Ֆիցռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիցռոյ
Տեսակլեռ
Երկիր Չիլի և  Արգենտինա
Վարչատարածքային միավորՄագալանես և Չիլիական Անտարկտիկա և Սանտա Կրուս
ԼեռնաշղթաՊատագոնյան Անդեր
Բարձրությունը ծովի մակարդակից3406 մետր
Հարաբերական
բարձրություն
1951 մետր
Պահպանման տարածքBernardo O'Higgins National Park? և Լոս Գլասիրարես
Նյութգրանիտ
Առաջին վերելք1952
ՀայտնաբերողՖրանսիսկո Մորենո

Ֆիցռոյ (անգլ.՝ Cerro Fitzroy, Cerro Chaltel, Chaltén, Monte Fitz Roy), լեռնագագաթ Պատագոնիայում` Արգենտինայի և Չիլիի սահմանագծին (լեռան հատվածում ճշգրիտ սահմանագծում չկա)։ Բարձրությունը 3.405 մ է։

Աշխարհագրություն և շրջանի յուրացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Ֆիցռոյ լեռնագագաթը տեսել է արգենտինացի գիտնական, բնագետ Ֆրանսիսկո Մորենոն 1877 թվականի մարտի 2-ին` Պատագոնիա կատարած իր արշավի ժամանակ։ Նա գագաթն անվանել է բրիտանական Բիգլ նավի կապիտան Ռոբերտ Ֆիցռոյի (Robert Fitzroy) պատվին, ով մեծ ներդրում ունի Պատագոնիայի ափերի հետազոտման գործում։ Մասնավորապես, նավում է եղել Չառլզ Դարվինը, որի աշխատությունները նավը դարձրել են պատմության ամենահայտնի նավերից մեկը։ Գագաթի տեղի անվանումն է Չալտեն (Chaltén):

Ֆիցռոյի հարևանությամբ գտնվում են Սերրո Պոինսենոտ (Cerro Poincenot), Ռաֆայել (Aguja Rafael) և Սենտ Էքզյուպերի (Aguja Saint Exupery) գագաթները։ Ոչ շատ հեռվում գտնվում է լեռնագագաթների մեկ այլ հայտնի շղթա` Սերրո Տորեն(Cerro Torre):

Լեռնագագաթին ամենամոտ բնակավայրը Էլ Չալտեն (El Chaltén) փոքրիկ գյուղն է, որտեղ գալիս են ավտոբուսները Էլ Կալաֆատե (El Calafate) զբոսաշրջային կենտրոնից։

Նվաճման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ լեռնագագաթ են բարձրացել ֆրանսիական արշավախմբի անդամներ Լեոնել Տերայը և Գվիդո Մանյոնեն 1952 թվականի փետրվարին։ Նրանք լեռն էին բարձրացել հարավարևելյան լանջով։

Ներկայումս լեռնագագաթը նվաճելու դասական ուղղություն է համարվում առաջին նվաճման ճանապարհը, որը ներառում է 600 մետրանոց մագլցելու հատված։ Ալպինիստներն այս ճանապարհն են նախընտրում, չնայած լեռան հայտնաբերումից հետո առնվազն 15 ուղի է գծվել։ Ամենահայտնիներն են հարավարևմտյան լանջով վերելքը և Սուպերկանատելա (Supercanelata) հյուսիսարևմտյան լանջով ուղին[1]։

2014 թվականի փետրվարի 12-16-ը ամերիկացի ժայռամագլցողներ Ալեքս Հոննոլդը և Թոմմի Քալդվելը առաջին անգամ անցել են Ֆիցռոյ լեռնաշղթայի գագաթագիծն ամբողջությամբ։

Շրջան այցելության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիցռոյի շրջանը մեծ հեղինակություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Այստեղ կազմակերպվում են արշավներ` մի քանի օր տևողությամբ։ Այդպիսի արշավների հիմնական նպատակակետը Լագունա դե լոս Տրես (Laguna de los Tres), Լագունա Տորրե (Laguna Torre) լճերն են և Սերրո Էլեկտրիկո (Cerro Eléctrico) համեմատաբար ոչ բարդ գագաթը հաղթահարելը։

Էլ Կալաֆատեից մինչև Էլ Չալտեն կարելի է հասնել ավտոբուսով մոտ 4 ժամվա ընթացքում, սակայն եղանակային վատ պայմանների դեպքում այդ ժամանակը կարող է կրկնապատկվել։ Անձրևից ճանապարհը դառնում է լպրծուն, ինչը լուրջ արգելք է հանդիսանում ուղևորների համար։

Ֆիցռոյ և հարևան լեռնագագաթներ բարձրանալու համար Էլ Չալտենում անհրաժեշտ է ստանալ թույլտվություն, ինչն անվճար է։ Լոս Գլասյարես ազգային պարկ (Parque Nacional Los Glaciares) մտնելու համար նույնպես գումար չի գանձվում։

Լեռնագագաթ բարձրանալու ամենաարմար ժամանակը դեկտեմբեր-փետրվար ամիսներն են, երբ հարավային կիսագնդում ամառ է։

Լեռնագագաթը հաղթահարելու հնարավորությունը մեծ մասամբ կախված է նաև Պատագոնիայի եղանակային պայմաններից։ Երբեմն լեռնագնացները ստիպված են լինում շաբաթներով սպասելու լավ եղանակի։ Անբարենպաստ պայմաններ են ուժեղ քամիները, անձրևը, ձյունը, իսկ պարզ եղանակին` նաև արևի ճառագայթները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիցռոյ» հոդվածին։