վերադառնանք գլխավոր ասելիքին։

Այս գլխում կխոսենք հինգ քրաուդֆանդինգային ընկերությունների մասին, որոնք ներկայումս հայտնի են որպես բազմամիլիոնանոց բրենդներ։ Վերջիններս սկսել են իրենց արշավները քրաուդֆանդինգային հարթակներից, ինչպիսիք են Indiegogo-ն և Kickstarter-ը։

Oculus VR (virtual reality)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ «Oculus Rift»-ի հիմնադիր Փալմեր Լաքին 2012թ. սկսեց իր քրաուդֆանդինգային արշավը, ընդամենը 20 տարեկան էր։ Արշավի ավարտից անմիջապես հետո նա ուներ ավելի քան 9500 հովանավորներ, ովքեր հավաքել էին ավելի քան 2,4 միլիոն ԱՄՆ դոլար, դարձնելով այս արշավը պատմության մեջ ամենամեծ հաջողության հասածը։ Oculus Rift-ը ստեղծված էր մոլի խաղացողներին վիրտուալ իրականություն բերելու համար։

Ավելի ուշ՝ 2014թ. «Ֆեյսբուք»-ը ձեռք է բերում Oculus VR-ը 2 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Այսօր Oculus Rift-ը հայտնի է որպես Ֆեյսբուքյան հավելվածների և ծառայությունների ընտանիքի անդամ։ Կանխատեսվել էր, որ 2019թ. Oculus Rift-ի միայն այս սարքավորումից հասույթը պիտի կազմեր 4,95 միլիարդ դոլար։

Փոփսոքեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփսոքեթները փոքր պլաստիկ հարմարանքներ են լարով ականջակալների՝ լարերը դրանց վրա փաթաթելու համար, որոնք ամրացվում են հեռախոսի ետնամասին։ Փոփսոքեթները ստեղծված են՝ կանխելու լարով ականջակալների խճճումը և դրանց օգտագործելն ավելի հարմարավետ դարձնելու համար։

Փոփսոքեթների առաջին տարբերակը ստեղծվել էր 2010թ. Դավիթ Բարնեթի կողմից, ով Կոլորադոյում աշխատում էր որպես փիլիսոփայության պրոֆեսոր։ Սկզբում նա փորձում էր գտնել որևէ եղանակ սեփական ականջակալների լարերի խճճումը կանխելու համար։ Ի վերջո նա հասավ ցանկալի արդյունքին՝ հեռախոսի ետևում երկու կոճակ փակցնելով և ականջակալի լարերը դրա շուրջ փաթաթելով։

Որքան էլ որ այդ կոճակները տգեղ էին աչքի համար, այնուամենայնիվ դրանք ապահովեցին ցանկալի արդյունքը։

Փոփսոքեթի քրաուդֆանդինգային արշավը սկսվեց 2012թ. «Kickstarter» հարթակում, ինչը հետո դարձավ քրաուդֆանդինգային ամենահաջողակ բիզնեսներից մեկը։  Այժմ էլ փոփսոքեթը շարունակում է մնալ «Amazon»-ի լավագույն վաճառվող արտադրանքներից մեկը բջջային հեռախոսների աքսեսուարների կատեգորիայում։

2018 թվականին «PopSocket LLC»-ի հասույթը կազմել է ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար, իսկ շահույթը ՝ ավելի քան 90 մլն ԱՄՆ դոլար։

Allbirds[խմբագրել | խմբագրել կոդը]

Allbirds-ը սկսել է իր քրաուդֆանդինգային արշավը 2014թ.՝ արագորեն դառնալով աշխարհի ամենահաջողակ քրաուդֆանդինգային ընկերություններից մեկը։

Առաջատար լրատվամիջոցները մշտապես գրում են «Allbirds»-ի մասին, որպես աշխարհի ամենահարմարավետ կոշիկների։ Kickstarter արշավի օգնությամբ հիմնադիրները 5 օրվա ընթացքում հավաքել են 120,000 ԱՄՆ դոլար 970 կողմնակիցների հետ, իսկ հետո դադարեցրել են արշավը։

Հաղորդվում է, որ այս բրենդը հանդիսանում է կոշիկի՝ աշխարհում ամենաարագ աճող ընկերություններից մեկը։ «Allbirds»-ը համագործակցել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Nordstrom»-ը, «Outdoor Voices»-ը եւ նույնիսկ «Shake Shack»-ը։

MVMT ժամացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ.-ից, երբ ընկերությունը հիմնադրվել է քոլեջի երկու սենեկակիցների (Լա Պլանտե և Ջեյք Կասան) միջև, մինչեւ 2017 թ. MVMT-ի կողմից վաճառվել է ավելի քան 1.5 միլիոն ժամ, արևային ակնոց եւ այլ նմանատիպ արտադրանքներ։

Նրանք սկսել են քրաուդֆանդինգի արշավը «Indiegogo» հարթակում, իսկ հետո սկսել են ևս մեկը, որտեղ նրանք հավաքել են մոտ 300 000 ԱՄՆ դոլար, ընդհանուր առմամբ 3850-ից ավելի հովանավորների օգնությամբ։

Հետաքրքրական է, որ «Kickstarter» հարթակի կողմից հիմնադիրների հայտը մերժվել է մեկի փոխարեն երկու անգամ, «Indiegogo»-ում հասնելով նմանատիպ հաջողության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Օքսվորդի բառարանի սահմանում՝ Crowdfunding». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
  2. ««Մերիամ Ուեբստեր» բառարանի սահմանում՝ Crowdfunding». Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
  3. «Քեմբրիջյան բիզնես դպրոց՝ Քեմբրիջի այլընտրանքային ֆինանսավորման կենտրոն». Jbs.cam.ac.uk. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.(անգլ.)
  4. Թոփ 10 քրաուդֆանդինգի կայքերը, Crowdfunding.com(անգլ.)
  5. «Քրաուդֆանդինգ. հաճախորդների վերածումը ներդնողների՝ նորարարական հարթակների միջոցով» (PDF). Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.(անգլ.)
  6. «Ամեն ինչ քրաուդֆանդինգի մասին». 2014 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.(անգլ.)
  7. «HSBC contributor» (2014 թ․ օգոստոսի 5). «HSBCVoice. Քրաուդֆանդինգի չիրացված ներուժը զարգացող շուկաներում». «Forbes». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. {{cite news}}: |author= has generic name (օգնություն)(անգլ.)
  8. STEINBERG S. (2012). THE CROWDFUNDING BIBLE: how to raise money for any startup, video game, or project. էջ 2.
  9. Schwienbacher A., Belleflamme P., Lambert Th. (2012). Crowdfunding: Tapping the Right Crowd. էջ 5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Mollick E. (2014). The dynamics of crowdfunding: An exploratory study. Journal of Business Venturing. էջ 1.
  11. Landstorm H., Parhankangas A. (2019). Handbook of Research on Crowdfunding. էջ 1.
  12. Kuppuswamy V., Bayus B. (2013). Crowdfunding creative ideas: the dynamics of project backers in KICKSTARTER. էջ 2.
  13. Bakhshyan G. (2018). Crowdfunding as a tool for financial project implementation in the internet era. “ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ” գիտական հանդես.
  14. Short J.; և այլք: (2016). Research on crowdfunding: reviewing the (very recent) past and celebrating the present. էջ 3. {{cite book}}: Explicit use of et al. in: |last= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]