Փառքի հուշահամալիր (Չալթր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փառքի հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր և պատերազմի հուշահամալիր
Ստեղծում1986
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՉալթր
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Փառքի հուշահամալիր Չալթր գյուղում

Փառքի հուշահամալիր (ռուս.՝ Мемориал славы), հուշահամալիր Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի և Չալթրի գյուղական համայնքի վարչական կենտրոն Չալթր գյուղում։ Փառքի հուշահամալիրը ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Չալթր գյուղն ազատագրած զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով։ Գտնվում է գյուղի մշակույթի և հանգստի զբոսայգում։ 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանագրով ընդգրկվել է Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի մշակութային ժառանգության օբյեկտների ցուցակում[1]։ Հուշահամալիրը ստեղծվել է ճարտարապետ Վլադիմիր Եղիայի Ձրեյանի[2] և քանդակագործ Ա. Ա. Լեբեդենկոյի նախագծով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մյասնիկովի շրջանի մոտ չորսուկես հազար բնակիչ կռվում էր ռազմաճակատում, նրանցից 2027-ը զոհվել է։ Մյասնիկովի շրջանի 3500 բնակիչ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով, երեքն արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ 1995 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել Չալթր գյուղի բնակիչ Սուրեն Համբարձումի Տաշչյանին (Տաշչիև)։ Գերմանացի զավթիչների դեմ պայքարում զոհվել է Չալթր գյուղի մոտ 700 բնակիչ։

1980-ական թվականներին Չալթր գյուղի կենտրոնում՝ մշակույթի և հանգստի զբոսայգում, ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված հայրենակիցների և գյուղն ազատագրելու ժամանակ զոհված զինվորների Փառքի հուշահամալիրը։

Հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետ Վլադիմիր Եղիայի Ձրեյանը, քանդակագործ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Լեբեդենկոն, ճարտարագետ Բորիս Մարտինովիչ Դաղլդյանը։

Հուշահամալիրի նախագիծը պատրաստվում էր Հաղթանակի 40-ամյակի առթիվ, որը պետք է նշվեր 1985 թվականին։ Սկզբում նախատեսվում էր հուշահամալիրը կառուցել Չալթր գյուղի ամենաբարձր կետում՝ Ոսկե լեռան վրա, սակայն ըստ նախագծի՝ հուշահամալիրը զբաղեցնում էր մեծ տարածք, ուստի որոշվեց, որ այն լինի զբոսայգու կառույց՝ գյուղի կենտրոնում։

1986 թվականին սկսվեց հուշահամալիրի շինարարությունը, իսկ 1987 թվականի մայիսին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, բացվեց։ Դա շինությունների համալիր է։ Նրանցից մեկը Հայրենական մեծ պատերազմի հինգ տարիները խորհրդանշող հինգ սյուներով կլորավուն աղյուսե շինություն է, որի պատերն ու ցոկոլը երեսպատված են Հայաստանից բերված տուֆե սալիկներով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելայի ներքին կողմի կենտրոնում կանգնած է Մայր Հայրենիքի քանդակագործական պատկերը, որն ունի մոտ 4 մետր բարձրություն։ Նրա վեր պարզած ձեռքին փառքի պսակ է։ Ստելայի վրա կախված է երեք հերոսների (օդաչու և երկու հետևակային), հեռացած զինվորներին խորհրդանշող երկու թռչող աղավնիների պատկերով սև խորաքանդակ։ Ավելի ներքև Սևծովյան նավատորմի ռազմաօդային ուժերի առաջին ականատորպեդային դիվիզիայի 11-րդ գվարդիական կործանիչ ավիացիոն գնդի օդաչու, Ռուսաստանի հերոս Սուրեն Համբարձումի Տաշչյանի հուշատախտակն է, որի վրա գրված է. «Ռուսաստանի Դաշնության հերոս Տաշչյան Սուրեն Համբարձումի, 1919-1943։ Ծովային ավիացիայի կործանիչ օդաչուն վայր է գցել թշնամու 11 ինքնաթիռ։ Չալթր գյուղի բնիկ։ Հերոսի կոչմանն արժանացել է 1995 թվականի փետրվարի 6-ին հետմահու»[3]։

Հուշահամալիրի կենտրոնական մասում հավերժական կրակ է։ Հուշարձանի հուշասալիկներին փորագրված են գյուղի զոհված բնակիչների անունները։ Պատվանդանների վրա տեղադրված են 1941-1943 թվականներին Չալթրը պաշտպանելիս և ազատագրելիս զոհված 169 զինվորների անուններով գրանիտե սալիկներ։

1975 թվականին, Հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ, Չալթր գյուղում կանգնեցվել է պատերազմում անմեղ զոհված տասը հայրենակիցների հուշարձանը։ Հուշարձանի հեղինակն է ռոստովցի քանդակագործ Ա. Ջլաուխյանը։ Հուշարձանի սպիտակ խորաքանդակը պատկերում է 10 մարդուց բաղկացած մի խմբի՝ ընկնող երիտասարդ տղայի և պատերազմի միջոցով անցած վետերանի, որն անձնվիրաբար ընդունում է մահը։ Նրանց կողքին ձեռք ձեռքի տված կանգնած են երիտասարդ երկվորյակ եղբայրները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Выявленные объекты культурного наследия
  2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ ՏԱՐԵԳԻՐՔ, էջ 159» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Памятники и мемориалы Мясниковского района». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին գնդակահարված համագյուղացիների հուշարձան