Ստոկհոլմի ռատուշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐international.stockholm.se/the-city-hall/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ստոկհոլմի ռատուշա (շվեդ.՝ Stockholms stadshus), Ստոկհոլմի գլխավոր տուրիստական տեսարժան վայրերից մեկը, Շվեդիայի մայրաքաղաքի խորհրդանիշը։

Շենքը կառուցվել է Քունգսհոլմ կղզու սլաքի վրա 1911-1923 թվականներին Ռագնար Էստբերգի (շվեդ.՝ Ragnar Östberg) նախագծով։ Ռատուշայում են անցկացվում քաղաքային իշխանությունների նիստերը, կարևոր քաղաքական բանակցությունները, իսկ Ոսկե (1930, 1933—1973) և Կապույտ դահլիճներում (1974 թվականից) ամեն տարի դեկտեմբերի 10-ին Նոբելյան մրցանակների շնորհումից հետո անցկացվում են պաշտոնական ճաշկերույթներ։ Ոսկե դահլիճը զարդարված է ավելի քան 18 միլիոն ոսկեզօծ սալիկներով խճանկարով, որոնք պատկերում են տեսարաններ Շվեդիայի պատմությունից։ Ռատուշայի բակը բաց է այցելուների համար, իսկ դահլիճներում շրջագայությունները հնարավոր են միայն էքսկուրսավարների միջոցով։ Շվեդերեն և անգլերեն լեզուներով շրջագայություններն անցկացվում են ամեն օր, պատվիրելու դեպքում հնարավոր է նաև ռուսերեն[1]։ Ռատուշայի 106-մետրանոց աշտարակի դիտակետից բացվում է Ստոկհոլմի հիասքանչ համայնապատկերը։

Ստոկհոլմի ռատուշայի աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի բարձրությունը 106 մետր է, շինարարության մեջ օգտագործվել է 2,5 միլիոն աղյուս, որոնց ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 24 հազար տոննա։ Աշտարակ կարելի է բարձրանալ 365 աստիճանների միջոցով։

Աշտարակի թանգարանում ցուցադրվում են ռատուշայում գտնվող արձաններ և կիսանդրիներ և Ոսկե դահլիճի խճանկարների նմուշներ։ Թանգարանի հիմնական ցուցանմուշը սուրբ Էրիկի արձանն է, որի բարձրությունը կազմում է 7,5 մետր։ Սկզբում նախատեսվում էր աշտարակի գագաթը զարդարել արձանով։ Արձանը բարձրացնելու համար աշտարակի բոլոր հարկերում անցքեր էին թողնվել և վերամբարձ կռունկի միջոցով այն պետք է բարձրացվեր աշտարակի գագաթին։ Սակայն ճարտարապետը փոխեց իր նախնական պլանը և աշտարակի գագաթը վերածեց դիտահրապարակի։

Թանգարանից այն կողմ աստիճանները տանում են դեպի Կլոր պատկերասրահ, որը զարդարված է Մարիամ Մագդաղենացու, սուրբ Կլարայի, սուրբ Էրիկի և այլ սրբերի գիպսե արձաններով։ Վերևում գտնվում է աշտարակի անցուղին և ձեղնահարկը, որտեղից էլ սկսվում է աշտարակի փայտե մասը։ Փայտե աստիճանները տանում են դեպի աշտարակի ժամացույցի մեխանիզմը և վերամբարձ կռունկը, որը նախատեսված էր սուրբ Էրիկի արձանը բարձրացնելու համար։ Աշտարակի դիտահրապարակը ստացել է Պղնձե աշտարակ անվանումը։ Սյունասրահում տեղադրված են սրբերի` Էրիկի, Կլարայի, Մարիամ Մագդաղենացու և նավագնացների հովանավոր սուրբ Նիկոլայի արձանները։

Աշտարակի վրա կան 9 զանգեր, որոնցից ամենամեծը 3 տոննա քաշով նվիրաբերվել է Հոլանդիայի կողմից և ի պատիվ Ստոկհոլմի հովանավոր սուրբ Էրիկի՝ կոչվում է նրա անունով։ Ամենափոքր զանգը կոչվում է ի պատիվ սուրբ Գեորգիի։ Աշտարակի գագաթը զարդարված է երեք թագերով, յուրաքանչյուրը 2,2 մետր տրամագծով։ Թագերը ուղղված են դեպի թագավորական պալատ։

Մայիսից մինչև սեպտեմբեր ժամը 09:15-ից մինչև 16:00–ն ռատուշայի աշտարակում կազմակերպվում են առանձին ընդհանրացնող էքսկուրսիաներ։ Այդ խմբերում ընդգրկվում են 30 մարդ, շրջագայությունը տևում է 40 րոպե։ Մինչև աշտարակի կեսը գործում է վերելակ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Private tours are primarily conducted in Swedish or English but it's possible to arrange private tours in other languages as well - please ask». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Opening hours and practical information». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Роджерс Б. Р., Роджерс С. Стокгольм: Путеводитель / Барбара Рэдклиф Роджерс и Стилмен Роджерс. — Пер. с англ. К. Ткаченко. — М.: ФАИР, 2010. — 160 с.: ил. — (Город в фокусе).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոկհոլմի ռատուշա» հոդվածին։