Փոլադլուի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլադլուի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԳետաբեկի շրջան, Փոլադլու
Ճարտարապետական ոճՀայկական

Փոլադլուի եկեղեցի, ավերված հայկական առաքելական եկեղեցի Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանի Փոլադլու գյուղի արևելյան մասում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների՝ թվագրվում է 16-17-րդ դարերով[1]։

Եկեղեցու անվանումը անհայտ է, այդ իսկ պատճառով կոչվում է բնակավայրի ներկայիս անվանումով։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի միանավ բազիլիկ հորինվածք։ Կիսակլոր խորանի հյուսիսային և հարավային կողմերից կից են ուղղանկյուն հատակագծով թաղակապ ավանդատներ։ Վերջիններս իրենց ծավալներով դուրս են աղոթասրահի բուն մակերեսից, սակայն կառուցվել են եկեղեցու հետ։ Արտաքին չափերն են՝ 13,20 x 5,65 մ, արևելյան պատն ավանդատների հետ՝ 9,65 մ։ Եկեղեցու մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից։ Հարավային ավանդատունը եկեղեցու հետ հաղորդակցվում է խորանի մեջ բացված նեղ ու երկար մուտքով։ Հյուսիսային ավանդատան մուտքը բացվում է անմիջապես աղոթասրահի մեջ։ Նեղ ու դեպի ներս (լայնացող) պահպանված լուսամուտները երեքն են՝ բոլորն էլ բացված արևելյան ճակատից։ Կառուցված է անմշակ ու կոպտատաշ քարով, կրաշաղախով։ Անկյունաքարերի մի մասը սրբատաշ է։ Պատերը պահպանվել են 1,5-2 մ բարձրությամբ։ Ամբողջովին քանդված են եկեղեցու տանիքը և թաղը, ավանդատների երեսպատման քարերը, մուտքերի անկյունաքարերը։ Շարվածքում կան խաչապատկերներ կրող քարաբեկորներ[1]։

Եկեղեցու շուրջ տարածվում է հին գերեզմանոց, ուր հանդիպում են գետնաթաղ ու կոպտատաշ սալատապաններ, որոնցից շատերը զարդարված են հնաոճ ու պարզ խաչաքանդակներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004։