Վան Չուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Չուն
王充
Ծնվել է27[1][2] Shangyu District, Հան դինաստիա
Մահացել է97[1][2]
ՔաղաքացիությունԱրևելյան Հան
Մասնագիտությունփիլիսոփա, օդերևութաբան, աստղագետ և մաթեմատիկոս
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինչինարեն[1]

Վան Չուն (չին.`王充 ; արտասանությունը` Wáng Chōng, 27[1][2], Shangyu District, Հան դինաստիա - 97[1][2]), հին չինացի մատերիալիստ, փիլիսոփա և աթեիստ։ Նա չինական փիլիոսփայության խոշորագույն դեմքերից մեկն է։ Նրա ուսմունքը գոյաբանության, իմացաբանության և մարդու մասին իր նախորդների փիլիսոփայական հայացքների նորացումն ու զարգացումն է։ Նրա մատերիալիստական փիլիսոփայությունը ձևավորվել է Չինաստանում մեծ զարգացում ապրող մաթեմատիկայի զարգացման հիմքի վրա։ Վան Չունի գոյաբանությունն արդյունք է դաոսիզմի, կոնֆուցիոսականության և հետագա դարերի փիլիսոփայական մտքի քննադատական յուրացման[3]։

Պահպանվել է նրա «Քննադատական կշռադատություններ» երկը։ Ողջ գոյություն ունեցողը, ըստ Վան Չունի, կազմված է նյութական սուբստանցից՝ «նախնական եթերից» (յուան ցի), իսկ իրերի, ինչպես նաև մարդկանց միջև տարբերություններր ծագում են դրա խտության տարբեր աստիճաններից։

Երկինքը, որը իր նախնիների մոտ օժտված էր կամքով, ցանկություններով և գիտակցությամբ, Վան Չունի ուսմունքի մեջ նույնացվում է բնության հետ։ Վան Չունը պայքարել է աստվածաբանական աշխարհընկալման դեմ, մերժել երկնային տիրակալի և հոգիների գոյությունը, զարգացրել հին դաոսականների դրույթը այն մասին, որ երկնքի ուղին (դաո) նպատակ չունի, այն ինքնակա է։ Ըստ նրա երկինքը մարմնական է և տեղադրված է մարդկանցից շատ հեռու։ Մաթեմատիկոսները ենթադրում են, որ այդ հեռավորությունը 60000 լի է։ Եվ եթե երկինքն օդ է, ինչպես կարծում էին նախորդ փիլիսոփաները, իսկ օդը ամպին ու ծխին, ապա ինչպես կարել է այն չափել լի-երով և աստիճաններով։ Երկինքը երկրի նման մարմին է, նրա հիմքում ընկած է անսահման, կապույտ-երկնագույն, սկիզբ և չունեցող ցի-ն։ Բոլոր իրերը ծագում են երկնքի և երկրի ցի մասնիկների միացությունից, ինչպես բնականոն ծնվում է երեխան կնոջ և տղամարդու նյութական ցի-երից։ Երկինքն ու երկիրը նման են տղամարդու ու կնոջ։ Երկինքը ցի մասնիկները տարածում է երկրի վրա և առաջանում են բոլոր իրերը։ Ցի մասնիկները ծնում են մարդուն, ինչպես ջրի խտացումց առաջանում է սառույցը։ Կնոջ մոտ ևս արական և իգական ցի-երը խտանում են և ծնվում են երեխան։ Ծնվելիս, երեխան լիքը լցվում է նախասկզբնական ցի-երով, որոնք երկնքի և երկրի նուրբ էությունն են[4]։

Վան Չունը նորովի է մեկնաբանում աշխարհի բնականության դաոիստական ըմբռնումները, որոնք ոչնչով չէին հաստատում այն։ Հետևաբար, նրանց ուսմունքը,ըստ Վան Չունի ճշմարիտ չէ, քանի որ գոլորշիացող ցի մասնիկները չեն ձգտում իրերի ստեղծման, իսկ իրերն առաջանում են բնականոն, ինքնին։ Իսկ ինչու՞ է խոսվում երկնքի բնականության մասին։ Այս հարցին Վան Չուն պատասխանում է, որ երկինքը չունի ոչ բերան, ոչ էլ աչք։ Իսկ այն, ինչը տեսնում և ուտում է, նա գործում է։ Ուրեմն, երկինքը չի գործում և իրեր չի կարող ծնել։ Ճիշտ չէ նաև այն միտքը, իբր երկինքն արտադրում է հինգ տեսակի խոտաբույսեր և մետաքս, որպեսզի կերակրի ու հագցնի մարդկանց։ Այս ուսմունքն ևս հակասում է բնականության սկզբունքին։ Վան Չունի ուսմունքն մարդու մասին ևս մատերիալիստական է։ Մարդը, ինչպես և կենդանին, վերջավոր մարմին է, ծնվում և մահանում է մեկ անգամ։ Ո՞վ կարող է հիշողության մեջ մնացած նախնիներին վերադարձնել։ Մահանալիս մարդը կարծես թե մտնում է մի պղտոր աղբյուր, անհետանում և վերածվում է հողի ու մոխրի։

Մարդու հոգին, ըստ Վան Չունի, նրբագույն ցի է, որն ուժ է։ Մահվանից հետո այդ ցի-ն գոլորշիանում է, իսկ մարմինը տարալոիծվում և փտում։ Մարդը կենդանի էակ է. ինչու՞ պիտի կենդանիները մահվանից հետո չփոխակերպվեն հոգու, իսկ մարդը` վերածվի։

Սոցիալ-քաղաքական հարցերում Վան Չուն ճակատագրապաշտ է։ Կենդանիների մեջ մարդը բարձրագույն էակ է և ամենաբարձր արժեքը, քանի որ նա օժտված է ճանաչելու ընդունակությամբ և բանականությամբ։ Բայց մարդու կյանքի ընթացքում, տեղն ու դերը աշխարհում կանխորոշված է ճակատագրով։ Ճակատագիրն մարդ ստանում է իր էության հետ միաժամանակ։ Ճակատագիրն է որոշում և սահմանում մարդու կյանքն ու մահը, կյանքի տևողությունն է կանխորոշում նրա դրությունը մարդկանց մեջ։ Ամեն մարդ, անկախ դիրքից ու ցեղային վիճակից, խելքի աստիճանից ու բարոյական վարքից, ունի իր ճակատագիրը։ Մարդու գթասրտությունը երկինքը չի տալիս։ Եթե այդպիսին լինի, ապա ինչու երկրի վրա առաքինի մարդիկ քիչ են, իսկ չարերը շատ։ Ինչու երկինքը չի ստեղծում ավելի շատ բարի մարդ և չի տալիս 100 տարվա կյանք, իսկ չար մարդկանց` վաղաժամ մահ։ Իրականում հակառակն է։ Ըստ Վան Չունի, դա արդեն երկնքի գործը չէ, այլ կանխորոշված է ճակատագրով։

Իմացության հարցերում Վան Չուն ելնում է զգայալան ընկալումների և տպավորությունների ճշմարիտ կամ կեղխ լինելու ըմբռնումից։ Եթե մարդ ոչինչ չտեսնի ու չլսի, ապա նրա պատկերացումներն ու ընկալումները կլինեն երևակայական ու կեղծ, նույնիսկ ոչ մի պատկերացում էլ չի լինի։ Ամեն մի գիտելիք ու ճշմարտություն ուսուցման և հետազոտման հետ է կապված։ Բնածին գիտելիքներով օժտված մարդիկ չկան։ Իրերը բաժանելով հետ ու դժվար ճանաչելի խմբերի` Վան Չուն գտնում է, որ հեշտ ճանաչելի իրերը կարելի է հասկանալ և ըմբռնել, երբ դատում ես նրանց մասին։ Ուրիշ են դժվար ճանաչելի իրերը։ Դրանց իմացության համար անհրաժեշտ են մտքի սրություն, խոր ուսումնասիրություն և բազմակողմանի հետազոտում։ Իմաստում չեն ծնվում, այլ դառնում են։ Դրա ապացույցը այն է, որ կատարյալ իմաստուներն իրենց ողջ կյանքի ընթացքում սովորում են, իսկ երբ սովորեցնում են, օգտվում են իմաստուն նախնիների կուտակած գիտելիքներից` դարձնել ձեռք բերված ուսուցման և հետազոտման եղանակով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Trove — 2009.
  3. Հակոբյան, Ս. Մ. Փիլիսոփայություն. Ուսումնական ձեռնարկ. Գիրք երկրորդ` Համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմություն (սկզբնավորումից մինչև XIX դար) Եր.: «Տիգրան Մեծ» հրատ. 2002թ. էջ` 74. ISBN 99930-52-65-5.
  4. Հակոբյան, Ս. Մ. Փիլիսոփայություն. Ուսումնական ձեռնարկ. Գիրք երկրորդ` Համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմություն (սկզբնավորումից մինչև XIX դար) Եր.:. «Տիգրան Մեծ» հրատ. 2002թ. էջեր` 74-75. ISBN 99930-52-65-5.
  5. Հակոբյան Ս. Մ. «Փիլիսոփայություն. Ուսումնական ձեռնարկ. Գիրք երկրորդ` Համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմություն (սկզբնավորումից մինչև XIX դար)» Եր.: «Տիգրան Մեծ» հրատ. 2002թ. էջեր` 75-76. ISBN 99930-52-65-5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Ս. Մ. «Փիլիսոփայություն. Ուսումնական ձեռնարկ. Գիրք երկրորդ` Համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմություն (կզբնավորումից մինչև XIX դար)» Երևան «Տիգրան Մեծ» հրատ. 2002թ. ISBN 99930-52-65-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։