Ֆորտ Բոյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆորտ Բոյար (այլ կիրառումներ)

Ֆորտ Բոյար, ջրային քարե ամրոց, որը գտնվում է Ֆրանսիայում։

Կառուցման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտ Բոյարի կառուցման առաջարկությունը եղել է դեռևս 1666 թվականին Ռոշֆորի ռազմական բազայի կառուցումից հետո։ Բայց Սեբաստիան Լե Պրետր դե Վոբանը հակաճառում է Լյուդովիկոս 14–րդին՝ ասելով. «Սըր, ավելի լավ է Լուսինն ատամներով բռնել, քան այդտեղ ամրություն կառուցել»։ Շինարարությունն ի վերջո սկսվում է 1801 թվականին՝ Նապոլեոն 1–ի օրոք՝ Ռոշֆոր քաղաքի մատույցները բրիտանացիների հարձակումներից պաշտպանելու համար։ Այն ժամանակներում հրետանու հեռահարությունը կարճ էր, իսկ երկու կղզիների հեռավորությունն ավելի մեծ էր, որը հնարավորություն չէր տալիս ափին դրված հրետանուն, կրակի տակ պահել նեղուցը։ Ֆորտի շինարարությունն իրականացվում էր քարերով, որոնք դրվում էին անմիջապես ծովի հատակին։ 1809 թվականին ամրության շինարարությունը կանգ է առնում տեխնիկական դժվարությունների պատճառով (քարերը իրենց իսկ ծանրությունից ընկղմվում էին տիղմի շերտերում)։ Շինարարությունը վերսկսվեց 1837 թվականին՝ Լուի Ֆիլիպի գահակալության օրոք, երբ Անգլիայի հետ հարաբերությունները կրկին լարվեցին։ Ամրության շինարարությունը տևեց 20 տարի, 1857 թվականին այն արդեն պատրաստ էր։ Երբ շինարարությունն ավարտվեց, հրետանու հեռավորությունն արդեն կտրուկ ավելացել էր և ամրության նշանակությունը որպես ռազմական հենակետ նվազեց։

1913 թվականին Ֆորտը լիովին կորցնում էր ռազմավարական նշանակությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք գերմանացիներն այն օգտագործում էին որպես հրաձգարան, ինչով էլ մեծ վնաս հասցրին շինությանը։ Հետագա 80 տարիներին նախկին ամրությունը լիովին լքված վիճակում էր և աստիճանաբար քայքայվում էր ծովի, քամու և ծովային թռչունների կողմից։ 1962 թվականին Ֆորտ Բոյարն աճուրդի է հանվում՝ 7500 ֆրանկ նախնական արժեքով։ Հիմնական պայքարը ծավալվում է ատամնաբույժ Էրիկ Էրտի և Ֆորտ Բոյարի ընկերների միության նախագահի միջև։ Ի վերջո, Էրտը վճարում է 28 000 ֆրանկ (իր մրցակցից 3 000 ֆրանկ ավելի) և ձեռք բերում Ֆորտը՝ որպես սեփականություն։ Սակայն, նա շինության վերականգնման համար միջոցներ չուներ։ Իսկ տարիներն անցնում էին և Ֆորտ Բոյարն ավելի էր քանդվում՝ ծովի, քամու, ինչպես նաև զբոսաշրջիկների կողմից, որոնք պարզապես քար առ քար տանում էին այն։ 1979 թվականին Էրտը որոշում է ազատվել Ֆորտ Բոյարից և վաճառքի է հանում 1.2 միլիոն ֆրանկով։ Միակ հետաքրքվողը «Ծովով խանգարվածները» ասոցիացիան էր, որը ցանկանում էր այն արտիստների և էկոլոգների հանդիպման վայր դարձնել։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1980 թվականից Ֆորտ Բոյարի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում հեռուստատեսությունը։ Մասնավորապես՝ Ֆիլիպ Դե Դելևելը, «Գանձեր որոնողները» հանրաճանաչ հաղորդաշարի վարողը, որի հաղորդումներից մեկում հերոսը պետք է Ֆորտ Բոյարում գտներ Նապոլեոնի ծխախոտատուփը։ Նույն թվականին Ռոշֆորի առևտրային պալատը Ֆորտ Բոյարը վերակառուցելու առաջարկություն է ստանում։ Սակայն ոչ մեկին այդ առաջարկը չի հետաքրքրում։ 1989 թվականին Էրիկ Էրտը 1.5 միլիոն ֆրանկով վաճառում է Ֆորտ Բոյարը հեռուստախաղերի պրոդյուսեր Ժակ Անտուանին, որն իր շոուի համար տարածք էր փնտրում։ 1989 թվականին սկսվում է Ֆորտ Բոյարի վերակառուցումը։ Շինությունից 25 մետր հեռավորության վրա կառուցվում է նավամատույցի հարթակ՝ նավերի մոտենալու համար։ Սարքավորումներով հագեցվում են 2 սրահները՝ համանուն հեռուստախաղի համար։ 1996 թվականին վերականգնվում են նաև հրետանային պլատֆորմները։ Սակայն Ֆորտ Բոյարը դեռևս ծովի քարուքանդ անող հարվածներին էր ենթարկվում։ Լիովին մաքրվում են արտաքին պատերը։ Աշխատանքների ավարտական փուլում վերականգնվում է հիմնական բանակը (2003-2004 թվականներին)։

Ֆորտ Բոյարը կինեմատոգրաֆում[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Ֆորտ Բոյարը երևաց գեղարվեստական ֆիլմում։ Դա «Զինվորի հանգիստը» ֆիլմն էր։ 1966 թվականին Ռոբերտ Էնրիկոյի «Արկածներ որոնողները» ֆիլմում այն դառնում է սցենարի հիմնական բաղկացուցիչներից մեկը՝ 15 րոպե էկրանային ժամանակով։ Այդ րոպեների համար 3 շաբաթ պահանջվեց և նկարահանումներն ընդհատվեցին ուժեղ փոթորիկով, որի ընթացքում հարկ եղավ նկարահանող խմբին արագորեն տարհանել ուղղաթիռով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտ Բոյար» հոդվածին։