Տարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տարսոն
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլՄերսին
ՇրջանՏարսոն
Մակերես2.019 կմ²
ԲԾՄ23 մ
Բնակչություն228.471 մարդ (2008)
Ագլոմերացիա303.661
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ324
Փոստային դասիչ33x xx
Ավտոմոբիլային կոդ33
Տարսոնը
Պաշտոնական կայքtarsus.gov.tr (թուրքերեն)
Տարսոն շրջանը
Մերսին իլում
Տարսոն (Թուրքիա)##
Տարսոն (Թուրքիա)

Տարսոն, Տարսոս, Թարսիս քաղաք Թուրքիայում, Կյուդնոս գետի զույգ ափերին։ Տարսոնի հիմնադրումն վերագրում է Տարսիսին (Նոյի որդի Հաբեթի սերնդից)։ Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են Աստվածաշնչում հիշատակված վաճառաշահ Թարշիշին։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարսոնը մ․թ․ա․ 6-4-րդ հազարամյակներում եղել է նեոլիթյան բնակավայր՝ բրոնզի մշակման կենտրոն և ամրացված բերդաքաղաք։ Տարսոնում գտած խեթական կնիքները վկայում են, որ այն մտել է խեթական պետության կազմի մեջ։ Մ.թ.ա XII-VII դդ եղել է երկաթի մշակման, արհեստագործության ու առևտրի կենտրոն, կարևոր դեր խաղացել Կիլիկիայում կազմավորված հնագույն թագավորության կյանքում։ Մ.թ.ա. VII դ ընկել է Ասորեստանի, մ.թ.ա VI-IV դդ՝ Աքեմենյան Իրանի, այնուհետև՝ Սելևկյանների տիրապետության ներքո։ Վերջիններիս օրոք Տարսոնում ծաղկել և զարգացել է հելլենիստական մշակույթը, դարձել գիտության առաջատար կենտրոն։ Տարսոնում են ստեղծագործել անտիկ գիտնականներ Արտեմիդորոսը, Դիոդորոսը, Արտեմիդորոսը, Նեստոր Ակադեմիան, Արքեմադոսը։ Տարսոնը ունեցել է ազատ ու ինքնավար քաղաքի արտոնություն, հատել դրամներ։ Ստրաբոնն այն անվանել է Աթենքի ու Ալեքսանդրիայի միցակից։ Քաղաքը ունեցել է ազատ ու ինքնավար քաղաքի արտոնություն, հատել դրամներ, կարևոր դեր խաղացել ցամաքային ու ծովային առևտրում։ Մ․թ․ա 80-70-ական թթ Տարսոնը մտել է Տիգրան Բ Մեծի հելլենիստական տերության, ապա ՝ Հռոմեական կայսրության մեջ։ Եղել է Կիլիկիա կայսերական նահանգի կենտրոնը։ Հուլիոս Կեսարը, վերակառուցելով Տարսոնը, այն վերանվանել է Հուլիոպոլիս։ Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսը Տարսոնը դարձրել է իր տերության մայրաքաղաքը և մեծ շուքով այնտեղ կատարել հարսանեկան հանդեսը Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ։ Հռոմեական և բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Տարսոնը եղել է բարգավաճ քաղաք, իսկ IV դարից՝ արքեպիսկոպոսանիստ։ Տարսոնում ծնվել է Պողոս առաքյալը։ VII դ վերջին Տարսոնը նվաճել են արաբները՝ այն դարձնելով ռազմական խոշոր հենակետ Բյուզանդիային դեմ։ Արաբա-բյուզանդական կռիվների ժամանակ Տարսոնի քրիստոնյա բնակչությոան զգալի մասն արտագաղթել է, անկում է ապրել քաղաքի տնտեսությունը, մշակութային կյանքը։ X դ Տարսոնում բնակվող հույների, ասորիների և արաբների համեմատությամբ հայերը կազմել են գերակշռող մեծամասնություն։ 973-ից եղել է հայկական արքեպիսկոպոսության կենտրոն։ 1040-1080 թվականներին այն մտել է հայ իշխան Աբլղարիբ Արծրունու տիրության մեջ և եղել հայկական զորակայան։ XII դ քաղաքն անցել է մերթ հայերին, մերթ բյուզանդացիներին, մերթ խաչակիր ասպետների ձեռքը։ XII դ վերջին Տարսոնը վերջնականապես միավորվել է Կիլիկյան Հայաստանին։ Ապրել է տևական նոր վերելք։ Ներսես Լամբրոնացու արքեպիսկոպության ժամանակներից Տարսոնը դարձել է միջնադարյան հայ մշակույթի առաջատար կենտրոն, ունեցել բարձրագույն դպրոց։ Արքունի քաղաք Տարսոնի մայր տաճարում՝ Ս. Սոփիայում, տեղի են ունեցել Լևոն Բ Մեծագործի և նրա հաջորդների թագադրման արարողությունները։ 1375 թ Կիլիկիայում հայկական պետության անկումից հետո Տարսոնը, ընկնելով Եգիպտոսի արաբական սուլթանության, ապա 1487 թվականից՝ օսմանյան սուլթանության տիրապետության ներքո, հետզհետե ավերվել է և վերածվել անշուք ավանի։ XX դ սկզբին Տարսոնում ապրում էին 3-4 հազար հայեր, որոնք բռնագաղթի ենթարկվեցին կամ կոտորվեցին 1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։