Օրգանական գյուղատնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրգանական (էկոլոգիական, կենսաբանական) գյուղատնտեսությունը գյուղատնտեսության վարման համակարգ է, որի շրջանակում տեղի է ունենում սինթետիկ պարարտանյութերի, թունաքիմիկատների, բույսերի աճի խթանիչների, սննդային հավելումների օգտագործման հիմնավորված նվազեցում։ Մշակաբույսերի հանքային սննդառությունն ապահովելու, վնասակար օրգանիզմների դեմ արդյունավետ պայքարի միջոցառումներ կազմակերպելու և ակնկալվող բերքատվությունն ավելացնելու համար օրգանական գյուղատնտեսությունում կիրառվում են ցանքաշրջանառություններ, օրգանական պարարտանյութեր (գոմաղբ, կոմպոստներ, բուսական մնացորդներ, սիդերատներ), հողի նվազագույն մշակման համակարգեր և այլն։

Ըստ IFOAM, օրգանական գյուղատնտեսությունն ուղղված է էկոհամակարգերի, նյութերի և տարրերի կենսաերկրաքիմիական շրջապտույտների կայունացմանը և դրանց օպտիմալացումից ստանում է արդյունք։ Օրգանական գյուղատնտեսությունը պարտավոր է երկարաժամկետ հեռանկարում պահպանել առողջությունն ինչպես կոնկրետ օբյեկտների, որոնց հետ ունի անմիջական առնչություն (բույսեր, կենդանիներ, հող, մարդ), այնպես էլ ամբողջ մոլորակի[1]։

2007 թվականի տվյալներով Երկրի շուրջ 30,5 մլն հա հողատարածք մշակվում է օրգանական գյուղատնտեսության սկզբունքներով[2], իսկ 2014 թվականին այդ տարածքները կազմել են 43,7 մլն հա, ինչն էլ իր հերթին կազմում է աշխարհի ընդհանուր գյուղատնտեսական նշանակության հողերի 1%-ը։ Օրգանական գյուղատնտեսության նշանակության հողերի 43%-ը վարելահողեր են, 41%-ը՝ արոտավայրեր, 12%-ը՝ բազմամյա տնկարկներ, 3%-ը՝ այլ, իսկ 1%-ի վերաբերյալ տվյալներ չկան[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1924 թվականին Ռուդոլֆ Շտայները Կոբերվիցում կարդացել է «Գյուղատնտեսական դասախոսություն»՝ շեշտը դնելով կենսադինամիկ երկրագործության վրա։

Անգլիայում 1940 թվականին առաջին անգամ "օրգանական գյուղատնտեսություն" (organic farming) տերմինը օգտագործել է լորդ Նորտբորնը (Lord Northbourn, Walter Ernest Christopher James):

1972 թվականին Վերսալում հիմնադրվել է Օրգանական գյուղատնտեսական շարժման միջազգային ֆեդերացիան (IFOAM), որի նպատակն էր օրգանական գյուղատնտեսության ինֆորմացիայի տարածումն ու ներդրումը աշխարհի բոլոր երկրներում։ 1990-ականների սկզբներից համաշխարհային շուկաներում օրգանական գյուղատնտեսության մասնաբաժինը հասել է տարեկան 20%։ ԱՄՆ-ում օրգանական արտադրանքի ծավալները 1994 թվականի 1 մլրդ. ԱՄՆ դոլլարից 2003-ին հասել է 13 մլրդ։

Օրգանական երկրագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական երկրագործությունը գյուղատնտեսության վարման յուրահատուկ համակարգ է՝ միտված սինթետիկ պարարտանյութերի, թունաքիմիկատների, աճի խթանիչների և նման այլ նյութերի կիրառման հիմնավորված նվազեցմանն ու բացառմանը, ինչպես նաև արհեստական սելեկցիայով ստացված օրգանիզմների գենետիկական անվտանգության ապահովմանը։ Օրգանական երկրագործությունն առավելապես ներդաշնակ է բնական էկոհամակարգերին և իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Օրգանական երկրագործության նպատակն է բացահայտել տվյալ միջավայրին հատուկ պայմանները և այնտեղ գոյատևող օրգանիզմների փոխհարաբերությունները, որոնք թույլ կտան կազմակերպել էկոանվտանգ գյուղարտադրություն։ Ագրոէկոհամակարգերում գյուղատնտեսական բաղադրիչների (երկրագործություն, բուսաբուծություն, անասնաբուծություն, մեղվաբուծություն) միջև ֆունկցիոնալ փոխահարաբերությունների և հետադարձ կապերի ստեղծումն ու կենսաբանական վերահսկման մեխանիզմների ներդրումը հուսալի միջոց են օրգանական գյուղատնտեսության վարման համար[4]։

Օրգանական երկրագործության նպատակներն են`

  • պահպանել ագրոէկոհամակարգերի կայունությունը` ապահովելով դրանց դինամիկ զարգացումը,
  • հողի արտադրողականության իրացմանը զուգահեռ պահպանել և բարձրացնել դրա բերրիությունը,
  • նպաստել միջավայրի կենսաբազմազանության պահպանն ու վերականգնմանը,
  • պաշտպանել շրջակա միջավայրը տեխնածին աղտոտումից,
  • նպաստել մշակվող բույսերի գենետիկական անվտանգությանն ու բազմազանությանը,
  • նվազեցնել նյութաէներգատարողությունը միավոր հողատարածքի վրա,
  • խթանել և կայունացնել կենսաբանական ցիկլերը,
  • ստանալ էկոտոքսիկոլոգիական նորմատիվներին համապատասխանող սննդամթերք,
  • արտադրել երաշխավորված բարձր, էկոլոգիապես անվտանգ և կայուն բերք։

Օրգանական երկրագործության հիմնական սկզբունքներն են`

  • առավել լավ հարմարված բույսերի տեսակների և սորտերի ընտրում, ինչպես նաև մարդկանց գործունեությամբ, կենսաբազմազանության պահպանման համար նպաստավոր միջավայրի ձևավորում,
  • բնական ճանապարհով (ցանքաշրջանառության կիրառում, օրգանական պարար-տացում, հողատարման դեմ պայքարում` անտառաշերտերի ստեղծում և այլն),

հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կազմի բարելավում, հողի բերրիության պահպանում, բարձրացում,

  • գյուղատնտեսական մթերքի վերամշակման այնպիսի եղանակների և տեխնոլոգիաների ընտրություն, որոնք կապահովեն դրանց կենսաբանական արժեքի առավելագույն պահպանումը,
  • շրջակա միջավայրի աղտոտման և սինթետիկ նյութերի օգտագործման բացառում, գյուղատնտեսական գործունեության ընթացքում էկոանվտանգ և ռեսուրսապահպան տեխնոլոգիաների կիրառում,
  • բուսաբուծության, անասնաբուծության, մեղվաբուծության և գյուղարտադրության բոլոր ոլորտների հնարավոր շղթայում,
  • հորմոնների, սինթետիկ խթանիչների, ինչպես նաև գենետիկորեն վերափոխված օրգանիզմների, իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառում։

Որպես ագրոկենսաբազմազանության մաս՝ օրգանական երկրագործությունում ներառված են հողի կենսաբանական կազմը՝ հատկապես ֆոտոսինթեզող, քեմոսինթեզող, ազոտ ֆիքսող բակտերիաները, (ավտոտրոֆ միկրոօրգանիզմներ), որոնցից սկսվում է հողառաջացումը, օրգանական նյութերը տարրալուծող, հանքայնացնող բակտերիաները, սկները և այլ օրգանիզմներ, որոնք անփոխարինելի նշանակություն ունեն հումուսագոյացման պրոցեսում։ Ագրոնոմիական տեսակետից հողում մեծ նշանակություն ունեն նաև անձրևաորդերը, բույսերի կենդանի արմատային համակարգը։ Բոլոր նշված գործընթացները ապահովում են ագրոկենսաբազմազանությունում ընդգրկված այլ օրգանիզմների՝ բույսերի, միջատների, կենդանիների աճն ու զարգացումը։ Իր հերթին ագրոկենսաբազմազանությունը հանդիսանում է կենսաբազամազանության ձև՝ իր որոշակի առանձնահատկություններով ու ընդհանրություններով։

Օրգանական երկրագործության զարգացմանը խոչընդոտում են`

  • ՀՀ-ում և Արցախում անկանոն շահագործվող հանքեր (400 և ավելի), դրա արդյունքում գոյացող պոչամբարներ։
  • Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումներ, ջրային ռեսուրսների աղտոտումներ։
  • Ռադիացիոն ֆոնի նորմայից բարձր շեղումներ։
  • Ժամանակակից տեխնոլոգիաների և հետազոտությունների սակավություն։
  • Սեփականաշնորհված հողատարածքների կտրտվածություն, մինչդեռ օրգանական գյուղատնտեսությունը պահանջում է արտադրության համակարգային լուծումներ` ամբողջական լանդշաֆտների ներառմամբ։
  • Օրգանիկ մթերքի կայուն պահանջարկ։

Օրգանական երկրագործությունում բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարը պետք է վերահսկվեն հետևյալ միջոցառումներով կամ դրանց համակցություններով`

  • տեղային պայմաններին համեմատաբար դիմացկուն սորտերի և տեսակների ընտրություն,
  • պրոֆիլակտիկ (նախազգուշական) պայքարի միջոցառումներ, որոնք կներառեն բացառապես էկոանվտանգ տեխնոլոգիաներ,
  • ցանքաշրջանառությունների կիրառում՝ որպես վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր մոտեցում,
  • հողի մշակման այնպիսի համակարգի կիրառում, որը կներառի մեխանիկական պայքար մոլախոտերի և այլ վնասակար օրգանիզմների դեմ,
  • վնասատուներին ոչնչացնող բնական գիշատիչների, մակաբույծների պահպանում, և ըստ անհրաժեշտության` ներմուծում ու տարածում,
  • էկոհամակարգերի բազմազանության ստեղծման համար բուֆերային գոտիների, ագրոանտառային համակարգերի հիմնում,
  • կենսաբանական պատրաստուկների և տարբեր բույսերից, քարի փոշուց, հանքատեսակներից ստացված նյութերի կիրառում,
  • ֆիզիկական կամ մեխանիկական վերահսկում` ներառյալ թակարդներ, լույս, ձայն,
  • ախտահանում գոլորշով, կենսաբանական պատրաստուկներով։

Մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական գյուղատնտեսության մեթոդները ներառում են կենսաբանական ներդաշնակման սկզունքների կիրառում։

  • արհեստական հումքով և գործարանային երկար մշակում ստացած պարարտանյութերի, պեստիցիդների և հակաբիոտիկների բացառում,
  • կենդանական և բուսական մնացորդների կիրառում՝ որպես պարարտանյութ,
  • հողի հատկությունների բարելավման համար ցանքաշրջանառությունների ներդրում,
  • վնասակար օրգանիզմների դեմ բույսերի պաշտպանության կենսաբանական (պեստիֆագերի) և ֆիզիկական եղանակների կիրառում,
  • երկրագործություն-անասնապահություն փակ շղթայի ձևավորում (բուսաբուծություն — անասնակեր, անասնապահություն — պարարտանյութ)[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IFOAM: The Principles of Organic Agriculture
  2. «first domain name on the Internet!». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  3. Григорук В.В., Климов Е.В. Развитие органического сельского хозяйства в мире и Казахстане, Анкара 2016, 151 с.
  4. Երիցյան Ս.Կ., Գրիգորյան Հ.Է. Օրգանական երկրագործության հիմունքներ. — Երևան: Արմավ, 2019. — (Բուհական ուսումնական ձեռնարկ). — ISBN 978‐9939‐78‐022‐1
  5. Фюкс, Ральф, 2016, էջ 206

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]