Օժանդակ բայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օժանդակ բայ, վերացական՝ նյութական իմաստից զուրկ բայ, որն ունի ձևաբանական և շարահյուսական ուրույն գործառություններ, որոշ դերբայների հետ զուգորդվելով կազմում է դիմավոր ձև, իսկ որոշ դերբայների ու այլ խոսքի մասերի հետ՝ բաղադրյալ ստորոգյալ։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվում այդպիսի գործառությամբ հանդես են գալիս եմ և լինեմ (լինել) բայերն իրենց շարքերով։

  • Եմ օժանդակ բայն ունի դեմքի, հակադարձման, թվի, ժամանակի, կերպի հատկանիշներ (առաջին, երկրորդ, երրորդ դեմքեր, եզակի ու հոգնակի թիվ, ներկա ու անցյալ ժամանակ, անկատար կերպ)։
  • Ի տարբերություն լինեմ (լինել) բայի՝ իմաստով ավելի վերացական է. հարում է ձևակազմական մասնիկի իմաստին։
  • Բայական (ձևաբանական) գործառությամբ ցույց են տալիս ոչ թե ժամանակ, այլ ժամանակային պլան, ժամանակային հարաբերություն (քերականական իմաստ)` դեմքի, թվի, կերպի հատկանիշներով հանդերձ, շարահյուսական գործառությամբ` ստորոգման գաղափար, ունի ստորոգողի հատկություն։
  • Ըստ դիմաթվային ու ժամանակային իմաստավորումների՝ ներկայանում է երկու շարքով, որոնք կոչվում են ժամանակային հատկանիշով (ներկայի ձևեր կամ ներկայի շարք, անցյալի ձևեր կամ անցյալի շարք)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օժանդակ բայ» հոդվածին։